Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.21
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0121/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0121/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.04.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Վազգեն Գալստյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը` սկսած 09.12.2004 թվականից վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վազգեն Գալստյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը՝ վճարելու աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 12.04.2010 թվականի վճռով Վազգեն Գալստյանի հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վազգեն Գալստյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 69-րդ հոդվածները, 344-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 15.11.1992 թվականի թիվ 579 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջական այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին» կանոնների 1-ին, 14-րդ, 19-րդ կետերը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի, 113-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելիս չի պարզել և չի գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարության 15.05.2008 թվականի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 13-րդ կետի բ) և գ) ենթակետերով հենց Նախարարությանն է իրավունք վերապահված պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում հանդես գալ որպես պատասխանող կամ երրորդ անձ։

Տվյալ դեպքում Դատարանը վճիռ կայացնելիս միջոցներ չի ձեռնարկել Նախարարությանը սույն գործով որպես երրորդ անձ ներգրավելու համար, որի հետևանքով կայացրել է Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Նախարարության, իրավունքների և պարտականությունների վրա ազդող դատական ակտ՝ Հայաստանի Հանրապետության վրա ըստ էության դնելով անհիմն պարտավորություն:

Ավելին, Նախարարությունը, հնարավորություն չունենալով հետևելու սույն գործով անցկացվող դատական նիստերին, չի արտահայտել իր դիրքորոշումը հայցվորի պահանջի վերաբերյալ։

Բացի այդ, Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները և չի գնահատել գործի հանգամանքները:

Մասնավորապես, Դատարանը հաշվի չի առել, որ աշխատողներին աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում պատճառված վնասների համար պատասխանատվությունը դրվում է միայն այն կազմակերպության կամ հիմնարկի վրա, որի աշխատողն է հանդիսացել այդ անձը, այսինքն` տվյալ դեպքում պատասխանատվությունը կրում է միայն «Մետշին» ԲԲԸ-ն: Ընդ որում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով գործատուի լուծարման դեպքում համապատասխան վճարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապիտալացվում են՝ դրանք կենսաթոշակառուին վճարելու համար: Այսինքն՝ տվյալ դեպքում «Մետշին» ԲԲԸ-ն գտնվել է լուծարման գործընթացում և հետագայում լուծարվել է, ապա պարտատերը պարտավոր էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվել որպես պարտատեր և ներկայացներ իր պահանջները՝ պարտատերերի ցուցակում գրանցվելու համար: Ավելին, պարտատերերին հայտնաբերելու պարտավորությունը կրում էր նաև լուծարային հանձնաժողովը:

Փաստորեն, Վազգեն Գալստյանն իր պահանջները պետք է ներկայացներ ոչ թե պետական մարմին հանդիսացող պատասխանողին, այլ ժամանակին՝ դեռևս 2004 թվականին, պետք է դիմեր «Մետշին» ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովին, գրանցվեր որպես պարտատեր, որպեսզի հետագայում ունենար պահանջի իրավունք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 12.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտել է գործում առկա բոլոր ապացույցները, թույլ չի տվել որևէ նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտումներ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի «Մետիզ» գործարանում 12.04.1979 թվականին կազմվել է արտադրամասում դժբախտ պատահարի մասին ակտ այն մասին, որ հայցվորը աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում կորցրել է ձախ ոտքը (գ.թ.8):

2. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Շենգավիթի տարածքային կենտրոնին ուղղված գրությամբ «Մետշին» ԲԲԸ-ի նախկին լուծարային հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ լուծարվել է «Մետշին» ԲԲԸ-ն` առանց իրավահաջորդի պահպանման (լուծարումը ստացել է պետական գրանցում 09.12.2004 թվականին), և ընկերության նախկին աշխատակից Վազգեն Գալստյանը՝ որպես խեղման ցմահ նպաստառու, մինչև 01.12.2004 թվականը «Մետշին» ԲԲԸ-ից ստացել է աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման փոխհատուցում (գ.թ.10):

3. Ծառայության Ավանի և Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի 15.01.2010 թվականի թիվ 1744 գրությամբ մերժվել է հայցվորի դիմումը` աշխատանքային պարտականությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման մասին (գ.թ.7)։

 4. Սույն գործով հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում աշխատանքային պարտականությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման է ենթակա Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից (գ.թ. 48)։

5. Նախարարությունը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե´ս՝ ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը)։

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածի համաձայն՝ այն դեպքերում, երբ սույն օրենսգրքին կամ այլ օրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները, եթե այդ պարտականությունը, սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, դրված չէ այլ մարմնի, իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա։

Սույն գործով Վազգեն Գալստյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը վճարել աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը՝ սկսած 09.12.2004 թվականից: Դատարանը հայցը բավարարելիս նշել է, որ անձի կյանքի և առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում աշխատանքային պարտականությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման է ենթակա Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է Նախարարության իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ Նախարարությունը գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Այսինքն՝ Նախարարությունը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկներին, ապա սույն գործի քննությանը մասնակից չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ