Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.24
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0731/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0731/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 29.06.2010 թվականի վճռի դեմ` ըստ «Ս. Հակոբյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Տեսչության` 11.01.2010 թվականի թիվ 1305519 ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առ ոչինչ ճանաչել Տեսչության 11.01.2010 թվականի թիվ 1305519 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ մասերը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետը, 86-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռի հիմքում դրել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի և ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՀՕ-139-Ն օրենքի` ժամանակի մեջ գործողության վերաբերյալ եզրահանգումը: Մինչդեռ, նշվածի վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունն ընդունելի չէ: Այսպես` ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՀՕ-139-Ն օրենքը, սահմանելով տուգանքի նոր չափեր, մինչև 01.01.2010 թվականը միայն ժամանակավոր արտոնություն է տվել որոշակի սուբյեկտներին, որպիսի իրավահարաբերությունը կարգավորվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսինքն` Դատարանի այն եզրահանգումը, որ տվյալ հարաբերությունները ծագել են թիվ 2304836 ակտը կազմելու պահին` 21.01.2009 թվականին, չի առնչվում սույն դեպքի հետ, և օրենքի մասի փոփոխությունը (տվյալ դեպքում տուգանքի չափը) չի կարելի շաղկապել հարաբերությունների ծագման պահի հետ: Մասնավորապես` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը վերաբերում է խախտման կրկնությանը` որակյալ խախտմանը, որը կապ չունի ո'չ հարաբերությունների ծագման պահի, ո'չ կիրառված 75.000 ՀՀ դրամ կամ 150.000 ՀՀ դրամ տուգանքի չափի և ո'չ էլ պատասխանատվության խստացման հետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 29.06.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության 21.01.2009 թվականի թիվ 2304836 ակտով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության պահանջը խախտելու համար Ընկերությանն առաջադրվել է 75.000 ՀՀ դրամ տուգանք (գ.թ. 43-44):

2) Տեսչության 11.01.2010 թվականի թիվ 1305519 ակտով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության պահանջը խախտելու համար Ընկերությանն առաջադրվել է 300.000 ՀՀ դրամ տուգանք (գ.թ. 41-42):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետը սահմանում է, որ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա է, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալը. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով արդեն իսկ անդրադարձել է վարչական ակտի առ ոչինչ լինելու հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը, կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը, կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե'ս, օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի` 1.269.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, վարչական գործ թիվ ՎԴ/0562/05/09):

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Տեսչության 21.01.2009 թվականի թիվ 2304836 ակտը կազմելու պահին օրենսդիրը հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը և (կամ) շահագործման կանոններն առաջին անգամ խախտելու համար սահմանել է 75.000 ՀՀ դրամ տուգանք, իսկ տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնելու համար` 150.000 ՀՀ դրամ տուգանք, այնուհետև` Տեսչության 11.01.2010 թվականի թիվ 1305519 ակտը կազմելու պահին նշված խախտումն առաջին անգամ կատարելու համար սահմանվել է 150.000 ՀՀ դրամ տուգանք, իսկ տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնելու համար` 300.000 ՀՀ դրամ տուգանք: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում տեղ գտած «տուգանք» բառը վերաբերում է նույն մասի 1-ին պարբերությամբ սահմանված տուգանքին: Այստեղից հետևում է, որ օրենսդիրը տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնելու համար որպես վարչական պատասխանատվության միջոց նախատեսել է նույն այդ տուգանքի կրկնապատկումը: Հետևաբար, Տեսչությունը կիրառել է Ընկերության պատասխանատվությունը խստացնող իրավական ակտը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների նկատմամբ, քանի որ տվյալ հարաբերությունները ծագել են թիվ 2304836 ակտը կազմելու պահին` 21.01.2009 թվականին, իսկ Տեսչությունը կիրառել է 11.01.2010 թվականի դրությամբ գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը: Նշվածը վկայում է այն մասին, որ Տեսչությունն Ընկերության վրա դրել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, և Տեսչության 11.01.2010 թվականի թիվ 1305519 ակտն առ ոչինչ է:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, անդրադառնալով Ընկերության կողմից թույլ տրված հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման նկատմամբ 21.01.2009 թվականի խմբագրությամբ գործող կամ տվյալ պահին գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կիրառման իրավական հարցադրմանը, անտեսել է, որ նշված հանգամանքի առկայությունն արդեն իսկ բացառում է Տեսչության 11.01.2010 թվականի թիվ 1305519 ակտն առ ոչինչ դիտելու որևէ հնարավորություն և իրավական հիմք, քանի որ Ընկերության կողմից թույլ տրված հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման համար Տեսչության 11.01.2010 թվականի թիվ 1305519 ակտով 21.01.2009 թվականի խմբագրությամբ գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կիրառման փոխարեն տվյալ պահին գործող նույն պարբերության կիրառման պայմաններում իրավական հարցադրում կարող է առաջանալ միայն օրենքի սխալ կիրառման վերաբերյալ, ինչը վարչական ակտի անվավերության, այլ ոչ թե առ ոչինչ լինելու հիմք է:

 

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ նշված վերլուծությունների արդյունքում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.06.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. «Ս. Հակոբյան» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. «Ս. Հակոբյան» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան