Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.20
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
ՎԴ5/0440/05/09

Վարչական գործ թիվ  ՎԴ5/0440/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Էդ. Նահապետյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.07.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Հարություն և Հակոբիկ Պեպանյանների ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ օրենքին հակասող վարչական ակտն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Հարություն և Հակոբիկ Պեպանյանները պահանջել են անվավեր ճանաչել 04.02.2009 թվականի գրությամբ Կադաստրի մերժումը` իրենց իրավունքի գրանցման վերաբերյալ, և պարտավորեցնել վերջինիս գրանցելու սեփականության իրավունքը Գյումրու Շահումյան թիվ 58 հասցեի բնակելի շինության նկատմամբ` համաձայն փաստացի հատակագծի։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հարություն և Հակոբիկ Պեպանյանները։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ և 31-րդ հոդվածների և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի քննությանը մասնակից չդարձված Բանկի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը հանգեցրել է գործի սխալ լուծման։ Փաստորեն, Դատարանի 10.07.2009 թվականի վճռի հիման վրա Հարություն և Հակոբիկ Պեպանյաններին պատկանող, Գյումրու Շահումյան թիվ 58 հասցեում գտնվող անշարժ գույքի պետական գրանցման դեպքում տեղի է ունենալու համադրում Բանկի` սեփականության իրավունքով պատկանող հողամասի հետ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանը պարտավոր չէր գործին մասնակից դարձնել Բանկին, քանի որ վեճը ծագել է Կադաստրի կողմից Հարություն և Հակոբիկ Պեպանյաններին սեփականության իրավունքով պատկանող տարածքում վերակառուցված բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մերժման շուրջ այն պատճառով, որ չի ներկայացվել կառուցված տան տարեթվի վերաբերյալ փաստաթուղթ, ինչպես նաև չափագրումից պարզվել է, որ ընդհանուր օգտագործման բակից անջատվել է Լևոն Պեպանյանին պատկանող հատվածը և կարիք է առաջացել համայնքի կողմից ներկայացնել ճշտված սահմաններով հատակագիծ։ Այսինքն` սույն գործով որևէ այլ սուբյեկտի սեփականության իրավունքին վերաբերող հարցեր չէին կարող շոշափվել, մանավանդ որ Գյումրու Շահումյան թիվ 58 հասցեում գտնվող անշարժ գույքը դեռևս 30.01.1984 թվականին որպես սեփականություն գրանցվել է Հարություն և Հակոբիկ Պեպանյանների անվամբ։

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի 02.09.2008 թվականի թիվ ԱՄ-4/3747 գրության համաձայն` Գյումրի քաղաքի Շահումյան 58 հասցեում գտնվող բնակելի տան կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերը նշված հասցեում գտնվող անշարժ գույքը դեռևս 30.01.1984 թվականին գույքագրվել է Հարություն և Հակոբիկ Պեպանյանների անվամբ (գ.թ. 21)։

2) Կադաստրի 03.12.2008 թվականի թիվ Կգ-802 գրությամբ մերժվել է Անահիտ Պեպանյանի դիմումը Գյումրու Շահումյան փողոցի թիվ 58 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցում կատարելու վերաբերյալ, քանի որ չեն ներկայացվել իրավահաստատող փաստաթղթերը բնակելի տան հողամասի վերաբերյալ, ընդհանուր օգտագործման բակից անջատվել է Լևոն Պեպանյանի գործը, տունը կառուցվել է 1989 թվականին, ինչի վերաբերյալ չի ներկայացվել որևէ իրավահաստատող փաստաթուղթ (գ.թ. 31)։

3) Կադաստրի 24.02.2010 թվականի թիվ Կգ-427 գրության համաձայն` Գյումրի քաղաքի Շահումյան 58 հասցեում գտնվող բնակելի տան կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերը նշված հասցեի տարածքում գտնվող շենք-շինությունների նկատմամբ գրանցված իրավունքների տեղակապումն էր կադաստրային քարտեզում, որից ելնելով էլ հայտնվել է պետական գրանցման անհնարինության մասին, քանի որ Դատարանի վճռին կից ներկայացված փաստացի հատակագծի բնակելի տունը և տան համապատասխան հատվածը համադրվում է Բանկի գրանցված հողամասի հետ։

4) 30.08.2010 թվականին Կադաստրի 20.08.2010 թվականի թիվ Կգ-2094 կից գրությամբ Բանկին է ներկայացվել վերջինիս պատկանող հողամասի հատակագիծը, որի համաձայն` առկա է վերադրված տարածք ինքնակամ տան հետ` 7,94 քմ և հողամասերի վերադրում` 155,83 քմ։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տես` Միքայել, Մադլենա և Մարիետա Բաբալյաններն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության, Կոտայքի մարզպետարանի` որոշակի գործողություն կատարելու և վարչական ակտի հետևանքները վերացնելու պահանջների մասին թիվ ՎԴ/3140/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տես` ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին։

Սույն գործով Դատարանի վճռով վերացվել է Կադաստրի՝ սեփականության իրավունքի պետական գրանցան 04.02.2009 թվականի մերժումը, ինչպես նաև Կադաստրը պարտավորեցվել է գրանցելու Հարություն և Հակոբիկ Պեպանյանների սեփականության իրավունքը Գյումրի քաղաքի Շահումյան 58 հասցեում գտնվող բնակելի շինության նկատմամբ` համաձայն փաստացի հատակագծի։ Այնինչ, սույն վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ Կադաստրի 24.02.2010 թվականի թիվ Կգ-427 գրության և 20.08.2010 թվականի թիվ Կգ-2094 կից գրությամբ հատակագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Բանկին սեփականության իրավունքով պատկանող հողամասի հետ համադրվում է Դատարանի 10.07.2009 թվականի վճռով պետական գրանցման ենթակա անշարժ գույքը։ Մասնավորապես առկա է վերադրված տարածք ինքնակամ շինության հետ` 7,94քմ և հողամասերի վերադրում` 155,83քմ։

Վերոնշյալ ապացույցները Դատարան չեն ներկայացվել այն պատճառով, որ Բանկը մասնակից չի դարձվել գործի քննությանը, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է Բանկի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ, վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել։

Այսինքն՝ բողոք բերած անձը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը։

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան