Գլխավոր տեղեկություն
Համար
N 576-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.01.2011-02.06.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.637
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 576-Ն

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 179459,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:

4. «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) անասնաբուծության և անասնաբուժության ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը.

բ) գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի ստացման ու բուծման հետ կապված աշխատանքների իրականացումը և պայմանագրային հիմունքներով` դրանց հետ կապված հետազոտական ծառայությունների մատուցումը.

գ) գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հիվանդությունների կանխարգելիչ ու բուժիչ միջոցների հետազոտումը և լաբորատոր հետազոտությունների կազմակերպումը.

դ) անասնաբուժության ոլորտում օգտագործվող կենսապատվաստուկների, ախտորոշիչ միջոցների և շիճուկների փորձաքննության անցկացումը.

ե) գյուղատնտեսության բնագավառի գիտական կադրերի պատրաստումը:

5. Թույլատրել «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, անհրաժեշտության դեպքում, գյուղատնտեսական կենդանիների և թռչունների կերակրման ու խնամքի, ինչպես նաև հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ վճարովի խորհրդատվական ծառայության մատուցում.

բ) պայմանագրային հիմունքներով գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքների իրականացում.

գ) գյուղատնտեսության բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպում։

6. Սահմանել, որ`

ա) «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող 14491,0 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքերը և շինություններն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 30.12.10 N 1732-Ն)

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտը և սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

9. Սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 10. Սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

   Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 29
Երևան