Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Base act (15.05.2005-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Ընդունման ամսաթիվ
08.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2005

ՓՈ Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի եվ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջեվ մաքսային գործերում փոխադարձ վարչական օգնության վերաբերյալ միջկառավարական Համաձայնագրի իրականացման մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հաշվի առնելով 2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման և մաքսային իրավախախտումների կանխարգելման, հետաքննության ու դրանց դեմ պայքարի համար փոխադարձ վարչական օգնության մասին» Համաձայնագիրը, այսուհետ` Համաձայնագիր,

ընդունելով անվտանգության և միջազգային առևտրի մատակարարման շղթայի պարզեցման նկատմամբ աճող համընդհանուր հետաքրքրությունը և դրա վերաբերյալ Մաքսային համաշխարհային կազմակերպության 2002 թվականի հունիսի որոշումը, համոզված լինելով, որ մաքսային իրավախախտումների դեմ ուղղված գործողությունն ավելի արդյունավետ կլինի մաքսային ծառայությունների միջև սերտ համագործակցության միջոցով,

նպատակ ունենալով պատշաճ կերպով կիրառել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային տարածքի միջև ապրանքների արտահանման, ներմուծման, տարանցման, փոխբեռնման և պահպանման, ինչպես նաև ուղևորների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի մասին մաքսային օրենսդրությունը,

ընդունելով, որ Համաձայնագրի դրույթներին համապատասխան` Պայմանավորվող կողմերի միջև փոխադարձ վարչական օգնությունը և համագործակցությունը կբարելավի երկու պետություններում մաքսային հսկողության գործընթացը, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, Համաձայնագրի համաձայն, աջակցությունը կցուցաբերի իր գործող ազգային օրենսդրությանը համապատասխան և իր իրավասության ու առկա միջոցների սահմաններում:

 

Հոդված 2

 

Համաձայնագիրն ընդգրկում է Պայմանավորվող կողմերի միջև մաքսային գործերում փոխադարձ վարչական օգնությունը և նպատակ չի հետապնդում առնչվելու նրանց պետությունների միջև փոխադարձ իրավական օգնության համաձայնագրերին:

Եթե փոխադարձ վարչական օգնությունը պետք է իրականացվի հայցվող Պայմանավորվող կողմի այլ պետական մարմինների կողմից, հայցվող ծառայությունը պետք է նշի այդ մարմինները և, հայտնի լինելու դեպքում, համապատասխան համաձայնագիրը կամ ձեռք բերված համաձայնությունը:

Համաձայնագրի դրույթները չեն կարող իրավունք տալ որևէ անձի` խոչընդոտելու օգնության հարցման կատարումը:

 

Հոդված 3

 

Ի իրագործումն Համաձայնագրի 3-րդ հոդվածի` Պայմանավորվող կողմերը հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց կտրամադրեն տեղեկատվություն, որը կստեղծի երաշխիքներ մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման և մաքսային իրավախախտումների կանխարգելման, հետաքննության ու դրանց դեմ պայքարի համար:

Այդպիսի տեղեկատվությունը կարող է վերաբերել.

ա) մաքսային օրենսդրության կիրառման նոր միջոցներին, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը,

բ) մաքսային իրավախախտումներ կատարելու նոր միտումներին, միջոցներին և մեթոդներին,

գ) ցանկացած այլ տեղեկության, որը կարող է օգնել մաքսային ծառայություններին հսկողության և ընթացակարգերի պարզեցման նպատակներով ռիսկի գնահատման հարցում:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր մաքսային տարածքում ի շահ մյուս Պայմանավորվող կողմի հարցումներ կատարելիս պետք է օգտագործի բոլոր առկա միջոցները հայցվող օգնությունը տրամադրելու համար:

 

Հոդված 4

 

Ի իրագործումն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի` Պայմանավորվող կողմերը հարցման հիման վրա միմյանց տրամադրում են իրենց մոտ առկա կամ լրացուցիչ ստացված այն տեղեկատվությունը և փաստաթղթերը, որոնք թույլ կտան հսկողություն իրականացնել Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային տարածքների միջև տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ, որոնցից են մաքսային հայտարարագրի հաստատված պատճենը, հաշիվ-ապրանքագրի կամ հաշիվ-ապրանքագիր-մասնացուցակի, տրանսպորտային փաստաթղթերի, փաթեթավորման ապրանքային ցանկերի, ինչպես նաև գործին առնչվող այլ մաքսային փաստաթղթերի պատճենները:

Այդ փաստաթղթերը պետք է թարգմանվեն անգլերեն այն ծավալով, որը հնարավորություն կտա հայցող Պայմանավորվող կողմին գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:

 

Հոդված 5

 

Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների սահմաններում Պայմանավորվող կողմերը կփոխանակեն իրենց փորձը և ձեռքբերումները մաքսային գործի բնագավառում` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի աջակցությամբ կազմակերպվող տարածաշրջանային հանդիպումներում և ուսումնական դասընթացներում ակտիվ մասնակցության միջոցով:

 

Հոդված 6

 

Համաձայնագրի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Պայմանավորվող կողմերը կլիազորեն սույն Փոխըմբռնման հուշագրի 1-ին և 2-րդ Հավելվածներում նշված իրենց պաշտոնատար անձանց` Համաձայնագրի իրականացման և կիրառման նպատակով անմիջականորեն հաղորդակցվելու համար: Անհրաժեշտության դեպքում լիազորված պաշտոնատար անձանց ցանկը կնորացվի:

 

Հոդված 7

 

Պայմանագրի կողմերի լիազորված պաշտոնատար անձինք հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց կտրամադրեն Համաձայնագրի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև երկկողմ առևտրի վերաբերյալ վիճակագրական տվյալները:

Ոչ սակագնային սահմանափակումներին ենթակա` հատուկ կարևորություն ներկայացնող և ռազմավարական ապրանքների ու առարկաների ցանկը, որոնք թվարկված են Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետում, բերված է սույն Փոխըմբռնման հուշագրի 3-րդ Հավելվածում:

Այդպիսի հատուկ կարևորություն ներկայացնող և ռազմավարական ապրանքների ու առարկաների մասին տեղեկատվությունը պետք է փոխանակվի ներմուծման և/կամ արտահանման պահին, եթե դրանց տեղաշարժը պարունակում է կամ ենթադրվում է, որ կարող է պարունակել մաքսային իրավախախտում:

Ցանկը ենթակա է վերանայման Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պահանջի դեպքում:

 

Հոդված 8

 

Պայմանավորվող կողմերն ինչպես հարցման հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ կտրամադրեն միմյանց տեղեկատվություն` ծրագրավորված, ընթացքի մեջ գտնվող կամ ավարտված այն գործողությունների վերաբերյալ, որոնք պարունակում են կամ ենթադրվում է, որ կարող են պարունակել մաքսային իրավախախտում մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային օրենսդրության դեմ:

Այն դեպքում, երբ զգալի վնաս կարող է հասցվել Պայմանավորվող կողմերից մեկի պետության տնտեսությանը, պետական անվտանգությանը կամ ցանկացած այլ կենսական շահին, մյուս Պայմանավորվող կողմը հնարավորության դեպքում իր սեփական նախաձեռնությամբ անհապաղ պետք է տրամադրի վերը նշված տեղեկատվությունը:

 

Հոդված 9

 

Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` հայցվող Պայմանավորվող կողմը պետք է տրամադրի հայցող Պայմանավորվող կողմին տեղեկատվություն կամ մաքսային փաստաթղթեր այն դեպքերում, երբ վերջինս հիմքեր ունի կասկածի տակ առնելու մաքսային ձևակերպումներին առնչվող անձանց կողմից տրամադրված տեղեկատվությունը կամ ներկայացված մաքսային փաստաթղթերը:

 

Հոդված 10

 

Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան` Պայմանավորվող կողմերն իրենց իրավասությունների շրջանակներում կարող են թույլատրել ապօրինի կամ կասկածելի ապրանքների տեղափոխումը իրենց տարածքներից դուրս, տարածքների միջոցով կամ դեպի իրենց տարածքները` մաքսային իրավախախտումների հետախուզման և դրանց դեմ պայքարելու նպատակով:

Եթե այդպիսի տեղափոխումները չեն կարող իրականացվել մաքսային ծառայության հսկողության ներքո, այդ ծառայությունը պետք է համագործակցի այդպիսի իրավասություն ունեցող ազգային ծառայությունների հետ կամ գործը փոխանցի նրանց:

 

Հոդված 11

 

Համաձայնագրի 14-րդ հոդվածին համապատասխան` այն դեպքում, երբ հայցող Պայմանավորվող կողմը չի կարողանալու կատարել հայցվող Պայմանավորվող կողմի` իրեն ուղղվող նմանատիպ հարցումը, նա իր հարցման մեջ պետք է ուշադրության հրավիրի այդ փաստի վրա:

Այդպիսի հարցումները կկատարվեն հայցվող Պայմանավորվող կողմի հայեցողությամբ:

 

Հոդված 12

 

Պայմանավորվող կողմերի պաշտոնատար անձինք անհրաժեշտության դեպքում կհանդիպեն` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պահանջով` Համաձայնագրի և սույն Փոխըմբռնման հուշագրի իրականացման հետ կապված խնդիրներ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ հարց քննարկելու նպատակով:

 

Հոդված 13

 

Սահմանային մաքսային կետերում ուղևորային/բեռնային փոխադրումների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով Պայմանավորվող կողմերը իրենց մաքսային տարածքների միջև ապրանքների, ուղևորների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար փոխադարձաբար կստեղծեն ավելի բարենպաստ պայմաններ:

Այդ կապակցությամբ Պայմանավորվող կողմերը կարող են սահմանային մաքսային կետերում ստեղծել աշխատանքային խմբեր` պարբերաբար, առնվազն տարին մեկ անգամ հանդիպումներ կազմակերպելու համար` առաջացող մաքսային խնդիրների համար լուծումներ գտնելու նպատակով:

 

Հոդված 14

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի բոլոր երեք Հավելվածները կհամարվեն դրա անբաժանելի մասերը:

 

Հոդված 15

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցումից հետո, և գործողությունը կդադարի Համաձայնագրի գործողության դադարեցման պահից:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2004 թվականի սեպտեմբերի 8-ին, երկու բնօրինակով` հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Դրույթների մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Փոխըմբռնման հուշագրի

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պաշտոնատար անձինք

1. Գագիկ Խաչատրյան

մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

2. Կարեն Բեգլարյան մաքսային գործի կատարելագործման և միջազգային
հարաբերությունների վարչության պետ

3. Հրանտ Գրիգորյան միջազգային հարաբերությունների բաժնի պետ

  

Փոխըմբռնման հուշագրի

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնատար անձինք

1. Ահմադ Դարուի

միջազգային համագործակցության
վարչության գլխավոր տնօրեն

2. Ղոլամռեզա Սաֆարի Թահերի միջազգային համագործակցության
վարչության գլխավոր տնօրենի տեղակալ

3. Ահադ Փարահամ միջազգային համագործակցության
վարչության երկկողմ համագործակցության
կոմիտեի նախագահ

Փոխըմբռնման հուշագրի

ՀԱՎԵԼՎԱԾ 3

Ոչ սակագնային սահմանափակումներին ենթակա` հատուկ կարԵՎորություն ներկայացնող ԵՎ ռազմավարական ապրանքների ցանկ
(Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետ)

Ապրանքների տեսակը

Քանակական
սահմանափակումներ

1. զենք, զինամթերք, պայթուցիկ և
պայթյունավտանգ նյութեր (ՆՀ խումբ 93)
անկախ քանակությունից
2. թունավոր և էկոլոգիապես վտանգավոր
նյութեր (ՆՀ խումբ 29)
անկախ քանակությունից
3. ռադիոակտիվ նյութեր անկախ քանակությունից
4. արտահանման վերահսկողության
ցանկերում նշված ռազմավարական
ապրանքներ
տրված արտահանման,
ներմուծման կամ տարանցման
արտոնագրին համապատասխան
5. թմրադեղեր և հոգեներգործուն նյութեր անկախ քանակությունից
6. էթիլային սպիրտ և սպիրտային խմիչքներ
(ՆՀ խումբ 22)
անկախ քանակությունից
7. ոչնչացման վտանգի տակ գտնվող վայրի
կենդանիներ և բույսեր, դրանց մնացուկներ
անկախ քանակությունից
8. հնաոճ իրեր, մշակութային, հնագիտական
և պալեորտոլոգիական արժեք ներկայացնող
առարկաներ ու կրոնական դավանանքի
առարկաներ
անկախ քանակությունից
9. նավթամթերք (բենզին և դիզելային
վառելիք)
1000 կգ-ից ավելի
10. ծխախոտի արտադրանք 1000 կգ-ից ավելի

     Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2005թ. մայիսի 19-ից: