Գլխավոր տեղեկություն
Համար
N 211-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.23/17(820) Հոդ.299
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2011 թվականի N 211-Ն

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 12
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 10-ի N 211-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ծրագիրը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի։

Ծրագիրը նախատեսում է ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տեղեկատվական և ուսումնական կայքերի մշակման և սպասարկման ծրագիրը, սահմանում է պատասխանատու մարմինները և սպասվող արդյունքները։

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Աշխարհի ավելի քան հարյուր երկրների հայ համայնքներում գործող սփյուռքյան տասնյակ հազարավոր կազմակերպություններ, հոգևոր կառույցներ, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, մշակութային և կրթական կազմակերպություններ, կուսակցություններ, հայագիտական կենտրոններ և ամբիոններ, գրախանութներ, գրադարաններ, մասնագիտական միություններ, ճանաչված սփյուռքահայեր և անհատներ, միլիոնավոր մեր հայրենակիցներ, կտրված լինելով Հայաստանից, կարիքն ունեն գոնե առցանց ներկա լինել հայկական աշխարհում և վերջինիս կարևոր մաս կազմող հայկական առցանց մշակութային միջավայրում։ Հայկական առցանց մշակութային միջավայրի կարևորագույն բաղադրիչներից են` համահայկական տեղեկատվական պորտալները, հայալեզու և հայաբովանդակ էլեկտրոնային գրադարանները, ինչպես նաև լեզվական և քերականական առանձնահատկություններ ունեցող հայության տարբեր հատվածների փոխըմբռնումը դյուրինացնող ամենատարբեր ծրագրային գործիքները։ Առցանց հայկական մշակութային միջավայրի ստեղծումն էապես կնպաստի սփյուռքյան կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությանը։

 

II. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման խնդիրն օրակարգային է։ Սփյուռքահայության ստվար հատվածը չի տիրապետում կամ մասնակիորեն է տիրապետում մայրենի լեզվին։ Գրականությունը հաճախ արևելահայերեն է և աբեղյանական ուղղագրությամբ, որին սփյուռքահայության ստվար մի զանգված վատ է տիրապետում, ինչն էլ լրացուցիչ խոչընդոտ է սփյուռքի տարբեր հատվածների և հայրենիքի միջև շփման համար։

2. Սփյուռքում հայալեզու տպագիր գրականության ոչ բավարար քանակը կարող էր լրացնել համացանցը, սակայն, ցավոք, հայերենով տեքստերի քանակությունն ինտերնետում չափազանց քիչ է, ինչը թե´ Հայաստանի և թե´ սփյուռքի օգտվողներին հնարավորություն չի տալիս մնալ հայկական միջավայրում։ Գրեթե բացակայում են հայկական էլեկտրոնային գրադարանները, ինչի պատճառով էլ սփյուռքի մեր հայրենակիցները, հատկապես նրանք, ովքեր չեն ապրում հայաշատ և խիտ բնակեցված համայնքներում, հիմնականում կտրվում են հայկական միջավայրից՝ հայկական մշակույթից, գրականությունից, արվեստից, ազգային արժեքներից։

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Սփյուռքի հայ համայնքներում հայոց լեզվի երկու հատվածների փոխըմբռնման նպատակով 2009 թվականին իրականացվել են համացանցում արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը, փոխարկչի ծրագրի տեղադրման աշխատանքները, սակայն այս ծրագիրն ունի շարունակական զարգացման և սպասարկման կարիք։ Այս պահին ծրագիրն աշխատում է 40000 բառի սահմաններում։ 2011 թվականի ընթացքում փոխարկչի ծրագրի բառապաշարի մեծացումն ու ալգորիթմական բազայի կատարելագործումն էլ ավելի կբարձրացնի ծրագրի արդյունավետությունը։

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության էլեկտրոնային հայալեզու գրադարանի ստեղծումը մեկն է այն պայմաններից, որոնց առկայության դեպքում աշխարհի ցանկացած կետում գտնվող հայը, ցանկության դեպքում, կկարողանա ապրել և գործել վիրտուալ հայկական աշխահում՝ հայկական տեղեկատվական, մշակութային, կրթական միջավայրում։

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանում հաշվի կառնվեն արևելահայերեն և արևմտահայերեն գրական ժառանգության առկայությունը, ժամանակակից և դասական ուղղագրությունները։ Էլեկտրոնային գրադարանի շտեմարանները մշտապես կհամալրվեն Հայաստանի, Արցախի, սփյուռքի դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով և աշխատություններով։

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման համաձայն ծրագիրը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը փոխարկչի ծրագրի շարունակական զարգացման և սպասարկման, համահայկական էլեկտրոնային գրադարանի համալրման և սպասարկման աշխատանքները և «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու օրաթերթի հրատարակումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, որի համար պահանջվող գումարը կազմում է 30.304.0 հազարուղղ. դրամ։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան