ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 դեկտեմբերի 2010 թ. ք. Երևան |
թիվ 124-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Շիրակի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 23 մրցույթում հաղթող ճանաչելու մասին
Սույն թվականի հուլիսի 27-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` ՀՌԱՀ) կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Շիրակի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 23 մրցույթին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 26.10.2010թ. մասնակցելու հայտ են ներկայացրել «ՉԱՊ» ՍՊ ընկերությունը և 27.10.2010թ.` «ՑԱՅԳ» ՍՊ ընկերությունը։
03.11.2010թ. կայացած ՀՌԱՀ-ի դռնբաց նիստում «ՉԱՊ» ՍՊ ընկերությունը և «ՑԱՅԳ» ՍՊ ընկերությունը հրապարակել են իրենց կողմից ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը։
«ՉԱՊ» ՍՊ ընկերության և «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Համադրելով երկու ընկերությունների հայտերը և կից փաստաթղթերը, ՀՌԱՀ-ը պարզեց`
1. «ՉԱՊ» ՍՊ ընկերության սեփական արտադրության հաղորդումների միջին ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է ընդհանուրի 60% -ը (ըստ հայտի):
«ՑԱՅԳ» ՍՊ ընկերության սեփական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում միջին հաշվարկով կազմում է ընդհանուրի 66,9%-ը (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, «Բիզնես ծրագիր», էջ 13):
2. «ՉԱՊ» ՍՊ ընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է ընդհանուրի 80%-ը (ըստ հայտի):
«ՑԱՅԳ» ՍՊ ընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում միջին հաշվարկով կազմում է ընդհանուրի 85,1%-ը (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, «Բիզնես ծրագիր», էջ 13):
3. «ՉԱՊ» ՍՊ ընկերության Բիզնես ծրագրի առաջին բաժինը` 4-7 էջ, նվիրված է ընկերության պատմությանը, երկրորդ բաժինը` 8-14 էջ, հիմնադրի կողմից 2005 թվականին ստանձնած պարտավորությունների կատարմանը և «ՉԱՊ» ՍՊ ընկերության մեկ այլ գործունեության տեսակի` օճառի և լվացող-մաքրող միջոցների արտադրության հեռանկարներին: Հեռուստաընկերության զարգացման ծրագրերը ներկայացված են միայն հեռուստածրագրերի մասով ծրագրային քաղաքականությանը վերաբերող բաժնի «Նախատեսված հաղորդումների ցանկը» ենթաբաժնում («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», էջ 19-22): Բացակա են այն հիմնավորումները, որոնք երաշխավորում են մարզային սփռմամբ հեռարձակումը լիցենզիայի գործողության ողջ ժամկետում և փոխկապակցում հեռուստագործունեության բոլոր բաղադրիչները:
«ՑԱՅԳ» ՍՊ ընկերության Բիզնես ծրագիրը (էջ 1-51) կազմված է լիցենզիայի գործողության ողջ ժամկետի համար և համակողմանի նկարագրում է հեռուստաընկերության գործունեությունը: Ըստ Բիզնես ծրագրի (էջ 47) ընկերությունը 2011-2020թթ. նախատեսում է աշխատել շահույթով։ Լիցենզիայի գործողության ողջ ժամկետում այն կկազմի 209896000 ՀՀ դրամ:
«ՑԱՅԳ» ՍՊ ընկերության Բիզնես ծրագրի ելքային տվյալները և նախատեսված միջոցառումները հիմնավոր են:
4. Հանձնաժողովը բավարար է համարում «ՉԱՊ» ՍՊ ընկերության և «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության բազմակարծությունը խթանելու կարողությունը:
5. «ՉԱՊ» ՍՊ ընկերության առկա տեխնիկական միջոցների ու սարքավորումների մասին տեղեկությունները ներկայացված են «Տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների ու սարքավորումների մասին» բաժնում («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», էջ 23-25, Հավելված 9, էջ 202, 242): Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 50000 ՀՀ դրամ («Հիմնադիր փաստաթղթեր», էջ 16): «Ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր» բաժինը հղում է կատարում Հավելված 6-ում զետեղված 2008-2010թթ. ընթացքում կնքված պայմանագրերին, որոնցից միայն մեկի գործողության ժամկետն է ներառվում լիցենզիայի գործողության ժամկետում («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», էջ 23 և Հավելված 6, էջ 124-178): Ֆինանսական հնարավորությունները լիցենզիայի գործողության ողջ ժամկետում գնահատել հնարավոր չէ, քանի որ հիմնադրի կողմից հայտարարված 1,5 –ից մինչև 3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման խոստումը հիմնվում է օճառի և լվացող-մաքրող միջոցների ապագա արտադրությունից ակնկալվող շահույթների վրա, որի երաշխավորվածությունը հիմնավորված չէ: Ներկայացված է միայն պայմանագիր 45000 եվրո արժողությամբ հումք և սարքավորումներ ձեռք բերելու մասին («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», Հավելված 2, էջ 59-76):
«ՑԱՅԳ» ՍՊ ընկերության առկա տեխնիկական միջոցների ու սարքավորումների մասին տեղեկությունները ներկայացված են «Ծրագրերի արտադրության և հեռարձակման պլան» բաժնում («Բիզնես ծրագիր», էջ 18-22), ինչպես նաև «Տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ» գիրք, էջ 1-165): Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 10000000 ՀՀ դրամ («Հիմնադիր փաստաթղթեր», էջ 93): Ներկայացված են ընդհանուր ժողովի արձանագրությունը ներդրումներ կատարելու մասին՝ 28500000 ՀՀ դրամ («Հիմնադիր փաստաթղթեր», էջ 53):
6. «ՉԱՊ» ՍՊ ընկերության ծրագրում («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», էջ 27-31) ներկայացված է աշխատակիցների ցուցակը (20 աշխատակից), նրանց մասնագիտական կարողությունները հիմնավորող տեղեկություններով, ինչպես նաև պայմանագրային աշխատողների և պրակտիկանտների ցանկը` 13 մարդ («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», էջ 27-31, Հավելված 8, էջ 183-201) ։
«ՑԱՅԳ» ՍՊ ընկերության Բիզնես ծրագրում («Բիզնես ծրագիր», էջ 38-44, «Տեղեկություններ աշխատակիցների մասին» գիրք, էջ 1-61) ներկայացված է աշխատակիցների ցուցակը (41 աշխատակից), նրանց մասնագիտական կարողությունները հիմնավորող տեղեկություններով։
«ՉԱՊ» ՍՊ ընկերության և «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, համաձայն ներկայացված տեղեկությունների և ծրագրերում նախատեսված միջոցառումների, գնահատվում են բավարար։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ առաջին, երկրորդ, երրորդ և հինգերորդ չափանիշների մրցակցին գերազանցել է «ՑԱՅԳ» ՍՊ ընկերությունը, իսկ ըստ չորրորդ և վեցերորդ չափանիշների ընկերությունների առաջարկները հավասարապես բավարար են, 23.12.2010թ. ՀՌԱՀ անդամները վարկանիշային քվեարկությամբ «ՉԱՊ» ՍՊ ընկերության և «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտերին տվել են հետևյալ գնահատականները.
Անուն , ազգանուն |
«ՉԱՊ» ՍՊ ընկերություն |
«ՑԱՅԳ» ՍՊ ընկերություն |
Գրիգոր Ամալյան |
2 |
6 |
Ժիրայր Դադասյան |
2 |
6 |
Կորյուն Առաքելյան |
2 |
6 |
Սիմավոն Անդրեասյան |
2 |
6 |
Արամ Մելքոնյան |
2 |
6 |
Արմեն Մկրտչյան |
2 |
6 |
Հայկ Քոթանյան |
2 |
6 |
Ընդամենը` 14 |
Ընդամենը` 42 |
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 46-49-րդ և 62-րդ հոդվածներով, ինչպես նաև 28.06.2010թ. ՀՌԱՀ թիվ 23-Ն որոշմամբ հաստատված «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգ»-ի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է`
Թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Շիրակի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 23 մրցույթում հաղթող ճանաչել «ՑԱՅԳ» ՍՊ ընկերությանը:
Նախագահ |
Գ. Ամալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|