ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԴՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Կնքված է Բուդապեշտում 1977թ. ապրիլի 28-ին
և փոփոխված է 1980թ. սեպտեմբերի 26-ին
Ներածական դրույթներ
Հոդված 1. |
Միության ստեղծումը |
Սույն Պայմանագրի կողմ պետությունները (այսուհետ՝ Պայմանավորվող պետություններ) ստեղծում են պատենտի գործընթացի նպատակներով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման միություն:
Հոդված 2. | Սահմանումներ |
Սույն Պայմանագրի և կարգավորումների նպատակով՝
i) «պատենտին» արված հղումները պետք է դիտվեն որպես հղումներ գյուտերի, գյուտարարների վկայականների, օգտակարության վկայականների, օգտակարության մոդելների, լրացումների պատենտի կամ վկայականների, գյուտարարների լրացման վկայականների և լրացման օգտակարության վկայականների համար տրվող պատենտին.
ii) «միկրոօրգանիզմի ավանդադրում» նշանակում է, համաձայն այն համատեքստի, որում այս բառերն օգտագործվում են, սույն Պայմանագրին և Կանոնակարգերին համապատասխան իրականացվող գործողությունները, միկրոօրգանիզմի փոխանցումը որևէ միջազգային ավանդադրման մարմնի, որը ստանում և ընդունում է այն, կամ այդպիսի միկրոօրգանիզմի պահեստավորումը միջազգային ավանդադրման մարմնի կողմից կամ վերը նշված փոխանցումը և վերը նշված պահեստավորումը միասին.
iii) «պատենտի գործընթաց» նշանակում է՝ ցանկացած վարչական կամ դատական գործընթաց, որը վերաբերում է պատենտի համար ներկայացվող դիմումին կամ պատենտին.
iv) «պատենտի գործընթացի նպատակով արված հրատարակություն» նշանակում է՝ այն պաշտոնական հրատարակությունը կամ պատենտի դիմումի կամ պատենտի համար պաշտոնական թերթիկ, որը բաց է հասարակական վերահսկողության համար.
v) «արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություն» նշանակում է՝ կազմակերպություն, որը հայտարարություն է ներկայացրել 9(1) հոդվածի համաձայն.
vi) «արդյունաբերական սեփականության գրասենյակ» նշանակում է՝ Պայմանավորվող պետության մարմին կամ արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություն, որը իրավասու է պատենտ տրամադրելու.
vii) «ավանդադրման հաստատություն» նշանակում է՝ միկրոօրգանիզմների ստացումը, ընդունումը և պահեստավորումը, ինչպես նաև դրանց նմուշների մատակարարումը ապահովող հաստատությանը.
viii) «ավանդադրման միջազգային մարմին» նշանակում է՝ ավանդադրման հաստատություն, որը միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակ է ձեռք բերել 7-րդ հոդվածի համաձայն.
ix) «ավանդատու» նշանակում է՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը փոխանցում է միկրոօրգանիզմը որևէ միջազգային ավանդադրման մարմնի, որը ստանում և ընդունում է այն, և վերը նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձի անունից հանդես եկող որևէ իրավահաջորդ.
x) «Միություն» նշանակում է 1-ին հոդվածում նշված Մջությունը.
xi) «Ժողով» նշանակում է 10-րդ հոդվածում նշված Ժողովը.
xii) «Կազմակերպություն» նշանակում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը.
xiii) «Միջազգային բյուրո» նշանակում է՝ Կազմակերպության միջազգային բյուրո և Մտավոր սեփականության պաշտպանության միավորված միջազգային բյուրոները (ՄՍՊՄՄԲ)` նրա գոյության ընթացքում.
xiv) «Գլխավոր տնօրեն» նշանակում է Կազմակերպության Գլխավոր տնօրենը.
xv) «Կանոնակարգեր» նշանակում է 12-րդ հոդվածում նշված Կանոնակարգերը:
Գ լ ու խ I
Նյութաիրավական դրույթներ
Հոդված 3. | Միկրոօրգանիզմների ավանդադրման ճանաչումը և հետևանքները |
1) ա) Պայմանավորվող պետությունները, որոնք պատենտի գործընթացի նպատակով թույլատրում կամ պահանջում են միկրոօրգանիզմների ավանդադրում, այդ նպատակով պետք է ճանաչեն միկրոօրգանիզմի ավանդադրումը որևէ միջազգային ավանդադրման մարմնի միջոցով: Նման ճանաչումը ներառում է միջազգային ավանդադրման մարմնի կողմից նշված ավանդադրման փաստը և օրը, ինչպես նաև այն փաստի ճանաչումը, որ ներկայացված նմուշը ավանդադրված միկրոօրգանիզմների նմուշ է:
բ) Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է պահանջել «ա» ենթակետում նշված ավանդադրման ստացման փաստաթղթի օրինակ, որը տրվել է միջազգային ավանդադրման մարմնի կողմից:
2) Սույն Պայմանագրով և Կանոնակարգերով կանոնակարգվող հարցերի առումով ոչ մի Պայմանավորվող պետություն չի կարող պահանջել այնպիսի պահանջների համապատասխանություն, որոնք տարբերվում կամ լրացնում են սույն Պայմանագրով և Կանոնակարգերով սահմանված պահանջները:
Հոդված 4. | Նոր ավանդադրում |
1) ա) Եթե միջազգային ավանդադրման մարմինը որևէ պատճառով չի կարող ավանդադրված միկրոօրգանիզմի նմուշ տրամադրել, մասնավորապես.
i) եթե այդ միկրոօրգանիզմը այլևս կենսունակ չէ, կամ
ii) եթե նմուշ տալու համար պահանջվում է դրանք արտասահման առաքել, իսկ նմուշների առաքումը կամ ստացումն արգելված են արտահանման կամ ներմուծման սահմանափակմամբ,
այդ մարմինը պետք է առաքման անհնարինության մասին անմիջապես ծանուցելուց հետո նման անհնարինության մասին ծանուցի ավանդատուին, նշելով պատճառը, իսկ ավանդատուն, 2-րդ կետի համաձայն և ինչպես սահմանվում է սույն կետով, իրավունք ունի միկրոօրգանիզմի նախապես արված ավանդադրումը նորից ավանդադրելու:
բ) Նոր ավանդադրումը պետք է արվի այն միջազգային ավանդադրման մարմնի հետ, որի հետ նախնական ավանդադրումն է արվել՝ պայմանով, որ.
i) այն արվի մեկ այլ միջազգային ավանդադրման մարմնի հետ, եթե սկզբնական ավանդադրման միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը, որպես այդպիսին, դադարել է կամ ընդհանրապես, կամ տվյալ միկրոօրգանիզմի համար, կամ եթե նախնական ավանդադրման միջազգային ավանդադրման մարմինը ժամանակավորապես կամ ընդհանրապես դադարեցնում է ավանդադրված միկրոօրգանիզմի նկատմամբ տարվող աշխատանքները.
ii) այն կարող է արվել մեկ այլ միջազգային ավանդադրման մարմնի հետ «ա» կետի ii ենթակետով սահմանված դեպքում:
գ) Ցանկացած նոր ավանդադրման պետք է կցվի տեղեկանք` ստորագրված ավանդատուի կողմից, առ այն, որ կրկին ավանդադրվող միկրոօրգանիզմը նույնն է, ինչ նախապես ավանդադրվածը: Եթե ավանդատուի հաստատումը հակասական է, ապա ապացուցման ծանրությունը կատարվում է գործող օրենսդրության համաձայն:
դ) Համաձայն «ա»-ից «գ» և «ե» ենթակետերի՝ նոր ավանդադրումը պետք է թվագրվի նախնական ավանդադրման օրվանից, երբ նախապես ավանդադրված միկրոօրգանիզմի կենսունակության մասին բոլոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ միկրոօրգանիզմը կենսունակ է եղել, և եթե նոր ավանդադրումն արվել է երեք ամիս հետո այն բանից, երբ ավանդատուն ստացել է «ա» ենթակետով սահմանված ծանուցումը:
ե) Եթե գործում է (բ)(i) ենթակետը, և ավանդատուն չի ստանում «ա» ենթակետով սահմանված ծանուցումը` (բ)(i) ենթակետերով սահմանված կանխումը, սահմանափակումը կամ դադարեցումը Միջազգային բյուրոյի կողմից հրատարակվելու օրվանից վեց ամիս հետո, ապա «դ» ենթակետում նշված եռամսյա ժամկետը պետք է հաշվարկվի վերը նշված հրատարակության օրվանից:
2) (1) «ա» կետում նշված իրավունքը չի գործում, եթե ավանդադրված միկրոօրգանիզմը տեղափոխվել է մեկ այլ միջազգային ավանդադրման մարմին, քանի դեռ այդ մարմինն ի վիճակի է նման միկրոօրգանիզմի նմուշներ տրամադրելու:
Հոդված 5. | Արտահանման և ներմուծման սահմանափակումներ |
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, որը նպատակահարմար է գտնում, որ, եթե միկրոօրգանիզմների որոշ տեսակների ներմուծման կամ արտահանման համար սահմանափակումներ կան, այդպիսի սահմանափակումները սույն Պայմանագրով կիրառվեն ավանդադրված կամ ավանդադրման համար նախատեսված միկրոօրգանիզմների վրա միայն այն դեպքում, եթե այդ սահամանափակումն անհրաժեշտ է ազգային անվտանգության կամ առողջապահության կամ շրջակա միջավայրի պահպանության նպատակով:
Հոդված 6. | Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը |
1) Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակ ձեռք բերելու համար ցանկացած ավանդադրման հաստատություն պետք է գտնվի Պայմանավորվող պետության տարածքում և օգտվի տվյալ Պետության հովանավորությունից՝ պայմանով, որ այդ հաստատությունը համապատասխանում է և հետագայում կհամապատասխանի 2-րդ կետում սահմանված պահանջներին: Նշված երաշխավորությունը տրամադրվում է նաև արտադրական սեփականության միջկառավարական կազմակերպության կողմից` այն դեպքում, երբ ավանդադրման հաստատությունը տեղակայված է նշված կազմակերպության անդամ Պետության տարածքում:
2) Ավանդադրման հաստատությունը միջազգային ավանդադրման մարմնի հնարավորության շրջանակում պետք է`
i) ունենա անընդհատ գոյություն.
ii) ունենա անհրաժեշտ աշխատակազմ ու պայմաններ, ինչպես նշված է Կանոնակարգերում, սույն Պայմանագրով սահմանված իր գիտական և վարչական առաջադրանքներն իրականացնելու համար.
iii) լինի անկողմնակալ և օբյեկտիվ.
iv) միևնույն պայմաններով ավանդադրման համար հասանելի լինի ցանկացած ավանդատուի.
v) ավանդադրման համար ընդունի ցանկացած կամ կոնկրետ միկրոօրգանիզմ, ստուգի դրանց կենսունակությունը և պահեստավորի դրանք, ինչպես նախատեսված է Կանոնակարգերում.
vi) ավանդատուին տա տեղեկանք և կենսունակության մասին պահանջվող ցանկացած տեղեկանք, ինչպես նախատեսված է Կանոնակարգերում.
vii) ելնելով ավանդադրված միկրոօրգանիզմներից՝ համապատասխանի գաղտնիության պահանջներին, ինչպես նախատեսված է Կանոնակարգերում.
viii) տրամադրի ցանկացած ավանդադրված միկրոօրգանիզմի նմուշ՝ Կանոնակարգերի պայմաններին և դրանով նախատեսված գործընթացին համապատասխան:
3) Կանոնակարգերը սահմանում են նախաձեռնվող միջոցները՝
i) եթե որևէ միջազգային ավանդադրման մարմին ժամանակավոր կամ մշտապես դադարեցնում է իր գործունեությունը որևէ ավանդադրված միկրոօրգանիզմի նկատմամբ կամ հրաժարվում է ընդունել որևէ տեսակի միկրոօրգանիզմ, որը պետք է ընդուներ տրված երաշխավորման համաձայն.
ii) երբ որևէ միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը դադարեցվում կամ սահմանափակվում է:
Հոդված 7. | Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակի ձեռքբերումը |
1) ա) Ավանդադրման հաստատությունը միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակ է ձեռք բերում Գլխավոր տնօրենին ուղղված գրավոր ծանուցմամբ՝ ուղարկված այն Պայմանավորվող պետությունից, որի տարածքում գտնվում է ավանդադրման հաստատությունը, և հայտարարությամբ առ այն, որ վերը նշված հաստատությունը համապատասխանում է և շարունակելու է համապատասխանել 6(2) հոդվածով սահմանված պահանջներին: Վերը նշված կարգավիճակը կարելի է ձեռք բերել նաև Գլխավոր տնօրենին ուղղված գրավոր ծանուցմամբ՝ ուղարկված միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպության կողմից՝ ներառյալ վերոհիշյալ հայտարարությունը:
բ) Ծանուցումը նաև պետք է պարունակի ավանդադրման հաստատության մասին տեղեկատվություն, ինչպես սահմանված է Կանոնակարգերում, և կարող է ներառել այն օրը, երբ միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը ուժի մեջ է մտնում:
2) ա) Եթե Գլխավոր տնօրենը համարում է, որ ծանուցումը ներառում է պահանջվող հայտարարությունը, և պահանջվող ամբողջ տեղեկատվությունը ստացվել է, ապա Միջազգային բյուրոն անմիջապես հրապարակում է հայտարարությունը:
բ) Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը ձեռք է բերվում հայտարարության հրապարակման օրվանից, կամ եթե 1-ին կետի «բ» ենթակետով նշված ժամկետ կա, և այն ավելի ուշ է, քան հայտարարության հրապարակման ամսաթիվը, ապա ընդունվում է այդ ամսաթիվը:
3) 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործընթացի մանրամասները սահմանված են Կանոնակարգերում:
Հոդված 8. | Միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակի դադարեցումը և սահմանափակումը |
1) ա) Ցանկացած Պայմանավորվող պետություն կամ միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպություն կարող է պահանջել Ժողովից՝ դադարեցնել կամ սահամանփակել որևէ միջազգային ավանդադրման մարմնի գործունեությունը միկրոօրգանիզմների որոշակի տեսակների նկատմամբ՝ այն հիմնավորմամբ, որ մարմինը չի համապատասխանել կամ այլևս չի համապատասխանում 6-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Այնուամենայնիվ, այդպիսի պահանջ չի կարող ներկայացնել այն Պայմանավորվող պետությունը կամ միջկառավարական արդյունաբերական սեփականության մարմինը, որը միջազգային ավանդադրման մարմնի առնչությամբ ներկայացրել է 7(1) (ա) հոդվածով սահմանված հայտարարությունը:
բ) Մինչև «ա» ենթակետով սհամանված պահանջը ներկայացնելը, Պայմանավորվող պետությունը կամ միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպությունը պետք է Գլխավոր տնօրենի միջոցով ծանուցի իր պահանջի ներկայացված պատճառները, որոնք ուղարկվում են ավանդադրման մարմնի Պայմանավորվող պետությանը կամ միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպությանը, որն ուղարկել է 7(1) հոդվածում նշված ծանուցումը, այնպես, որ պետությունը կամ կազմակերպությունը վերը նշված ծանուցումն ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում ձեռնարկեն քայլեր՝ կանխելու համար ներկայացված պահանջի կատարումը:
գ) Եթե Ժողովը գտնում է, որ պահանջը բավարար կերպով հիմնավորված է, ապա որոշում է ընդունում «ա» ենթակետում նշված միջազգային ավանդադրման մարմնի գործունեությունը դադարեցնել կամ սահմանափակել միկրոօրգանիզմների որոշակի տեսակների նկատմամբ: Ժողովի որոշման համար պահանջվում է տրված ձայների երկու երրորդը` հօգուտ պահանջի:
2) ա) 7 (1)(ա) հոդվածով ծանուցում ներկայացնող Պայմանավորվող պետությունը կամ միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպությունը կարող են Գլխավոր տնօրենին ուղղված հայտարարությամբ հետ վերցնել իրենց հայտարարագիրը կամ ամբողջությամբ, կամ միայն որոշ միկրոօրգանիզմների նկատմամբ, և պետք է հետ վերցնեն իրենց հայտարարագիրը, երբ դրա հիմնավորումները այլևս չեն գործում:
բ) Նման ծանուցումը Կանոնակարգերում նշված օրվանից, եթե վերաբերում է ամբողջ հայտարարությանը, հանգեցնում է միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակի դադարեցման, կամ, եթե այն վերաբերում է միայն միկրոօրգանիզմների որոշակի տեսակներին, ապա հանգեցնում է նման կարգավիճակի համապատասխան սահմանափակման:
3) 1-ին և 2-րդ կետերում նշված գործընթացի մանրամասները սահմանված են Կանոնակարգերում:
Հոդված 9. | Արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություններ |
1) ա) Ցանկացած միջկառավարական կազմակերպություն, որին մի քանի պետություններ վստահել են տարածաշրջանային արտոնագիր տալու հարցը, և որի բոլոր անդամ պետությունները Արդյունաբերական սեփականության պաշտպանության միջազգային (Փարիզի) միության անդամներ են, կարող է Գլխավոր տնօրենին հայտարարություն ուղարկել առ այն, որ ինքը ընդունում է 3 (1) (ա) հոդվածով սահմանված պարտավորությունները, 3 (2) հոդվածով սահմանված պահանջներին վերաբերող պարտավորությունները, և սույն Պայմանագրի և Կանոնակարգերի բոլոր գործող դրույթները, որոնք կիրառելի են արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպությունների նկատմամբ: Եթե հայտարարությունը ներկայացվել է մինչև սույն Պայմանագրի` 16 (1) հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, ապա նախորդ նախադասությունում նշված հայտարարությունը գործում է ուժի մեջ մտնելու նշված օրը: Եթե հայտարարությունը ներկայացվել է ուժի մեջ մտնելուց հետո, վերը նշված հայտարարությունը ուժի մեջ է մտնում ներկայացնելուց երեք ամիս հետո, եթե հայտարարության մեջ ավելի ուշ ժամկետ նշված չէ: Վերջինիս դեպքում հայտարարությունն ուժի մեջ կմտնի նշված օրը:
բ) Վերը նշված կազմակերպությունը ունի 3(1) (բ) հոդվածով սահմանված իրավունքը:
2) Եթե սույն Պայմանագրի կամ Կանոնակարգերի որևէ դրույթ, որն առնչվում է արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպությանը, վերանայվում կամ փոփոխվում է, ցանկացած արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություն կարող է 1-ին կետով արված հայտարարությունը չեղյալ համարել՝ ծանուցելով Գլխավոր տնօրենին: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ կմտնի.
i) եթե ծանուցումը ստացվել է մինչև վերանայումը կամ փոփոխությունների ուժի մեջ մտնելը.
ii) եթե ծանուցումը ստացվել է i ենթակետում նշված օրվանից հետո` ծանուցման մեջ նշված օրը, կամ եթե օրը նշված չէ, ծանուցումն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
3) Ի լրումն 2-րդ կետում նշված դեպքի, ցանկացած արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություն կարող է չեղյալ հայտարարել իր տված (1) (ա) ենթակետում նշված հայտարարությունը Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցմամբ: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալու օրվանից երկու տարի հետո: Սույն կետով հայտարարությունն ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում չեղյալ հայտարարման ոչ մի ծանուցում չի ընդունվելու:
4) Արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպության կողմից 7 (1) հոդվածի համաձայն արված հայտարարության արդյունքում ավանդադրման մարմնի ձեռք բերած միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը 2-րդ կամ 3-րդ կետերում նշված չեղյալ հայտարարումով դադարեցվում է Գլխավոր տնօրենի կողմից չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն ստացվելու օրվանից մեկ տարի հետո:
5) 1-ին կետի «ա» ենթակետով արված ցանկացած հայտարարություն, 2-րդ կամ 3-րդ կետերով արված ցանկացած չեղյալ հայտարարման ծանուցում, 6 (1) հոդվածի երկրորդ նախադասությամբ արված և 7(1) (ա) հոդվածում ներառված ցանկացած երաշխավորություն, 8(1) հոդվածով ներկայացված ցանկացած պահանջ և 8(2) հոդվածում նշված չեղյալ հայտարարման ծանուցում պահանջում են արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպությունը կառավարող գերագույն մարմնի կողմից նախապես արված հատուկ հաստատում, որի անդամները վերը նշված կազմակերպության անդամ բոլոր պետություններն են, և որի որոշումներն ընդունվել են նման պետությունների Կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչների կողմից:
Գ լ ու խ II
Վարչական դրույթներ
Հոդված 10.
Ժողովը
1) ա) Ժողովը բաղկացած է Պայմանավորվող պետություններից:
բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ:
գ) Յուրաքանչյուր արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություն պետք է Ժողովի նիստերին և Ժողովի կողմից ստեղծված կոմիտեներում և աշխատանքային խմբերում ներկայացված լինի հատուկ դիտորդների միջոցով:
դ) Միության ոչ անդամ ցանկացած Պետություն, որը Կազմակերպության կամ Արդյունաբերական սեփականության պաշտպանության միջազգային (Փարիզ) միության անդամ է, և 2 (v) հոդվածում նշված արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպությունից զատ, արտոնագրերի բնագավառում մասնագիտացած ցանկացած միջկառավարական կազմակերպություն, կարող է դիտորդներով ներկայանալ Ժողովի հանդիպումներին, և եթե Ժողովը որոշի, Ժողովի կողմից ստեղծված ցանկացած կոմիտեի կամ աշխատանքային խմբի հանդիպումներին:
2) ա) Ժողովը՝
i) զբաղվում է Միության պահպանության և զարգացման և սույն Պայմանագրի կատարման բոլոր խնդիրներով.
ii) իրացնում է այնպիսի իրավունքներ և իրականացնում է այնպիսի առաջադրանքներ, որոնք հատուկ դրված են իր վրա կամ սահմանված են սույն Պայմանագրով.
iii) Գլխավոր տնօրենին հանձնարարականներ է տալիս համաժողովների վերանայումը նախապատրաստելու կապակցությամբ.
iv) վերանայում և հաստատում է Միության վերաբերյալ Գլխավոր տնօրենի հաշվետվություններն ու գործունեությունը, անհրաժեշտ ցուցումներ է տալիս Միության իրավասության շրջանակում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
v) ստեղծում է այնպիսի կոմիտեներ և աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ է համարում Միության աշխատանքները դյուրացնելու համար.
vi) ելնելով 1-ին կետի «դ» ենթակետից՝ որոշում է, թե, Պայմանավորվող պետություններից բացի, որ Պետությունների միջկառավարական կազմակերպությունները, որոնք 2 (v) հոդվածում նշված միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպություն չեն, և որ միջազգային հասարակական կազմակերպությունները պետք է ընդունվեն իր հանդիպումներին՝ որպես դիտորդներ, և թե ինչ չափով են միջազգային ավանդադրման մարմիններն ընդունվելու իր հանդիպումներում` որպես դիտորդներ.
vii) ձեռնարկում է ցանկացած այլ համապատասխան գործողություն Միության հետագա նպատակների իրականացման համար.
viii) կատարում է այնպիսի այլևայլ գործառույթներ, որոնք բխում են սույն Պայմանագրից:
բ) Կազմակերպության կողմից ղեկավարվող այլ Միությունների համար հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ Ժողովը որոշում է կայացնում Կազմակերպության համակարգող կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո:
3) Մեկ ներկայացուցիչը կարող է ներկայացնել մեկ պետություն և քվեարկել միայն մեկ պետության անունից:
4) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ունի մեկ քվե:
5) ա) Պայմանավորվող պետությունների մեկ երկրորդն ապահովում է քվորումը:
բ) Քվորումի բացակայության դեպքում Ժողովը կարող է որոշումներ կայացնել՝ բացառությամբ իր գործընթացներին վերաբերող որոշումների: Բոլոր նման որոշումները գործում են միայն այն դեպքում, եթե կա քվորում, և ձայների պահանջվող մեծամասնությունն ապահովված է Կանոնակարգով սահմանված ձևով քվեարկելու միջոցով:
6) ա) Համաձայն 8(1)(գ), 12 (4) և 14(2) (բ) հոդվածների՝ Ժողովի որոշումներն ընդունելու համար պահանջվում է տրված ձայների մեծ մասը:
բ) Ձեռնպահ մնալը քվեարկություն չի համարվում:
7) ա) Ժողովը հերթական նիստը գումարում է յուրաքանչյուր երկու տարին մեկ` Գլխավոր տնօրենի հրավերով, գերադասելի է նույն ժամկետում և նույն տեղում, ինչ Կազմակերպության Գլխավոր ասամբլեան:
բ) Ժողովը արտահերթ նիստեր է գումարում Գլխավոր տնօրենի հրավերով կամ իր նախաձեռնությամբ կամ Պայմանավորվող պետությունների մեկ չորրորդի պահանջով:
8) Ժողովն ընդունում է ընթացակարգի իր կանոնները:
Հոդված 11. | Միջազգային բյուրո |
1) Միջազգային բյուրոն՝
i) իրականացնում է Միությանը առնչվող վարչական առաջադրանքները, մասնավորապես այնպիսիք, որոնք իր վրա հատուկ դրված են սույն Պայմանագրով և Կանոնակարգերով կամ Ժողովի կողմից.
ii) ապահովում է վերանայման համաժողովների, Ժողովի, Ժողովի կողմից ստեղծված կոմիտեների և աշխատանքային խմբերի և Միության աշխատանքներին առնչվող հարցերով Գլխավոր տնօրենի կողմից գումարված ցանկացած հանդիպման քարտուղարության պարտավորությունները:
2) Գլխավոր տնօրենը Միության գլխավոր գործադիր մարմինն է և ներկայացնում է Միությունը:
3) Գլխավոր տնօրենը գումարում է Միությանն առնչվող հարցերի քննարկման համար անհրաժեշտ բոլոր հանդիպումները:
4) ա) Գլխավոր տնօրենը և, նրա նշանակմամբ, աշխատակազմի որևէ անդամ մասնակցում են Ժողովի բոլոր հանդիպումներին, Ժողովի կողմից ստեղծված կոմիտեների և աշխատանքային խմբերի և Միության աշխատանքներին առնչվող հարցերով Գլխավոր տնօրենի կողմից գումարված ցանկացած ժողովի հանդիպումներին՝ առանց քվեարկելու իրավունքի:
բ) Գլխավոր տնօրենը կամ, նրա նշանակմամբ, աշխատակազմի որևէ անդամ ի պաշտոնե Ժողովի և «ա» ենթակետում նշված կոմիտեների, աշխատանքային խմբերի և այլ հանդիպումների քարտուղարն է:
5) ա) Գլխավոր տնօրենը, Ժողովի ցուցումներով, նախապատրաստում է վերանայման համաժողովներ:
բ) Գլխավոր տնօրենը վերանայման համաժողովի նախապատրաստական հարցերի առնչությամբ կարող է խորհրդակցել միջկառավարական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:
գ) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձինք մասնակցում են վերանայման համաժողովների քննարկումներին` առանց քվեարկելու իրավունքի:
դ) Գլխավոր տնօրենը, կամ նրա կողմից նշանակված աշխատակազմի որևէ անդամ, ի պաշտոնե ցանկացած վերանայման համաժողովի քարտուղարն է:
Հոդված 12. | Կանոնակարգեր |
1) Կանոնակարգերը կանոններ են սահմանում հետևյալի առնչությամբ`
i) խնդիրներ, որոնց առնչությամբ սույն Պայմանագիրը հատուկ հղումներ է անում Կանոնակարգերին կամ հատուկ նշում է, որ դրանք սահմանված են կամ սահմանվելու են.
ii) ցանկացած վարչական պահանջ, խնդիր կամ գործընթաց.
iii) ցանկացած մանրամասնություն, որն օգտակար է սույն Պայմանագրի կատարման համար:
2) Կանոնակարգերը, որոնք ընդունվել են միևնույն ժամանակ, ինչ սույն Պայմանագիրը, սույն Պայմանագրի հավելվածներն են:
3) Ժողովը կարող է փոփոխություններ մտցնել Կանոնակարգերի մեջ:
4) ա) «բ» ենթակետի համաձայն՝ Կանոնակարգի ցանկացած փոփոխության ընդունման համար պահանջվում է ձայների երկու երրորդը:
բ) Միջազգային ավանդադրման մարմնի կողմից ավանդադրված միկրոօրգանիզմների նմուշների տրամադրման վերաբերյալ որևէ փոփոխության ընդունում պահանջում է, որ ոչ մի Պայմանավորվող պետություն չքվեարկի դեմ այդ փոփոխությանը:
5) Սույն Պայմանագրի և Կանոնակարգերի դրույթների միջև հակասության դեպքում գերակայում են սույն Պայմանագրի դրույթները:
Գ լ ու խ III
Վերանայում եվ փոփոխություններ
Հոդված 13. | Պայմանագրի վերանայումը |
1) Սույն Պայմանագիրը ժամանակ առ ժամանակ կարող է վերանայվել Պայմանավորվող պետությունների հատուկ համաժողովի կողմից:
2) Վերանայման ցանկացած համաժողով գումարելու մասին որոշում ընդունվում է Ասամբլեայի կողմից:
3) 10-րդ և 11-րդ հոդվածների փոփոխությունները կարող են ընդունվել վերանայման համաժողովում կամ 14-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 14. | Պայմանագրի որոշակի դրույթների փոփոխումը |
1) ա) Սույն հոդվածով 10-րդ և 11-րդ հոդվածներում ուղղումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ կարող են արվել ցանկացած Պայմանավորվող պետության կամ Գլխավոր տնօրենի կողմից:
բ) Նման առաջարկությունները պետք է Գլխավոր տնօրենի կողմից ծանուցվեն Պայմանավորվող պետություններին Ժողովի կողմից քննարկման դրվելուց առնվազն վեց ամիս առաջ:
2) ա) 1-ին կետում նշված հոդվածների փոփոխությունները պետք է ընդունվեն Ժողովի կողմից:
բ) 10-րդ հոդվածի ցանկացած փոփոխության ընդունում պահանջում է ձայների չորս հինգերորդը. 11-րդ հոդվածի ցանկացած փոփոխության ընդունում պահանջում է ձայների երեք չորրորդը:
3) ա) 1-ին կետում նախատեսված հոդվածների ցանկացած ուղղում ուժի մեջ է մտնում այն բանից հետո մեկ ամիս անց, երբ դրա ընդունման մասին, յուրաքանչյուր երկրի սահմանադրական ընթացակարգերին համապատասխան, գրավոր ծանուցումները Գլխավոր տնօրենի կողմից ստացվել են Ասամբլեայի կողմից ուղղումն ընդունվելու պահին` Ասամբլեայի անդամ Պայմանավորվող պետությունների երեք քառորդի կողմից:
բ) Նշված հոդվածներում այդ ձևով ընդունված ցանկացած ուղղում պարտադիր է այն Պայմանավորվող պետությունների համար, որոնք փոփոխություններն ընդունելու պահին Հատուկ միության անդամ են, սակայն որևէ փոփոխություն, որը ավելացնում է անդամ երկրների ֆինանսական պարտավորությունները, պարտադիր է միայն այն երկրների համար, որոնք ծանուցել են իրենց կողմից նման փոփոխությունն ընդունվելու մասին:
գ) «ա» ենթակետի դրույթներին համապատասխան ընդունված և ուժի մեջ մտած ցանկացած ուղղում պարտադիր է բոլոր այն պետությունների համար, որոնք Պայմանավորվող պետություններ են դառնում Ժողովի կողմից ուղղումն ընդունվելու օրվանից հետո:
Գ լ ու խ IV
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 15. | Պայմանագրի կողմ դառնալը |
1) Արդյունաբերական սեփականության պաշտպանության միջազգային (Փարիզ) Միության ցանկացած անդամ պետություն կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ`
i) ստորագրելով Պայմանագիրը` վավերագիրը ի պահ հանձնելու միջոցով.
ii) միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու միջոցով:
2) Վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:
Հոդված 16. | Պայմանագրի ուժի մեջ մտնելը |
1) Առաջին հինգ պետությունների կողմից վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնվելու դեպքում սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս անց:
2) Ցանկացած այլ պետության նկատմամբ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում երեք ամիս անց, երբ ծանուցվել է դրա վավերացման կամ դրան միանալու մասին, եթե վավերագրում կամ միանալու մասին փաստաթղթում նշված չի եղել ավելի ուշ ամսաթիվ: Վերջինիս դեպքում սույն Պայմանագիրն այդ պետության նկատմամբ ուժի մեջ է մտնում նշված ամսաթվին:
Հոդված 17. | Պայմանագիրը չեղյալ հայտարարելը |
1) Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Պայմանագիրը Գլխավոր տնօրենին ծանուցում ուղարկելու միջոցով:
2) Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալու օրվանից երկու տարի հետո:
3) 1-ին կետով սահմանված չեղյալ հայտարարելու իրավունքը որևէ Պայմանավորվող պետության կողմից չի կարող օգտագործվել մինչև հինգ տարին լրանալը՝ հաշված այն օրվանից, երբ նա դարձել է սույն Պայմանագրի կողմ:
4) Սույն Պայմանագիրը չեղյալ հայտարարելը որևէ Պայմանավորվող պետության կողմից, որը 7 (1) (ա) հոդվածով ծանուցում է ուղարկել որևէ ավանդադրման հաստատության վերաբերյալ, որը դրա արդյունքում միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակ է ձեռք բերել, դադարեցնում է այդ կարգավիճակը 1-ին կետով արված ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում:
Հոդված 18. | Պայմանագրի ստորագրումը և լեզուները |
1) ա) Սույն Պայմանագիրն ստորագրվում է մեկ բնօրինակով՝ անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
բ) Սույն Պայմանագրի պաշտոնական տեքստերը պատրաստվում են Գլխավոր տնօրենի կողմից՝ շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո, սույն Պայմանագրի ստորագրման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում, այն լեզուներով, որոնցով ստորագրվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ստեղծման կոնվենցիան:
գ) Սույն Պայմանագրի պաշտոնական տեքստերը սահմանվում են Գլխավոր տնօրենի կողմից` շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո` արաբերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, պորտուգալերեն և այն լեզուներով, որոնք Ժողովը մատնանշում է:
2) Սույն Պայմանագիրը բաց է ստորագրման համար Բուդապեշտում մինչև 1977 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հոդված 19. | Պայմանագրի ի պահ հանձնումը, բնօրինակների փոխանցումը, Պայմանագրի գրանցումը |
1) Սույն Պայմանագրի բնօրինակը ի պահ է տրվում Գլխավոր տնօրենին այն բանից հետո, երբ այն այլևս բաց չէ ստորագրման համար:
2) Գլխավոր տնօրենը իր կողմից վավերացված սույն Պայմանագրի և Կանոնակարգերի երկու պատճեններն ուղարկում է 15 (1) հոդվածում նշված բոլոր պետությունների Կառավարություններին, միջկառավարական կազմակերպություններին, որոնք կարող են 9(1)(ա) հոդվածով հայտարարություն ներկայացնել, և, պահանջի դեպքում, ցանկացած այլ պետության Կառավարության:
3) Գլխավոր տնօրենը սույն Պայմանագիրը գրանցում է ՄԱԿ-ի քարտուղարությունում:
4) Գլխավոր տնօրենը սույն Պայմանագրի և Կանոնակարգերի՝ իր կողմից վավերացված ցանկացած ուղղման երկու պատճեններն ուղարկում է բոլոր Պայմանավորվող պետություններին, արդյունաբերական սեփականության բոլոր միջկառավարական կազմակերպություններին, և, ըստ պահանջի, ցանկացած այլ պետության Կառավարության և այլ միջկառավարական կազմակերպության, որը կարող է, 9(1)(ա) հոդվածի համաձայն, հայտարարություն ներկայացնել:
Հոդված 20. | Ծանուցումներ |
Գլխավոր տնօրենը ծանուցում է Պայմանավորվող պետություններին, արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություններին և Միության ոչ անդամ այն պետություններին, որոնք անդամ են Արդյունաբերական սեփականության պաշտպանության միջազգային (Փարիզյան) միությանը.
i) 18-րդ հոդվածով նախատեսված ստորագրությունների.
ii) 15 (2) հոդվածով վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու.
iii) 9 (1) (ա) հոդվածով արված հայտարարության և 9 (2) կամ (3) հոդվածի համաձայն` չեղյալ հայտարարման ծանուցումների.
iv) 16 (1) հոդվածով սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա.
v) 7-րդ և 8-րդ հոդվածներով արված ծանուցումների և 8-րդ հոդվածով ընդունված որոշման.
vi) 14 (3) հոդվածով սույն Պայմանագրի փոփոխությունների ընդունման.
vii) Կանոնակարգերի ցանկացած փոփոխության.
viii) Պայմանագրի կամ Կանոնակարգերի փոփոխություններն ուժի մեջ մտնելու ամսաթվի.
ix) 17-րդ հոդվածի համաձայն չեղյալ հայտարարելու մասին:
Ուժի մեջ է մտել 06.03.2005թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|