Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 96-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.29/31(383) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2010
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2010

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 16 դեկտեմբերի 2010 թ.
 ք. Երևան

 թիվ 96-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, միջազգային ԵՎ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 11 մրցույթում հաղթող ճանաչելու մասին

 

Սույն թվականի հուլիսի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` ՀՌԱՀ) կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 11 մրցույթին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 20.10.2010թ. մասնակցելու հայտ են ներկայացրել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունը և «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությունը։

28.10.2010թ. կայացած ՀՌԱՀ դռնբաց նիստում «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունը և «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությունը հրապարակել են իրենց կողմից ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը։

Համադրելով երկու ընկերությունների հայտերը և կից փաստաթղթերը, ՀՌԱՀ-ը պարզեց`

1. «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության սեփական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է 82.5% (ըստ հայտի):

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության սեփական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է 80% (ըստ հայտի):

2. «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է 87% (ըստ հայտի):

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է 100% (ըստ հայտի):

3. «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության ներկայացրած մրցութային առաջարկը կազմված է լիցենզիայի գործողության ողջ ժամկետի համար: Մրցութային առաջարկի ելքային տվյալները և նախատեսված միջոցառումները բավարար են նախատեսվող հեռուստատեսային գործունեություն իրականացնելու համար:

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության բիզնես ծրագիրը կազմված է լիցենզիայի գործողության առաջին հինգ տարվա ժամկետով: Բիզնես ծրագրի ելքային տվյալները և նախատեսված միջոցառումները բավարար են նախատեսվող հեռուստատեսային գործունեություն իրականացնելու համար:

4. «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության «Մրցութային առաջարկի» 8-15 էջերում առանձին գլխով հանգամանալից նկարագրված է քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներում բազմակարծության ապահովման սկզբունքները և միջոցառումները, որոնք հավաստում են բազմակարծությունը խթանելու նրա կարողությունը:

Հակառակ այն հանգամանքին, որ «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության բիզնես ծրագրում առանձին նկարագրված չեն տվյալ չափանիշի ապահովման սկզբունքներն ու միջոցառումները, այդուհանդերձ, ՀՌԱՀ-ը կասկածի տակ չի առնում ընկերության կողմից բազմակարծությունը խթանելու կարողությունը:

5. «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված «Մրցութային առաջարկի» 52-69 էջերում նկարագրված են տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին տեղեկություններ։ Ընկերության առկա տեխնիկական միջոցների ընդհանուր արժեքը կազմում է 184000000 ՀՀ դրամ։ Ցանկով ներկայացված են հաղորդումների պատրաստման և հեռարձակման համար օգտագործվող հիմնական տեխնիկական միջոցները (էջ 52-54)։ Դրանք համապատասխանում են հեռուստածրագրերի արտադրության և հեռարձակման արդի պահանջներին։ Ներդրումային ծրագրում (էջ 40-43) տրված է նոր տեխնիկական միջոցների ձեռքբերման ժամանակացույցը։

«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 140100000 ՀՀ դրամ (Էջ 166-167)։ Ընկերությունը ներկայացրել է ՀՀ-ում գրանցված «Ամերիա բանկ» ՓԲ ընկերության կողմից իրեն 500000000 ՀՀ դրամ վարկ տրամադրելու պատրաստակամությունը հավաստող փաստաթուղթ (էջ 232)։

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության բիզնես ծրագրի «Ֆինանսական ապահովում» բաժնում (էջ 16 - կապույտ համարակալում) ներկայացված է, որ գործունեության առաջին տարում հիմնադիրները կներդնեն 158622 ԱՄՆ դոլար արժողությամբ առկա տեխնիկական միջոցներ և ձեռք կբերվի 694216 ԱՄՆ դոլար արժողության անհրաժեշտ լրացուցիչ տեխնիկական միջոցներ (ընդհանուր առմամբ 158622 (առկա) և գումարած 694216 դոլար (նախատեսվող), ընդհանուր թվով 852838 ԱՄՆ դոլար արժողությամբ): Հանձնաժողովը հնարավորություն չունի գնահատել ընկերության կողմից ներկայացվող առկա տեխնիկական միջոցները, քանի որ դրանք որևէ կերպ նկարագրված չեն բիզնես ծրագրում:

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 50000 ՀՀ դրամ (Հիմնադիր փաստաթղթեր, էջ` 6)։

Որպես ֆինանսավորման աղբյուրներ «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտում և կից փաստաթղթերում բերված են.

ա. Բրիտանական «HOBBINGTON MANEGMENT LIMITED» ընկերության կողմից «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով 55000 ԱՄՆ դոլարի սահմաններում ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթ.

բ. Ռուսաստանի Դաշնության «ПРЕСТИЖ» ՍՊ ընկերության կողմից հեռուստաընկերության տեխնիկական արդիականացման նպատակով 120000 ԱՄՆ դոլարի սահմանում նյութական աջակցությունը հավաստող փաստաթուղթ.

գ. Բելիզի «ROGESTON LOGISTICS LTD» ընկերության կողմից «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով 65000 ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթ.

դ. Ռուսաստանի Դաշնության «РОТОР» ՍՊ ընկերության կողմից տեխնիկական բազայի կազմակերպման նպատակով 70000 ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական օգնություն տրամադրելու պատրաստակամությունը հավաստող փաստաթուղթ.

ե. Ֆրանսիական «SOS-CAMPING-SERVICE» ընկերության կողմից 220000 եվրո գովազդի պատվերի հավաստագիր.

զ. անորոշ անձանց կողմից («Մենք, տարբեր գործարարներ, կազմակերպություններ և բարերարներ») 280000 եվրո ներդրման մասին «SOS-CAMPING-LOISIRS» ընկերության տնօրեն Աննա Տանելյանի հավաստագիրը.

է. «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից «անհրաժեշտության պարագայում» լրացուցիչ 100000 ԱՄՆ դոլար ներդրում («Բիզնես ծրագիր», էջ 2 - կապույտ համարակալում)։

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտի և կից փաստաթղթերի սկզբնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆինանսական երաշխիք հանդիսացող կազմակերպություններից մեկի անվանումը չի համապատասխանում փաստաթղթում առկա կնիքի հետ:

Վերոշարադրյալը հիմնավոր կասկածներ է առաջացրել ներկայացրած տվյալների տեղեկությունների իսկության վերաբերյալ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն. «Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար»:

ՀՌԱՀ-ը «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ դրանցում առկա են ակնհայտ կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ Բրիտանական «HOBBINGTON MANEGMENT LIMITED» ընկերության կողմից «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթը։ Մեծ Բրիտանիայի «Companies Hoսse» հաստատության պաշտոնական տեղեկատվության համաձայն, նշված կազմակերպությունը լուծարվել է դեռևս 03.04.2007 թվականին։ Ակնհայտ կեղծ է նաև Բելիզի «ROGESTON LOGISTICS LTD» ընկերության կողմից «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթը` կնքված մեկ այլ՝ «ROGERSON LOGISTICS LTD» ընկերության կնիքով։ «BELIZE COMPANIES AND CORPORATE AFFAIRS REGISTRY» հաստատության պաշտոնական տեղեկատվության համաձայն, Բելիզում նման կազմակերպություններ գոյություն չունեն։

Հայտում և կից փաստաթղթերում անորոշ անձանց կողմից ֆինանսական ներդրման մասին Աննա Տանելյանի հավաստագիրը վավերացված չէ ոչ´ ստորագրությամբ, ոչ´ կնիքով։

6. «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության «Մրցութային առաջարկի» 70-74, 77-98 էջերում ներկայացված են աշխատակիցների ցանկը (72 աշխատակից)՝ նրանց մասնագիտական կարողությունները հիմնավորող տեղեկություններով։

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության բիզնես ծրագրի էջ 10 (կապույտ համարակալում) և էջ 29-152 (կարմիր համարակալում) ներկայացված են աշխատակիցների ցանկը (34 աշխատակից)՝ նրանց մասնագիտական կարողությունները հիմնավորող տեղեկություններով։ Բիզնես ծրագրի էջ 10 (կապույտ համարակալում) նշված է նաև. «աշխատակազմը կհամալրվի ինչպես մեր հին փորձառու լրագրողներով, ոլորտի պրոֆեսիոնալներով, ինչպես նաև` նոր աշխատակիցներով»։

ՀՌԱՀ անդամները, մրցութային հայտերի վերաբերյալ իրենց վերլուծություններում, գնահատելով մրցակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը և դրանց հիմնավորումները, հանգել են հետևյալ եզրակացությանը.

1. «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը հիմնավոր են և կարող են ապահովել ընկերության կողմից առաջարկված թվային հեռարձակման ցանցի միջոցով միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության մայրաքաղաքային սփռման հեռուստածրագրերի եթերային հեռարձակումը:

2. Չնայած «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայրենական արտադրության հաղորդումների ծավալի, սեփական արտադրության հաղորդումների ծավալի, բազմակարծությունը խթանելու կարողության, աշխատակազմի պրոֆեսիոնալ պատրաստվածության բավարար լինելուն, դրանց, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկական միջոցների ապահովման համար ներկայացված ֆինանսական միջոցները չեն կարող բավարար համարվել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը հիմնավորող փաստաթղթերի զգալի մասը կեղծ են և անհիմն (120000 ԱՄՆ դոլար և 280000 եվրո), ինչը անիրագործելի է դարձնում թվային հեռարձակման ցանցի միջոցով միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության մայրաքաղաքային սփռման հեռուստածրագրերի եթերային հեռարձակման ամբողջական իրականացման հնարավորությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը 16.12.2010թ. ՀՌԱՀ անդամները վարկանիշային քվեարկությամբ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության և «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտերին տվել են հետևյալ գնահատականները.

 

Անուն, ազգանուն

«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲԸ

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ

Գրիգոր Ամալյան

6

0

Ժիրայր Դադասյան

6

0

Կորյուն Առաքելյան

6

0

Սիմավոն Անդրեասյան

6

0

Արամ Մելքոնյան

6

0

Արմեն Մկրտչյան

6

0

Արա Թադևոսյան

2

2

Հայկ Քոթանյան

6

0

 

Ընդամենը` 44

Ընդամենը` 2

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 46 - 49-րդ և 62-րդ հոդվածներով, ինչպես նաև 28.06.2010թ. ՀՌԱՀ թիվ 23-Ն որոշմամբ հաստատված «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգ»-ի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է`

Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 11 մրցույթում հաղթող ճանաչել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը։

 

Նախագահ

Գ. Ամալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան