Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (19.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2023

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸ, ՀԱՐԿԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր) և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի վրա,

ճանաչելով անդամ պետությունների տնտեսական ինտեգրման զարգացման անհրաժեշտությունը,

առաջնորդվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներով և նորմերով, ինչպես նաև միջազգային առևտրի՝ համընդհանուր ճանաչում ունեցող նորմերով և կանոններով,

ճանաչելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման անհրաժեշտությունը՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների մաքսային տարանցման համակարգերի հետ դրա փոխգործակցության հնարավորությունն իրագործելու նպատակով,

ճանաչելով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի (այսուհետ՝ մաքսային և այլ վճարներ) վճարման պարտավորության կատարման ապահովման համակարգի զարգացման և կատարելագործման անհրաժեշտությունը,

ճանաչելով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովում տրամադրելու կարգի պարզեցման անհրաժեշտությունը, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Համաձայնագրի առարկան

 

Սույն համաձայնագրով սահմանվում է՝

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովում կիրառելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ ապրանքների ձևակերպումը կիրականացվի մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, իսկ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովումը տրամադրվել է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի.

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորությունը որպես մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակ կիրառելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ ապրանքների ձևակերպումը կիրականացվի մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, իսկ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովումը տրամադրվել է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի։

 

Հոդված 2

Պարզեցված ընթացակարգերի կիրառման դեպքերն ու պայմանները՝ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովումն օգտագործելիս

 

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովում օգտագործելիս հայտարարատուին տրամադրվում են պարզեցված ընթացակարգեր, որոնցով նախատեսվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիր (հավաստագրեր) (այսուհետ՝ ապահովման հավաստագիր)՝ տրամադրված՝ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովման չափսը գերազանցող ընդհանուր գումարի չափով՝

ա) 20 տոկոսով՝ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանների պահպանման դեպքում.

բ) 30 տոկոսով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանվող պահանջների պահպանման դեպքում։

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառվում են, եթե պահպանվում են հետևյալ պայմանները՝

ա) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձ է, որի մաքսային մարմին ներկայացվել է սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը.

բ) մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովումը տրամադրվել է այն անդամ պետության մաքսային մարմնին, որի մաքսային մարմին է ներկայացվել սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը.

գ) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձը, սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում, պարբերաբար (տարեկան առնվազն 30 անգամ) հանդես է եկել որպես այն ապրանքների հայտարարատու, որոնք փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովման օգտագործմամբ` հաշվի առնելով սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները.

դ) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձը, սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ, չունի Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) համապատասխան սահմանված ժամկետում չկատարված՝ մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների վճարման պարտավորությունը.

ե) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձի նկատմամբ, սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում, մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների բռնագանձմանն ուղղված միջոցները չեն կիրառվել՝ այն ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ձևակերպելու պայմանների խախտման կապակցությամբ, որոնց հայտարարատուն եղել է այդ անձը.

զ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների առկայությունը.

է) այլ պայմաններ (եթե այդպիսի պայմանները սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ):

3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառելու մտադրություն ունեցող անձը դիմում է ուղարկում այն մաքսային մարմին, որին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովումը։

Դիմումի ձևը, դրանում նշվող տեղեկությունների ցանկը, դիմումի ուսումնասիրման ժամկետն ու կարգը (այդ թվում՝ պարզեցված ընթացակարգեր կիրառելու կամ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու և ընդունված որոշման վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուին ուղարկելու կարգը) սահմանվում են՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանները կամ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող պայմանները պահպանելու դեպքում մաքսային մարմինն ընդունում է որոշում՝ սույն հոդվածի 1-ին կետի համապատասխանաբար «ա» ենթակետով կամ «բ» ենթակետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառման վերաբերյալ, իսկ այդ պայմանները չպահպանելու դեպքում՝ մերժում է համապատասխան պարզեցված ընթացակարգերի կիրառումը։

4. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը կասեցվում է՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների (լրիվ կամ մասնակի) առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության մասին տեղեկատվությունը տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում նշանակման մաքսային մարմնի կողմից ուղարկող մաքսային մարմնից ստանալու օրվանից։

Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը վերսկսվում է՝

այն դեպքում, երբ ապրանքների գտնվելու վայրը պարզելու հետ կապված մաքսային գործառնությունները մաքսային մարմնի կողմից կատարվելու ժամկետում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվել է այն ապրանքների (ապրանքների մի մասի) նկատմամբ, որոնց առնչությամբ ուղարկող մաքսային մարմնում բացակայել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը նշանակման մաքսային մարմնի կողմից ավարտվելու օրվանից կամ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունն այդ մաքսային մարմնի կողմից ստանալու օրվանից.

այն դեպքում, երբ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին և 73-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմին ուղարկված՝ մաքսային և այլ վճարներ սահմանված ժամկետում չվճարելու մասին ծանուցման մեջ նշված ժամկետի ընթացքում կատարվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունն այն ապրանքների (ապրանքների մի մասի) նկատմամբ, որոնց առնչությամբ ուղարկող մաքսային մարմնում բացակայել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ նշանակման մաքսային մարմնի կողմից ուղարկող մաքսային մարմնից կամ այդ ծանուցումն ուղարկած մեկ այլ մաքսային մարմնից տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու օրվանից։

5. Այն դեպքում, երբ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին և 73-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից ուղարկված՝ մաքսային և այլ վճարներ սահմանված ժամկետում չվճարելու մասին ծանուցման մեջ նշված ժամկետի ընթացքում չի կատարվել մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունն այն ապրանքների (ապրանքների մի մասի) նկատմամբ, որոնց առնչությամբ ուղարկող մաքսային մարմնում բացակայել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունը, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը դադարեցվում է՝ մինչև այդ ծանուցման մեջ նշված ժամկետի լրանալը մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկող մաքսային մարմնից կամ այդ ծանուցումն ուղարկած մեկ այլ մաքսային մարմնից նշանակման մաքսային մարմնի կողմից ստանալու օրվանից։

6. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը կասեցնելու, վերսկսելու կամ դադարեցնելու մասին հայտարարատուին տեղեկացնելն իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովումը տրամադրվել է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

7. Այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովումը, Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետով և 309-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հանգամանքները վրա հասնելու դեպքում չվճարված մաքսային և այլ վճարներ բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովումը՝ այդ ապահովման հաշվին, ինչպես նաև Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով ու 77-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մաքսային ու այլ վճարների բռնագանձմանն ուղղված այլ միջոցներ կիրառելու եղանակով։

 

Հոդված 3

Մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովում տրամադրելու հաստատման առանձնահատկությունները

 

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովում օգտագործելու դեպքում ուղարկող մաքսային մարմնի համար մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովում տրամադրելու հաստատում են համարվում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հավաստագիրը, ինչպես նաև՝ կոնկրետ տարանցիկ փոխադրման հայտարարագրով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների նկատմամբ՝ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության ապահովում օգտագործելու հնարավորության մասին տեղեկությունները (այսուհետ՝ ապահովում օգտագործելու հնարավորության մասին տեղեկություններ)։

Ապահովում օգտագործելու հնարավորության մասին տեղեկություններն այն անդամ պետության մարմնի կողմից ուղարկվելու դեպքում, որի մաքսային մարմնին է տրամադրվել մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովումը, իրականացվում է կոնկրետ տարանցիկ փոխադրման հայտարարագրով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների նկատմամբ՝ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության ապահովման գումարն օգտագործելու ժամանակավոր արգելք՝ ապահովման հավաստագրի մեջ նշված և մաքսային մարմնի կողմից չարգելափակված գումարի չափով (այսուհետ՝ ապահովման գումարի պահուստավորում)։

Ապահովման հավաստագրի օգտագործման կարգը սահմանելիս Հանձնաժողովը որոշում է ապահովումն օգտագործելու հնարավորության մասին տեղեկությունների փոխանակմանը մասնակցող անձանց, այդ անձանց փոխգործակցության կարգը և ապահովման գումարը պահուստավորելու (օգտագործման արգելքը հանելու) հիմքերը։

2. Ապահովման գումարի պահուստավորումը և դրա ապապահուստավորումը (օգտագործման արգելքի հանումը) կատարվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովումը։

3. Բոլոր գրանցված և չմարված ապահովման հավաստագրերի ընդհանուր գումարի նկատմամբ հսկողությունն իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովումը՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։

 

Հոդված 4

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորություն կիրառելու առանձնահատկությունները

 

1. Երաշխավորը ճանաչվում է որպես ազգային երաշխիք տվող անձ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝

ա) երաշխավորն իրավաբանական անձ է.

բ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով՝ երաշխավորի և այն անդամ պետության մաքսային մարմնի միջև կնքված՝ գործող երաշխավորության պայմանագրի առկայություն, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է երաշխավոր հանդիսացող իրավաբանական անձը.

գ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ՝ մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների վճարման՝ Օրենսգրքին համապատասխան սահմանված ժամկետում չկատարված պարտավորության բացակայություն.

դ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելուն նախորդող երեք տարվա ընթացքում երաշխավորի նկատմամբ չեն կիրառվել մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների բռնագանձմանն ուղղված միջոցներ՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերի պայմանների խախտմամբ.

ե) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելուն նախորդող երեք տարվա ընթացքում երաշխավորը պարբերաբար (տարեկան առնվազն 50 անգամ) հանդես է եկել որպես երաշխավոր՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով.

զ) մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի (բանկային երաշխիքի և (կամ) դրամական միջոցների (փողի)) տրամադրում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված գումարի, սակայն 5 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումարի չափով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող) և սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության դրույթները.

է) անդամ պետությունների օրենսդրության պահանջները բավարարող և որպես ազգային երաշխիք տվող անձ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների առկայություն.

ը) այլ պայմաններ (եթե այդպիսի պայմանները սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ):

2. Երաշխավորությունը որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակ օգտագործելիս սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմաններին համապատասխան որպես ազգային երաշխիք տվող անձ ճանաչված (ճանաչվող)՝ առևտրային կազմակերպություն կամ պետական սեփականության ձևով ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող երաշխավորը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ, կարող է կիրառել պարզեցված ընթացակարգեր՝ մաքսային մարմինների առջև երաշխավորի կողմից երաշխավորության պայմանագրով իր պարտավորությունների պատշաճ կատարման՝ տրամադրված երաշխիքի նկատմամբ իր պարտավորությունների չափերը գերազանցելու մասով՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությունը.

ա) տրամադրված երաշխիքի 10 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,

երաշխիքի գումարը կազմում է 5 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) տրամադրված երաշխիքի 20 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,

երաշխիքի գումարը կազմում է առնվազն 10 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

գ) տրամադրված երաշխիքի 30 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,

երաշխիքի գումարը կազմում է 15 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

դ) տրամադրված երաշխիքի 50 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

սույն կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառվել են սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվան հաջորդող առնվազն երեք տարվա ընթացքում.

երաշխիքի գումարը կազմում է առնվազն 20 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

ե) տրամադրված երաշխիքի 100 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

սույն կետի «ա»-«դ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառվել են սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվան հաջորդող առնվազն հինգ տարվա ընթացքում.

երաշխիքի գումարը կազմում է առնվազն 20 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով։

3. Որպեսզի երաշխավորը ճանաչվի որպես ազգային երաշխիք տվող անձ, երաշխավորն ուղարկում է դիմում այն մաքսային մարմին, որի հետ կնքվել է երաշխավորության պայմանագիրը, իրեն ազգային երաշխիք տվող անձ ճանաչելու և գործող երաշխավորության պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու կամ նոր երաշխավորության պայմանագիր կնքելու մասին։

Առևտրային կազմակերպություն կամ պետական սեփականության ձևով ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող երաշխավորը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ, սույն կետի առաջին պարբերությունում նշված դիմումի մեջ հայտագրում (նշում) է նաև տեղեկություններ՝ սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերից մեկը կիրառելու մտադրության մասին։

Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է երաշխավորին որպես ազգային երաշխիք տվող անձ ճանաչելը մաքսային մարմնի կողմից մերժվելու համար, իսկ սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է համապատասխան պարզեցված ընթացակարգի կիրառումը մերժելու համար։

4. Սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերից որևէ մեկից օգտվող՝ ազգային երաշխիք տվող անձը, որը մտադիր է կիրառել սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված մեկ այլ պարզեցված ընթացակարգ կամ սույն հոդվածի 2-րդ կետի «դ»-«ե» ենթակետերով սահմանված պարզեցված ընթացակարգերից որևէ մեկը, ներկայացնում է դիմում այն մաքսային մարմին, որի հետ կնքվել է երաշխավորության պայմանագիրը, այդպիսի պարզեցված ընթացակարգ կիրառելու մասին՝ ներառյալ գործող երաշխավորության պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու կամ նոր երաշխավորության պայմանագիր կնքելու մասին առաջարկը։

Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է համապատասխան պարզեցված ընթացակարգի կիրառումը մերժելու համար։

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դիմումների ձևերը, դրանցում նշվող տեղեկությունների ցանկը, դրանց ուսումնասիրման ժամկետն ու կարգը (այդ թվում՝ երաշխավորին որպես ազգային երաշխիք տվող անձ ճանաչելու կամ երաշխավորին որպես ազգային երաշխիք տվող անձ ճանաչելը մերժելու, պարզեցված ընթացակարգեր կիրառելու կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու և ընդունված որոշման վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուին ուղարկելու կարգը) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

6. Երաշխավորն ազգային երաշխիք տվող անձի կարգավիճակը կորցնում է հետևյալ դեպքերում՝

ա) ազգային երաշխիք տվող անձ հանդիսացող իրավաբանական անձի լուծարում.

բ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով ազգային երաշխիք տվող անձի և մաքսային մարմնի միջև կնքված երաշխավորության պայմանագրի գործողության դադարեցում՝ բացառությամբ այն դեպքի, երբ ազգային երաշխիք տվող անձի և մաքսային մարմնի միջև նշված նպատակով կնքվել է երաշխավորության պայմանագիր՝ նոր ժամկետով.

գ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով ազգային երաշխիք տվող անձի և մաքսային մարմնի միջև կնքված երաշխավորության պայմանագրի լուծում.

դ) մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի գումարի նվազեցում՝ սույն հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետին համապատասխան սահմանված գումարից ավելի ցածր չափով, բանկային երաշխիքի գործողության ժամկետը լրանալուց հետո.

ե) մաքսային և այլ վճարների բռնագանձում տարածելը մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի վրա.

զ) կիրառվող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների անհամապատասխանությունը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

է) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

7. Ազգային երաշխիք տվող անձի կարգավիճակը երաշխավորի կողմից կորցնելու վերաբերյալ որոշումն ընդունելու կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Ազգային երաշխիք տվող անձի կարգավիճակը կորցնելը երաշխավորին չի ազատում երաշխավորության պայմանագրով ստանձնած՝ չդադարեցված պարտավորությունների կատարումից։

8. Ազգային երաշխիք տվող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը լիազորված մաքսային մարմինների կողմից ուղարկվում է Հանձնաժողով՝ ազգային երաշխիք տվող անձանց միասնական ցանկ ձևավորելու և այն Միության տեղեկատվական պորտալում տեղադրելու համար։

Նշված ցանկում ներառվող տեղեկությունների կազմի և դրանք Հանձնաժողով ուղարկելու կարգի սահմանումը, ինչպես նաև այդ ցանկի ձևավորումը և Միության տեղեկատվական պորտալում դրա տեղադրումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից։

9. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսված լինել ազգային երաշխիք տվող անձանց կողմից երաշխիքային ֆոնդի ձևավորումը, որի միջոցներն օգտագործվում են բացառապես մաքսային և այլ վճարների բռնագանձման նպատակով՝ Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված հանգամանքը վրա հասնելու դեպքում, որի պարագայում մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը ենթակա է կատարման։ Երաշխիքային ֆոնդ ձևավորելու կարգը, ինչպես նաև երաշխիքային ֆոնդի միջոցների հաշվին մաքսային և այլ վճարներ բռնագանձելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 5

Մաքսային մարմինների փոխգործակցությունը

 

Օրենսգրքի 147-րդ հոդվածում նշված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ժամանակ մաքսային մարմիններն իրականացնում են ապահովումն օգտագործելու հնարավորության վերաբերյալ տեղեկությունների, ապահովման գումարները պահուստավորելու և դրանք ապապահուստավորելու (օգտագործման արգելքը հանելու) վերաբերյալ տեղեկությունների և սույն համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ այլ տեղեկությունների փոխանակում։ Այդպիսի փոխանակումն իրականացվում է «Միության մասին» պայմանագրին համապատասխան՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման միջոցով։

Սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված տեղեկությունների փոխանակումն իրագործելիս տեղեկությունների կազմը և տեղեկատվություն ուղարկելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից։

 

Հոդված 6

Անցումային դրույթներ

 

1. Սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի դրույթները Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում չեն կիրառվում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում։

Նշված ժամանակահատվածի ընթացքում սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում կիրառվում են սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ», «դ»-«է» ենթակետերով նախատեսված պայմանները պահպանելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձը, սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում, պարբերաբար (տարեկան առնվազն 30 անգամ) հանդես է եկել որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների հայտարարատու։

2. Մինչև Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարին լրանալը՝

մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված նվազագույն չափը սահմանվում է այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

երաշխավորությունը որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակ օգտագործելիս սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ որպես ազգային երաշխիք տվող անձ ճանաչված (ճանաչվող)՝ առևտրային կազմակերպություն կամ պետական սեփականության ձևով ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող երաշխավորը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ, կարող է կիրառել պարզեցված ընթացակարգ՝ երաշխավորության պայմանագրով երաշխավորի պարտավորությունների չափը մաքսային մարմինների առջև իր պարտավորությունների պատշաճ կատարման՝ տրամադրված երաշխիքի 5 տոկոսի չափով գերազանցելու մասով՝ հետևյալ պայմանները միաժամանակյա կատարելու դեպքում՝

երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով.

երաշխիքի գումարը կազմում է 5 մլն եվրոյից պակաս գումարին համարժեք գումար՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով, սակայն սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված գումարից ոչ պակաս։

3. Այն դեպքում, երբ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մաքսային մարմնի ու Բելառուսի Հանրապետությունում գրանցված և սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող երաշխավորի միջև կնքված պայմանագրին համապատասխան նախատեսված է մաքսային մարմինների առջև երաշխավորի կողմից իր պարտավորությունների պատշաճ կատարման՝ տրամադրված երաշխիքի նկատմամբ իր պարտավորությունների չափերը գերազանցելու մասով պարզեցված ընթացակարգերի մեծ ծավալ՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ծավալի համեմատ, ապա, մինչև այդ պայմանագրի գործողության ժամկետի լրանալը, կիրառվում են այդպիսի պայմանագրով նախատեսված պարզեցված ընթացակարգերը:

 

Հոդված 7

Վեճերի կարգավորման կարգը

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Միության մասին» պայմանագրով սահմանված կարգով։

 

Հոդված 8

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից՝ բացառությամբ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի, որն ուժի մեջ է մնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարին լրանալուց հետո։

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2022 թվականի ապրիլի 19-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան