ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2082/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2082/02/08 |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ՝ Ս. Միքայելյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Ե. Սողոմոնյանի
2010 թվականի հոկտեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռաֆիկ Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռաֆիկ Նիկողոսյանի հայցի ընդդեմ Լավուրիկ Ասլանյանի, Անդրանիկ, Նարինե, Քնքուշ և Կարեն Մանուկյանների` հողամասը և շինություններն ապօրինի տիրապետումից ազատելու և վտարելու պահանջների մասին և Անդրանիկ և Նարինե Մանուկյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Ռաֆիկ Նիկողոսյանի և Ֆիրդուս Սողոյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռաֆիկ Նիկողոսյանը պահանջել է Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող հողամասն ու շինություններն ազատել Լավուրիկ Ասլանյանի, Անդրանիկ, Նարինե, Քնքուշ և Կարեն Մանուկյանների ապօրինի տիրապետումից և նրանց վտարել։
Հակընդդեմ հայցով Անդրանիկ և Նարինե Մանուկյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող շինություններով ծանրաբեռնված և դրանց կից 76,5քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Հակընդդեմ հայցով Անդրանիկ և Նարինե Մանուկյանները, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող շինություններով ծանրաբեռնված և դրանց կից 77,8քմ մակերեսով հողամասի, ինչպես նաև 16,5քմ մակերեսով օրինական շինության նկատմամբ:
Հակընդդեմ հայցով Անդրանիկ և Նարինե Մանուկյանները, հստակեցնելով հայցային պահանջի չափը, պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 16,5քմ մակերեսով օրինական շինության, դրանով ծանրաբեռնված հողամասի, ինչպես նաև 61,3քմ մակերեսով ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված 28,3քմ մակերեսով օրինական հատկացված հողամասի նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.02.2009 թվականի որոշմամբ Ռաֆիկ Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2008 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.06.2009 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.02.2009 թվականի որոշման դեմ Անդրանիկ և Նարինե Մանուկյանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.11.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն`Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 28,3քմ մակերեսով ինքնակամ կառույցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Անդրանիկ և Նարինե Մանուկյանների սեփականության իրավունքը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2010 թվականի որոշմամբ Ռաֆիկ Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է «Մասնակիորեն բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.11.2009 թվականի վճիռը: Ռաֆիկ Նիկողոսյանի հայցն ընդդեմ Լավուրիկ Ասլանյանի, Անդրանիկ Մանուկյանի, Նարինե Մանուկյանի, Քնքուշ Մանուկյանի, Կարեն Մանուկյանի` բնակտարածությունից վտարելու պահանջի մասին բավարարել մասնակի: Պատասխանողներին վտարել Երևան քաղ. Ռոստոմի (Խմելնիցկու) փողոց 51 հասցեի` վերջիններիս կողմից տիրապետվող 16,5 քմ օրինական շինությունից: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Նիկողոսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 130-132-րդ հոդվածները, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները` անտեսելով այն հանգամանքը, որ Ռաֆիկ Նիկողոսյանը Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 28,3քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքից չի հրաժարվել, ընդհակառակը` դատական պաշտպանությամբ ձեռնարկել է միջոցներ վիճելի հողամասն Անդրանիկ և Նարինե Մանուկյանների ոտնձգություններից և հավակնություններից պաշտպանելու համար: Ավելին, Անդրանիկ և Նարինե Մանուկյանները բավարար հիմքեր չեն ունեցել ենթադրելու, որ Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 28,3քմ մակերեսով հողամասը տիրապետում են որպես սեփականություն, քանի որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց Անդրանիկ և Նարինե Մանուկյանների կողմից նշված գույքը օրինական հիմքերով ձեռք բերելու վերաբերյալ։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել Անդրանիկ և Նարինե Մանուկյանների կողմից Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 28,3քմ մակերեսով հողամասը բարեխղճորեն տիրապետելու փաստը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2010 թվականի որոշման` Դատարանի 06.11.2009 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը և հայցն ամբողջությամբ բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Օրջոնիկիձեի շրջանի ժողդատարանի` 29.08.1968 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Երևանի Ռոստոմի (Բ. Խմելնիցկու) փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 16,5քմ մակերեսով բնակելի սենյակն ընդհանուր հիմունքներով հատկացվել է Լաուրա Նիկողոսյանին (Ասլանյանին) իր երկու երեխաների` Նարինե և Նելլի Նիկողոսյանների հետ բնակվելու համար, իսկ 13,5քմ մակերեսով բնակելի սենյակը թողնվել է Լաուրա Նիկողոսյանի (Ասլանյանի) ամուսնուն` Սարգիս Նիկողոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 127)։
2) Երևանի Էրեբունու շրջանի ժողդատարանի` 05.12.1995 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Նարինե Մանուկյանի հայցն ընդդեմ Ռաֆիկ Նիկողոսյանի` բնակելի տարածության օգտագործման կարգ սահմանելու պահանջի մասին: Վճռվել է Նարինե Մանուկյանի ընտանիքի 4 անձին` իրեն, ամուսնուն և 2 երեխաներին բնակության իրավունքով թողնել օգտագործման Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 տան բակում կառուցված անօրինական շինությունները` ըստ հատակագծի թիվ 1-12,9քմ, թիվ 2-11քմ, թիվ 3-15,7քմ, թիվ 4-7,1քմ և թիվ 5-3,4քմ մակերեսները (հատոր 1-ին, գ.թ. 58)։
3) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.04.2000 թվականի վճռով բավարարվել է Ռաֆիկ Նիկողոսյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման և Նարինե Մանուկյանի` Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 տան հասցեում գտնվող ինքնակամ շինությունների նկատմամբ Նարինե Մանուկյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 58-59)։
4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 15.08.2008 թվականի թիվ 6228ա գրության համաձայն` Լավուրիկ Ասլանյանը, Անդրանիկ, Նարինե, Քնքուշ և Կարեն Մանուկյանները օգտագործում են 77,8քմ մակերեսով շինություն, որից 16,5քմ շինությունը Ռաֆիկ և Մերուժան Նիկողոսյանների անվամբ հաշվառված օրինական մակերեսն է, 61,3քմ շինությունն ինքնակամ է, որից 33,0քմ մակերեսը գտնվում է զավթած հողամասի վրա (հատոր 1-ին, գ.թ. 62-64)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գանահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես, դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջների մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասը մերժելիս պատճառաբանել է, որ Դատարանն այդ մասով կայացրել է պատճառաբանված և վեճն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Ռաֆիկ Նիկողոսյանը Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 28,3քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքից չի հրաժարվել, չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են հողամասի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին: Ավելին, Ռաֆիկ Նիկողոսյանը, օգտվելով դատական պաշտպանության իր իրավունքից, միջոցներ է ձեռնարկել վիճելի հողամասը Անդրանիկ և Նարինե Մանուկյանների ոտնձգություններից և հավակնություններից պաշտպանելու համար, որպիսի պայմաններում Անդրանիկ և Նարինե Մանուկյանները բավարար հիմքեր չեն ունեցել ենթադրելու, որ Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 28,3քմ մակերեսով հողամասը տիրապետում են որպես սեփականություն: Բացի այդ, սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Էրեբունու շրջանի ժողդատարանի` 05.12.1995 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է Նարինե Մանուկյանի ընտանիքի 4 անձին` իրեն, ամուսնուն և 2 երեխաներին բնակության իրավունքով թողնել օգտագործման Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 տան բակում կառուցված անօրինական շինությունները` ըստ հատակագծի թիվ 1-12,9քմ, թիվ 2-11քմ, թիվ 3-15,7քմ, թիվ 4-7,1քմ և թիվ 5-3,4քմ մակերեսները:
Այսինքն` Նարինե Մանուկյանը և ընտանիքի մյուս անդամները գիտակցել են, որ վեճի առարկա տարածքը տիրապետել են օգտագործման իրավունքով, հետևաբար նրանց մոտ չէր կարող առաջանալ համոզմունք, որ այն ձեռք են բերել և տիրապետում են որպես սեփական գույք:
Հետևաբար, սույն գործով չի հիմնավորվել Անդրանիկ և Նարինե Մանուկյանների կողմից Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 28,3քմ մակերեսով հողամասը բարեխղճորեն տիրապետելու փաստը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերաբերում է դատական ակտի` Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 28,3քմ մակերեսով ինքնակամ կառույցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Անդրանիկ և Նարինե Մանուկյանների սեփականության իրավունքը ճանաչելու մասին, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման այդ մասով։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշման` Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող 28,3քմ մակերեսով ինքնակամ կառույցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Անդրանիկ և Նարինե Մանուկյանների սեփականության իրավունքը ճանաչելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | |
Դատավորներ` |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |