Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.21/63(797).1 Հոդ.1483.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/3465/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/3465/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Ղազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի հոկտեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աղաջան և Հնազանդ Ավագյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.04.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Սյուզաննա Օհանյանի ընդդեմ Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձինք Նելլի Հարությունյանի, Աղաջան և Հնազանդ Ավագյանների` ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու և Սահակ Ավագյանին պատկանող «Փերի-Ա.Մ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սյուզաննա Օհանյանը պահանջել է մասնակիորեն՝ Սահակ Ավագյանին պատկանող Ընկերության բաժնետոմսերի մասով, անվավեր ճանաչել Նելլի Հարությունյանի, Աղաջան և Հնազանդ Ավագյանների ժառանգության իրավունքի վկայագրերը և ճանաչել սեփականության իրավունքն այդ բաժնետոմսերի նկատմամբ։

 ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Աղաջան և Հնազանդ Ավագյանները։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 53-րդ և 72-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 316-րդ, 333-րդ, 336-րդ, 347-րդ, 422-րդ, 432-րդ, 434-րդ, 447-րդ, 467-րդ, 882-րդ և 1243-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 51-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սյուզաննա Օհանյանը, որպես պարտատեր, պետք է ժառանգության բացման օրից սկսած վեց ամսվա ընթացքում իր պահանջը ներկայացներ ժառանգներին` մինչև նրանց կողմից ժառանգությունն ընդունելը։ Սյուզաննա Օհանյանը, շրջանցելով օրենքի ուղղակի պահանջը, 6-ամսյա ժամկետի ավարտից ավելի քան երկու ամիս անց միայն` 2009 թվականի հուլիսի 22-ին, ներկայացրել է հայցադիմում ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելու պահանջով։ Ընդ որում առկա չէ բաց թողած ժամկետի վերականգնման մասին միջնորդություն և այն բավարարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Սյուզաննա Օհանյանը չի ներկայացրել նաև որևէ ապացույց, որ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում դիմել է նոտարին և ստացել մերժում։

Դատարանը հաշվի չի առել, որ Սյուզաննա Օհանյանը որևէ կերպ նոտարին չի տեղեկացրել իր հավակնությունների մասին, հետևաբար նոտարի գործողություններն օրինաչափ են եղել։

Դատարանն անտեսել է, որ 25.02.2008 թվականի պայմանագրից ծագած` Ընկերության բաժնետոմսերի նկատմամբ գրավի իրավունքը գրանցում չի ստացել, ուստի բողոքարկվող դատական ակտի հիմքում դրված պայմանագիրն առոչինչ է։

Բացի այդ, գործի նյութերում չկա որևէ ապացույց այն մասին, որ Սահակ Ավագյանի կենդանության օրոք բողոք բերած անձինք տեղյակ են եղել նրա նպատակային փոխառության մասին։ Այս նպատակային փոխառության հետ կապված Սահակ Ավագյանի հարազատները և իրավահաջորդները որևէ սուբսիդիար կամ համապարտ պարտավորություններ չեն ստանձնել։ Հետևաբար, մինչև փոխառության ժամկետի ավարտը վրա հասած Սահակ Ավագյանի մահով վաղակետ դադարել են նրա պարտավորությունները փոխատուի նկատմամբ։ Այսինքն` առկա է պարտավորության դադարում դրա կատարման անհնարինությամբ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 10.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 25.02.2008 թվականին Սյուզան Օհանյանի և Սահակ Ավագյանի միջև կնքված պայմանագրով Սյուզան Օհանյանը Սահակ Ավագյանին որպես փոխառություն հանձնել է 40.000 ԱՄՆ դոլար, իսկ Սահակ Ավագյանը պարտավորվել է այն վերադարձնել մինչև 15.06.2009 թվականը։ Միաժամանակ, Սահակ Ավագյանը պարտավորվել է մինչև 15.06.2009 թվականը գումարը չվերադարձնելու դեպքում Սյուզան Օհանյանին, որպես պարտավորության հատուցում հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության բաժնետոմսերը։ Պայմանագիրը ստորագրել է նաև Նելլի Հարությունյանը (հատոր 1-ին, գ.թ. 46)։

 2) Սահակ Ավագյանը մահացել է 21.10.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 71)։

 3) Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.04.2009 թվականի թիվ 3512 համարի տակ գրանցված վկայագրի համաձայն` Նելլի Հարությունյանը ժառանգել է Սահակ Ավագյանի` Ընկերությունում ունեցած 100 տոկոս բաժնեմասի 1/2 բաժինը (հատոր 1-ին, գ.թ. 5)։

4) Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18.05.2009 թվականի թիվ 4414 համարի տակ գրանցված վկայագրի համաձայն` Աղաջան և Հնազանդ Ավագյանները ժառանգել են Սահակ Ավագյանի` Ընկերությունում ունեցած 100 տոկոս բաժնեմասի 1/6 բաժինը (հատոր 1-ին, գ.թ. 73)։

5) Գործում առկա չէ որևէ ապացույց Սյուզաննա Օհանյանի կողմից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում Սահակ Ավագյանի ժառանգներին կամ նոտարին պահանջը ներկայացնելու վերաբերյալ։

6) Սույն գործով Սյուզաննա Օհանյանի հայցի առարկան է Սահակ Ավագյանին պատկանող Ընկերության բաժնետոմսերի մասով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելը և Ընկերության՝ Սահակ Ավագյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ Սյուզաննա Օհանյանի սեփականության իրավունքը ճանաչելը։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`

առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը.

երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը.

երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները.

չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները.

հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը։

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները։ Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակարարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը։

Նշված նորմերից հետևում է, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև իրեն անցած գույքի սահմաններում կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում պարտատերերի կողմից ներկայացվել է պահանջ ժառանգներին, կտակարարին կամ ժառանգության բացման վայրի նոտարին։ Այսինքն` օրենսդիրը, սահմանելով ժառանգությունն ընդունելու կարգը և ժամկետները, որի ընթացքում ժառանգների կողմից կարող է ընդունվել ժառանգությունը, միաժամանակ նույն ժամկետը նախատեսել է ժառանգատուի պարտատերերի կողմից իրենց պահանջները ներկայացնելու համար։

Սույն գործով հայցը բավարարելու հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ ժառանգության իրավունքի վկայագրերով խախտվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ պահանջներն այն առումով, որ երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները և եզրահանգել է, որ առկա են բավարար հիմքեր ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակիորեն՝ Ընկերության Սահակ Ավագյանին պատկանող բաժնեմասերի մասով անվավեր ճանաչելու համար։

Մինչդեռ, գործում առկա չէ որևէ ապացույց Սյուզաննա Օհանյանի կողմից՝ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում Սահակ Ավագյանի ժառանգներին կամ նոտարին որևէ պահանջ ներկայացնելու վերաբերյալ։ Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում պահպանված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի պահանջը։

Ինչ վերաբերում է դատավարական և նյութական իրավունքի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի պահանջը պահպանված չլինելու պայմաններում դրանք սույն գործի համար էական նշանակություն չունեն։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար։

Ինչ վերաբերում է Դատարանի վճռի մնացած` Նելլի Հարությունյանին վերաբերող մասին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում համապատասխան վճռաբեկ բողոքի բացակայության պատճառով։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկվի նոր քննության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա հայցը պետք է քննվի այն դատարանում, որի առարկայական ընդդատությանն է ենթակա ներկայացված հիմնական պահանջը։

Սույն գործով Սյուզաննա Օհանյանի հայցի առարկան է Սահակ Ավագյանին պատկանող Ընկերության բաժնետոմսերի մասով՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելը և Ընկերության՝ Սահակ Ավագյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ Սյուզաննա Օհանյանի սեփականության իրավունքը ճանաչելը, իսկ հայցի հիմքը՝ Սյուզաննա Օհանյանի՝ ժառանգատու Սահակ Ավագյանի պարտքերով պարտատեր լինելու հանգամանքը։

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնական պահանջն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելն է, որի հիմքում դրված է ոչ թե նոտարի գործողությունների վիճարկումը, այլ Սյուզաննա Օհանյանի՝ ժառանգատու Սահակ Ավագյանի պարտքերով, պարտատեր լինելու հանգամանքը, իսկ Ընկերության՝ Սահակ Ավագյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ Սյուզաննա Օհանյանի սեփականության իրավունքը ճանաչելն առաջինի իրավական հետևանքն է։ Այսիքն՝ տվյալ դեպքում ընդհանրապես բացակայում է հանրային իրավահարաբերություններից ծագող որևէ վեճ։

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճը վերաբերում է ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ ժառանգական իրավունքին, հետևաբար այն Վարչական դատարանում քննության ենթակա չէ (տես՝ Ռուբեն Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի, երրորդ անձինք Ռաֆայել Սարգսյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1070/05/08 որոշումը)։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.04.2010 թվականի վճռի` Աղաջան և Հնազանդ Ավագյանների դեմ ներկայացված հայցապահանջի բավարարման մասը և այդ մասով գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ