Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.21/63(797).1 Հոդ.1483.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/4342/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4342/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Ղազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հոկտեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ստիխտինգ Ադմինիստրատեկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ), «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերության և «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.08.2010 թվականի վճռի դեմ` ըստ Հիմնադրամի, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերության և «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի հայցի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի (այսուհետ՝ Պետական ռեգիստր), երրորդ անձ «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և միջամտող վարչական ակտերը վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթիդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը, «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ն պահանջել են`

1) առոչինչ ճանաչել Պետական ռեգիստրի հետևյալ վարչական ակտերը`

ա/ 31.07.2009 թվականի «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ գրանցումը, որպես «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր.

բ/ 06.08.2009 թվականի գրանցումը` Արմեն Միքայելյանի փոխարեն Նիկիտա Տոլստիկովին որպես «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի տնօրեն նշանակելու մասին.

2) կամ այն դեպքում, եթե դատարանը բավարար չհամարի վերոհիշյալ միջամտող վարչական ակտերն առոչինչ համարելու հիմքերը, ամբողջությամբ վերացնել դրանք որպես ոչ իրավաչափ ակտեր։

3) Վերոհիշյալ պահանջներից որևէ մեկը բավարարելու դեպքում վերացնել դրանց բոլոր անբարենպաստ հետևանքները, այդ թվում նաև Նիկիտա Տոլստիկովի և /կամ/ նրա կողմից լիազորված անձանց կամ նրանց իրավահաջորդների կողմից «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի անունից կատարված բոլոր գործողությունները, ներառյալ /բայց չսահամանափակելով/ հետևյալները`

ա/ պարտավորեցնել Նիկիտա Տոլստիկովին /նրա իրավահաջորդին/ վերադարձնել «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կնիքը` «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Միքայելյանին.

բ/ անվավեր ճանաչել «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Միքայելյանի կողմից նախկինում տրված լիազորագրերի` այդ թվում Ա. Դիլանյանին և Կ. Պետրոսյանին տրված լիազորագրերի հետ կանչելը.

գ/ անվավեր ճանաչել «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Միքայելյանի /նրա կողմից լիազորված անձանց/ կողմից «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի անունից պետական մարմիններ և դատական ատյաններ նախկինում ներկայացված տարբեր բողոքների, հայցերի և դիմումների հետ կանչելը /հետ վերցնելը/, այդ թվում նաև`

-ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6136/05/08 վարչական գործով հայցի ապահովման միջոցները վերացնելու մասին 27.07.2009 թվականի որոշման դեմ 03.08.2009 թվականի բողոքը.

-Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՔԴ/0002/02/09 քաղաքացիական գործով 09.07.2009 թվականի վճռի դեմ 06.08.2009 թվականին բերված վերաքննիչ բողոքը.

-ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6136/05/08 վարչական գործով 04.08.2009 թվականի վճռի դեմ 06.08.2009 թվականին բերված վճռաբեկ բողոքը.

-31.07.2009 թվականին «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի` որպես «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, գրանցումն անվավեր ճանաչելու մասին 07.08.2009 թվականի հայցադիմումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.08.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ն:

Հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ն վճռաբեկ դատարանում գործի քննության հետաձգման մասին միջնորդություն են ներկայացրել վճռաբեկ բողոքի պատասխանի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու նպատակով, որը Վճռաբեկ դատարանի կողմից մերժվել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը, հանդիսանալով իրավունքի դատարան, գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միաժամանակ հնարավորություն ընձեռելով գործին մասնակցող անձանց ներկայացնելու միայն վճռաբեկ բողոքի պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, սխալ է մեկնաբանել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետը, 449-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ կառավարության 14.08.2003 թվականի թիվ 1396-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետի 1-ին պարբերությունը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ կառավարության 14.08.2003 թվականի թիվ 1396-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետի 3-րդ պարբերությունը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումները պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Դատարանը նշել է, որ հայցվորներից որևէ մեկը չի ներկայացրել որևէ հիմնավորում կամ փաստարկ, որ վիճարկվող վարչական ակտերով անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել իրենց՝ ՀՀ Սահմնադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված որևէ իրավունք կամ ազատություն, կամ որի խախտումը կարող է վերացվել կամ կանխվել` վիճարկվող վարչական ակտերն առոչինչ կամ անվավեր ճանաչելով:

Մինչդեռ, Դատարանը հաշվի չի առել, որ հայցվորների կողմից բերված փաստարկներն ու գործի քննության ընթացքում ներկայացված ապացույցները վկայում են, որ վիճարկվող վարչական ակտերն ուղղակիորեն առնչվում են հայցվորների իրավունքներին և օրինական շահերին:

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, հաշվի չի առել, որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով նոր մասնակցի ընդունումը ոչ միշտ է ընդունելի մնացած մասնակիցների կողմից, այնուամենայնիվ այն հնարավոր է մնացած մասնակիցների ցանկությամբ, այսինքն՝ նրանց կողմից նախապատվության իրավունքից չօգտվելու դեպքում:

Այս առումով Դատարանն արձանագրել է, որ օտարվող բաժնեմասը ձեռք բերելու ընկերության իրավունքը կիրառելի չէ մեկ մասնակից ունեցող ընկերությունների նկատմամբ, քանի որ ընկերության ձեռքբերման նախապատվության իրավունքը ինքնանպատակ չէ, այլ կոչված է պաշտպանելու ընկերության մնացած մասնակիցների իրավունքները:

Տվյալ դեպքում Դատարանը հաշվի չի առել, որ նման կարգավորումը նպատակ ունի պաշտպանելու նաև ընկերության միակ մասնակցի օրինական շահերը, առավել ևս այն դեպքում, երբ «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրությամբ նույնպես նախատեսված է ընկերության՝ բաժնեմասի ձեռքբերման նախապատվության իրավունքը: Բնականաբար, մեկ մասնակից ունեցող ընկերության կանոնադրությամբ նման կարգավորման նախատեսումը ևս ինքնանպատակ չէ, այլ այն նպատակ ունի պաշտպանելու ընկերության միակ օրինական մասնակցին՝ երրորդ անձանց կողմից ընկերության կանոնադրական կապիտալում 100 տոկոս բաժնեմասի ապօրինի ձեռքբերումից:

Բացի այդ Դատարանը հաշվի չի առել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի նկատմամբ այն ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է միմիայն վերջինիս ընկերության մասնակիցների գրանցամատյանում, որպես այդպիսին գրանցելու պահից:

2) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Գործը քննվել է ոչ անաչառ Դատարանի կողմից, քանի որ Դատարանը նույն դատավորի կազմով սկզբում մերժել է «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի սեփականատեր «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի գրանցման անօրինականության մասին հայցը այն հիմքով, որ «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ն կարող է վիճարկել գրանցումը միայն բուն գրանցումից հետո:

Այնուհետև, անօրինական գրանցումից հետո, Դատարանը՝ նույն դատավորի կազմով հրաժարվեց ընդունել գրանցման անօրինականության վերաբերյալ «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի հայցը այն հիմքով, որ նոր սեփականատիրոջ գրանցումից հետո ընկերության տնօրենը նման հայց ներկայացնելու իրավունք չունի:

Հետագայում, այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը բեկանեց վերոհիշյալ որոշումը, Դատարանը հրաժարվեց հայցվորների կողմից վկայակոչվող բոլոր հիմքերն ըստ էության քննության առնելուց` նշելով, որ «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի գրանցումը չի խախտում հայցվորների իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 10.08.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 20-րդ հոդվածներից բխում է, որ իր բաժնեմասը ձեռք բերելու ընկերության նախապատվության իրավունքը ծագում է միայն հետևյալ երկու նախապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ` 1. ընկերության կանոնադրությամբ նախատեսված է նման իրավունքը և 2. մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը /դրա մասը/ գնելու իրենց նախապատվության իրավունքը:

Բացի այդ, եթե ընկերությունն իր 100 տոկոս բաժնեմասերի սեփականատեր լիներ, ընկերության ընդհանուր ժողով, որպես այդպիսին գոյություն ունենալ չէր կարող, քանի որ ընկերությանը պատկանող բաժնեմասերը հաշվի չեն առնվում ընդհանուր ժողովի կողմից որոշումների ընդունման ժամանակ քվեարկության արդյունքները որոշելիս: Հետևաբար, ընկերության մասնակցին պատկանող 100 տոկոս բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո, ընկերությունն ուղղակի կզրկվեր իր կառավարման բարձրագույն մարմնից և հնարավորություն չէր ունենա որոշում կայացնելու բաժնեմասերի բաշխման մասին:

Այսպիսով, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 20-րդ հոդվածները միանշանակ են և այլընտրանքային մեկնաբանություն ուղղակի հնարավոր չէ: Դրանք ընկերության նախապատվության իրավունքի ծագման հիմքն ուղղակիորեն պայմանավորում են ընկերության մյուս մասնակիցների` բաժնեմասի ձեռքբերման նախապատվության իրավունքը չօգտագործելու փաստով, որը բացակայում է:

Ինչ վերաբերում է վիճարկվող վարչական ակտերով բողոք բերած անձանց իրավունքների խախտմանը, ապա հայցվորներից ոչ ոք չի ապացուցել, որ վիճարկվող վարչական ակտերով խախտվել են իրենց իրավունքները, ինչպես նաև չի ապացուցել, որ ունի օրենքով սահմանված որևէ իրավունք, որը կարող էր խախտվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանի 04.08.2006 թվականի թիվ Ա40-11836/06-88-35 «Բ» որոշման համաձայն` «ՆԿ «Յուկոս» ԲԲԸ-ն ճանաչվել է սնանկ, սահմանվել է մրցութային վարույթ` երկու տարի ժամկետով և մրցութային կառավարիչ է նշանակվել Էդուարդ Կոնստանտինի Ռեբգունը:

2) 13.08.2007 թվականին մրցութային դատավարության շրջանակներում «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի և «Ն‎Կ «Յուկոս»» ԲԲԸ-ի մրցութային կառավարիչ Է.Կ.Ռեբգունի միջև կնքվել է թիվ ԿՈՒ/ԿՊ/18/0001107/2683 գույքի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ կանոնադրական կապիտալում «ՆԿ «Յուկոս»» ԲԲԸ-ին պատկանող 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ին։

3) «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի կողմից 31.07.2009 թվականին դիմում է ներկայացվել Պետական ռեգիստր 13.08.2007 թվականի թիվ ԿՈՒ/ԿՊ/18/0001107/2683 պայմանագրի հիման վրա «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ին որպես «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասով մասնակից գրանցելու համար: Պետական ռեգիստրի կողմից 31.07.2009 թվականին կատարվել է Ընկերության մասնակցի փոփոխության պետական գրանցում:

4) Պետական ռեգիստրի 06.08.2009 թվականի փոփոխությունների պետական գրանցմամբ` իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում պարտադիր գրառվող տեղեկությունների փոփոխություն է կատարվել, որով «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ նախկին տնօրեն Արմեն Միքայելյանի փոխարեն գրառվել են նոր տնօրեն Նիկիտա Տոլստիկովի վերաբերյալ տեղեկություններ:

5) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 09.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի` 13.08.2007 թվականի «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ և «ՆԿ «Յուկոս»» ԲԲԸ-ի մրցութային կառավարիչ Է.Կ.Ռեբգունի միջև կնքված թիվ ԿՈՒ/ԿՊ/18/0001107/2683 գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

6) «ՆԿ «Յուկոս»» ԲԲԸ-ն «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի միակ մասնակիցն էր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ՝

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Վերը նշված հոդվածից հետևում է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընկերության մասնակից են համարվում ընկերության պետական գրանցման պահից ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք։

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ ձևով օտարել տվյալ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերության համաձայն՝ ընկերության մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն օգտվում են մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից այն գնով, որն առաջարկվել է երրորդ անձանց: Ընկերության մասնակիցը, որը ցանկանում է վաճառել իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձին, պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել ընկերությանը` նշելով գինը և վաճառքի մյուս պայմանները: Ընկերությունն այդ մասին ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով հայտնում է ընկերության մասնակիցներին:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ սույն օրենքով նախատեսված` գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնեմասի վաճառքի դեպքում ընկերության ցանկացած մասնակից և (կամ) ընկերությունը, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է ընկերության նախապատվության իրավունքը, իրավունք ունի 6 ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել անվավեր ճանաչելու այդ գործարքը սկսած այն պահից, երբ նրանք իմացել են կամ պարտավոր էին իմանալ խախտման մասին:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ ընկերության մասնակցին է պատկանում մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքը: Ընդ որում գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնեմասի վաճառքի դեպքում օրենսդիրը դատական կարգով դրանք անվավեր ճանաչելու պահանջը վերապահել է ընկերությանը կամ ընկերության մասնակցին:

Սույն վարչական գործով Հիմնադրամը` որպես վարչական արդարադատություն հայցող շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանք, նշել է ««ՆԿ Յուկոս» ԲԲԸ-ի գույքը ռուսական պետության և նրա վերահսկողության ներքո գտնվող անձանց պետականացնելու անթույլատրելիությունը, որպեսզի այդ գույքը բաշխվի նրա օրինական կրեդիտորներին ու նախկին բաժնետերերին։

«Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը որպես վարչական արդարադատություն հայցելու շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանք, վկայակոչել է միջազգային արբիտրաժային դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված պարտքի վերադարձման իրավունքի խախտումը, այն որ «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ կանոնադրական կապիտալում 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ « Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի սեփականության իրավունքի անօրինական գրանցումը հանգեցնում է այդ գույքի կորստին` հօգուտ Ռուսաստանի Դաշնության /նրա կողմից վերահսկվող անձի/:

«Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը` որպես վարչական արդարադատություն հայցելու շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանք, նշել է՝ «ՆԿ Յուկոս» ԲԲԸ-ն լուծարվելու դեպքում նրա գույքից բաժին ստանալու իրավունքի խախտումը, ինչպես նաև այն, որ «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի սեփականության իրավունքի անօրինական գրանցումը հանգեցնում է այդ գույքի կորստին` հօգուտ Ռուսաստանի Դաշնության /նրա կողմից վերահսկվող անձի/։

Սույն գործի փաստերի համաձայն՝ «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) միակ մասնակիցը՝ 100% բաժնեմասի սեփականատեր «ՆԿ «Յուկոս»» ԲԲԸ-ն էր: Սույն վարչական գործով հայցվորների հայցի առարկան է՝ Պետական ռեգիստրի 31.07.2009 թվականի «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի գրանցումը, որպես «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր և 06.08.2009 թվականի գրանցումը` Արմեն Միքայելյանի փոխարեն Նիկիտա Տոլստիկովին` որպես «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի տնօրեն նշանակելու մասին, անվավեր ճանաչելն է և այդ վարչական ակտերի հետևանքով բոլոր անբարենպաստ հետևանքների վերացնելն է, իսկ հայցի հիմքը օտարվող բաժնեմասը ձեռք բերելու Ընկերության նախապատվության իրավունքը խախտված լինելու հանգամանքն է: Բացի այդ, Պետական ռեգիստրի կողմից 31.07.2009 թվականի և 06.08.2009 թվականի գրանցումների հիմքում ընկած է «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի և «ՆԿ «Յուկոս»» ԲԲԸ–ի մրցութային կառավարիչ Է.Կ.Ռեբգունի միջև 13.08.2007 թվականին կնքված գույքի առուվաճառքի պայմանագիրը, ըստ որի` Ընկերության կանոնադրական կապիտալում «Ն‎Կ «Յուկոս»» ԲԲԸ-ին պատկանող 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ին:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով հայցվորներ Հիմնադրամը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը` որպես նախկին «ՆԿ Յուկոս» ԲԲԸ-ի պարտատեր, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը` որպես «Նե‎‎ֆտյանայա կոմպանիա Յուկոս» ԲԲԸ նախկին բաժնետեր, Ընկերության մասնակիցներ չեն, հետևաբար չեն օգտվում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված` Ընկերության մասնակցի բաժնեմասը գնելու նախատվության իրավունքից:

Բողոք բերած անձանց պնդումներն այն մասին, որ իրենց իրավունքներն ըստ էության խախտվել են բաժնեմասերի սեփականության իրավունքի փոփոխման փաստով, այսինքն` գույքի առուվաճառքի պայամանգրով, ապա նույնիսկ վիճարկվող վարչական ակտերի առոչինչ կամ անվավեր ճանաչումը որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ նրանց իրավունքների ենթադրյալ խախտումները վերակագնելու համար։

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող ակտերի գրանցմամբ հայցվորների որևէ իրավունք և օրինական շահ չի խախտվել:

Ինչ վերաբերում է «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի այն փաստարկին, որ վիճարկվող ակտերով խախտվել է ընկերության մասնակցի բաժնեմասի ձեռքբերման` ընկերության նախապատվության իրավունքը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված փաստարկը հիմք չէ վեճի առարկա վարչական ակտերը վերացնելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով վիճարկվող վարչական ակտերի ընդունման համար հիմք է հանդիսացել 13.08.2007 թվականի «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի և «ՆԿ «Յուկոս»» ԲԲԸ-ի մրցութային կառավարիչ Է.Կ.Ռեբգունի միջև կնքված թիվ ԿՈՒ/ԿՊ/18/0001107/2683 գույքի առուվաճառքի պայմանագիրը, որը չի կորցրել իրավական ուժը: Դեռ ավելին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 09.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի` 13.08.2007 թվականի «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի և «ՆԿ «Յուկոս»» ԲԲԸ-ի մրցութային կառավարիչ Է.Կ.Ռեբգունի միջև կնքված թիվ ԿՈՒ/ԿՊ/18/0001107/2683 գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Նշված գործով հայցվորը որպես վերոնշյալ պայմանագրի անվավերության հիմք նույնպես նշել էր բաժնեմասի գնման նախապատվության իրավունքի խախտումը, որը դատարանի կողմից մերժվել էր:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտերի ընդունման համար հիմք հանդիսացող պայմանագիրն անվավեր ճանաչված չէ, հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ վարչական ակտերը չեն կարող անվավեր ճանաչվել պայմանագրի վիճարկման համար նախատեսված հիմքով, այն է` նախապատվության իրավունքի խախտման հիմքով:

Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ընկերության մասնակցի բաժնեմասի ձեռքբերման` «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի նախապատվության իրավունքի խախտման վերաբերյալ փաստարկին:

Մասնավորապես, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել ընկերության մասնակցի բաժնեմասի (դրա մասի) ձեռքբերման` սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված` ընկերության նախապատվության իրավունքն այն դեպքում, երբ ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընկերությանը պատկանող բաժնեմասերը հաշվի չեն առնվում ընդհանուր ժողովի կողմից որոշումների ընդունման ժամանակ քվեարկության արդյունքները որոշելիս, ինչպես նաև ընկերության լուծարման դեպքում գույքը բաշխելիս, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ պետք է բաշխվի ընկերության բոլոր մասնակիցների միջև` նրանց բաժնեմասերին համապատասխան կամ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ` երրորդ անձանց, և ամբողջությամբ վճարվի: Բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրն Ընկերությանն իրավունք է վերապահել օգտվելու ընկերության մասնակցի բաժնեմասը գնելու իր նախապատվության իրավունքից միայն այն դեպքում, երբ ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը գնելու իրենց նախապատվության իրավունքը: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության նախապատվության իրավունքը` գնելու ընկերության մասնակցի բաժնեմասը, իրականացվում է այն դեպքում, երբ Ընկերությունն ունի մեկից ավելի մասնակից:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո այն մեկ տարվա ընթացքում ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ պետք է բաշխվի ընկերության բոլոր մասնակիցների միջև: Հետևաբար, եթե Ընկերության մասնակիցը մեկն է, ապա Ընկերությանը պատկանող ընկերության մասնակցի բաժնեմասը «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով հնարավոր չի լինի բաշխել ընկերության բոլոր մասնակիցների միջև Ընկերության այլ մասնակից չունենալու պատճառով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի այն պատճառաբանությունը, որ ընկերության մասնակցի բաժնեմասի գնման նախապատվության իրավունքն օրենսդրի կողմից սահմանելն ինքնանպատակ չէ, այլ այն կոչված է ապահովելու և նպաստելու ընկերության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանությանը:

Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ն միակ մասնակից ունենալու պայմաններում չի օգտվում «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի մասնակցի բաժնեմասը ձեռք բերելու նախապատվության իրավունքից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իրավացի է գնահատում Դատարանի եզրահանգումն առ այն, որ հայցվորների որևէ իրավունք խախտված չէ, ուստի անհրաժեշտ չի համարել քննարկման առարկա դարձնել հայցվորների կողմից մատնանշված հայցի հիմք հանդիսացող այլ հանգամանքները և դրանք հիմնավորող փաստարկները և ապացույցները։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի սույն հիմքի մյուս փաստարկներին չի անդրադառնում, դրանք վերը շարադրված դիրքորոշման պարագայում սույն գործի համար էական նշանակություն չունենալու պատճառով:

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական oրենսգրքի 91-րդ հոդվածով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ`դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, իսկ նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետի համաձայն` դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանն ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, ամրագրելով յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքի լիարժեք իրականացումը, սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: Այդ հիմքերն են`

1) երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, կամ

2) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը` սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը` օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյոք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար (տես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Պյերսակն ընդդեմ Բելգիայի» գործով 01.10.1982թ., կետ 30):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այդ իրավական նորմերի ընդհանրական մոտեցումը դատարանի կամ դատավորի անաչառության կանխավարկածն է, որը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ նրա աչառությունն ապացուցված չէ (տես՝ ըստ դիմումի Կարինե Հարությունյանի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից հայցվորների հայցադիմումի ընդունման մերժումը, իսկ հետագայում Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա այն վարույթ ընդունելն ինքնին բավարար չէ սույն գործով Դատարանի աչառու լինելու հանգամանքը հաստատված համարելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 10.08.2010 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ