ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/1364/05/10 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հոկտեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Պետրոսյանի (այսուհետ՝ Տնօրեն)՝ 300.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` Երևանի քաղաքապետի 28.12.2009 թվականի թիվ Վ-35/8 որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է արձակել վճարման կարգադրություն Երևանի քաղաքապետի 28.12.2009 թվականի թիվ Վ-35/8 որոշմամբ սահմանված 300.000 ՀՀ դրամ տուգանքի գումարը Տնօրենից բռնագանձելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատարանը 15.03.2010 թվականին արձակել է վճարման կարգադրություն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տնօրենը պահանջել է վերացնել Երևանի քաղաքապետի 28.12.2009 թվականի թիվ Վ-35/8 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի 22.04.2010 թվականի որոշմամբ վճարման կարգադրությունը վերացվել է, և վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը`բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տնօրենը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ, 275-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 25-րդ, 26-րդ, 46-րդ, 113-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը չի գնահատել որպես ապացույց ներկայացված թիվ 19119126 փոստային ծանուցման հավաստագիրը, որով հաստատվում է Երևան համայնքի կողմից վարչական իրավախախտման գործի նիստի տեղի և ժամանակի մասին Տնօրենին պատշաճ կարգով ծանուցելու հանգամանքը: Մասնավորապես` նշված փաստաթուղթը վերնագրված է «Ծանուցագիր ստացման/հանձնման/վճարման/գրանցման/», առաքանու հասցեատեր հատվածում նշված է. «Պուշկին փող. հ. 1, «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ տն. Յուրա Պետրոսյան», իսկ առաքանու բնույթը նշվել է. «Նիստ-28.12.2009թ.»: Նշված ծանուցագիրն ուղարկվել է «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեով, դրա վրա առկա է ծանուցագիրն ստանալու մասին նշում: Այսինքն` Երևան համայնքը պատշաճ կերպով և բարեխղճորեն կատարել է Տնօրենին ծանուցելու իր պարտականությունը, իսկ վերջինս, պատշաճ ձևով ծանուցված լինելով վարչական իրավախախտման գործի նիստի տեղի և ժամանակի մասին, չի ներկայացել գործի քննությանը, ուստի օրենքով սահմանված կարգով գործը քննվել է նրա բացակայությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, այդ թվում` թիվ 19119126 փոստային հավաստագիրը, իրավացիորեն գտել է, որ Երևան համայնքը Տնօրենին պատշաճ կերպով չի ծանուցել վարչական վարույթի ժամանակի և վայրի մասին, քանի որ Երևան համայնքը չի ներկայացրել վարչական վարույթի մասին ծանուցագիրն անձամբ Տնօրենի կողմից ստանալու վերաբերյալ որևէ ապացույց:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետի 17.12.2009 թվականի թիվ 000196 արձանագրության համաձայն՝ Երևանի Վարդանանց փողոցին հարող տարածքում գտնվող առևտրի օբյեկտ հանդիսացող «CPS» բենզալցակայանում ժամը 00:31-ին առանց համապատասխան թույլտվության իրականացվում է հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների վաճառք (գ.թ. 7-8)։
2) Գործում առկա «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեով /Երևան, Պուշկինի 1/ Տնօրենին ուղարկված թիվ 19119126 փոստային ծանուցման հավաստագրի վրա առկա է 25.12.2009 թվականին ծանուցումն ստանալու մասին ստորագրություն, իսկ հավաստագրի «առաքանու բնույթը» հատվածում նշված է. «Նիստ-28.12.2009թ.» (գ.թ. 9)։
3) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 28.12.2009 թվականի թիվ Վ-35/8 արձանագրության համաձայն՝ Տնօրենը պատշաճ կերպով ծանուցվել է գործի քննության մասին, սակայն քննությանը չի ներկայացել, ուստի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն գործը քննվել է նրա բացակայությամբ (գ.թ. 6)։
4) Երևանի քաղաքապետի 28.12.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-35/8 որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցին հարող տարածքում գտնվող առևտրի օբյեկտը (հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետը) ժամը 24:00-ից հետո առանց համապատասխան թույլտվության աշխատացնելու համար Տնօրենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 300.000 ՀՀ դրամի չափով տուգանքի (գ.թ. 5)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է վարչական վարույթի ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկվող անձին վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման հարցին` մասնավորապես նշելով հետևյալը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով։
Վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում պետական մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է նաև այն հարցը, թե գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են արդյոք դրա քննության ժամանակի և տեղի մասին։
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ սահմանում է պարտադիր կանոն, այն է՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Նշված կանոնից բացառություն է կազմում միայն այն դեպքը, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության իրականացման պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է պետական մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը՝ վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում լուծելու գործի քննության ժամանակի և տեղի մասին քննությանը մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու հարցը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված չէ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգը, հետևաբար նշված իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է, որ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։
Տվյալ դեպքում վարչական մարմինը (տեսչությունը) ունի պատշաճ ծանուցման ձևի ընտրության հայեցողություն։
Ընդ որում, Տեսչության հայեցողությունը՝ ընտրելու ծանուցման ձևը, պետք է համապատասխանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որի համաձայն հայեցողական լիազորություններ իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ։
Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովել պատասխանատվության ենթարկվող անձին լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը։ Հետևաբար, ընտրվող պատշաճ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռի ապահովել վերոհիշյալ պահանջները (տե´ս ըստ հայցի ՀՀ աշխատանքի պետական տեսչության ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի՝ պատասխանողին գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և պարտավոր անձի նկատմամբ տուգանք նշանակելու պահանջների մասին, և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ աշխատանքի պետական տեսչության՝ 15.10.2007 թվականի թիվ 15-Ա որոշումն անվավեր ճանաչելու և այն վերացնելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/0016/05/08 որոշումը)։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը։
Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ Երևան համայնքը չի ներկայացրել որևէ ապացույց վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության իրականացման տեղի և ժամանակի մասին Տնօրենին պատշաճ ծանուցելու վերաբերյալ, գտել է, որ Երևան համայնքը չի ապահովել Տնօրենի` լսված լինելու իրավունքը` զրկելով նրան իր իրավունքների լիարժեք պաշտպանության հնարավորությունից: Հետևաբար, Երևանի քաղաքապետի 28.12.2009 թվականի թիվ Վ-35/8 որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի խախտումներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ուժով ենթակա է անվավեր ճանաչման:
Մինչդեռ սույն գործով Դատարանը գնահատման առարկա չի դարձրել գործում առկա «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեով Տնօրենին ուղարկված թիվ 19119126 փոստային ծանուցման հավաստագիրը և չի պատճառաբանել, թե ինչու է այդ ապացույցը մերժվում։ Այսինքն, Դատարանը, գտնելով, որ Երևան համայնքը չի ներկայացրել որևէ ապացույց վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին Տնօրենին պատշաճ ծանուցելու վերաբերյալ, չի հիմնավորել իր եզրահանգումը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ, 228-րդ հոդվածների ուժով վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | |
Դատավորներ` |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |