Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (09.08.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2019

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունները,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հոդվածի վրա,

ձգտելով ստեղծել բարենպաստ պայմաններ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) արդյունավետ գործունեության համար,

հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային այն պարտավորությունների կատարման սկզբունքներին, որոնք նախատեսված են «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» 1989 թվականի մարտի 22–ի Բազելյան կոնվենցիայով (այսուհետ՝ Բազելյան կոնվենցիա), որի մասնակիցն են Միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ),

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն համաձայնագրով կարգավորվում են անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս Միության մաքսային տարածքով այն վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունները, որոնք նշված են այն ապրանքների միասնական ցանկի 1.2 և 2.3 բաժիններում, որոնց նկատմամբ կիրառվում են «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) նախատեսված՝ երրորդ երկրների հետ առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցները (այսուհետ՝ թափոններ)։

 

Հոդված 2

 

Սույն համաձայնագրի նպատակներով՝ գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

պետական մարմիններ՝ անդամ պետությունների այն մարմինները, որոնք իրականացնում են թափոնների անդրսահմանային տեղափոխման ժամանակ սույն համաձայնագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները կանխարգելելուն, բացահայտելուն և կանխելուն ուղղված գործառույթներ.

եզրակացություն (թույլատրագիր)՝ թափոնների անդրսահմանային տեղափոխման իրավունքը հաստատող փաստաթուղթ.

դիմումատու՝ թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար իրավասու մարմին դիմում ներկայացրած իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ.

իրավասու մարմին՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված՝ անդամ պետության մարմին.

թափոնների անդրսահմանային տեղափոխում՝ Միության ապրանք հանդիսացող թափոնների արտահանում մեկ անդամ պետության տարածքից և դրանց ներմուծում մեկ այլ անդամ պետության տարածք, այդ թվում՝ երրորդ անդամ պետության տարածքով (ներքին տարանցում) և (կամ) Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով, ինչպես նաև թափոնների արտահանում մեկ անդամ պետության տարածքից և դրանց ներմուծում նույն անդամ պետության տարածք՝ մեկ այլ անդամ պետության տարածքով։

Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Բազելյան կոնվենցիային, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 3

 

Սույն համաձայնագրի գործողությունը տարածվում է անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս թափոնների անդրսահմանային տեղափոխում իրականացնող իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց վրա։

Թափոնների անդրսահմանային տեղափոխումը ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արգելվում է։

 

Հոդված 4

 

Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով թափոնների անդրսահմանային տեղափոխումը մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք իրականացվում է Բազելյան կոնվենցիայի դրույթներին համապատասխան։

 

Հոդված 5

 

Անդամ պետություններում իրականացվում են հսկողություն և վերահսկողություն թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Անդամ պետություններում չի թույլատրվում թափոնների անդրսահմանային տեղափոխումը դրանց թաղման և (կամ) վնասազերծման նպատակով։

 

Հոդված 6

 

Թափոնների անդրսահմանային տեղափոխումն իրականացվում է եզրակացության (թույլատրագրի) հիման վրա, որն իրավասու մարմնի կողմից տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևով:

Եզրակացությունը (թույլատրագիրը) դիմումատուին տրվում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Թափոնների արտահանման եզրակացությունը (թույլատրագիրը) տրվում է այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից, որի տարածքից նախատեսվում է դրանց արտահանումը, այդ թափոնների ներմուծման այնպիսի եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում, որը տրվել է այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից, որի տարածք նախատեսվում է դրանց ներմուծումը:

Թափոնների արտահանման եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը ներքին տարանցման դեպքում իրականացվում է սույն հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված՝ դրանց ներմուծման եզրակացության (թույլատրագրի), և այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից տրված ներքին տարանցման եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում, որի տարածքով նախատեսվում է թափոնների անդրսահմանային տեղափոխումը։

Մեկ անդամ պետության տարածքից նույն անդամ պետության տարածք մեկ այլ անդամ պետության տարածքով թափոնների անդրսահմանային տեղափոխման ժամանակ եզրակացության (թույլատրագրի) տրամադրումն իրականացվում է այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից, որի տարածքով տեղափոխվում են թափոնները, այն անդամ պետության իրավասու մարմնից Բազելյան կոնվենցիային համապատասխան ծանուցումն ստանալուց հետո, որի տարածքից և որի տարածք նախատեսվում է թափոնների անդրսահմանային տեղափոխումը։

Եզրակացությունների (թույլատրագրերի) պատճենները կցվում են ապրանքաուղեկից փաստաթղթերի լրակազմին:

 

Հոդված 7

 

Այն անդամ պետության պետական մարմինները, որի տարածք իրականացվել է թափոնների ներմուծումը և (կամ) այն անդամ պետության պետական մարմինները, որի տարածքով իրականացվել է թափոնների անդրսահմանային տեղափոխումը, առանց եզրակացությունների (թույլատրագրերի) թափոնների անդրսահմանային տեղափոխման փաստերի հայտնաբերման դեպքում, ինչպես նաև եզրակացությունների (թույլատրագրերի) մեջ նշված տեղեկությունների՝ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման ընթացքում ստացված տեղեկություններին անհամապատասխանության դեպքում այդ փաստերի հայտնաբերման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում իրենց պետության իրավասու մարմնի միջոցով այդ մասին տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածքից իրականացվել է թափոնների արտահանումը։

 

Հոդված 8

 

Այն անդամ պետության իրավասու մարմինը, որի տարածքից իրականացվել է թափոնների արտահանումը, սույն համաձայնագրի 7–րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունն ստանալիս՝

առանց եզրակացության (թույլատրագրի) թափոնների անդրսահմանային տեղափոխման դեպքում՝ ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված թափոնները վերադարձնելուն կամ էկոլոգիապես հիմնավորված եղանակով դրանք հեռացնելուն՝ Բազելյան կոնվենցիայի նորմերին համապատասխան.

թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու ժամանակ ստացված տեղեկություններին եզրակացության (թույլատրագրի) մեջ նշված տեղեկությունների անհամապատասխանության դեպքում՝

ընդունում է որոշում՝ եզրակացության (թույլատրագրի) գործողության դադարեցման մասին, և այդ որոշումն ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է այն դիմումատուին, որին տրվել է եզրակացությունը (թույլատրագիրը), այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածք իրականացվել է (նախատեսվել է) թափոնների ներմուծումը, և այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածքով իրականացվել է թափոնների անդրսահմանային տեղափոխումը (ինչը հիմք է նշված իրավասու մարմինների կողմից դիմումատուին տրված եզրակացությունները (թույլատրագրերը) չեղարկելու համար).

ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված թափոնները վերադարձնելուն կամ էկոլոգիապես հիմնավորված եղանակով դրանք հեռացնելուն՝ Բազելյան կոնվենցիայի նորմերին համապատասխան։

 

Հոդված 9

 

Թափոնների անդրսահմանային տեղափոխման կարգին ներկայացվող՝ սույն համաձայնագրում չնշված պահանջները, ինչպես նաև փոխադրողին և վթարային իրավիճակների կանխարգելման ու վերացման, մարդու առողջությանը և շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման նպատակով միջոցառումների իրականացման կարգին ներկայացվող պահանջները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։

 

Հոդված 10

 

Սույն համաձայնագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ թափոնների անդրսահմանային տեղափոխմանը ներկայացվող պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հանգեցնում է պատասխանատվության՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 11

 

Այն անդամ պետության իրավասու մարմինը, որի տարածքից իրականացվել է թափոնների արտահանումը, յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը, սույն համաձայնագրի հավելվածի համաձայն սահմանված ձևով (էլեկտրոնային փոստով) ուղարկում է համապատասխան ժամանակաշրջանում տրված՝ թափոնների արտահանման եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ հաշվետվություն այն անդամ պետության իրավասու մարմին, որի տարածք ներմուծվել են թափոնները։

 

Հոդված 12

 

Անդամ պետությունների կառավարությունները միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում են իրենց պետությունների իրավասու մարմինների մասին:

Իրավասու մարմինների փոփոխման դեպքում անդամ պետությունների կառավարությունները 30 օրացուցային օրվա ընթացքում դիվանագիտական ուղիներով այդ մասին ծանուցում են միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

 

Հոդված 13

 

Սույն համաձայնագրի կիրառման հետ կապված վեճերը լուծվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 14

 

Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և կազմում է Միության իրավունքի մասը։

 

Հոդված 15

 

Սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն համաձայնագրի 16-րդ հոդվածով սահմանված կարգով։

 

Հոդված 16

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Կատարված է Չոլպոն-Աթա քաղաքում, 2019 թվականի օգոստոսի 9-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության
 կողմից՝

Բելառուսի Հանրապետության
կառավարության
կողմից՝

Ղազախստանի Հանրապետության
կառավարության
կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության
կառավարության
կողմից՝

Ռուսաստանի Դաշնության
կառավարության
կողմից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: