Գլխավոր տեղեկություն
Համար
N 1758-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.2011-17.09.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.64
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1758-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ավելացված արժեքի հարկի վերադարձման հայտերի վերլուծության գործընթացում ռիսկային կառավարման մեխանիզմների կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկ վճարողներին ռիսկային համարելու չափանիշները` օրենքով սահմանված չափով և կարգով որոշվող` հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու համար` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ սահմանված որևէ չափանիշին համապատասխանելու դեպքում ավելացված արժեքի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողը համարվում է ռիսկային:

3. Օրենքով սահմանված չափով և կարգով որոշվող` հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի և (կամ) ակցիզային հարկի գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են միայն ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով, եթե`

1) ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողը սույն որոշմամբ սահմանված չափանիշներով համարում է ռիսկային, կամ`

2) ավելացված արժեքի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողը սույն որոշմամբ սահմանված չափանիշներով չի համարում ռիսկային, սակայն հաշվետու ամսվա արդյունքներով (կամ հաշվետու եռամսյակի համար ամսական հաշվարկով) հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հանրագումարը, իսկ ակցիզային հարկ չվճարողների համար` ավելացված արժեքի հարկի գումարը 2011 թվականին գերազանցում է 5 միլիոն դրամը, իսկ 2012 թվականին` 10 միլիոն դրամը:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված չափանիշները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշման 5-րդ կետով նախատեսված կարգի ընդունումից հետո` մշակված համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով հարկ վճարողների ընտրության միջոցով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2011 թվականի մայիսի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով հարկ վճարողների ընտրության կարգ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 17
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 30-ի N 1758-Ն որոշման

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓՈՎ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇՎՈՂ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ (ԿԱՄ) ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Օրենքով սահմանված չափով և կարգով որոշվող` հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողներին ռիսկային համարելու չափանիշներն են`

1) հարկ վճարողը համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող` հաշվետու ժամանակաշրջանին նախորդող մեկ տարուց պակաս ժամանակահատվածում.

2) հաշվետու ժամանակաշրջանին նախորդող մեկ տարվա ընթացքում որևէ հաշվետու ժամանակաշրջանում գործարք չի իրականացրել.

3) ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի հաշվանցումները և (կամ) վերադարձները հաշվետու ժամանակաշրջանին նախորդող 12-ամսյա ժամանակահատվածում հարկ վճարողի մոտ կատարվել են առանց ուսումնասիրության կամ ստուգման.

4) հաշվետու ժամանակաշրջանին նախորդող մեկ տարվա ընթացքում անցկացված հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձման ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգմամբ հիմնավորված չի համարվել հարկ վճարողի դիմումով հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի 20 և ավելի տոկոսը.

5) հաշվետու ժամանակաշրջանին նախորդող 18-ամսյա ժամանակաշրջանի ընթացքում հարկ վճարողի մոտ անցկացված հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձման ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգմամբ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին կամ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածին համապատասխան առաջադրված հարկի գումարի մեծությունը կազմել է ուսումնասիրվող կամ ստուգմամբ ընդգրկված ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված` համապատասխան հարկատեսակի հաշվարկներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկի գումարի 10 և ավելի տոկոսը.

6) հաշվետու ժամանակաշրջանին նախորդող 36-ամսյա ժամանակաշրջանի ընթացքում հարկ վճարողի նկատմամբ կիրառվել է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված տուգանքը.

7) հարկ վճարողի դիմումի համաձայն առանց ուսումնասիրության կամ ստուգում իրականացնելու օրենքով սահմանված կարգով որոշվող գումարը գերազանցող գումարով հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու համար հարկ վճարողի նկատմամբ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող 18-ամսյա ժամանակաշրջանի ընթացքում կիրառվել է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տուգանքը.

8) հարկ վճարողի կողմից հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարը պակաս է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցած` հարկային մարմնի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակների մասով չկատարված հարկային պարտավորությունների գումարից.

9) հարկ վճարողի դիմումով հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարը գերազանցում է նույն ժամանակաշրջանի ավելացված արժեքի հարկի հաշվարկում նշված` ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների շրջանառության 20 տոկոսը.

10) հաշվետու ժամանակաշրջանին նախորդող 18-ամսյա ժամանակաշրջանում ներկայացված ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկների թիվը գերազանցել է 3-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտված հաշվարկները ներկայացնելու պահանջ սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

11) հարկային մարմնի կողմից մշակված` ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատացված համակարգի միջոցով հարկ վճարող ճանաչվել է որպես ստուգման ենթակա:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան