Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/4066/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/4066/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աննա Հարությունյանի ներկայացուցիչ Սուսաննա Մարգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.08.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Աննա Հարությունյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), երրորդ անձինք Ռիմա Հովհաննիսյանի, Վոլոդյա Հարությունյանի` 11.03.2005 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիմքով Երևանի Չեխովի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելուն և սեփականության իրավունքի գրանցման վկայական տալուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աննա Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին կատարելու 11.03.2005 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիմքով Երևանի Չեխովի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում և տրամադրել սեփականության իրավունքի գրանցման վկայական։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.08.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Հարությունյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ, 25-րդ, 26-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ պետական գրանցման համար Աննա Հարությունյանը 14.05.2008 թվականի թիվ 42591 դրամարկղային մուտքի օրդերով թիվ 900005016178 հաշվեհամարին վճարել է 1.000 ՀՀ դրամ, իսկ թիվ 42592 դրամարկղային մուտքի օրդերով թիվ 9000013220018 հաշվեհամարին որպես ծառայությունների վճար վճարել է 11.000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է սեփականության վկայականի արժեքը:

Դատարանը հաշվի չի առել, որ վճարումները կատարվել են այն չափով, որքան որ ներկայացվել է Աննա Հարությունյանին: Այսինքն՝ վճարումները կատարվել են Կադաստրի կողմից պահանջված չափերով: Բացի նշված վճարումներից այլ վճարումներ կատարելու պահանջ Աննա Հարությունյանին չի ներկայացվել, հետևաբար, Կադաստրն իրավասու չէր վճարումները մասամբ կատարված լինելու պատճառաբանությամբ իրավունքի գրանցումը մերժել:

Դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Աննա Հարությունյանի դիմումներին ի պատասխան տրված գրություններում Կադաստրը չի հայտնել վճարման ենթակա գումարի չափի մասին: Ավելին, 18.08.2009 թվականի բողոքում Աննա Հարությունյանը նշել է, որ համապատասխան պահանջի դեպքում կկատարվի անհրաժեշտ չափի վճարում, այնինչ Կադաստրի 25.08.2009 թվականի գրությամբ նշված հարցին որևէ պատասխան չի տրվել:

Վճարման ենթակա գումարի չափի մասին չի հայտնվել նաև 20.02.2010 թվականի թիվ Ս-1-32/1-10 հարցմանն ի պատասխան Կադաստրի 25.02.2010 թվականի թիվ 1Կ-04/1185 գրությամբ: Նշված գրությունում նշվել է միայն Կադաստրի նախագահի 10.06.2009 թվականի թիվ 139-Ն հրամանով չափագրման աշխատանքների համար սահմանված վճարների մասին: Բացի այդ, չափագրման աշխատանքների համար չվճարելը հիմք չէ իրավունքի պետական գրանցումը մերժելու համար, քանի որ դրանք գանձվում են իրավունքի պետական գրանցում կատարելուց և սեփականության վկայական կազմելուց հետո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.08.2010 վճիռը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 11.03.2005 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 03.06.2003 թվականին մահացած Մելիք Հարությունյանի` հավասար բաժիններով ժառանգներն են կինը` Աննա Հարությունյանը, որդիները` Վոլոդյա, Զորիկ և Էդուարդ Հարությունյանները: Ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Չեխովի փողոց թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքից` 63,6 քմ շինություններից և 301,6 քմ հողամասից (գ.թ. 9)։

2) Կադաստրի 21.03.2005 թվականի թիվ 1Կ-04/1-1686 գրության համաձայն` «18.03.2005 թվականին դիմել եք իրավունքների պետական գրանցում ստանալու համար: Ձեր դիմումին ընթացք չի տրվում, քանի որ նշված հասցեում առկա է 63,4 քմ ինքնակամ զբաղեցրած հող, չեք կատարել սահմանված վճարումները» (գ.թ. 10)։

3) Աննա Հարությունյանը պետական գրանցման համար 14.05.2008 թվականի թիվ 42591 դրամարկղային մուտքի օրդերով թիվ 900005016178 հաշվեհամարին վճարել է 1.000 ՀՀ դրամ, իսկ նույն օրվա թիվ 42592 դրամարկղային մուտքի օրդերով թիվ 9000013220018 հաշվեհամարին որպես ծառայությունների վճար վճարել է 11.000 ՀՀ դրամ (գ.թ. 11)։

4) Կադաստրի 16.05.2008 թվականի թիվ 1Կ-04/1-4349 գրության համաձայն` «14.05.2008 թվականին դիմել եք Չեխովի փողոց 1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար: Ձեր դիմումին ընթացք չի տրվում, քանի որ Ձեր կողմից օգտագործվում է 54,8 քմ ինքնակամ զբաղեցված հողամաս, որի վրա առկա է 54,8 քմ ինքնակամ կառուցված շինություն, չեք ներկայացրել ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման պահանջներին համապատասխան հասցեի տրամադրման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումը, և սահմանված վճարումները կատարված են մասամբ» (գ.թ. 12):

5) 20.04.2010 թվականի թիվ Ս-1-34/1-10 գրությամբ Աննա Հարությունյանի ներկայացուցիչը Կադաստրին խնդրել է հաշվարկել և հայտնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու համար պահանջվող գումարի չափն ամբողջությամբ, ինչպես նաև հայտնել այն հաշվեհամարը, որին պետք է կատարվի վճարումը (գ.թ. 47):

6) Աննա Հարությունյանի ներկայացուցչի 20.04.2010 թվականի թիվ Ս-1-34/1-10 գրությանն ի պատասխան Կադաստրի 25.02.2010 թվականի թիվ 1Կ-04/1185 գրությամբ հայտնվել է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար վճարումները գանձվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի և Կադաստրի նախագահի 10.06.2009 թվականի թիվ 139-Ն հրամանի համաձայն: Կադաստրի 16.05.2008 թվականի թիվ 1Կ-04/1-4349 պատասխանում նշված վճարման գումարները վերաբերում են Չեխովի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի չափագրման աշխատանքների համար սահմանված վճարներին` 1 քմ շինության համար` 20 ՀՀ դրամ, 1 քմ հողամասի համար` 3 ՀՀ դրամ (գ.թ. 48):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`

ա. չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան.

բ. բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը.

գ. ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:

Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի վերլուծությանը:

Մասնավորապես Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Կադաստրը միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ (տես՝ ըստ Բորիս Մկրտչյանի դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման` պետական մարմնի ապօրինի գործողությունները վիճարկելու պահանջի մասին քաղաքացիական գործով 28.09.2006 թվականի թիվ 3-1640(ՎԴ) որոշումը)։

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության 16.01.1998 թվականի «Անշարժ գույքի հաշվառման, կադաստրային գնահատման, պետական գրանցման կարգի մասին» 20-Կ հրամանի «Ընդհանուր դրույթներ» գլխի 1-ին և 4-րդ կետերի համաձայն՝ անշարժ գույքի հաշվառումը, պետական գրանցումը և կադաստրային գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը` իր տարածքային մարմինների միջոցով: Սահմանված կարգով հաշվառման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում առկա անշարժ գույքը անկախ սեփականության ձևից:

Նույն հրամանի «Անշարժ գույքի հաշվառում» գլխի 5-րդ կետի համաձայն՝ պետական հաշվառումը իր մեջ ընդգրկում է նաև անշարժ գույքի գույքագրման, տեղանքի հանույթի և քարտեզագրման իրականացման աշխատանքները, իսկ նույն գլխի 6-րդ կետի համաձայն՝ գույքագրման աշխատանքները կատարվում են բնության մեջ անշարժ գույքի փաստացի վիճակի չափագրման միջոցով:

Չափագրումները կատարվում են պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից: Անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների կատարման աշխատանքների ժամանակ չափագրումն իրականացնող անձը իրավունք ունի`

ա) անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի) մասնակցությամբ կատարելու հողամասերի, շենքերի, շինությունների չափագրումներ:

Նույն հրամանի «Անշարժ գույքի հաշվառում» գլխի 8-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի չափագրման տվյալները լրացվում են հատուկ ձևաթղթի (անշարժ գույքի դասավորության ուրվագիծ) վրա:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հրամանով նախատեսված կարգով և չափով չափագրման աշխատանքների համար վճարում կատարելու համար անհրաժեշտ է, որ լիազոր մարմնի կողմից կատարվեն չափագրման աշխատանքներ, կազմվի համապատասխան փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա կատարված չափագրման աշխատանքների համար լիազոր պետական մարմնի կողմից վճարումներ պահանջելու և անձի կողմից վճարում կատարելու համար:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ «հայցվորը չի կատարել պետական գրանցման համար անհրաժեշտ չափագրման համար վճարումը, ինչը նշանակում է, որ առկա է եղել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով նախատեսված հիմք պետական գրանցումը մերժելու համար»:

Մինչդեռ, վերոնշյալից հետևում է, որ չափագրում կատարելու և վճարման ենթակա գումարի չափը հաշվարկելու պարտականությունը դրված է Կադաստրի վրա, մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Կադաստրի կողմից կատարվել են համապատասխան չափագրման աշխատանքներ, որի հիման վրա կատարվել է վճարման ենթակա գումարի հաշվարկ, իսկ Աննա Հարությունյանը հրաժարվել է չափագրման աշխատանքներ կատարելու համար վճարում կատարելուց:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է չափագրման վճարը վճարված չլինելու հիմքով իրավունքի պետական գրանցումը մերժելու իրավական խնդրին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Կադաստրն իրավունք չուներ մերժելու նշված փաստաթղթերից ծագող սեփականության իրավունքի գրանցումն օրենքով չնախատեսված որևէ հիմքով, մասնավորապես` հողամասի չափագրման վճար գանձված չլինելու հիմքով, ինչը հետևանք է նույն Կադաստրի կողմից նման չափագրում չկատարելու (տես՝ Արմեն Գյուրջյանի ընդդեմ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման, Երևանի քաղաքապետարանի՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին 28.09.2006 թվականի թիվ 3-1923(ՎԴ) որոշումը):

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ, 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.08.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան