Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.21
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0127/05/10

վարչական գործ թիվ ՎԴ2/0127/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմինե Անտոնյանի, Մարիաննա և Օնիկ Արզումանյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արմինե Անտոնյանի, Մարիաննա Արզումանյանի, երրորդ անձ Օնիկ Արզումանյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջևանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), երրորդ անձինք Աստղիկ Անտոնյանի, Անուշ Գուլակյանի՝ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2008 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 վճռի հիման վրա Աստղիկ Անտոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Աստղիկ Անտոնյանի և Անուշ Գուլակյանի միջև 04.12.2008 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Անուշ Գուլակյանի անվամբ 09.12.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Իջևանի Անկախության փողոցի 17/23 հասցեի բնակարանի նկատմամբ 1/5-ական բաժիններով սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արմինե Անտոնյանը, Մարիաննա Արզումանյանը և երրորդ անձ Օնիկ Արզումանյանը պահանջել են անվավեր ճանաչել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2008 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 վճռի հիման վրա Աստղիկ Անտոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Աստղիկ Անտոնյանի և Անուշ Գուլակյանի միջև 04.12.2008 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Անուշ Գուլակյանի անվամբ 09.12.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և պարտավորեցնել Կադաստրին Իջևանի Անկախության փողոցի 17/23 հասցեի բնակարանի նկատմամբ 1/5-ական բաժիններով կատարել Արմինե Անտոնյանի, Մարիաննա և Օնիկ Արզումանյանների սեփականության իրավունքի պետական գրանցում։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արմինե Անտոնյանը, Մարիաննա և Օնիկ Արզումանյանները։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը, 301-րդ հոդվածի 1-ին կետը, «Անշարժ գույքի մասին» 27.12.1995 թվականի ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, սխալ մեկնաբանելով «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, անտեսել է այն հանգամանքը, որ 1994 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 884 սեփականության իրավունքի գրանցման վկայականը բնակարանի սեփականաշնորհման փաստը հավաստող, այլ ոչ թե իրավունք տրամադրող փաստաթուղթ է և հաշվի չի առել, որ տվյալ դեպքում սեփականության իրավունքը ծագել է «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի, պատգամավորների Իջևանի քաղաքային գործկոմի «Իջևան քաղաքի պետական և հանրային բնակֆոնդի մի շարք բնակարաններ քաղաքացիներին սեփականաշնորհելու թուլտվություն տալու մասին» 20.07.1994 թվականի նիստի թիվ 8 արձանագրության հիման վրա և համապատասխան մարմնում ստացել է գրանցում:

Այսինքն՝ Արմինե Անտոնյանի, Մարիաննա և Օնիկ Արզումանյանների սեփականության իրավունքը ծագել է բնակարանը սեփականաշնորհելիս և անկախ այն հանգամանքից, որ վկայականում նշված է միայն ժորա Անտոնյանի անունը, նրանք դարձել են համասեփականատերեր:

Դատարանն անտեսել է, որ Կադաստրի 2008 թվականի հուլիսի 17-ի թիվ 390 տեղեկանքով հավաստվում է, որ Արմինե Անտոնյանը, Մարիաննա և Օնիկ Արզումանյանները վիճելի բնակարանի համասեփականատերեր են։

Դատարանը հաշվի չի առել, որ «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 27.12.1995 թվականին և այն հետադարձ ուժ չի ունեցել: Այսինքն՝ դրանով չի նախատեսվել մինչև օրենքի ընդունումը ծագած հարաբերության վրա տարածումը։ Իսկ վիճելի բնակարանը սեփականաշնորհվել է 1994 թվականին և դրա նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել, ու սեփականության իրավունքի վկայականը տրվել է նույն թվականին, այսինքն՝ մինչև «Անշարժ գույքի մասին» 27.12.1995 թվականի ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը։ Հետևաբար, սեփականության իրավունքի գրանցումը չէր կարող կատարվել «Անշարժ գույքի մասին» 27.12.1995 թվականի ՀՀ օրենքի հիման վրա։

Դատարանն անտեսել է, որ սեփականության իրավունքի վկայական տրված չլինելու հանգամանքը չի կարող դիտվել որպես Արմինե Անտոնյանի, Մարիաննա և Օնիկ Արզումանյանների սեփականության իրավունքի գրանցման բացակայություն։

 

2. Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ ի սկզբանե Աստղիկ Անտոնյանը բնակարանի սեփականատեր չի հանդիսացել և իրավունք չի ունեցել վաճառելու բնակարանը։

Անուշ Գուլակյանը, ով գույքը հատուցմամբ ձեռք է բերել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, ինչի մասին նա չգիտեր և չէր կարոդ իմանալ, բարեխիղճ ձեռքբերող է, իսկ վիճելի բնակարանը Արմինե Անտոնյանի, Մարիաննա և Օնիկ Արզումանյանների տիրապետումից դուրս է եկել անկախ նրանց կամքից, ուստի այն ենթակա է վերադարձման։

Հետևաբար, բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ, որի պայմաններում տվյալ գործարքն անվավեր է։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. «Պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի «Իջևան քաղաքի պետական և հանրային բնակարանային ֆոնդի մի շարք բնակարաններ քաղաքացիներին սեփականաշնորհելու թույլտվություն տալու մասին» 20.07.1994 թվականի նիստի թիվ 8 արձանագրությունից քաղվածքի համաձայն՝ Ժորա Անտոնյանին և նրա ընտանիքի չորս անդամներին` կնոջը՝ Սվետլանա Գինոսյանին, աղջկան՝ Արմինե Անտոնյանին և թոռներին՝ Մարիաննա և Օնիկ Արզումանյաններին, թույլատրվել է սեփականաշնորհել Իջևանի Ենոքի (ներկայումս՝ Անկախության) փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանը: Նույն քաղվածքի համաձայն՝ Ժորա Անտոնյանը մահացել է 2000 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 15)։

2. 07.10.1994 թվականի սեփականության վկայագրի համաձայն՝ պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի 20.07.1994 թվականի նիստի թիվ 8 արձանագրության հիման վրա Իջևանի Ենոքի (ներկայումս՝ Անկախության) փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ Ժորա Անտոնյանի անվամբ տրվել է սեփականության իրավունքի վկայագիր (հատոր 2-րդ, գ.թ. 23)։

3. ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2008 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 վճռով Աստղիկ Անտոնյանը ճանաչվել է Ժորա Անտոնյանի մահից հետո մնացած ժառանգական զանգվածի՝ Իջևանի Անկախության փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ (հատոր 1-ին, գ.թ. 17)։

4. ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2008 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 վճռի հիման վրա Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 11-001-4-12 մատյանի թիվ 11 համարի տակ 02.07.2008 թվականին Իջևանի Անկախության փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ գրանցվել է Աստղիկ Անտոնյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 20)։

5. 04.12.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Աստղիկ Անտոնյանը վաճառել, իսկ Անուշ Գուլակյանը 9.000.000 ՀՀ դրամով գնել է Իջևանի Անկախության փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 56)։

6. 09.12.2008 թվականին Իջևանի Անկախության փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ գրանցվել է Անուշ Գուլակյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 57)։

7. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2009 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 որոշմամբ բեկանվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2008 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 վճիռը, և Աստղիկ Անտոնյանի դիմումը թողնվել է առանց քննության՝ իրավունքի մասին վեճ ծագելու հիմքով: Նշված որոշմամբ հաստատված է համարվել այն հանգամանքը, որ պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի «Իջևան քաղաքի պետական և հանրային բնակարանային ֆոնդի մի շարք բնակարաններ քաղաքացիներին սեփականաշնորհելու թույլտվություն տալու մասին» 20.07.1994 թվականի նիստի թիվ 8 արձանագրությունից քաղվածքի համաձայն՝ թույլատրվել է Ժորա Անտոնյանին՝ ընտանիքի ութ անձով՝ Ժորա Անտոնյանին, կնոջը՝ Սվետլանա Գինոսյանին, դստերը՝ Արմինե Անտոնյանին և թոռներին՝ Սրապիոն, Հրայր, Աշոտ Մկրտումյաններին, Մարիաննա և Օնիկ Արզումանյաններին, սեփականաշնորհել Իջևանի Ենոքի (ներկայումս՝ Անկախության) փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 18-21)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1. վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները։

Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն։

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է սեփականաշնորհման արդյունքում սեփականության իրավունքի ծագման իրավական հարցին։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում։ Այդպիսիք են՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը (տե´ս Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Եվա Գևորգյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և տան 1/2 մասի սեփականատեր ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի թիվ ՎԴ/0476/05/08 որոշումը)։

Սույն գործով հայցը մերժելիս Դատարանը հաստատված է համարել, որ բնակարանի սեփականաշնորհման ժամանակ համահայցվորները և Օնիկ Արզումանյանը գրանցված լինելով բնակարանում, մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն՝ նրանց համար օրենքի համապատասխան պայմաններն առկա են եղել բնակարանի սեփականաշնորհման ժամանակ որպես դրա համասեփականատերեր հանդես գալու համար:

Միաժամանակ, Դատարանը արձանագրելով, որ բնակարանի սեփականաշնորհումը կատարվել է միայն Ժորա Անտոնյանի անունով, հանգել է այն հետևության, որ վիճելի բնակարանի սեփականության իրավունքի վկայականի համաձայն` բնակարանի միակ սեփականատերը Ժորա Անտոնյանն է, և այդ վկայականում որևէ նշում չկա այն մասին, որ բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Ժորա Անտոնյանի ընտանիքի բոլոր անդամներին, ինչպես նաև որևէ նշում չկա ընտանիքի անդամների վերաբերյալ: Բացի այդ, Դատարանը նշել է, որ գործում առկա փաստաթղթերով ոչ թե ապացուցվում է համահայցվորների և Օնիկ Արզումանյանի սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ, այլ այդպիսի իրավունք ձեռք բերելու հնարավորությունը, որը նրանք ունեին բնակարանի սեփականաշնորհման պահին, որը սակայն ժամանակին չի իրագործվել և բնակարանի մեկ հինգերորդական բաժնեմասերի նկատմամբ նրանց սեփականության իրավունքը երբևէ չի գրանցվել, թեև ստորաբաժանումում նրանք հաշվառված են եղել որպես բնակարանի համասեփականատերեր: Ընդ որում հաշվառված լինելը հիմք չէ եզրահանգելու, որ նրանք բնակարանի նկատմամբ համատեղ սեփականության իրավունք են ձեռք բերել:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի 20.07.1994 թվականի նիստի թիվ 8 արձանագրությունից քաղվածքի համաձայն՝ Ժորա Անտոնյանին և նրա ընտանիքի չորս անդամներին, կնոջը՝ Սվետլանա Գինոսյանին, աղջկան՝ Արմինե Անտոնյանին և թոռներին՝ Մարիաննա և Օնիկ Արզումանյաններին, թույլատրվել է սեփականաշնորհել Իջևանի Ենոքի (ներկայումս՝ Անկախության) փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանը:

07.10.1994 թվականի սեփականության վկայագրով Իջևանի Ենոքի (ներկայումս՝ Անկախության) փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ գրանցվել է Ժորա Անտոնյանի սեփականության իրավունքը։ Սեփականության իրավունքի գրանցման հիմքում դրվել է պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի 20.07.1994 թվականի նիստի թիվ 8 արձանագրությունը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2009 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 որոշմամբ հաստատվել է, որ պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի «Իջևան քաղաքի պետական և հանրային բնակարանային ֆոնդի մի շարք բնակարաններ քաղաքացիներին սեփականաշնորհելու թույլտվություն տալու մասին» 20.07.1994 թվականի նիստի թիվ 8 արձանագրությունից քաղվածքի համաձայն՝ թույլատրվել է Ժորա Անտոնյանին՝ ընտանիքի ութ անձով՝ Ժորա Անտոնյանին, կնոջը՝ Սվետլանա Գինոսյանին, դստերը՝ Արմինե Անտոնյանին և թոռներին՝ Սրապիոն, Հրայր, Աշոտ Մկրտումյաններին, Մարիաննա և Օնիկ Արզումանյաններին, սեփականաշնորհել Իջևանի Ենոքի (ներկայումս՝ Անկախության) փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանը:

Վերոգրյալը հիմք ընդունելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմինե Անտոնյանը, Մարիաննա և Օնիկ Արզումանյանները «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի ուժով, Իջևանի Անկախության փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք և դարձել են այդ բնակարանի համասեփականատերեր:

Բացի այդ, սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2008 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 վճռով Աստղիկ Անտոնյանը ճանաչվել է Ժորա Անտոնյանի մահից հետո մնացած ժառանգական զանգվածի՝ Իջևանի Անկախության փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, որի հիման վրա Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 11-001-4-12 մատյանի թիվ 11 համարի տակ 02.07.2008 թվականին Իջևանի Անկախության փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ գրանցվել է Աստղիկ Անտոնյանի սեփականության իրավունքը։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2009 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 որոշմամբ բեկանվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2008 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 վճիռը, և Աստղիկ Անտոնյանի դիմումը թողնվել է առանց քննության:

Այսպիսով, հաշվի առնելով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2009 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 որոշմամբ բեկանվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2008 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 վճիռը, և Աստղիկ Անտոնյանի դիմումը թողնվել է առանց քննության, այսինքն՝ վերացել է Աստղիկ Անտոնյանի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելու հիմքը, հետևաբար Աստղիկ Անտոնյանի անվամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 11-001-4-12 մատյանի թիվ 11 համարի տակ 02.07.2008 թվականին Իջևանի Անկախության փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման:

 

2. վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ /բարեխիղճ ձեռք բերող/, ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից։

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում`

1. գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից,

2. ձեռք բերողը չի իմացել կամ չէր կարող իմանալ դրա մասին,

3. սեփականատերը կամ գույքը տիրապետողը կորցրել են գույքը, կամ այն նրանցից հափշտակվել է, կամ դուրս է եկել նրանց տիրապետումից այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից։

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդարադարձել է գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավական հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար, քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ՝ գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ պատճառներով (տես՝ Լաուրա Ամիրյանի հայցի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի, Գոհար Պողոսյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ-սեփականատեր ճանաչելու պահանջի մասին, ըստ հայցի Վիլեն Գաբրիելյանի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի և Գոհար Պողոսյանի՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, ըստ հայցի Եղիսաբեթ Ալավերդյանի ընդդեմ Լաուրա Ամիրյանի, Վիլեն Գաբրիելյանի, Լիլիթ Սևոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման՝ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասինՎճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1311 (ՎԴ) որոշումը)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործարքն անվավեր է` նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք)։

Նույն օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ։ Նման գործարքն անվավեր է կնքելու պահից։

Նույն օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)`հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով։

Սույն գործով Դատարանը, Աստղիկ Անտոնյանի և Անուշ Գուլակյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրի հիմքով Անուշ Գուլակյանի իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելիս պատճառաբանել է, որ գույքի օտարման պահին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2008 թվականի թիվ ՏԴ/0279/02/08 վճիռը դեռևս օրինական ուժի մեջ էր, իսկ դրա հիման վրա բնակարանի նկատմամբ Աստղիկ Անտոնյանի սեփականության իրավունքը գրանցված է, և նա ունեցել է այդ փաստը հաստատող 2008 թվականի հուլիսի 2-ի թիվ 2593567 սեփականության իրավունքի վկայականը: Միաժամանակ, Դատարանը նշել է, որ ստեղծվել է այնպիսի փաստական իրավիճակ, երբ այլևս իրավական հնարավորություններ չկան համահայցվորների իրավունքները վերականգնելու համար, քանի որ բնակարանը երրորդ անձ Անուշ Գուլակյանին է օտարվել օրենքով նախատեսված փաստաթղթերի հիման վրաե: Բացի այդ, Դատարանը նշել է, որ Անուշ Գուլակյանը հանդես է գալիս որպես օրինական, այլ ոչ թե բարեխիղճ ձեռք բերող, իսկ օրինական ձեռք բերողից գույքը հետ վերցնելու հնարավորություն օրենքը չի նախատեսում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արմինե Անտոնյանը, Մարիաննա և Օնիկ Արզումանյանները վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերել «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի ուժով, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ Աստղիկ Անտոնյանը վիճելի գույքն օտարելիս դրա նկատմամբ ունեցել է գրանցված սեփականության իրավունք, սակայն գույքի օտարմամբ Արմինե Անտոնյանի, Մարիաննա և Օնիկ Արզումանյանների գույքը նրանց տիրապետումից դուրս է եկել իրենց կամքից անկախ պատճառներով։ Բացի այդ, ինչպես արդեն նշվեց Աստղիկ Անտոնյանի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելու հիմքը վերացել է, հետևաբար, գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աստղիկ Անտոնյանի և Անուշ Գուլակյանի միջև 04.12.2008 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջների խախտմամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով անվավեր է, ուստի անվավեր է նաև տվյալ պայմանագրից ծագած՝ Իջևանի Անկախության փողոցի թիվ 17 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ Անուշ Գուլակյանի անվամբ 09.12.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի բնակարանի նկատմամբ Արմինե Անտոնյանի, Մարիաննա և Օնիկ Արզումանյանների սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն Կադաստրին պարտավորեցնելու պահանջը ենթակա է բավարարման:

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որի համաձայն` Անուշ Գուլակյանը օրինական, այլ ոչ թե բարեխիղճ ձեռք բերող է, իսկ օրինական ձեռք բերողից գույքը հետ վերցնելու հնարավորություն օրենքը չի նախատեսում, ապա Վճռաբեկ դատարանն այն նույնպես անհիմն է համարում՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 275-րդ հոդվածի վերոնշյալ մեկնաբանությունը և այն հանգամանքը, որ Դատարանը չի հիմնավորել օրինական և բարեխիղճ ձեռք բերող իրավական եզրույթների տարանջատումը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկվի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջներ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա հայցը պետք է քննվի այն դատարանում, որի առարկայական ընդդատությանն է ենթակա ներկայացված հիմնական պահանջը։

Սույն գործով հայցի առարկան է 04.12.2008 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Անուշ Գուլակյանի անվամբ 09.12.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Աստղիկ Անտոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու և Կադաստրին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնական պահանջն առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելն է, իսկ Անուշ Գուլակյանի անվամբ 09.12.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը և Կադաստրին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջը, առաջինի իրավական հետևանքներն են:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը Վարչական դատարանում քննության ենթակա չէ (տես նաև՝ Ռուբեն Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի, երրորդ անձինք Ռաֆայել Սարգսյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1070/05/08 որոշումը)։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան