Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (03.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ստորագրման ամսաթիվ
29.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2021

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

ձգտելով ստեղծել մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ,

նպատակ ունենալով հաստատելու ապրանքների շրջանառության օրինականությունը դրանք մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխելիս,

ցանկանալով ապահովել ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

անձ՝ ֆիզիկական անձ, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, ինչպես նաև իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն.

հետագծելիության մեխանիզմ՝ հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակման հիման վրա գործող և ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության նպատակներով հետագծելիությունն ապահովող համակարգ.

հետագծելիության ազգային համակարգ՝ անդամ պետության տեղեկատվական համակարգ, որն ապահովում է հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների հավաքումը, հաշվառումը և պահպանումը.

ապրանքների շրջանառություն՝ հետագծելիության ենթակա ապրանքների բաց թողում՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների իրացում, մի անդամ պետության տարածքից այլ

անդամ պետության տարածք դրանց տեղափոխում՝ իրացման հետ կապված և սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում.

հետագծելիություն՝ սույն Համաձայնագրի իրագործման նպատակներով հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների հաշվառման կազմակերպում՝ հետագծելիության ազգային համակարգերի օգտագործմամբ.

ապրանքների իրացում՝ ապրանքների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի փոխանցում մի անձի կողմից այլ անձի՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված ցանկացած եղանակով.

մանրածախ առևտուր՝ առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքներ ձեռք բերելու և վաճառելու հետ՝ դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային նպատակներով և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող այլ նպատակներով օգտագործելու համար.

ուղեկցող փաստաթուղթ՝ հաշիվ-ապրանքագիր կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ, որից վերցված տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում.

հետագծելիության ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ, սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հետագծելիություն է իրականացվում:

Սույն Համաձայնագրում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

 

Հոդված 2

 

1. Սույն Համաձայնագիրը սահմանում է հետագծելիության մեխանիզմի գործունեության կարգը:

2. Սույն Համաձայնագրին համապատասխան՝ հետագծելիությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում (այսուհետ, համապատասխանաբար՝ Հանձնաժողով, ցանկ) ընդգրկված, Միության մաքսային տարածք ներմուծված հետևյալ ապրանքների նկատմամբ.

1) «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ,

2) «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքներ, որոնք առգրավվել են կամ այլ ձևով դարձել են պետության սեփականություն (եկամուտ),

3) «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքներ, որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին,

4) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքներ:

3. Այն հանգամանքները, որոնց ի հայտ գալու դեպքում սույն հոդվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված ապրանքները ենթակա են հետագծելիության, որոշվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

4. Ցանկը պետք է պարունակի ապրանքի անվանումը, 10 նիշ ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, ինչպես նաև հետագծելիություն իրականացնելու նպատակներով օգտագործվող ապրանքի քանակական չափման միավորը (այսուհետ՝ ապրանքի քանակական չափման միավոր):

Ցանկը հաստատելու կամ դրանում փոփոխություններ (բացի ապրանքը ցանկից հանելու հետ կապված փոփոխություններից) կատարելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:

5. Սույն Համաձայնագրի գործողությունը չի տարածվում՝

1) Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների կամ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած), (վերամշակման արդյունքներ, թափոններ և մնացորդներ) և «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.

2) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների, «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Միության ապրանքներից պատրաստված (ստացված) և «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.

3) «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների, «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների և «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.

4) այն ապրանքների նկատմամբ, որոնց ներմուծումը, ձեռքբերումը, փոխանցումը կամ օտարումը ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է անձնական, ընտանեկան, ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող այլ նպատակներով.

5) այն ապրանքների նկատմամբ, որոնք նախատեսված են պաշտոնական օգտագործման համար Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպություններում պետությունների ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից, որոնք օգտվում են արտոնություններից և (կամ) անձեռնմխելիությունից`համաձայն երրորդ պետությունների հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերի, և անդամ պետությունների և միջազգային կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի համաձայն, որոնցով արտոնություններ և անձեռնմխելիություն է տրվում անդամ պետության տարածքում`այդ անդամ պետության միջազգային պայմանագրերի համաձայն:

6. Հետագծելիություն չի իրականացվում՝

1) մանրածախ առևտրում իրացված՝ հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ.

2) հետագծելիության ենթակա այն ապրանքների նկատմամբ, որոնց մասին տեղեկությունները պարունակում են, անդամ պետությունների օրենսդրության համապատասխան, պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկատվություն.

3) հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում:

7. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել անձինք և (կամ) այն դեպքերը, երբ անձինք իրավունք ունեն հետագծելիության ազգային համակարգում չներառելու հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ՝ այդպիսի ապրանքներն այդ անձանց և (կամ) դեպքերը սահմանող անդամ պետության տարածքում իրացնելու և (կամ) օգտագործելու պայմանով:

 

Հոդված 3

 

1. Հետագծելիության մեխանիզմի շրջանակներում անդամ պետություններն ապահովում են հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակումը՝ սույն Համաձայնագրին համապատասխան:

2. Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված՝ տարբեր անդամ պետությունների անձանց միջև կատարվող գործառնությունների մասին տեղեկությունների փոխանակումը կատարվում է կանոնավոր՝ սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան:

Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված այն գործառնությունների մասին տեղեկությունների փոխանակումը, որոնք նախորդում են մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք այդ ապրանքների տեղափոխմանը, կատարվում է սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան:

3. Հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակումն ապահովվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:

 

Հոդված 4

 

1. Հետագծելիության ազգային համակարգերի ստեղծումն ու դրանց գործունեության ապահովումն անդամ պետությունների կողմից իրականացվում են սույն Համաձայնագրին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրոնային տեսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

2. Հետագծելիության ազգային համակարգերում ներառվում են հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ:

3. Ցանկը հաստատելու (ցանկում փոփոխություններ կատարելու) մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Միության մաքսային տարածքում փաստացի գտնվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները ենթակա են հետագծելիության ազգային համակարգերում ներառման՝ Հանձնաժողովի նշված որոշմամբ սահմանվող ժամկետներում և կարգով:

4. Մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող տեղափոխման մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու դեպքերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կողմից կարող է սահմանվել նշված տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու կարգ:

5. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում առնվազն այն ծավալով, որն անհրաժեշտ է սույն Համաձայնագրի 8-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակման համար:

6. Հետագծելիության ազգային համակարգը պետք է ապահովի՝

1) հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների լրիվությունը.

2) հետագծելիության ենթակա ապրանքների հաշվառումը՝ ցանկով նախատեսված չափման քանակական միավորների օգտագործմամբ.

3) ուղեկցող փաստաթղթի և այն փաստաթղթի միջև փոխկապվածությունը, որի հիման վրա ապրանքների մասին տեղեկությունները ներառվել են հետագծելիության ազգային համակարգում (ապրանքների հայտարարագիր, մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմում, սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթեր).

4) հաջորդ ուղեկցող փաստաթղթի փոխկապվածությունը նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ.

5) հետագծելիության ազգային համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունը.

6) հետագծելիության ենթակա ապրանքների (ապրանքների խմբաքանակի) փաստաթղթային նույնականացումը անդամ պետությունների օրենսդրության համապատասխան դրանց շրջանառության ժամանակ:

 

Հոդված 5

 

1. Հետագծելիության ազգային համակարգում ներառվում են տեղեկություններ.

1) ապրանքների հայտարարագրից, ապրանքների հայտարարագրերի ճշգրտումներից, մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումից (սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների մասով).

2) այն փաստաթղթերից, որոնց հիման վրա սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված՝ հետագծելիության ենթակա ապրանքները, անդամ պետությունների օրենսդրության համապատասխան, ներառվում են հետագծելիության ազգային համակարգում.

3) ուղեկցող փաստաթղթերից, այդ թվում՝ ճշգրտված ուղեկցող փաստաթղթերից.

4) հետագծելիության վերսկսումը հաստատող փաստաթղթերից՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան.

5) անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված այլ փաստաթղթերից.

6) այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել հետագծելիության ազգային համակարգում սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերի նույնականացման հատկանիշների կիրառման մեխանիզմների սահմանման և էլեկտրոնային ձևով ապրանքների կարգավիճակի փոփոխման հնարավորություն՝ առանց նշված դեպքերի համար փաստաթղթերի առանձին տեսակներ հաստատելու:

3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառվում են այն ժամկետներում, որոնք սահմանվում են՝

1) Հանձնաժողովի կողմից՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված, փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ.

2) անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված, փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ.

3) անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով՝ սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված, փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ:

4. Այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից տեղեկություններն անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում ներառվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող ժամկետներում:

5. Տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգ մուտքագրելու համար պատասխանատու անձինք սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

6. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգերում պահպանելու ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

7. Սույն Համաձայնագրին համապատասխան հետագծելիությունն ապահովելու նպատակներով օգտագործվում են տեղեկություններ, այդ թվում՝ այն ապրանքների հայտարարագրերից, որոնց փոխանակումն իրականացվում է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան:

 

Հոդված 6

 

1. Հետագծելիությունը դադարում է հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված վերջին գործառնության մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու օրվանից 5 տարին լրանալուց հետո, իսկ եթե այդպիսի գործառնություններ չեն իրականացվել, ապա հետագծելիության ազգային համակարգում այն տեղեկությունների մուտքագրման օրվանից 5 տարին լրանալուց հետո, որոնք մուտքագրվել են ապրանքների այն հայտարարագրից կամ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման մասին դիմումից, որոնցով այդ ապրանքները ձևակերպվել էին «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կամ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթից, կամ հետագծելիության ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների առնչությամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ՝ պակաս տևողությամբ ժամկետի լրանալուց հետո:

2. Մինչև սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի լրանալը, հետագծելիությունը դադարում է, եթե հետագծելիության ենթակա ապրանքները հանվել են ցանկից:

3. Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել այն դեպքերը, երբ հետագծելիությունը դադարում է մինչև սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետը լրանալը, և հետագծելիության դադարման ժամկետները տվյալ դեպքերում:

4. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել հետագծելիության դադարման կարգ և ժամկետներ մինչև սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետը լրանալը՝ հետևյալ դեպքերում.

1) հետագծելիության ենթակա ապրանքների օգտագործումը արտադրության մեջ, այդ թվում վերամշակման մեջ, անդամ պետության տարածքում,

2) հետագծելիության ենթակա ապրանքների թաղում, վնասազերծում, ուտիլիզացում կամ ոչնչացում՝ անդամ պետությունների օրենսդրության համապատասխան այլ եղանակով,

3) հետագծելիության ենթակա ապրանքների ոչնչացում և (կամ) անվերադարձ կորուստ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով,

4) հետագծելիության ենթակա ապրանքների փոխանցում՝ մանրածախ առևտրի նպատակով, կամ մանրածախ առևտրում հետագծելիության ենթակա ապրանքների իրացում,

5) Միության մաքսային տարածքից հետագծելիության ենթակա ապրանքների փաստացի արտահանում՝ «Արտահանում» մաքսային ընթացակարգին կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան:

5. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո կամ հետագծելիության ենթակա ապրանքները մանրածախ առևտրի նպատակով փոխանցելու դեպքում հետագծելիության դադարումից հետո և (կամ) սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված գործառնություններ կատարելու դեպքում հետագծելիությունը վերսկսվում է:

 

Հոդված 7

 

1. Հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձինք պարտավոր են.

1) ձևակերպել ուղեկցող փաստաթղթերը էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն դեպքի, երբ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ձևակերպումն անհնար է՝ տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով, որն առաջացել է տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում.

2) ներկայացնել հետագծելիության ազգային համակարգում ներառման ենթակա՝ ամբողջական և հավաստի տեղեկություններ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանվում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց շարքին չեն դասվում այն անձինք, որոնք փոխադրման (տրանսպորտային առաքման) պայմանագրի հիման վրա, իրականացնում են հետագծելիության ենթակա ապրանքների փոխադրում:

 

Հոդված 8

 

1. Այն անդամ պետությունը, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները, ապահովում է իր հետագծելիության ազգային համակարգում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված՝ տարբեր անդամ պետությունների անձանց միջև իրականացվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների ուղարկումն այն անդամ պետություն, որի տարածք են տեղափոխվում այդ ապրանքները, և՝ այն անդամ պետություններ, որոնց տարածքներով ենթադրվում է իրականացնել հետագծելիության ենթակա ապրանքների փոխադրում, ինչպես նաև՝ այլ անդամ պետություններ, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկություններն ուղարկվում են այդ տեղեկություններն այն անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկություններն ուղարկվում են էլեկտրոնային տեսքով, հետևյալ կազմով (եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի կողմից).

1) այն անդամ պետության ծածկագիրը, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները.

2) տեղեկություններ այն անձի մասին, որն այլ անձի է փոխանցում ապրանքների տիրապետման, օգտագործման և տնօրինման իր իրավունքը, կամ՝ այն անձի մասին, որն իրականացնում է այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող՝ այդ ապրանքների տեղափոխում մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք՝ Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում՝ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4- րդ կետին համապատասխան.

անվանում կամ ազգանուն, անուն, հայրանուն (առկայության դեպքում).

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը կամ բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը.

3) այն անդամ պետության ծածկագիրը, որի տարածք են տեղափոխվում հետագծելիության ենթակա ապրանքները.

4) տեղեկություններ այն անձի մասին, որին սույն կետի 2-րդ ենթակետում նշված

անձի կողմից փոխանցվել է ապրանքների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը.

անվանում կամ ազգանուն, անուն, հայրանուն (առկայության դեպքում). գտնվելու վայրը (բնակության վայրը).

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը կամ բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը.

5) ուղեկցող փաստաթղթի գրանցման համարը և ամսաթիվը.

6) հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը՝ ուղեկցող փաստաթղթին համապատասխան.

7) հետագծելիության ենթակա ապրանքի անվանումը՝ ուղեկցող փաստաթղթին համապատասխան.

8) այն չափման միավորը, որը գործածվում է ուղեկցող փաստաթղթում հետագծելիության ենթակա ապրանքի համար (կարող է չուղարկվել, եթե այդ չափման միավորը համընկնում է ապրանքի այն չափման միավորի հետ, որը գործածվում է հետագծելիության իրականացման նպատակներով՝ ցանկին համապատասխան).

9) ուղեկցող փաստաթղթում նշված հետագծելիության ենթակա ապրանքի քանակությունը՝ այն չափման միավորով, որը գործածվում է ուղեկցող փաստաթղթում (կարող է չուղարկվել, եթե ապրանքի քանակությունը նշված է ապրանքի քանակական չափման միավորով՝ ցանկին համապատասխան).

10) հետագծելիության ենթակա ապրանքի չափման՝ հետագծելիության իրականացման նպատակներով գործածվող քանակական միավորը՝ ցանկին համապատասխան.

11) հետագծելիության ենթակա ապրանքի՝ ուղեկցող փաստաթղթում նշված քանակը՝ ապրանքի չափման գործածվող քանակական միավորով՝ ցանկին համապատասխան.

12) ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան՝ հետագծելիության ենթակա ապրանքները ձևակերպվել են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով (հետագծելիության ենթակա այն

ապրանքների համար, որոնք նշված են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 1- ին ենթակետում).

13) հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը՝ ապրանքների հայտարարագրին համապատասխան (հետագծելիության ենթակա այն ապրանքների համար, որոնք նշված են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում).

14) մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ ապրանքների բաց թողման մասին դիմումից տեղեկությունները, որին համապատասխան՝ հետագծելիության ենթակա ապրանքները ձևակերպվել են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով (հետագծելիության ենթակա այն ապրանքների համար, որոնք նշված են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում, և եթե ուղեկցող փաստաթուղթը փոխկապակցված է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին այդ դիմումի հետ).

գրանցման համարը.

հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը. ուղարկող երկիրը.

նշանակման երկիրը. արժույթը.

հետագծելիության ենթակա ապրանքի արժեքը.

հետագծելիության ենթակա ապրանքի անվանումը և նկարագրությունը. հետագծելիության ենթակա ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական

միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, որը նշված է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ.

հետագծելիության ենթակա ապրանքի չափման միավորը, որը նշված է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բաց թողման մասին դիմումի մեջ (կարող է չուղարկվել, եթե այդ չափման միավորը համընկնում է ապրանքի չափման քանակական միավորի հետ՝ ցանկին համապատասխան).

հետագծելիության ենթակա ապրանքի քանակությունը՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բաց թողման մասին դիմումի մեջ նշված չափման միավորներով (կարող է չուղարկվել, եթե ապրանքի քանակությունը նշված է ապրանքի քանակական չափման միավորով՝ ցանկին համապատասխան).

հետագծելիության ենթակա ապրանքի չափման՝ հետագծելիության իրականացման նպատակներով գործածվող քանակական միավորը՝ ցանկին համապատասխան.

հետագծելիության ենթակա ապրանքի քանակը՝ ապրանքի չափման՝ քանակական միավորով ցանկին համապատասխան .

հետագծելիության ենթակա ապրանքի համաքաշը. հետագծելիության ենթակա ապրանքի ծագման երկիրը.

15) այն փաստաթղթի անվանումը, գրանցման համարը և ամսաթիվը, որի հիման վրա, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված ապրանքները ներառված են հետագծելիության ազգային համակարգում.

16) հետագծելիության ենթակա ապրանքի նշանակման (առաքման, բեռնաթափման) կետերի մասին տեղեկություններ՝ ուղեկցող փաստաթղթերին համապատասխան (առկայության դեպքում).

17) գույքագրման ակտի (առկայության դեպքում) ամսաթիվը և գրանցման համարը.

18) հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը՝ գույքագրման ակտին համապատասխան (առկայության դեպքում).

19) հետագծելիության ենթակա ապրանքային միավորի վրա զետեղված նույնականացման համարը (հետագծելիության ազգային համակարգում դրա առկայության դեպքում).

20) հետագծելիության ենթակա ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց շարքին չեն դասվում այն անձինք, որոնք փոխադրման (տրանսպորտային առաքման) պայմանագրի հիման վրա իրականացնում են հետագծելիության ենթակա ապրանքների փոխադրում:

 

Հոդված 9

 

1. Այն անդամ պետությունը, որի տարածքից տեղափոխվում են (տեղափոխվել են) հետագծելիության ենթակա ապրանքները, այն անդամ պետության լիազորված մարմնի հարցման հիման վրա, որի տարածք են տեղափոխվում (տեղափոխվել) այդ ապրանքները, ապահովում է այդ անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում առկա՝ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված՝ մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք այդպիսի ապրանքների տեղափոխմանը նախորդող գործառնությունների մասին տեղեկությունների տրամադրումը:

2. Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված՝ մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք ապրանքների տեղափոխմանը նախորդող գործառնությունների մասին տեղեկությունների տրամադրման մասին հարցումների ուղարկման և կատարման կարգը, ինչպես նաև տրամադրվող տեղեկությունների կազմը և դրանց տրամադրման ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հարցված տեղեկությունները տրամադրվում են հետագծելիության ազգային համակարգերում տեղեկությունների պահպանման՝ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող ժամկետը չգերազանցող ժամանակահատվածի համար:

 

Հոդված 10

 

1. Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով՝ ապրանքների հայտարարագրում և ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքի բաց թողման մասին դիմումի մեջ, որոնց համապատասխան՝ հետագծելիության ենթակա ապրանքները ձևակերպվում են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերում, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերում պետք է նշվեն տեղեկություններ ցանկով նախատեսված՝ ապրանքների չափման քանակական միավորների և հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ միավորներով արտահայտված քանակության մասին: Այդ տեղեկությունները նշվում են ապրանքների հայտարարագրերում և մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բաց թողման մասին դիմումի մեջ՝ Հանձնաժողովի կողմից ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բաց թողման մասին դիմումի լրացման համար սահմանված կարգով, իսկ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերում և ուղեկցող փաստաթղթերում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել հետագծելիության և (կամ) հետագծելիության մեխանիզմի գործունեության առանձնահատկություններ այն դեպքերի համար, երբ հետագծելիության ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում էր Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և (կամ) Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանված առանձնահատկություններով, կամ այդ ապրանքները բաց էին թողնվում մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան:

3. Հետագծելիության ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխելիս տարանցիկ հայտարարագրում նշվում են ուղեկցող փաստաթղթի գրանցման համարը և ամսաթիվը:

Այդ ապրանքների մասին տեղեկությունները սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 3- րդ կետում նշված կազմով ներառվում են Հայաստանի Հանրապետության հետագծելիության ազգային համակարգում մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետության տարածք դրանց տեղափոխման պահը և ուղարկվում են այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգեր՝ սույն Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով:

Ուղեկցող փաստաթղթի գրանցման համարի և ամսաթվի մասին տեղեկությունները նշվում են տարանցման հայտարարագրում՝ տարանցման հայտարարագիրը լրացնելու համար Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 11

 

1. Մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխում չի թույլատրվում հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում բացակայում են՝ տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով, որն առաջացել է տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում.

2. Հանձնաժողովի կողմից սահմանվում է մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման իրավաչափության հաստատման կարգ՝ տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով հետագծելիության ազգային համակարգում այդպիսի տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, Հանձնաժողովի կողմից սահմանված այլ դեպքերում, և անդամ պետությունների լիազորված մարմիններին տեղեկատվական համակարգերի անսարքության մասին տեղեկացման կարգ:

Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:

3. Անդամ պետություններն ապահովում են հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն՝ իրենց օրենսդրության համապատասխան:

 

Հոդված 12

 

1. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին այն տեղեկությունները, որոնք, սույն Համաձայնագրին համապատասխան, ներառված են հետագծելիության ազգային համակարգերում, անդամ պետությունների օրենսդրության համապատասխան սահմանված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվում են միայն հետագծելիության նպատակներով՝ սույն Համաձայնագրին համապատասխան:

Անդամ պետություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում՝ նշված տեղեկությունները անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից ոչ իրավաչափ տարածվելուց պաշտպանելու համար և ապահովում են այդ տեղեկություններին հասանելիություն ունեցող անձանց շրջանակի սահմանափակումը, ինչպես նաև դրանց պաշտպանությունը՝ իրենց օրենսդրությանը համապատասխան:

2. Անդամ պետությունների պետական իշխանության մարմինները և (կամ) կազմակերպությունները, որոնք սահմանվել են սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ինչպես նաև անդամ պետությունների՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված պետական իշխանության մարմինները, որոնք, սույն Համաձայնագրին համապատասխան, հասանելիություն են ստացել հետագծելիության ազգային համակարգերում ներառված տեղեկություններին, դրանց պաշտոնատար անձինք (աշխատողները) իրավունք չունեն հրապարակելու, անձնական նպատակներով օգտագործելու կամ այլ անձանց (այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմիններին) փոխանցելու առևտրային, հարկային, բանկային և անդամ պետությունների օրենսդրությամբ պաշտպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվություն, ինչպես նաև այլ կոնֆիդենցիալ տեղեկատվություն՝ բացառությամբ, սույն Համաձայնագրին համապատասխան, այդ տեղեկատվության փոխանցման, և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

 

Հոդված 13

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների կառավարությունները սահմանում են.

1) անդամ պետությունների պետական իշխանության այն մարմինը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումը՝ սույն Համաձայնագրին համապատասխան.

2) անդամ պետության պետական իշխանության այն մարմինը կամ կազմակերպությունը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պետական իշխանության մարմինների և (կամ) կազմակերպությունների սահմանման օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները դրանց մասին տեղեկացնում են Հանձնաժողովին:

3. Անդամ պետության պետական իշխանության մարմինը, որը նշված է սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում, իր սահմանման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովին տեղեկացնում է ուղեկցող փաստաթղթի անվանման մասին, որից տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում:

4. Հանձնաժողովը, սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան տեղեկատվությունն ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնում է անդամ պետություններին:

 

Հոդված 14

 

1. Հետագծելիության մեխանիզմի ներդրումն իրականացվում է փուլ առ փուլ:

2. Առաջին փուլում հետագծելիության մեխանիզմը գործում է պիլոտային ծրագրի շրջանակներում:

3. Անդամ պետությունները պարտավորվում են հետագծելիության մեխանիզմի ներդրման պիլոտային ծրագրի իրագործումն սկսել սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիսը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան նշված օրվան հաջորդող ամսվա 1-ին օրը:

Հետագծելիության մեխանիզմի ներդրման պիլոտային նախագծի իրագործման ժամկետները և պայմանները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

4. Պիլոտային ծրագրի իրագործումն սկսելու օրվանից անդամ պետություններն ապահովում են հետագծելիության ազգային համակարգերի գործունեությունը պիլոտային ծրագրի շրջանակներում՝ հետագծելիության մեխանիզմի իրագործման համար անհրաժեշտ ծավալով:

5. Մշտական հիմունքներով հետագծելիության մեխանիզմն սկսում է գործել պիլոտային ծրագրի արդյունքներով ընդունված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման համապատասխան:

Հետագծելիության մեխանիզմի՝ մշտական հիմունքներով գործունեության սկսման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Հոդված 15

 

1. Հանձնաժողովը ցանկացած անդամ պետության դիմումով 10 օրացուցային օրվա ընթացքում իրականացնում է անդամ պետությունների կողմից հետագծելիության մեխանիզմի գործունեության ապահովման նկատմամբ վերահսկողություն և ծանուցում է անդամ պետություններին այդ վերահսկողության արդյունքների մասին:

Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների կողմից հետագծելիության մեխանիզմի գործունեության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացման և անդամ պետություններին այդ վերահսկողության արդյունքների մասին ծանուցման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

2. Եթե Հանձնաժողովի կողմից նման հսկողության արդյունքներով պարզվել է, որ անդամ պետություններից որևէ մեկը չի ապահովում հետագծելիության մեխանիզմի գործունեությունը, ապա մյուս անդամ պետություններն իրավունք ունեն կասեցնելու այդ անդամ պետությանը սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների կանոնավոր ուղարկումն ու սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների տրամադրումը:

3. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների կանոնավոր ուղարկումը և սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների տրամադրումն այն անդամ պետությանը, որը չի ապահովել հետագծելիության մեխանիզմի գործունեությունը, վերսկսվում են Հանձնաժողովի կողմից՝ այդ անդամ պետության կողմից հետագծելիության մեխանիզմի գործունեության ապահովումը հաստատելուց և անդամ պետություններին այդ մասին ծանուցելուց հետո:

4. Հանձնաժողովի կողմից հետագծելիության մեխանիզմի գործունեությունը չապահովելու փաստը արձանագրվելուց հետո, սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների կանոնավոր ուղարկումը և սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների տրամադրումը կասեցնելու ժամանակահատվածում տեղեկությունների ուղարկումը (տրամադրումը) կասեցրած անդամ պետություններն իրավունք ունեն, իրենց օրենսդրությանը համապատասխան, լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հետագծելիության ենթակա ապրանքների հետագծելիության ապահովման համար, որոնք այդ անդամ պետությունների տարածքներ են տեղափոխվում այն անդամ պետության տարածքից, որին տեղեկությունների ուղարկումը կասեցվել է:

Այդպիսի միջոցների պահպանումը պարտադիր պայման է այդ միջոցները ձեռնարկած անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման համար:

Մինչև Հանձնաժողովի կողմից անդամ պետության կողմից հետագծելիության մեխանիզմի գործունեությունը չապահովելու փաստն արձանագրվելը այլ անդամ պետություններն իրավունք չունեն ձեռնարկելու սույն կետում նշված լրացուցիչ միջոցները:

 

Հոդված 16

 

1. Անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն հետագծելիության ազգային համակարգում կիրառելու սույն Համաձայնագրով չնախատեսված, բայց դրան չհակասող առանձնահատկություններ:

2. Անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն իրենց տարածքում օգտագործելու սույն Համաձայնագրին համապատասխան ստեղծված և գործող՝ հետագծելիության ազգային համակարգ այն ապրանքների համար, որոնք ենթակա չեն հետագծելիության սույն Համաձայնագրին համապատասխան, և որոնց շրջանառությունն իրականացվում է այդ անդամ պետության տարածքում, ինչպես նաև՝ այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների համար:

Սույն Համաձայնագրին համապատասխան ստեղծված և գործող՝ հետագծելիության ազգային համակարգի այդպիսի օգտագործումը չի կարող հիմք դառնալ այլ անդամ պետությունների տարածքներում նշված ապրանքների շրջանառության մասին տեղեկությունների տրամադրում պահանջելու համար:

3. Սույն Համաձայնագրի կիրառումը չի խոչընդոտում անդամ պետություններում այն ապրանքների, այդ թվում՝ սույն Համաձայնագրին համապատասխան՝ հետագծելիության ենթակա այն ապրանքների մասին տեղեկությունների հավաքման, հաշվառման և պահպանման՝ անդամ պետություններում ներդրված և օգտագործվող այլ համակարգերի գործունեությունը, որոնց նկատմամբ, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրության համապատասխան, կիրառվում են այլ պահանջներ կամ պարտավորություններ:

 

Հոդված 17

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը սահմանում է.

1) ուղեկցող փաստաթղթի եզակի նույնականացմանը ներկայացվող պահանջները՝ ներառյալ դրա գրանցման համարի կառուցվածքը.

2) սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և (կամ) կազմակերպությունների և Հանձնաժողովի փոխգործակցության կարգը, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության նշված մարմինների, կազմակերպությունների և Հանձնաժողովի կողմից սույն Համաձայնագրի կատարումը վերահսկելու նպատակով փոխանցվող տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները.

3) ընդհանուր գործընթացների իրականացման կանոններն ու տեխնոլոգիական փաստաթղթերը, որոնցով կանոնակարգվում է հետագծելիության մեխանիզմը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրականացնելիս:

2. Այն դեպքում, եթե Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսվեն անդամ պետությունների կողմից էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխանակում և փոխադարձ ճանաչում, ապա Հանձնաժողովի կողմից կարող են փոփոխություններ կատարվել հետագծելիության մեխանիզմն ապահովող տեխնոլոգիական փաստաթղթերում՝ Միության շրջանակներում տեղեկատվության հավաքման և փոխանցման գործընթացների կրկնօրինակումից խուսափելու համար:

 

Հոդված 18

 

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 19

 

Սույն Համաձայնագրի վերաբերյալ վերապահումներ չեն թույլատրվում:

 

Հոդված 20

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 21

 

Սույն Համաձայնագիրը հանդիսանում է Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր և կազմում է Միության իրավունքի մաս:

 

Հոդված 22

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից:

Կատարված է Նուր-Սուլթան քաղաքում 2019 թվականի մայիսի 29-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն:

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից

Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից

Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից

Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից

Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից