Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
28.09.2018
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
28.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2022

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ՝ Կողմեր,

տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի ապահովման նպատակով,

համոզված լինելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Կողմերի համաձայնեցված գործողությունները հարկադրված անհրաժեշտություն են,

ձգտելով ստեղծել իրավական հիմքեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Կողմերի իրավապահ մարմինների համագործակցության համար,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Հիմնական եզրույթները

 

Սույն համաձայնագրի նպատակներով՝ դրանում գործածվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

վնասաբեր ծրագիր՝ հատուկ կատարված փոփոխություններով ստեղծված կամ գոյություն ունեցող ծրագիր, որն ակնհայտորեն հանգեցնում է տեղեկատվության չարտոնված ոչնչացման, բլոկավորման, ձևափոխման կամ պատճենահանման, տեղեկատվական (համակարգչային) համակարգի աշխատանքի խախտման.

տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ մեթոդների, արտադրական գործընթացների և ծրագրային-տեխնիկական միջոցների ամբողջություն, որը միավորված է այնպիսի տեխնոլոգիական համալիրի մեջ, որն ապահովում է տեղեկատվության հավաքագրումը, ստեղծումը, պահումը, կուտակումը, մշակումը, որոնումը, հանումը, պատճենահանումը, փոխանցումը, տարածումը և պաշտպանությունը.

տեղեկատվական համակարգ՝ միջոցների կազմակերպական կանոնակարգված ամբողջություն, որոնք իրականացնում են որոշակի տեխնոլոգիական գործողություններ՝ կոնկրետ ֆունկցիոնալ խնդիրների լուծման համար նախատեսված տեղեկատվական գործընթացների միջոցով.

համակարգչային համակարգ՝ ապարատային ու ծրագրային միջոցների համալիր, որոնք նախատեսված են տեղեկատվության ավտոմատացված հավաքագրման, պահման, մշակման, փոխանցման և ստացման համար.

համակարգչային տեղեկատվություն՝ համակարգչային համակարգի հիշողության մեջ գտնվող տեղեկատվություն՝ մեքենայական կամ այլ կրիչներով, համակարգչային համակարգի ընկալման համար հասանելի ձևով կամ կապի ուղիներով փոխանցվող.

տեղեկատվության չարտոնված հասանելիություն՝ հասանելիություն պաշտպանվող տեղեկատվությանը՝ դրա տիրապետողի, սեփականատիրոջ և (կամ) Կողմերի օրենսդրությամբ սահմանված իրավունքների կամ կանոնների խախտմամբ։

 

Հոդված 2

Ընդհանուր դրույթներ

 

1. Կողմերը, սույն համաձայնագրին, ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որի մասնակիցն են իրենք, համագործակցում են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելումը, հայտնաբերումը, կանխումը, բացահայտումն ու քննությունն ապահովելու նպատակներով։

2. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ կազմակերպական և իրավական միջոցներ՝ սույն համաձայնագրի դրույթները կատարելու համար։

3. Կողմերը ձգտում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում ազգային օրենսդրությունների մոտարկմանը։

 

Հոդված 3

Քրեորեն պատժելի արարքները

 

1. Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, որպես քրեորեն պատժելի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ճանաչում են հետևյալ արարքները, եթե դրանք կատարվել են դիտավորյալ՝

ա) տեղեկատվության ոչնչացում, բլոկավորում, ձևափոխում կամ պատճենահանում, տեղեկատվական (համակարգչային) համակարգի աշխատանքի խախտում՝ օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվությանը չարտոնված մուտքի միջոցով.

բ) վնասաբեր ծրագրերի ստեղծում, օգտագործում կամ տարածում.

գ) համակարգչային համակարգի շահագործման կանոնների խախտում դրան հասանելիություն ունեցող անձի կողմից, ինչը հանգեցրել է օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվության ոչնչացման, բլոկավորման կամ ձևափոխման, եթե այդ արարքը էական վնաս կամ ծանր հետևանքներ է հասցրել.

դ) գույքի հափշտակում՝ համակարգչային համակարգում մշակվող, մեքենայական կրիչներով պահվող կամ տվյալների փոխանցման ցանցերով փոխանցվող տեղեկատվությունը փոփոխելու միջոցով կամ համակարգչային համակարգի մեջ կեղծ տեղեկատվություն ներմուծելու միջոցով կամ օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվությանը չարտոնված հասանելիության հետ զուգորդմամբ։

ե) անչափահասի պատկերով պոռնկագրական նյութերի կամ պոռնկագրական առարկաների տարածում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցի կամ էլեկտրոնային կապի այլ ուղիների օգտագործմամբ.

զ) պաշտպանված համակարգչային համակարգին կամ ցանցին չարտոնված հասանելիություն ստանալու հատուկ ծրագրային կամ ապարատային միջոցների պատրաստում՝ իրացման նպատակով, կամ իրացում.

է) հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող համակարգչային համակարգերի և տվյալների բազաների ապօրինի օգտագործում, ինչպես նաև հեղինակության յուրացում, եթե այդ արարքն էական վնաս է պատճառել.

ը) սահմանված կարգով ծայրահեղական ճանաչված կամ ահաբեկչական գործունեության իրականացման կամ ահաբեկչության արդարացման կոչեր պարունակող նյութերի տարածում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցի կամ էլեկտրոնային կապի այլ ուղիների օգտագործմամբ։

2. «Էական վնաս», «ծանր հետևանքներ» և «էական կորուստ» հասկացությունների սահմանումը գտնվում է Կողմերի իրավասության շրջանակներում։

 

Հոդված 4

Իրավասու մարմինները

 

1. Սույն համաձայնագրի շրջանակներում Կողմերի համագործակցությունն իրականացվում է անմիջականորեն իրավասու մարմինների միջև։

2. Իրավասու մարմինների ցանկը սահմանվում է Կողմերից յուրաքանչյուրի կողմից և փոխանցվում է ավանդապահին սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագիրը հանձնելիս։

Իրավասու մարմինների ցանկի փոփոխությունների մասին Կողմերն անհապաղ ծանուցում են ավանդապահին։

3. Կողմերի իրավասու մարմինները, անհրաժեշտության դեպքում, կարող են լրացուցիչ սահմանել փոխգործակցության կարգը և դրա իրականացման համար լիազորված անձանց ցանկը, ինչի մասին անմիջականորեն ծանուցում են միմյանց։

 

Հոդված 5

Համագործակցության ձևերը

 

Սույն համաձայնագրի շրջանակներում Կողմերի իրավասու մարմինները համագործակցում են հետևյալ ձևերով՝

ա) տեղեկատվության փոխանակում, այդ թվում՝

տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց հետ կապ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ,

նշված ոլորտում հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, կանխման, բացահայտման և քննության ձևերի ու մեթոդների վերաբերյալ,

տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կատարման եղանակների վերաբերյալ,

տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, կանխման, բացահայտման և քննության հետ կապված հարցերը կարգավորող՝ Կողմերի ազգային օրենսդրության կամ միջազգային պայմանագրերի վերաբերյալ.

բ) տեղեկատվության ստացման գործում աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների կատարում, որը կարող է նպաստել հարցում ուղարկող Կողմի քաղաքացու նկատմամբ կամ հարցում ուղարկող Կողմի տարածքում կատարված հանցագործության կանխարգելմանը, հայտնաբերմանը, կանխմանը, բացահայտմանը և քննությանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հարցումների կատարում.

գ) համակարգված միջոցառումների ու գործողությունների պլանավորում և անցկացում՝ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելմանը, հայտնաբերմանը, կանխմանը, բացահայտմանն ու քննությանը.

դ) աջակցության ցուցաբերում՝ կադրերի նախապատրաստման ու որակավորման բարձրացման գործում, այդ թվում՝ մասնագետների ստաժավորման անցկացման, համաժողովների, սեմինարների ու ուսումնական դասընթացների կազմակերպման միջոցով.

ե) տեղեկատվական համակարգերի ու ծրագրային արտադրանքի ստեղծում, որոնք ապահովում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, կանխման, բացահայտման և քննության հետ կապված խնդիրների կատարումը.

զ) հրապարակումների ու գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում, ինչպես նաև համատեղ գիտական հետազոտությունների անցկացում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ.

է) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ նորմատիվ-իրավական ակտերի, գիտատեխնիկական գրականության փոխանակում.

ը) ծրագրային արտադրանքի ու որոշումների փոխանակում, որոնք օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, կանխման, բացահայտման և քննության գործում՝ փոխգործակցության ու փորձի փոխանակման շրջանակներում.

թ) տվյալների համակարգչային համակարգերում պահվող տեղեկությունների պահպանվածության անհապաղ ապահովման մասին հարցման կատարում.

ժ) փոխադարձ ընդունելի այլ ձևեր։

 

Հոդված 6

Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը

 

1. Սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների՝ աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների (այսուհետ՝ հարցում) հիման վրա։ Տեղեկատվությունը կարող է տրամադրվել մյուս Կողմի իրավասու մարմնին առանց հարցման, եթե հիմքեր կան ենթադրելու, որ այն հետաքրքրություն է ներկայացնում նշված իրավասու մարմնի համար։

2. Հարցումն ուղարկվում է գրավոր։ Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են փոխանցվել կապի տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ բանավոր, սակայն դրանից հետո երեք օրվա ընթացքում դրանք պետք է գրավոր հաստատվեն։

Հարցումը և կատարված հարցման նյութերը կարող են փոխանցվել կապի տեխնիկական ուղիներով այն դեպքում, երբ այդ մասին առկա է երկկողմ պայմանավորվածություն Կողմերի իրավասու մարմինների միջև կամ այդ ուղիները սահմանված են այլ միջազգային պայմանագրերով, որի մասնակիցն են Կողմերը։

3. Հարցումը պետք է պարունակի՝

ա) հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի և հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի անվանումը.

բ) գործի էության շարադրումը.

գ) հարցման նպատակի և հիմնավորման նշումը.

դ) հարցվող գործողության բովանդակությունը.

ե) հարցման կատարման ցանկալի ժամկետները.

զ) ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման կատարման համար՝ ներառյալ համապատասխան փաստաթղթերը կամ դրանց հաստատված պատճենները.

է) հղում սույն համաձայնագրին։

4. Գրավոր փոխանցված կամ հաստատված հարցումն ստորագրվում է՝

ա) հարցում ուղարկող իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և կնքվում իրավասու մարմնի զինանշանային կնիքով՝ այն դեպքում, երբ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է իրավասու մարմինների ոչ պրոֆիլային ստորաբաժանումների միջև.

բ) իրավասու մարմնի ինքնուրույն կենտրոնական պրոֆիլային ստորաբաժանման ղեկավարի կողմից և կնքվում իրավասու մարմնի ինքնուրույն կենտրոնական պրոֆիլային ստորաբաժանման զինանշանային կնիքով՝ այն դեպքում, երբ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է իրավասու մարմինների ինքնուրույն կենտրոնական պրոֆիլային ստորաբաժանումների միջև։

 

Հոդված 7

Հարցումը կատարելը

 

1. Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի կողմից նշված ժամկետներում հարցման լիարժեք և որակյալ կատարումն ապահովելու համար։

2. Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինն անհապաղ ծանուցվում է հարցման կատարումը խոչընդոտող կամ կատարումն էապես ուշացնող հանգամանքների մասին։

3. Եթե հարցման կատարումը չի գտնվում հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի լիազորությունների շրջանակներում, ապա տվյալ իրավասու մարմինն այն անհապաղ փոխանցում է հարցում ստացող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և այդ մասին ծանուցում է հարցման նախաձեռնողին։

4. Հարցումը կատարելիս կիրառվում է հարցում ստացող Կողմի օրենսդրությունը։

5. Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը, հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով, կարող է տրամադրել վերջինիս ներկայացուցիչների ներկայության հնարավորությունը՝ հարցման կատարման ժամանակ։

6. Եթե հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը ենթադրում է, որ հարցման կատարումը կարող է խանգարել քրեական հետապնդմանը կամ հարցում ստացող Կողմի տարածքում իրականացվող այլ վարույթի, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել որպես անհրաժեշտ սահմանված պայմանների պահպանման հետ, հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի հետ խորհրդակցություններից հետո։ Եթե հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը համաձայն է աջակցություն ցուցաբերել առաջարկված պայմաններով, ապա նա պետք է պահպանի այդ պայմանները։

7. Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնին հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնում է հարցման կատարման արդյունքների մասին։

 

Հոդված 8

Տեղեկատվության գաղտնիությունը

 

1. Կողմերի իրավասու մարմիններն ապահովում են սույն համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունների, այդ թվում՝ հարցում ստանալու փաստի ու դրա բովանդակության գաղտնիությունը, եթե հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինն անցանկալի է համարում դրա հրապարակումը։

2. Հարցման կատարման ժամանակ գաղտնիության պահպանման անհնարինության դեպքում հարցում ստացող Կողմի իրավասու մարմինն այդ մասին տեղեկացնում է հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնին՝ այդպիսի պայմաններում հարցման կատարման հնարավորության մասին որոշում ընդունելու համար։

3. Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի՝ այդպիսի պայմաններում հարցման կատարման մասով անհամաձայնության դեպքում, հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը ծանուցվում է համապատասխան որոշման մասին։

 

Հոդված 9

Հարցումը կատարելու արդյունքներն օգտագործելը

 

1. Հարցումը կատարելու արդյունքները չեն կարող օգտագործվել՝ առանց դրանք տրամադրած՝ հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի համաձայնության՝ դրանց հարցման և տրամադրման նպատակներից տարբեր այլ նպատակներով։

2. Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը հարցման կատարման արդյունքները կարող է օգտագործել այլ նպատակներով՝ միայն հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ։ Այդպիսի դեպքերում հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը պահպանում է հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի կողմից սահմանված հարցման արդյունքների օգտագործման սահմանափակումները։

 

Հոդված 10

Տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելը

 

Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի կողմից սույն համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու համար պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած՝ հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի նախնական գրավոր համաձայնությունը։

 

Հոդված 11

Հարցման կատարումը մերժելը

 

1. Սույն համաձայնագրի շրջանակներում հարցման կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը ենթադրում է, որ հարցման կատարումը՝

կարող է վնաս պատճառել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ ազգային շահերին, հասարակական կարգին, ինչպես նաև քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին.

հակասում է հարցում ստացող Կողմի ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին։

2. Հարցման կատարումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնում է իր որոշման մասին։

 

Հոդված 12

Ծախսերը

 

Կողմերի իրավասու մարմինները ինքնուրույն կրում են սույն համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերը, եթե յուրաքանչյուր առանձին դեպքի համար այլ կարգ համաձայնեցված չէ։

 

Հոդված 13

Փոխադարձ կապը այլ միջազգային պայմանագրերի հետ

 

Սույն համաձայնագրում չի շոշափվում Կողմերից յուրաքանչյուրի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք այդ Կողմի համար բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից է այդ Կողմը։

 

 

Հոդված 14

Տարաձայնությունների կարգավորումը

 

Սույն համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ առաջացող տարաձայնությունները կարգավորվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։

 

Հոդված 15

Փոփոխություններ և լրացումներ կատարելը

 

Կողմերի համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել դրա անբաժանելի մասը հանդիսացող փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ։

 

Հոդված 16

Միանալը

 

Ուժի մեջ մտնելուց հետո սույն համաձայնագիրը բաց է Անկախ պետությունների համագործակցության ցանկացած անդամ պետության կողմից միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով։

Միացող պետության համար համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

Հոդված 17

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սույն համաձայնագրի մասնակից պետությունների միջև հարաբերություններում «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» 2001 թվականի հունիսի 1-ի համաձայնագրի գործողությունը դադարում է։

 

Հոդված 18

Գործողության ժամկետը

 

Սույն համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով։

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից՝ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին։ Այդպիսի Կողմի նկատմամբ Համաձայնագրի գործողությունը դադարում է՝ համապատասխան ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 6 ամիս հետո։

Կատարված է Դուշանբե քաղաքում, 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, մեկ բնօրինակից, ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեում, որը կուղարկի դրա հաստատված պատճենը սույն համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության։

 

Ադրբեջանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

----------

[ստորագրություն]

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Տաջիկստանի Հանրապետության կողմից՝

[ստորագրություն]

[ստորագրություն]

Բելառուսի Հանրապետության կողմից

Թուրքմենստանի կողմից՝

[ստորագրություն]

 

 

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ուզբեկստանի Հանրապետության կողմից՝

[ստորագրություն]

[ստորագրություն]

 

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ուկրաինայի կողմից՝

[ստորագրություն]

 

 

Մոլդովայի Հանրապետության կողմից՝

 

------------

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան