Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (10.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
12.02.2018
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
12.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2020

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

          

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

         

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության Կառավարությունը (այսուհետև` Կողմեր),

   

համաձայնելով բանակցել քաղաքական և անվտանգության խնդիրների շուրջ, ընդլայնել և ամրապնդել քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում միմյանց հետ համագործակցությունը,

   

գիտակցելով համաշխարհային քաղաքական իրավիճակի փոփոխությունները և ընդունելով փոխադարձ համագործակցության կարևորությունը հանուն խաղաղության, միջազգային անվտանգության և փոխվստահության,

  

ընդունելով, որ համագործակցության բարձր մակարդակը կարող է պահանջել գաղտնի տեղեկատվության փոխանակում Կողմերի միջև,

    

ցանկանալով սահմանել գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին կանոնների ամբողջություն, որը կվերաբերի Կողմերի պետությունների միջև կնքվելիք գաղտնի տեղեկատվություն ներառող բոլոր համաձայնագրերին և պայմանագրերին,

   

համաձայնեցին ներքոնշյալի վերաբերյալ.

     

Հոդված 1

Սահմանումներ

   

Սույն Համաձայնագրի նպատակների համար ՝

   

1. «Գաղտնի տեղեկատվություն» նշանակում է` ցանկացած բնույթի, ձևի, փոխանցման մեթոդի տեղեկատվություն` կա΄մ ստեղծված, կա΄մ ստեղծման ընթացքում գտնվող, որին տրվել է գաղտնիության աստիճան, և որը, ելնելով ազգային անվտանգության շահերից ու Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, պահանջում է պաշտպանություն չարտոնված մուտքից.

  

2. «Գաղտնի տեղեկատվությանը չարտոնված մուտք» նշանակում է` գաղտնի տեղեկատվության բացահայտման ցանկացած ձև, ներառյալ գաղտնի տեղեկատվության սխալ օգտագործումը, ձևափոխումը, վնասումը, բացահայտումը, ոչնչացումը կամ դրան գաղտնիության ոչ ճիշտ աստիճան շնորհելը, ինչպես նաև դրա պաշտպանությանը վնասող կամ նմանատիպ տեղեկատվության կորստին հանգեցնող ցանկացած այլ գործողություն: Չարտոնված մուտք է համարվում նաև ցանկացած գործողություն կամ անգործություն, որը կհանգեցնի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն/անվտանգության վկայական չունեցող և գաղտնի տեղեկատվությանը «ծանոթանալու անհրաժեշտության» սկզբունքին չհամապատասխանող ցանկացած անձի կողմից նման տեղեկատվությանը ծանոթանալուն.

  

 3. «Գաղտնի փաստաթուղթ» նշանակում է` ցանկացած փաստաթուղթ, որը պարունակում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված գաղտնի տեղեկատվություն.

    

4. «Գաղտնի նյութ» նշանակում է` ցանկացած գաղտնի փաստաթուղթ կամ տեխնիկական պարագա, սարքավորում, բաղադրիչ կամ ռազմական նշանակության արտադրանք` կա΄մ ստեղծված, կա΄մ ստեղծման ընթացքում գտնվող, ինչպես նաև` գաղտնի տեղեկատվություն պարունակող բաղադրիչներ, որոնք օգտագործվում են դրանց ստեղծման համար.

   

5. «Գաղտնիության աստիճան» նշանակում է` Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխանող կատեգորիա, որը ցույց է տալիս գաղտնի տեղեկատվության կարևորությունը, դրա մուտքի սահմանափակման աստիճանը և դրա պաշտպանության աստիճանը, ինչպես նաև` կատեգորիա, որի հիման վրա դրոշմագրվում է գաղտնի տեղեկատվությունը.

    

 6. «Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն/անվտանգության վկայական» նշանակում է` Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն` ստուգողական ընթացակարգի արդյունքում տրված համապատասխան փաստաթուղթ, որը հաստատում է, որ անվտանգության հարցերում ֆիզիկական անձին/իրավաբանական անձին կարող է տրվել մուտք գաղտնի տեղեկատվությանը.

    

7. «Ծագման Կողմ» նշանակում է` այն Կողմի պետությունը, որը մյուս Կողմի պետությանը փոխանցում է գաղտնի տեղեկատվություն.

   

8. «Ստացող Կողմ» նշանակում է` այն Կողմի պետությունը, որին մյուս Կողմի պետության կողմից փոխանցվում է գաղտնի տեղեկատվություն.

  

9. «Իրավասու մարմիններ» նշանակում է` մարմիններ, որոնք Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան` իրենց պետությունների տարածքներում իրականացնում են գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում պետական քաղաքականություն, լիազորված են այդ ոլորտում իրականացնելու ընդհանուր հսկողություն, ինչպես նաև իրականացնելու սույն Համաձայնագրի դրույթների կիրարկումը իրենց պետությունների տարածքներում։ Այս մարմինները թվարկված են սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում.

    

10. «Պայմանագիր կնքող» նշանակում է` ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, որը, սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, իրավասու է կնքելու գաղտնի պայմանագրեր:

    

11. «Գաղտնի պայմանագիր» նշանակում է` պայմանագիր, այդ թվում` նաև ցանկացած նախապայմանագրային բանակցություն, որը պարունակում է գաղտնի տեղեկատվություն, կամ որը ներառում է գաղտնի տեղեկատվության ստեղծումը, օգտագործումը կամ փոխանցումը.

   

12. «Ծանոթանալու անհրաժեշտության» սկզբունք նշանակում է` գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու անհրաժեշտություն` ծառայողական պարտականությունների հետ կապված և/կամ որոշակի ծառայողական խնդրի լուծման համար.

   

13. «Երրորդ կողմ» նշանակում է` սույն Համաձայնագրի Կողմ չհանդիսացող պետություն կամ միջազգային կազմակերպություն.

   

14. «Տեղեկատվության գաղտնազերծում» նշանակում է` գաղտնիության աստիճանի վերացում.

   

15. «Անվտանգության խախտում» նշանակում է` Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը հակասող գործողություն կամ անգործություն, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել գաղտնի տեղեկատվության չարտոնված մուտքի:

   

Հոդված 2

Նպատակներ

      

Սույն Համաձայնագրի նպատակն է Կողմերի պետությունների միջև համատեղ ստեղծված կամ փոխանակված գաղտնի տեղեկատվության պաշտպանության ապահովումը:

  

Հոդված 3

Գաղտնիության աստիճաններ

  

Կողմերը համաձայնել են, որ գաղտնիության հետևյալ աստիճանները համարժեք են և համապատասխանում են Կողմերի պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված գաղտնիության աստիճաններին:

    

Հայաստանի
Հանրապետության
համար

Բուլղարիայի
Հանրապետության
համար

Անգլերեն
համարժեքը

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ

СТРОГО СЕКРЕТНО

TՕP SECRET

ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ

СЕКРЕТНО

SECRET

ԳԱՂՏՆԻ

ПОВЕРИТЕЛНО

CՕNFIDENTIAL

  

Բուլղարական «ЗА СЛУЖЕБНО ПОЛЗВАНЕ/RESTRICTED» գաղտնիության աստիճանով գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում կատարվում է «ԳԱՂՏՆԻ/ПОВЕРИТЕЛНО/CՕNFIDENTIAL» գաղտնիության աստիճանի համաձայն:

     

Հոդված 4

Պաշտպանության միջոցներ

    

1. Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրության և սույն Համաձայնագրի պահանջների համաձայն, պարտավորվում են ապահովել համատեղ ստեղծված կամ փոխանակված գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը:

2. Կողմերը պետք է միմյանց ժամանակին տեղեկացնեն իրենց պետությունների ազգային օրենսդրության ցանկացած փոփոխության մասին, որը ազդեցություն կունենա գաղտնի տեղեկատվության պաշտպանության վրա։ Այդ դեպքում Կողմերը Համաձայնագրում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար պետք է միմյանց տեղեկացնեն գրավոր։ Այդ ընթացքում գաղտնի տեղեկատվությունը պետք է պաշտպանվի` Համաձայնագրի դրույթներին համապատասխան, եթե չկան այլ գրավոր պայմանավորվածություններ։

 3. Ոչ մի անձի չպետք է տրվի գաղտնի տեղեկատվությանը հասանելիության իրավունք` ելնելով միայն նրա կոչումից, պաշտոնական դիրքից կամ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունից: Մուտքը գաղտնի տեղեկատվություն պետք է տրվի միայն այն անձանց, ովքեր ստացել են գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն` «Ծանոթանալու անհրաժեշտության» սկզբունքին համապատասխան։

4. Ստացող Կողմը պարտավորվում է.

a) առանց ծագման Կողմի իրավասու մարմնի համապատասխան գրավոր թույլտվության` երրորդ կողմի համար չբացահայտել և նրան չփոխանցել գաղտնի տեղեկատվություն.

b) 3-րդ հոդվածի համաձայն` գաղտնի տեղեկատվության համար սահմանել գաղտնիությանը համարժեք այնպիսի աստիճան, ինչպիսին սահմանել է ծագման Կողմը.

c) չօգտագործել գաղտնի տեղեկատվությունն այլ նպատակներով` բացի այն նպատակներից, որոնց համար այն փոխանցվել է:

  

Հոդված 5

Իրավասու մարմիններ

  

 1. Կողմերի իրավասու մարմիններն են`

Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը. քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն,

 Բուլղարիայի Հանրապետության համար՝ Տեղեկատվական անվտանգության պետական հանձնաժողովը. Սոֆիա, Բուլղարիայի Հանրապետություն։

 2. Կողմերը միմյանց դիվանագիտական ուղիներով կտեղեկացնեն իրենց իրավասու մարմինների հետագա ցանկացած փոփոխության մասին:

 3. Իրավասու մարմինները միմյանց պետք է տեղեկացնեն գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում կիրառելի ազգային օրենսդրության մասին։

4. Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով ավելի սերտ համագործակցություն ապահովելու համար, Կողմերից մեկի պահանջով, իրավասու մարմինները կարող են անցկացնել խորհրդակցություններ։

5. Անվտանգության համադրելի չափանիշներին հասնելու և դրանք պահպանելու նպատակով իրավասու մարմինները, ըստ պահանջի, միմյանց տրամադրում են համապատասխան Կողմի կողմից կիրառվող` գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում անվտանգության չափանիշների, ընթացակարգերի, գործառույթների և փորձի վերաբերյալ տեղեկատվություն։

  

Հոդված 6

Անվտանգության ոլորտում համագործակցություն

  

1. Կողմերի ազգային օրենսդրության համաձայն` անվտանգության ոլորտում լիազորված պետական մարմինները կարող են ուղղակիորեն միմյանց փոխանցել և վերադարձնել օպերատիվ և/կամ հետախուզական տվյալներ:

2. Իրավասու մարմինները, ըստ պահանջի, իրենց ազգային օրենսդրության համաձայն, միմյանց աջակցում են գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվության/անվտանգության վկայականի տրամադրման ընթացակարգերում:

3. Կողմերը փոխադարձաբար ճանաչում են իրենց գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունները/անվտանգության վկայականները` իրենց օրենսդրության համաձայն:

4. Սույն Համաձայնագրի ներքո համագործակցությունն իրականացվում է անգլերենով:

  

Հոդված 7

Գաղտնի տեղեկատվության փոխանցում

  

 1. Որպես կանոն` գաղտնի տեղեկատվությունը պետք է փոխանցվի դիվանագիտական ուղիներով:

 2. Բուլղարիայի Հանրապետությունը կարող է գաղտնի տեղեկատվությունը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը նաև ռազմական սուրհանդակների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը կարող է գաղտնի տեղեկատվությունը փոխանցել Բուլղարիայի Հանրապետությանը նաև սուրհանդակների կամ ռազմական սուրհանդակների միջոցով:

 3. Ստացող Կողմը պետք է անմիջապես տեղեկացնի ծագման Կողմին գաղտնի տեղեկատվությունն ստանալու փաստի մասին:

 4. Գաղտնի տեղեկատվությունը կարող է փոխանցվել պաշտպանված հաղորդակցման համակարգերի, ցանցերի կամ այլ էլեկտրամագնիսական սարքերի միջոցով, որոնք սահմանվում են իրավասու մարմինների կողմից և ունեն Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան տրամադրված վկայական:

5. Գաղտնի տեղեկատվության փոխանցման այլ միջոցներ կարող են օգտագործվել միայն իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ:

6. Մեծ ծավալ ունեցող գաղտնի տեղեկատվության փոխանցման դեպքում իրավասու մարմինները պետք է տան իրենց թույլտվությունը և հաստատեն փոխանցման միջոցները, երթուղին և անվտանգության այլ միջոցները։

  

Հոդված 8

Թարգմանություն, վերարտադրում և ոչնչացում, Գաղտնիության աստիճանների փոփոխում և վերացում

    

1. «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ/СТРОГО СЕКРЕТНО/TՕP SECRET» գաղտնիության աստիճանի գաղտնի տեղեկատվությունը պետք է թարգմանվի և/կամ վերարտադրվի միայն ծագման Կողմի գրավոր համաձայնությամբ։

2. Գաղտնի տեղեկատվության բոլոր թարգմանությունները պետք է արվեն միայն այն անձանց կողմից, որոնք ունեն գաղտնիության համապատասխան աստիճանի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն։ Նման թարգմանությունները պետք է ունենան համարժեք գաղտնիության աստիճան` սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն։

3. Գաղտնի տեղեկատվության վերարտադրման դեպքում սկզբնական անվտանգության բոլոր նշումները պետք է նույնպես դրվեն յուրաքանչյուր օրինակի վրա։ Վերարտադրված նման տեղեկատվությունը պետք է լինի այն նույն հսկողության տակ, որի տակ սկզբնական տեղեկատվությունն է։ Օրինակների քանակը պետք է սահմանափակվի` ըստ ծառայողական անհրաժեշտության։

4. Գաղտնի տեղեկատվությունը պետք է ոչնչացվի այնպիսի ձևով, որ կանխվի դրա ամբողջական կամ մասնակի վերականգնումը։

5. Ծագման Կողմը կարող է արգելել գաղտնի տեղեկատվության վերարտադրումը կամ ոչնչացումը՝ դրա վրա կատարելով հատուկ նշում կամ կցելով գրավոր ծանուցում։ Եթե գաղտնի տեղեկատվության ոչնչացումն արգելված է, այն պետք է վերադարձվի ծագման Կողմին:

6. «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ/СТРОГО СЕКРЕТНО/TՕP SECRET» գաղտնիության աստիճանի գաղտնի տեղեկատվությունը ենթակա չէ ոչնչացման` բացառությամբ սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերի։ Այն պետք է վերադարձվի ծագման Կողմին։

7. Ճգնաժամային իրավիճակների դեպքում, երբ սույն Համաձայնագրին համապատասխան ստեղծված և փոխանցված գաղտնի տեղեկատվությունն անհնար է պաշտպանել կամ վերադարձնել, այն պետք է անմիջապես ոչնչացվի։ Ստացող Կողմը հնարավորինս կարճ ժամկետում պետք է տեղեկացնի ծագման Կողմի իրավասու մարմնին գաղտնի տեղեկատվության ոչնչացման մասին։

8. Բոլոր թարգմանությունները պետք է ունենան նշում, որը ցույց կտա, որ դրանք պարունակում են ծագման Կողմի կողմից ստացված գաղտնի տեղեկատվություն:

9. Ստացող Կողմը չպետք է փոփոխի և/կամ վերացնի ստացված գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը` առանց ծագման Կողմի նախնական գրավոր թույլտվության:

   

Հոդված 9

Գաղտնի պայմանագրեր

   

1. Գաղտնի պայմանագիր կնքվում և իրականացվում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան։ Ըստ պահանջի` Կողմերի իրավասու մարմինները պետք է միմյանց տրամադրեն տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք առաջարկվող պայմանագիր կնքողին տրվել է գաղտնիության պահանջվող աստիճանին համապատասխանող ազգային` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն/անվտանգության վկայական: Եթե առաջարկվող պայմանագիր կնքողը չունի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն/անվտանգության վկայական, յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմինը կարող է խնդրել, որ այդ պայմանագիր կնքողին տրվի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն:

2. Անվտանգության հավելվածը պետք է լինի յուրաքանչյուր գաղտնի պայմանագրի կամ ենթապայմանագրի բաղկացուցիչ մաս։ Այդ հավելվածում ծագման Կողմի պայմանագիր կնքողը պետք է նշի, թե ո՛ր տեղեկատվությունը պետք է ուղարկվի ստացող Կողմին կամ ստեղծվի վերջինիս կողմից: Անվտանգության հավելվածը պետք է պարունակի անվտանգության պահանջների վերաբերյալ դրույթներ:

3. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար պայմանագիր կնքողի պարտավորությունը ցանկացած պարագայում պետք է պարունակի հետևյալը.

a) պարտավորություն, որ պայմանագիր կնքողը գաղտնի տեղեկատվությունը կտրամադրի այն անձին, ով նախապես ստացել է համապատասխան պայմանագրային գործունեությանը վերաբերող` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն, ով համապատասխանում է «ծանոթանալու անհրաժեշտության» սկզբունքին, և ով աշխատում է կամ ներգրավված է պայմանագրի իրականացման գործընթացում.

b) գաղտնի տեղեկատվության փոխանցման օգտագործվելիք միջոցներ.

c) փոփոխությունների վերաբերյալ տեղեկացման գործընթացներ ու մեխանիզմներ, որոնք կարող են ծագել գաղտնի տեղեկատվության նկատմամբ` կա΄մ գաղտնիության աստիճանի փոփոխությունների, կա΄մ դրա հետագա պաշտպանության անհրաժեշտության վերացման պատճառով.

d) Կողմերից մեկի անձնակազմի՝ մյուս Կողմի հաստատություններ պայմանագրով նախատեսված այցելությունների, մուտքի կամ ստուգայցերի հաստատման ընթացակարգ.

e) պարտավորություն ժամանակին տեղեկացնել պայմանագիր կնքողի իրավասու մարմնին պայմանագրի գաղտնի տեղեկատվությանը փաստացի, փորձ արված կամ կասկածվող չարտոնված մուտքի վերաբերյալ.

f) պայմանագրով նախատեսված գաղտնի տեղեկատվության օգտագործում` միայն պայմանագրի առարկային վերաբերող նպատակների համար.

g) գաղտնի տեղեկատվության ոչնչացման ընթացակարգի խիստ պահպանում.

h) պարտավորություն, որ գաղտնի տեղեկատվությունը կփոխանցվի երրորդ կողմերին միայն ծագման Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ։

4. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար պահանջվող միջոցները, ինչպես նաև գաղտնի տեղեկատվություն չարտոնված մուտքի պատճառով պայմանագիր կնքողներին հասցված հնարավոր վնասի գնահատման, նվազեցման կամ փոխհատուցման ընթացակարգը պետք է մանրամասնորեն հստակեցվի համապատասխան գաղտնի պայմանագրում։

5. Պայմանագրերը, որոնք պարունակում են պայմանագիր կնքողների կողմից «ЗА СЛУЖЕБНО ПОЛЗВАНЕ/RESTRICTED» գաղտնիության աստիճան ստացած գաղտնի տեղեկատվություն, պետք է պարունակեն համապատասխան դրույթ, որը կսահմանի նվազագույն միջոցները նմանատիպ գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար։ Նման պայմանագրերի համար անհրաժեշտ չեն լինելու գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն/անվտանգության վկայական։

  

Հոդված 10

Այցելություններ

     

1. Իրավասու մարմինների ներկայացուցիչները կարող են պարբերաբար անցկացնել խորհրդակցություններ գաղտնի տեղեկատվության պաշտպանության հետ կապված ընթացակարգերի քննարկման նպատակով:

2. Այցելուները ընդունող պետության իրավասու մարմնի կողմից կստանան նախնական գրավոր թույլտվություն միայն այն դեպքում, եթե լիազորված են մուտք ունենալու գաղտնի տեղեկատվություն` իրենց պետության օրենսդրության համաձայն, և եթե նրանց անհրաժեշտ է մուտք ունենալ այն հաստատություններ, որտեղ ստեղծվում, մշակվում կամ պահպանվում է գաղտնի տեղեկատվությունը:

3. Այցելության ընթացակարգը պետք է համաձայնեցվի իրավասու մարմինների միջև:

4. Կողմերից մեկի ներկայացուցիչների այցելությունները մյուս Կողմի հաստատություններ, որոնց համար պահանջվում է մուտք գաղտնի տեղեկատվություն, պետք է սահմանափակվեն` ըստ ծառայողական անհրաժեշտության:

5. Այցելության համար դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

a) այցելուի անունը, ազգանունը, ծննդյան թիվը և վայրը, անձնագրի (անձը հաստատող այլ փաստաթղթի) համարը.

b) այցելուի քաղաքացիությունը.

c) այցելուի զբաղեցրած պաշտոնը և այն կազմակերպության անվանումը, որը նա ներկայացնում է.

d) այցելուի՝ համապատասխան գաղտնիության աստիճանի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը.

e) այցելության նպատակը, ներկայացվող աշխատանքային ծրագիրը և այցելության նախատեսվող ամսաթիվը.

f) այն հաստատությունների անվանումները, որտեղ այցելություն է նախատեսվում։

6. Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով կարող են կատարվել պարբերական այցելություններ: Կողմերի իրավասու մարմինները պարբերական այցելություններ կատարելու համար հաստատում են լիազորված անձանց ցուցակ: Նման ցուցակները վավեր են տասներկու ամիս նախնական ժամկետով։

7. Կողմերի իրավասու մարմինների կողմից 6-րդ կետում նշված ցուցակների հաստատումից հետո կոնկրետ այցելությունների պայմանները պետք է ուղղակիորեն համաձայնեցվեն այդ անձանց կողմից այցելության համար նախատեսված հաստատությունների համապատասխան մարմինների հետ:

8. Յուրաքանչյուր Կողմ, ազգային օրենսդրության համաձայն, պետք է երաշխավորի այցելուի անհատական տվյալների անվտանգությունը։

   

Հոդված 11

Անվտանգության խախտում

   

1. Անվտանգության խախտման դեպքում այն Կողմի իրավասու մարմինը, որի պետության տարածքում տեղի է ունեցել խախտումը, պետք է այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնի մյուս Կողմի իրավասու մարմնին և նախաձեռնի համապատասխան հետաքննություն։ Անհրաժեշտության դեպքում հետաքննություն իրականացնելիս Կողմերը կարող են համագործակցել միմյանց հետ:

2. Երրորդ կողմի տարածքում անվտանգության խախտման դեպքում տրամադրող կողմի իրավասու մարմինը, ըստ հնարավորության, պետք է իրականացնի 1-ին կետով նախատեսված գործողությունները։

3. Հետաքննություն իրականացնող Կողմը մյուս Կողմին գրավոր ծանուցում է դրա արդյունքների մասին՝ տրամադրելով վերջնական եզրակացություն հասցված վնասի պատճառների և ծավալի վերաբերյալ:

   

Հոդված 12

Ծախսեր

   

Յուրաքանչյուր Կողմ ինքն է կրում սույն Համաձայնագրով սահմանված իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ ծախսերը:

   

Հոդված 13

Եզրափակիչ դրույթներ

   

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ և ուժի մեջ կմտնի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական բոլոր ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

2. Կողմերի գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ: Նման փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 1-ին կետի համաձայն:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ մասին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալուց 6 ամիս հետո։ Անկախ սույն Համաձայնագրի գործողության դադարեցումից` սույն Համաձայնագրի ներքո փոխանցված ողջ գաղտնի տեղեկատվությունը պետք է մնա պաշտպանված մինչև ծագման Կողմը ստացող Կողմին ազատի այդ պարտականությունից։

4. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած տարաձայնություն պետք է հարթվի փոխադարձ համաձայնությամբ և Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով՝ առանց դիմելու որևէ այլ ատյանի։

Կատարված է Երևան քաղաքում 2018 թվականի փետրվարի 12-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին: