Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1409
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0936/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0936/05/10

2010թ.   

Նախագահող դատավոր՝  Ա. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

ե. սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 29.06.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Գևորգյանի (այսուհետ` Ընկերության տնօրեն) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)՝ Քաղաքապետի 10.02.2010 թվականի թիվ Վ-4/7 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ Քաղաքապետարանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության տնօրենի՝ 50.000 ՀՀ դրամ տուգանքը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերության տնօրենը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 10.02.2010 թվականի թիվ Վ-4/7 որոշումը։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Ընկերության տնօրենից 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության տնօրենի ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 25-րդ, 26-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ, 132-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ, 267-րդ, 275-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի մեկնաբանման ու կիրառման վերաբերյալ պետք է նշել, որ Դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության տնօրենը ներկայացել է Քաղաքապետարան և ներկայացրել է իր առարկությունները: Այսինքն՝ նրան ընձեռվել է հնարավորություն օգտվելու իր իրավունքներից, այդ թվում՝ ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, արտահայտվելու և այլն։

Սակայն Դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը ոչ միայն հաշվի չի առել, այլև գործն ըստ էության լուծող դատական ակտում անդրադարձ անգամ չի կատարել նշված հանգամանքին։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ և 275-րդ հոդվածների կիրառման ու մեկնաբանման վերաբերյալ հատկանշական է այն, որ Դատարանն անհիմն մեկնաբանությունների արդյունքում եզրակացրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել, քանզի կազմված արձանագրությունը չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համար պարտադիր վավերապայմաններին։

Սակայն Դատարանի կողմից հաշվի չի առնվել այն կարևոր հանգամանքը, որ սույն գործով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավախախտման հայտնաբերման և դրա արձանագրման համար համապատասխան արձանագրության ձևը հաստատվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007 թվականի ապրիլի 12-ի թիվ 93-Ն որոշմամբ: Դատարանն անտեսել է, որ թիվ 000364 արձանագրության մեջ նշվել են այն կազմելու ամսաթիվը, արձանագրություն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, նշում բացատրություն տալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին: Այսինքն՝ վարչական իրավախախտման թիվ 000364 արձանագրությունը կազմվել է դրա կազմման համար սահմանված պահանջների խստիվ պահպանմամբ։

Գործում առկա ապացույցների հանգամանալից ուսումնասիրության դեպքում Դատարանը կհանգեր եզրահանգման, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է օրենսդրության պահանջների ուղղակի պահպանմամբ, կողմը պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի անցկացման տեղի և վայրի մասին, ներկայացել է քննարկմանը և նշում է կատարել գործի նյութերում, վարչական իրավախախտման գործի վերաբերյալ Քաղաքապետի՝ 10.02.2010 թվականի թիվ Վ-4/7 որոշումը հանձնվել է օրենքով սահմանված կարգի և ժամկետների պահպանմամբ։

Դատարանը հաշվի չի առել Ընկերության տնօրենի այն պնդումները, թե «... ժամկետն անցած ապրանքները դրված են եղել խանութի սառնարանի մեջ, բայց վաճառք չի իրականացվել, սպասել են, որ առաքիչը գա և տանի...», հիմք չեն Ընկերության տնօրենին վարչական պատասխանատվության չենթարկելու համար, քանի որ դրանով չի ապացուցվում իրավախախտում չկատարելու փաստը: Նշված պնդումները տեղին կլինեին, եթե հայտնաբերված ժամկետանց 8 շիշ թանն առանձնացված լիներ վաճառքի ենթակա ընդհանուր ապրանքներից՝ առանձին տեղում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 29.06.2010 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 10.02.2010 թվականի թիվ Վ-4/7 որոշման մեջ նշվել է, որ Ընկերության տնօրենն իրականացրել է պիտանիության ժամկետն անցած ապրանքի վաճառք, սակայն այն վաճառելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել:

Ընկերության տնօրենը հնարավորություն չի ունեցել օգտվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված իր իրավունքներից, քանի որ նրա ներկայությամբ և մասնակցությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:

Բացի այդ պիտանիության ժամկետն անցած ապրանքներ վաճառելը նշանակում է, որ իրավախախտմանը նման որակում տալու համար պարտադիր պայման է պիտանիության ժամկետն անցած ապրանքի պարտադիր վաճառքը: Իսկ տվյալ դեպքում պիտանիության ժամկետն անցած ապրանք վաճառելու փաստ չի արձանագրվել: Այսինքն՝ բացակայում է պիտանիության ժամկետն անցած ապրանքի իրացման փաստը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի թիվ 5 հանձնարարագրով Գագիկ Դանիելյանին և Ավետիս Թումիկյանին հանձնարարվել է «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ում կատարել հսկողություն առևտրի և ծառայությունների ոլորտում (գ.թ. 36)։

2) Իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտման վերաբերյալ 14.12.2009 թվականի թիվ 000364 արձանագրությամբ արձանագրվել է, որ «Սառնարան ցուցափեղկում ցուցադրված էր 8 շիշ պիտանելիության ժամկետն անցած թան», առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի խախտում (գ.թ. 35)։

3) Փոստային ծառայության թիվ 20047610 հավաստագրի համաձայն՝ 10.02.2010 թվականին հրավիրված վարչական իրավախախտման գործի քննության վերաբերյալ ծանուցումն Ընկերության տնօրենը ստացել է 03.02.2010 թվականին (գ.թ. 34):

4) Վարչական վարույթի նյութերում առկա թիվ 002831 ծանուցագրում Ընկերության տնօրենի կողմից կատարվել է 10.02.2010 թվականի նիստին մասնակցած լինելու փաստը հավաստող գրառում (գ.թ. 38):

5) Քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 10.02.2010 թվականի թիվ Վ-4/7 արձանագրության համաձայն՝ ««Եվա և Սյուզի» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Գևորգյանի կողմից տրվեց բացատրություն այն մասին, որ ժամկետն անցած ապրանքները դրված են եղել խանութի սառնարանի մեջ, բայց վաճառք չի իրականացվել, սպասել են, որ առաքիչը գա և տանի» (գ.թ. 33):

6) Քաղաքապետի 02.10.2010 թվականի թիվ Վ-4/7 որոշմամբ Գոռ Գևորգյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 50.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 32)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը, վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում:

Նույն օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը`

1) տվյալ գործի քննությունը վերաբերում է, արդյոք, իր իրավասությանը.

2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը.

3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են, արդյոք, դրա քննության ժամանակի և տեղի մասին.

4) պահանջվել են, արդյոք, անհրաժեշտ լրացուցիչ նյութեր.

5) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս հաստատված է համարել այն հանգամանքը, որ 14.12.2009 թվականին կազմված թիվ 000364 արձանագրությունը չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված չափորոշիչներին և հանգել այն հետևության, որ պատասխանողը (հակընդդեմ հայցով հայցվոր), իրականացնելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն և կայացնելով վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշում, մինչ այդ չի կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, այսինքն՝ գործը քննել և վարչական ակտն ընդունել է առանց վարչական վարույթի հարուցման:

Միաժամանակ, Դատարանը վերը նշված պատճառաբանությամբ չի անդրադարձել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության հետ կապված հայցվորի և հակընդդեմ հայցվորի բերված փաստարկներին:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի թիվ 5 հանձնարարագրով 14.12.2009 թվականին «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ում կատարվել է հսկողություն առևտրի և ծառայությունների ոլորտում, որի արդյունքում կազմվել է 14.12.2009 թվականի թիվ 000364 արձանագրությունը:

Գործում առկա՝ 14.12.2009 թվականի թիվ 000364 արձանագրության ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանում նշված են՝

 դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, այն է՝ Արաբկիրի վարչական շրջան, 14.12.2009 թվական,

 արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, այն է՝ առևտրի սպասարկման և գովազդի բաժանմունքի առաջատար մասնագետ Գագիկ Անդրանիկի Դանիելյան,

 տեղեկություններ խախտողի անձի մասին, այն է՝ «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Գևորգյան

 վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար` «սառնարանի ցուցափեղկում ցուցադրված էր 8 շիշ պիտանելիության ժամկետն անցած թան, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մաս»: Արձանագրության մեջ առկա է նշում Ընկերության տնօրենի կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու մասին:

Բացի այդ, Ընկերության տնօրենը ծանուցվել է 10.02.2010 թվականին հրավիրված վարչական իրավախախտման գործի քննության վերաբերյալ և, մասնակցելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը, տվել է բացատրություն այն մասին, որ «ժամկետն անցած ապրանքները դրված են եղել խանութի սառնարանի մեջ, բայց վաճառք չի իրականացվել, սպասել են, որ առաքիչը գա և տանի»:

Հիմք ընդունելով վերոգրյալը և համադրելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 14.12.2009 թվականին կազմված թիվ 000364 արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի սահմանված դրույթներին համապատասխան:

Ինչ վերաբերում է նյութական իրավունքի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի, ինչպես նաև վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկներին, ապա Դատարանի կողմից դրանց չանդրադառնալու և ըստ էության չքննելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ