ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1213/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1213/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ | Տ. Սահակյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. աՎԱՆԵՍՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հոկտեմբերի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ «Ա.Գ.Ա.Պետրոլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` հողի վարձավճարի պարտքի, տույժի բռնագանձման և վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջների մասին և հակընդդեմ հայցի` վարձակալության պայմանագիրը շարունակելու իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Երևանի քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել հողի վարձավճարի պարտքի և տույժի գումարը, լուծել Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև 26.07.2002 թվականի թիվ 926/ԳԱ հողի վարձակալության պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև 26.07.2002 թվականի թիվ 926/ԳԱ հողի վարձակալության պայմանագիրը շարունակելու իրավունքը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.12.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2010 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 16.12.2009 թվականի վճիռը և փոփոխվել. վարձավճարի պարտքի և տույժերի բռնագանձման պահանջի մասերով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի հետևանքով խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետը և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի 1-ին կետը և ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով`
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարձավճարի հաշվարկի սկիզբը պետք է հաշվարկվեր 15.09.2000 թվականից, այսինքն` Ընկերությունն ավելի քան ութ ամիս ուշացրել է վարձավճարի վճարումը, ինչը 26.07.2002 թվականի թիվ 926/ԳԱ հողի վարձակալության Պայմանագրի էական խախտում է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությանը վարձակալությամբ հողամաս է տրամադրվել կառուցապատման` քաղաքական գործիչների ակումբ-սրճարան կառուցելու նպատակով: Այսինքն` Ընկերությունը ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի ուժով և Պայմանագրով կրել է որոշակի ժամկետում կառուցապատման պարտականություն: Հետևաբար, Ընկերությունը պարտավոր էր իրականացնել կառուցապատման շինարարական աշխատանքները երեք տարվա ընթացքում: Պայմանագիրը կնքելուց հետո Ընկերությունը որևէ գործողություն չի կատարել Պայմանագրից բխող իր պարտականությունները` կառուցապատման աշխատանքները պատշաճ կատարելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.03.2010 թվականի որոշումը և փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ գնահատել է գործում գտնվող բոլոր ապացույցները և հանգել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ Ընկերությունը Պայմանագրի էական խախտում թույլ չի տվել: Բացի այդ, Ընկերության վրա հողամասի կառուցապատման պարտականություն կարող էր դրվել միայն Պայմանագրով, մինչդեռ Պայմանագրով Ընկերությունը նման պարտավորություն չի ստանձնել: Հետևաբար, Ընկերությունը պարտավոր չէր երեք տարվա ընթացքում կատարել հողամասի կառուցապատում:
3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետի 15.09.2000 թվականի թիվ 1228 որոշման համաձայն` Ռուբեն Եգորյանին Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում, Թումանյան փողոցից մինչև Վարդանանց փողոցն ընկած` Խանջյան փողոցին հարող տարածքում Գետառի հատվածը ծածկելու, քաղաքական գործիչների ակումբ-սրճարան կառուցելու նպատակով վարձակալության իրավունքով 20 տարի ժամկետով հատկացվել է 600քմ մակերեսով հողամաս: Վերը նշված որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և Ռուբեն Եգորյանի միջև կնքվել է թիվ 46/ԳԱ հողի վարձակալության պայմանագիրը (գ.թ. 27):
2) Ռուբեն Եգորյանը, որն Ընկերության մասնակիցն է մեկ քառորդ մասով, խնդրել է Երևանի քաղաքապետարանին Ընկերությանը դարձնել իրեն հատկացված հողի վարձակալի իրավահաջորդ, ակումբի կառուցող և շահագործող:
Երևանի քաղաքապետի 19.06.2002 թվականի թիվ 1029 որոշման համաձայն` Երևանի քաղաքապետի 15.09.2000 թվականի թիվ 1228 որոշման մեջ կատարվել է փոփոխություն, այն է` «Երևանի քաղաքապետի 15.09.2000 թվականի թիվ 1228 որոշման 1-ին կետում «Ռուբեն Եգորյանին» բառերի փոխարեն կարդալ «Ա.Գ.Ա. Պետրոլ» բառը» (գ.թ. 7):
3) Երևանի քաղաքապետի 15.09.2000 թվականի թիվ 1228 և 19.06.2002 թվականի թիվ 1029 որոշումների հիման վրա Երևանի քաղաքապետի և Ընկերության միջև 26.07.2002 թվականին կնքվել է թիվ 926/ԳԱ հողի վարձակալության պայմանագիր, Պայմանագիրը 23.09.2002 թվականին գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանումում (գ.թ. 5-6, 20):
4) Երևանի քաղաքապետարանը 14.12.2009 թվականի դատական նիստում հրաժարվել է հողի վարձավճարի պարտքի և տույժի բռնագանձման հայցապահանջից (գ.թ. 85, 90):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից:
Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ վարձավճարի հաշվարկի սկիզբը պետք է հաշվարկվեր 15.09.2000 թվականից, անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը Դատարանում գործի քննության ժամանակ հրաժարվել է հայցապահանջի` հողի վարձավճարի պարտքի և տույժի բռնագանձման մասից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որը զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիր կնքելիս:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը գույքն օգտագործել է պայմանագրի պայմանների կամ գույքի նշանակության էական կամ բազմակի խախտումներով:
ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով հետևյալ հիմքերով` կառուցապատման համար տրամադրված հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չօգտագործելը, եթե պայմանագրով նախատեսված չեն շինարարարության ավելի երկարատև ժամկետներ:
Վերոհիշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վարձատուին իրավունք է վերապահել վարձակալության պայմանագիրը դատական կարգով վաղաժամկետ լուծել, եթե վարձակալը գույքն օգտագործել է պայմանագրի պայմանների խախտումներով, իսկ կառուցապատման նպատակով տրամադրված հողամասը նպատակային` երեք տարվա ընթացքում չօգտագործելու դեպքում վարձատուի պահանջով հողամասի նկատմամբ իրավունքները կարող է դադարեցվել դատական կարգով:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի 15.09.2000 թվականի թիվ 1228 որոշման համաձայն` Ռուբեն Եգորյանին (հետագայում` Ընկերությանը) Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում, Թումանյան փողոցից մինչև Վարդանանց փողոցն ընկած` Խանջյան փողոցին հարող տարածքում Գետառի հատվածը ծածկելու, քաղաքական գործիչների ակումբ-սրճարան կառուցելու նպատակով վարձակալության իրավունքով 20 տարի ժամկետով հատկացվել է 600քմ մակերեսով հողամաս: Երևանի քաղաքապետի 15.09.2000 թվականի թիվ 1228 և 19.06.2002 թվականի թիվ 1029 որոշումների հիման վրա Երևանի քաղաքապետի և Ընկերության միջև 26.07.2002 թվականին կնքվել է Պայմանագիր:
Պայմանագրի 2-րդ, 5.2-րդ և 20.2-րդ կետերի համաձայն` հողամասը հատկացվում է քաղաքական գործիչների ակումբ-սրճարան կառուցելու նպատակով: Վարձակալը պարտավոր է ժամանակին և սահմանված կարգով ապահովել հողահատկացման մասին որոշմամբ ու սույն պայմանագրով նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջները և պահպանման միջոցառումները: Նույն պայմանագիրը կարող է միակողմանի կարգով վաղաժամկետ լուծվել վարձատուի կողմից, եթե վարձակալը հողամասն օգտագործում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները:
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ «թիվ 926/ԳԱ վարձակալության պայմանագրի առարկա կազմող հողամասում կառուցապատում չի իրականացրել այն պարզ պատճառով, որ չի ունեցել քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր (ճարտարապետահատակագծային առաջադրանք, թույլտվություն): Նշված փաստաթղթերից ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու կապակցությամբ պատասխանողը դիմել է Երևանի քաղաքապետին, սակայն ըստ էության չի ստացել նման առաջադրանք: Երևանի քաղաքապետը, ըստ էության, ձեռնպահ է մնացել ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու գործողությունից այն պատճառաբանությամբ, որ այդ տարածքով պետք է քաղաքային նշանակության ավտոմայրուղի կառուցվեր», «թիվ 926/ԳԱ վարձակալության պայմանագրով չկա որևէ պայման առ այն, որ պատասխանողը պարտավոր է կառուցապատումն իրականացնել որևէ կոնկրետ ժամանակահատվածում», Վերաքննիչ դատարանը գտել է, որ «բացակայում են նաև ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմի կիրառման համար հիմք հանդիսացող պայմանները: Մասնավորապես, հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չօգտագործելը պայմանավորված չի եղել պատասխանողի մեղքով»:
Մինչդեռ Ընկերությունը ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով պարտավոր էր Պայմանագիրը կնքելուց հետո երեք տարվա ընթացքում Երևանի քաղաքապետի 15.09.2000 թվականի որոշման և Պայմանագրի համաձայն` կատարել կառուցապատման աշխատանքները:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ սույն գործի փաստերով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Ընկերությունը Երևանի քաղաքապետի 15.09.2000 թվականի թիվ 1228 որոշմամբ հատկացված 600քմ մակերեսով հողամասն օգտագործել է ըստ նպատակային նշանակության` քաղաքական գործիչների ակումբ-սրճարան կառուցելու համար:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ «թիվ 926/ԳԱ վարձակալության պայմանագրի առարկա կազմող հողամասում կառուցապատում չի իրականացրել այն պարզ պատճառով, որ չի ունեցել քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր (ճարտարապետահատակագծային առաջադրանք, թույլտվություն), նշված փաստաթղթերից ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու կապակցությամբ պատասխանողը դիմել է Երևանի քաղաքապետին, սակայն ըստ էության չի ստացել նման առաջադրանք», ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա նյութերով չի հիմնավորվում, որ Երևանի քաղաքապետարանը ստացել է համապատասխան փաստաթղթեր ստանալու թույլտվությամբ կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար Ընկերության դիմումը և մերժել է այդ փաստաթղթերի տրամադրումը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 05.03.2010 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ, և 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2010 թվականի որոշման` վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և վարձակալության պայմանագիրը շարունակելու իրավունքը ճանաչելու մասերը և այդ մասերով գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | |
Դատավորներ` |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|