ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/3797/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի հոկտեմբերի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի (այսուհետ` Նախարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.06.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Փառո» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Նախարարի 30.07.2009 թվականի թիվ 71-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարի 30.07.2009 թվականի թիվ 71-Ա հրամանը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, նույն հոդվածի 2-րդ մասը, 59-րդ, 61-րդ և 75-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի չապահովման համար Ընկերությունն օրենքի ուժով զգուշացվել է։ Նրանում ներկայացվող առաջարկությունը` Ընկերության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ օրենքով սահմանված 90-օրյա ժամկետում իրականացումը, ինքնին նշանակում է Ընկերության կողմից որոշակի աշխատանքների ձեռնարկում` ուղղված Ընկերության կողմից կատարված խախտումների վերացմանը։ Ձեռնարկված միջոցառումները հնարավորություն կընձեռեին Ընկերությանը հանույթային աշխատանքները հանքավայրի շահագործման նախագծին համապատասխան իրականացնելու համար։ Միջոցառումների չձեռնարկման արդյունքում Ընկերությունը չէր կարող շահագործման նախագծին համապատասխան հանույթ իրականացնել։ Իսկ դա նշանակում է, որ հանույթային աշխատանքների նախագծով իրականացումը հնարավոր և պայմանավորված էր միայն ափապաշտպան պատնեշի կառուցման պայմաններում, ինչն առաջարկվել էր Ընկերությանը և ինչն ընդունել էր նաև Ընկերությունն իր 07.07.2010 թվականի գրությամբ, որով կկանխվեր Արաքս գետի ջրերի հոսքն Ընկերությանը տրամադրված տարածք, և հնարավոր կդարձներ հողային ֆոնդի վերականգնումը տվյալ տարածքում։ Ստեղծված իրավիճակում Արաքս գետի ափապաշտպան պատնեշի կառուցումը հնարավորություն կտար Ընկերությանն ապահովելու 03.05.2006 թվականի թիվ 272 «Հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագրի» (այսուհետ` Լիցենզային պայմանագիր) 5.4.1 կետով և 5.4.9 կետի «գ» ենթակետով ստանձնած պարտավորությունների կատարումը։
Դատարանն անտեսել է Ընկերության 07.07.2009 թվականի գրության բովանդակային այն մասը, որում նշվել է, որ հանույթային աշխատանքները նախագծին համապատասխան իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել Արաքս գետում պատնեշի կառուցման աշխատանքներ։ Փաստորեն, Ընկերության 07.07.2009 թվականի գրությամբ հաստատվում է, որ հանույթային աշխատանքների շահագործման նախագծով իրականացումը կարող է ապահովվել միայն Արաքս գետի ափապաշտպան պատնեշի կառուցմամբ, և խնդրել է լիազոր մարմնից լրացուցիչ 60-օրյա ժամկետ։
Միաժամանակ հաշվի առնելով 08.05.2009 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարություն հրավիրված Ընկերության ներկայացուցչի կողմից Արաքս գետի պատնեշի կառուցման աշխատանքների կատարումից հրաժարումը` 26.06.2009 թվականին Ընկերության կողմից ժամկետի երկարացման խնդրանքը եղել է ձևական բնույթի և ոչ իրավաչափ պահանջ, որն օրենքի ուժով անընդունելի է, քանի որ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` ծանուցման պահից 90-օրյա ժամկետ է սահմանվում զգուշացմամբ տրված խախտման պատճառների վերացման համար, և ժամկետի երկարաձգում չի նախատեսվում։ Դատարանը նույնպես հաստատված է համարել, որ Ընկերությունը պետք է աշխատանքներն ավարտեր 90-օրյա ժամկետում։ Հետևաբար Ընկերությունը ծանուցումը ստանալուց հետո անմիջապես ձեռնամուխ չի եղել սահմանված 90-օրյա ժամկետում ափապաշտպան պատնեշի կառուցման աշխատանքների իրականացմանը։ Բացի այդ, Ընկերության կողմից ձեռնարկված միջոցառումների չավարտման պայմաններում փոխհատուցման վերաբերյալ առաջարկ չի ներկայացվել, որով հարցականի տակ է դրվել և չի կատարվել ծանուցման մեջ նշված պահանջները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Նախարարությունը չի ներկայացրել որևէ հիմնավոր ապացույց Ընկերության կողմից ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների խախտման կամ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ։ Չնայած Նախարարության 22.04.2009 թվականի ծանուցման մեջ որևէ նշում չի եղել այն մասին, թե Նախարարությունն ինչպես է եկել Ընկերության կողմից խախտումներ իրականացնելու վերաբերյալ եզրահանգման և արդյոք խախտումներ առկա են, թե` ոչ, այնուամենայնիվ Ընկերությունը 26.06.2009 թվականին, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող բնական աղետները, այն է` Արաքս գետի գարնանային վարարումները, Նախարարությունից խնդրել է ևս 60 օր ծանուցման մեջ նշված աշխատանքները կատարելու և ավարտելու համար, սակայն դա չի նշանակում, որ Ընկերությունը որևէ խախտում կատարել է։ Ընկերության 26.06.2009 թվականի գրությանը Նախարարության կողմից որևէ մերժման պատասխան չի ստացվել։
Ընկերությունը դեռևս 07.07.2009 թվականին արդեն իսկ կատարած է եղել 22.04.2009 թվականի ծանուցմամբ կատարված առաջարկը, քանի որ ի կատարումն ծանուցման 1-ին կետի` հայտնել է, որ Ընկերության կողմից լեռնահատկացման ակտով տրամադրված տեղամասից դուրս ավազակոպճային արդյունահանումը դադարեցվել է և ի կատարումն ծանուցման 2-րդ կետի` համապատասխան միջոցառումները ձեռնարկվել են, մասնավորապես` իրականացվել են ճանապարհաշինարարական աշխատանքներ և պատնեշի կառուցման աշխատանքներ։
Տվյալ դեպքում Նախարարության կողմից Ընկերությանը տրամադրված ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման լիցենզիայի չեղյալ ճանաչելու համար որևէ հիմք առկա չի եղել, ուստի Նախարարի 30.07.2009 թվականի թիվ 71-Ա հրամանն անհիմն է և անօրինական։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 14.06.2005 թվականին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի կողմից Ընկերությանը 12 տարի ժամկետով տրվել է թիվ ՀԱ-Լ-14/354 հանքարդյունահանման լիցենզիան` Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման համար (գ.թ. 17):
2) 03.05.2006 թվականին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության և Ընկերության միջև կնքվել է թիվ 272 հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագիր (գ.թ. 11-16):
Լիցենզային պայմանագրի 5.4.1-րդ կետի համաձայն` լիցենզառուն պարտավոր է հանքավայրն օգտագործել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին, <Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, նույն պայմանագրի պայմաններին, հանքավայրի շահագործման նախագծին, տարեկան լեռնային աշխատանքների զարգացման ծրագրերին համապատասխան:
Լիցենզային պայմանագրի 5.4.9-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` լիցենզառուն պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում, ելնելով այն հանգամանքից, որ իր կողմից կատարվող աշխատանքները գործունեության առավել վտանգավորության աղբյուր են, հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում պարտավոր է ապահովագրել հետևյալ ռիսկերը` հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում կամ դրանց հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Լիցենզային պայմանագրի 11.1-րդ կետի համաձայն` լիցենզառուն հանքարդյունահանման աշխատանքներ իրականացնելիս պարտավոր է ապահովել օդային և ջրային ավազանի, հողի, կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև մշակութային, ճարտարապետական, հնէաբանական, պատմական և աշխարհագրական նշանակություն ունեցող հողատարածքների պաշտպանությունը, իսկ 11.4-րդ կետի համաձայն` օգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը հրդեհումից, հեղեղումից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից:
3) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 16.03.2009 թվականի թիվ 25-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ «Փառո» ՍՊԸ-ի կողմից Արաքս գետի հունից ավազի արդյունահանման աշխատանքների իրականացման համապատասխանությունը լիցենզային պայմանագրի և լեռնահատկացման ակտի հետ ճշտելու և եզրակացություն ներկայացնելու համար։ Աշխատանքային խմբի կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Փառո» ՍՊԸ-ի կողմից ավազակոպճային խառնուրդի արդյունահանումը կատարվել էր միայն հանքավայրի երկրորդ տեղամասից, որն ամբողջովին ջրածածկ է եղել Արաքս գետի ջրերով և որում ավազակոպճային խառնուրդի արդյունահանում հնարավոր չէր իրականացնել, ընդ որում, աշխատանքային խմբի այցի ժամանակ Ընկերությունն ապօրինի գործունեություն էր իրականացրել` ավազակոպճային խառնուրդի արդյունահանումը կատարելով լեռնահատկացման սահմաններից դուրս (գ.թ. 61, 63-64)։
4) Նախարարության 22.04.2009 թվականի թիվ Կ-27/210 ծանուցմամբ Ընկերությանը հայտնվել է, որ «Արարատի տարածաշրջանի Շահումյանի համայնքի տարածքում Ընկերության կողմից ավազակոպճային խառնուրդի արդյունահանման աշխատանքների տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ընկերությունն ավազակոպճային խառնուրդի արդյունահանում կատարել է հանքավայրից տրամադրված երեք տեղամասերից միայն երկրորդ տեղամասից: Ուսումնասիրության պահին արդյունահանում կատարվում էր տրամադրված լեռնահատկացման սահմաններից դուրս, ինչը հանքային իրավունքով (14.06.2005 թվականի ՀԱ-Լ-14/354 հանքարդյունահանման լիցենզիա, 03.05.2003 թվականի թիվ 272 լիցենզային պայմանագիր, 25.05.2006 թվականի թիվ 069 լեռնահատկացման ակտ) ստանձնած պարտավորությունների խախտում է», և առաջարկվել է «1. անհապաղ դադարեցնել և բացառել Ընկերությանը լեռնահատկացման ակտով տրամադրված տեղամասից դուրս ավազակոպճային խառնուրդի արդյունահանումը, 2. ձեռնարկել միջոցառումներ հանույթային աշխատանքները հանքավայրի շահագործման նախագծին համապատասխան իրականացնելու համար»: Նշված գրությամբ Ընկերությանը հայտնվել է նաև, որ «ծանուցումը ստանալու պահից Ընկերությունը համարվում է պարտավորությունների չկատարման մասին զգուշացված` «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան: Զգուշացման մասին ծանուցումը ստանալու պահից ոչ պակաս, քան 90 օրվա ընթացքում զգուշացման պատճառները չվերացնելու, կամ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն համարժեք փոխհատուցում չառաջարկելու դեպքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով, 16-րդ հոդվածի 2-րդ կետով, «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով Ընկերության հանքային իրավունքը կդադարեցվի» (գ.թ. 63):
Նամակի ստացման մասին թիվ 990238 հետադարձ փոստային ծանուցագրի համաձայն` Նախարարության 22.04.2009 թվականի թիվ Կ-27/210 ծանուցումը հանձնվել է Ընկերությանը 25.04.2009 թվականին (գ.թ. 62):
5) Նախարարին հասցեագրված` Ընկերության 26.06.2009 թվականի գրության համաձայն` Ընկերությունը, հայտնելով, որ «ՀՀ բնապահպանության նախարարության 29.04.2009 թիվ 56 վարչական որոշմամբ Արաքս գետի հունի վերականգնման նպատակով աշխատանքները, որի համար Ընկերությանը տրամադրվել է 90-օրյա ժամկետ, կատարվում են, որի ընթացքին հետևում են ընդերքի վերահսկողության պետական տեսչության աշխատակիցները: Սակայն հաշվի առնելով Արաքս գետի գարնանային վարարումները նշված աշխատանքներն Ընկերության կողմից ժամանակավորապես դադարեցվել էին, որոնք այժմ շարունակվում են», խնդրել է օրենքով սահմանված 90-օրյա ժամկետին ավելացնել ևս 60-օրյա ժամկետ` նշված աշխատանքները կատարելու համար (գ.թ. 66):
6) Նախարարության աշխատակազմի ղեկավարին հասցեագրված` Ընկերության 07.07.2009 թվականի գրության համաձայն` Ընկերությունը հայտնել է, որ «Ընկերության կողմից լեռնահատկացման ակտով տրամադրված տեղամասից դուրս ավազակոպճային խառնուրդի արդյունահանումը դադարեցվել է: Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ, մասնավորապես` կատարվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ և Արաքս գետում պատնեշի կառուցման աշխատանքներ, հանույթային աշխատանքները հանքավայրի շահագործման նախագծին համապատասխան իրականացնելու համար» (գ.թ. 67):
7) Նախարարի 30.07.2009 թվականի թիվ 71-Ա հրամանով 14.06.2005 թվականին Ընկերությանը տրված Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի թիվ ՀԱ-Լ-14/354 հանքարդյունահանման լիցենզիան ճանաչվել է ուժը կորցրած, 03.05.2006 թվականին կնքված հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ 272 լիցենզային պայմանագիրը լուծվել է, իսկ 25.05.2006 թվականի թիվ 069 լեռնահատկացման ակտը ճանաչվել է չեղյալ (գ.թ. 68):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազոր մարմինը կարող է հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտին տալ գրավոր զգուշացում, եթե նա` 1) չի կատարում նույն oրենքով նախատեսված պարտավորությունները, 2) չի կատարում հանքային իրավունքի պայմանները, այդ թվում` լիցենզային պայմանագրով, նախագծով և լիցենզիայով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները, 3) չի վճարել oրենքով նախատեսված վճարները` դրա համար սահմանված oրվանից մեկ ամսվա ընթացքում:
Սույն գործի փաստերից բխում է, որ Ընկերությունը 14.06.2005 թվականի թիվ ՀԱ-Լ-14/354 հանքարդյունահանման լիցենզիայի և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության և Ընկերության միջև կնքված 03.05.2006 թվականի թիվ 272 հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագրի հիման վրա Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրում իրականացրել է հանքարդյունահանման աշխատանքներ: Լիցենզային պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է հանքավայրն օգտագործել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, նույն պայմանագրի պայմաններին, հանքավայրի շահագործման նախագծին, տարեկան լեռնային աշխատանքների զարգացման ծրագրերին համապատասխան, հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում ապահովագրել հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում կամ դրանց հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի ռիսկը, ապահովել օդային և ջրային ավազանի, հողի, կենդանական և բուսական աշխարհի պաշտպանությունը, օգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը հեղեղումից: Մինչդեռ Նախարարության 22.04.2009 թվականի թիվ Կ-27/210 գրության համաձայն` Ընկերությունն արդյունահանում է կատարել տրամադրված լեռնահատկացման սահմաններից դուրս, ինչն Ընկերության ստանձնած պարտավորությունների խախտում է, որպիսի դեպքի առթիվ էլ Ընկերությունը նշված գրությամբ, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, զգուշացվել է անհապաղ դադարեցնել և բացառել Ընկերությանը լեռնահատկացման ակտով տրամադրված տեղամասից դուրս ավազակոպճային խառնուրդի արդյունահանումը, ինչպես նաև ձեռնարկել միջոցառումներ հանույթային աշխատանքները հանքավայրի շահագործման նախագծին համապատասխան իրականացնելու համար, միաժամանակ հայտնվել է, որ զգուշացման մասին ծանուցումը ստանալու պահից 90 օրվա ընթացքում զգուշացման պատճառները չվերացնելու կամ համարժեք փոխհատուցում չառաջարկելու դեպքում Ընկերության հանքային իրավունքը կդադարեցվի:
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն` լիազոր մարմնի որոշմամբ հանքային իրավունքը դադարեցվում է, եթե լիազոր մարմնի սահմանած ժամկետում հանքային իրավունք կրողը չի վերացրել զգուշացման պատճառները: Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունել հանքային իրավունքի դադարեցման մասին, եթե հանքային իրավունք կրողը զգուշացման մասին ծանուցումն ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 oրվա ընթացքում, վերացրել է նշված պատճառները, կամ եթե այդ պատճառները հնարավոր չէ վերացնել, ապա դրա դիմաց համարժեք փոխհատուցում է առաջարկել:
Վերը նշված հոդվածից հետևում է, որ լիազոր մարմնի որոշմամբ հանքային իրավունքը դադարեցվում է, եթե հանքային իրավունք կրողը զգուշացման մասին ծանուցումն ստանալուց հետո 90 oրվա ընթացքում չի վերացրել զգուշացման պատճառները, կամ այդ պատճառները վերացնել հնարավոր չլինելու պարագայում դրա դիմաց համարժեք փոխհատուցում չի առաջարկել:
Սույն գործով Դատարանն Ընկերության հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Նախարարության 22.04.2009 թվականի ծանուցման պահանջներն Ընկերության կողմից կատարվել են, և ավելին, դրանք չկատարված լինելու փաստը Նախարարի 30.07.2009 թվականի թիվ 71-Ա հրամանի արձակումից առաջ չի ստուգվել և չի հիմնավորվել:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն այդ պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Նախարարության 22.04.2009 թվականի ծանուցման պահանջներն Ընկերության կողմից կատարված լինելու հանգամանքը հաստատել է ապացույցների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի կանոնների խախտմամբ գնահատելու արդյունքում:
Այսպես, սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը լիարժեքորեն չի վերացրել Նախարարության 22.04.2009 թվականի ծանուցմամբ (որպիսի ծանուցումն Ընկերությունը ստացել է 25.04.2009 թվականին) նշված զգուշացման պատճառները: Նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում հենց Ընկերության 07.07.2009 թվականի` Նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված գրությունը, որով Ընկերությունը նշել է, որ լեռնահատկացման ակտով տրամադրված տեղամասից դուրս ավազակոպճային խառնուրդի արդյունահանումը դադարեցվել է` միաժամանակ հայտնելով, որ կատարվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ և Արաքս գետում պատնեշի կառուցման աշխատանքներ, հանույթային աշխատանքները հանքավայրի շահագործման նախագծին համապատասխան իրականացնելու համար, ընդ որում, նշված գործողությունների կատարումը միտված է Նախարարության 22.04.2009 թվականի թիվ Կ-27/210 ծանուցման պահանջի մեջ նշված 2-րդ պատճառի վերացմանը, որն էլ վկայում է հենց նրա մասին, որ Նախարարության ծանուցման պահանջի 2-րդ մասով Ընկերությունը խախտումները չի վերացրել, քանի որ ծանուցման մեջ ներկայացվող առաջարկությունը` Ընկերության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ օրենքով սահմանված 90-օրյա ժամկետում իրականացումը, ինքնին նշանակում է Ընկերության կողմից կատարված խախտումների վերացմանն ուղղված որոշակի միջոցառում-աշխատանքների ձեռնարկում, միջոցառումներ, որոնք հնարավորություն կընձեռեին Ընկերությանը հանույթային աշխատանքները հանքավայրի շահագործման նախագծին համապատասխան իրականացնելու համար, իսկ միջոցառումների չձեռնարկման արդյունքն էլ նա է եղել, որ Ընկերությունը չի կարող շահագործման նախագծին համապատասխան հանույթ իրականացնել։
Վերոնշյալ փաստական հանգամանքների ուժով էլ Նախարարությունը, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Ընկերությանը տալով գրավոր զգուշացում, զգուշացման պատճառները չվերացվելու պայմաններում նույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա դադարեցրել է Ընկերության հանքային իրավունքը` ուժը կորցրած ճանաչելով Ընկերության 14.06.2005 թվականի թիվ ՀԱ-Լ-14/354 հանքարդյունահանման լիցենզիան` լուծելով 03.05.2006 թվականին կնքված հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ 272 լիցենզային պայմանագիրը և չեղյալ ճանաչելով 25.05.2006 թվականի թիվ 069 լեռնահատկացման ակտը:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` ընդերքoգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարեցվում է, իսկ պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև նույն oրենսգրքով սահմանված հետևյալ հիմքերով` եթե խախտվել են ընդերքoգտագործման պայմանագրային պարտավորությունները, կամ ընդերքoգտագործման ընթացքում չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջները: Նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն oրենսգրքի 15-րդ հոդվածի 4-7-րդ կետերով նախատեսված դեպքերում ընդերքoգտագործման իրավունքը դադարեցնելու և (կամ) պայմանագիրը լուծելու մասին որոշումը կայացնում է լիազորված մարմինը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գալիս է եզրահանգման, որ Նախարարի 30.07.2009 թվականի թիվ 71-Ա հրամանն իրավաչափ է, բխում է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ և 16-րդ հոդվածների պահանջներից:
Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Տ. Պետրոսյան