Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (24.01.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2017
Ստորագրման ամսաթիվ
14.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2018

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Նկատի ունենալով, որ՝

Հայաստանի Հանրապետությունը ՆԱՏՕ-ի կողմից ընդունված գործընկեր է, որը 1995 թվականի հունվարի 13-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության միջև անվտանգության մասին» համաձայնագիրը,

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն է հայտնել ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության (ՆՍՊՕ) կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ և ցանկանում է համագործակցություն հաստատել լոգիստիկայի, գործառնական աջակցության և համակարգային աջակցության որոշ ոլորտներում,

Հյուսիսատլանտյան խորհուրդը ՆՍՊՕ գործակալության վերահսկողական խորհրդին լիազորել է ստորագրել Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության աջակցության մասին համաձայնագիրը` այն ըմբռնումով, որ Հայաստանի Հանրապետությունը սույն Համաձայնագրով չի ձգտում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանն անդամակցության, և այդպիսի Համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրապետության համար իրավական հիմք չէ հավակնելու նման կարգավիճակի,

ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության գործակալության վերահսկողական խորհուրդը համաձայնել է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել աջակցության ծառայություններ (ինչպես նշվում է այսուհետև) և ՆՍՊԱ-ի գլխավոր տնօրենին լիազորել է ստորագրել սույն Համաձայնագիրը,

հաշվի առնելով՝

Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից 2015 թվականի մարտի 10-ին հաստատված՝ ՆԱՏՕ-ի Աջակցության և մատակարարման կազմակերպության կանոնադրությունը,

1995 թվականի հունվարի 13-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության միջև անվտանգության մասին» համաձայնագիրը,

որ, սույն Համաձայնագիրը կազմում է իրավական հիմք լոգիստիկային ուղղված հարաբերությունների հաստատման համար, ինչպես նշված է ստորև՝ հոդվածներում, Հայաստանի Հանրապետության և ՆՍՊՕ-ի միջև,

Հայաստանի Հանրապետությունը և ՆԱՏՕ-ի ապահովման կազմակերպությունը, այսուհետև՝ Կողմեր, համաձայնեցին հետևյալ դրույթների մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սահմանումներ/Հապավումներ

 

Սույն Համաձայնագրի տեքստում և դրանից բխող ցանկացած հատուկ փաստաթղթում՝

- «ՆԱՏՕ» նշանակում է՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն:

- «ՀԱԽ» նշանակում է՝ Հյուսիսատլանտյան խորհուրդ:

- «ՆՍՊՕ» նշանակում է՝ ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման

կազմակերպություն, որը կազմում է ՆԱՏՕ-ի անբաժանելի մասը:

- «ՆՍՊԱ» նշանակում է՝ ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման գործակալություն, որը ՆՍՊՕ-ի գործադիր մարմինն է և ՆՍՊՕ-ի անբաժանելի մասը:

- «Աջակցության գործընկերություն» նշանակում է՝ ՆՍՊՕ-ի ներսում մարմնին, որը երկու կամ ավել ՆԱՏՕ-ի անդամ երկրներ հիմնում են համաձայնեցված կոնկրետ ժամկետներով և պայմաններով՝ ցանկանալով կազմակերպել ՆՍՊՕ-ի առաքելության շրջանակներում գործունեության ընդհանուր աջակցություն և ծառայություններ:

- «Տեխնիկական տեղեկույթ» նշանակում է՝ գիտական կամ տեխնիկական բնույթի՝ արձանագրված կամ փաստաթղթավորված տեղեկույթ՝ անկախ ձևաչափից, փաստաթղթային հատկանիշներից կամ ներկայացման միջոցից: Այս տեղեկույթը կարող է ներառել հետևյալներից ցանկացածը, սակայն չսահմանափակվել դրանցով. փորձարկման և տեստային տվյալներ, առանձնահատկություններ, նախագծեր և նախագծային գործընթացներ, գյուտերին և հայտնագործություններին վերաբերող կամ դրանց մեջ առկա տեղեկույթ՝ անկախ արտոնագրված լինելուց, տեխնիկական նկարագրություններ և տեխնիկական բնույթի այլ աշխատանքներ, կիսահաղորդիչների գծագրեր/նախագծեր, տեխնիկական և արտադրական տվյալների փաթեթներ, նոու-հաու և առևտրային գաղտնիքներ ու արտադրական մեթոդներին վերաբերող տեղեկույթ: Այն կարող է ներկայացվել փաստաթղթերի, պատկերային վերարտադրությունների, գծագրերի և այլ գրաֆիկական պատկերների, սկավառակների և կինոժապավենների (օպտիկական, մագնիսական և լազերային), համակարգչային ծրագրերի՝ և՛ ծրագրային, և՛ տվյալների բազայի վրա հիմնված, և համակարգչի հիշողության վերծանման կամ համակարգչի հիշողության մեջ պահպանված տվյալների կամ ցանկացած այլ ձևով:

- «C-M (2002) 49» նշանակում է 2013 թ. մայիսի 7-ին ստորագրված՝ ՆԱՏՕ-ի C-M (2002) 49 փաստաթուղթ` իր Աջակցման հրահանգների հետ միասին, որը սահմանում է Անվտանգության վերաբերյալ Հյուսիսատլանտյան Պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) շրջանակներում ՀԱԽ-ի քաղաքականությունը:

- «C-M (2002) 50» նշանակում է 2002 թ. հունիսի 17-ին ստորագրված՝ ՆԱՏՕ-ի C-M (2002) 50 փաստաթուղթ՝ իր Աջակցման հրահանգների հետ միասին, որը սահմանում է ՆԱՏՕ-ի քաղաքացիական և ռազմական մարմինների, ՆԱՏՕ-ի տեղակայված ուժերի և ռազմակայանների (միջոցների) դեմ ահաբեկչական սպառնալիքների համար Պաշտպանության միջոցառումների մասին ՀԱԽ քաղաքականությունը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Նպատակը

 

Սույն Համաձայնագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության և ՆՍՊՕ-ի միջև համագործակցության աջակցման իրավական շրջանակը և նախատեսում է հիմնական սկզբունքները հստակ որոշված ոլորտներում՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով, ապրանքների և ծառայությունների մատակարարումը, սպասարկումը, գնումը, փոխադրումը, կարգավորման հսկողությունը, տեխնիկական աջակցությունը և Վստահության հիմնադրամի ծրագրերի իրագործումը, որոնց համար ՆՍՊԱ-ն գործադիր մարմին է:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Իրագործում

 

3.1 Սույն Համաձայնագրի ներքո Կողմերի միջև համագործակցության աջակցման իրագործման նպատակով կստորագրվեն հատուկ գրավոր փաստաթղթեր:

3.2 Պետք է նկատի ունենալ, որ 3.1 հոդվածում նշված փաստաթղթերը կարող են պահանջել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆՍՊՕ-ի գործակալության վերահսկողական խորհրդի նախնական հաստատումը և, որտեղ կիրառելի է, պահանջել զենքերի համակարգի կամ ներառված սարքավորումների ծագման երկրի հաստատումը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ֆինանսական կարգավորումներ

 

4.1 Հայաստանի Հանրապետությունը կրում է սույն Համաձայնագրի 3.1 հոդվածում նշված գրավոր փաստաթղթերի շրջանակներում ՆՍՊՕ-ից պահանջած և վերջինիս տրամադրած աջակցության կամ ծառայությունների ծախսերը, ներառյալ սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված դադարեցման կամ հրաժարման դեպքում առաջացած ծախսերը:

4.2 Սույն Համաձայնագրի շրջանակներում ՆՍՊՕ-ի տրամադրած աջակցության կամ ծառայությունների իրականացման հետ կապված ռիսկերը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

4.3 Սույն Համաձայնագրի 3.1 հոդվածում նշված գրավոր փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության պահանջած գործողությունների կամ ծառայությունների իրականացման ժամանակ ՆԱՏՕ-ի և/կամ ՆՍՊՕ-ի, համապատասխանաբար՝ ՆՍՊԱ-ի, իրավական պատասխանատվությունից բխող կամ դրանց հետ կապված ֆինանսական պատասխանատվության համար ծախսերը ևս կրում է Հայաստանի Հանրապետությունը: Սույն Համաձայնագիրը ոչ մի պարագայում չի առաջացնում որևէ պատասխանատվություն ՆՍՊՕ-ի կամ ՆՍՊԱ-ի համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պատասխանատվություն, երաշխիք կամ ապահովագրություն

 

5.1 Հայաստանի Հանրապետությունը, որը, սույն Համաձայնագրի համաձայն, ստանում է նյութական միջոցներ կամ ծառայություններ, հրաժարվում է վնասվածքների (ներառյալ մահվան հանգեցրած վնասվածքները), կորստի կամ վնասի համար պահանջներ ներկայացնելուց, եթե այդպիսի վնասվածքը, կորուստը կամ վնասն առաջացել են տվյալ նյութական միջոցների կամ ծառայությունների բնականոն օգտագործումից և/կամ շահագործումից:

5.2 Կողմերը միմյանց տրամադրում են փոխադարձ պաշտպանություն երրորդ կողմի՝ երկու Կողմերից որևէ մեկի նկատմամբ ցանկացած բնույթի պահանջի կամ գործողության դեպքում: Հայաստանի Հանրապետությունը փոխհատուցում է ՆՍՊՕ-ին սույն Համաձայնագրի շրջանակներում կատարվող գործողությունների նկատմամբ երրորդ կողմերի ներկայացրած՝ ցանկացած բնույթի պահանջներից:

5.3 3.1 հոդվածում նշված տեսակի յուրաքանչյուր փաստաթուղթ հավուր պատշաճի, մանրամասն կնկարագրի այն առևտրային երաշխիքները, որոնք վերաբերում են ներառված գործողությունների և առաջադրանքների յուրաքանչյուր հատվածի նյութական միջոցներին կամ ծառայություններին: ՆՍՊՕ-ն ինքը իրավասու չէ առաջարկելու ապրանքների կամ ծառայությունների համար որևէ երաշխիք կամ երաշխավորելու, որ առաքված ապրանքները կամ ծառայությունները զերծ են որևէ թերությունից:

5.4 Ըստ 3.1 հոդվածում նշված փաստաթղթերի՝ ՆՍՊՕ-ի կողմից կազմակերպված փոխադրումները, որպես կանոն, չեն ապահովագրվում, եթե դա հատուկ չի պահանջում Հայաստանի Հանրապետությունը: Նման ապահովագրության արժեքը, որը կարող է պահանջվել Հայաստանի Հանրապետության կողմից, կփոխհատուցվի ՆՍՊՕ-ին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կառավարում

 

6.1 Յուրաքանչյուր Կողմի նշանակած լիազորված մարմինները, որոնք սույն Համաձայնագրի շրջանակներում պատասխանատու են որպես կոնտակտային անձինք, նշված են Համաձայնագրին կից 1-ին Հավելվածում:

6.2 3.1 հոդվածում նշված գրավոր փաստաթղթերի համար Կողմերը կարող են նշանակել հատուկ կոնտակտային անձանց:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Անվտանգության պահանջներ

 

7.1 Կողմերը կմշակեն և կիրագործեն արդյունաբերական անվտանգության համար համակարգված ծրագիր ՆԱՏՕ-ի անվտանգության քաղաքականության (C-M (2002) 49 և (C-M (2002) 50) և դրան կից Աջակցող հրահանգների հիման վրա:

7.2 3.1 հոդվածում նշված փաստաթղթի դրույթների համաձայն մյուս Կողմին տրամադրված ցանկացած տեղեկույթի կամ տվյալի առնչությամբ Կողմերը միմյանց կծանուցեն տրամադրող Կողմի սահմանած անվտանգության դասակարգման մասին:

7.3 Դասակարգված տեղեկույթի՝ ներառյալ նմանատիպ տեղեկույթ պարունակող պայմանագրերի ցանկացած փոխանակում պետք է համապատասխանի 1995 թվականի հունվարի 13-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև անվտանգության մասին» համաձայնագրի դրույթներին և ՆԱՏՕ-ի անվտանգության քաղաքականության (C-M (2002) 49 և (C-M (2002) 50) և դրա Աջակցման հրահանգներում արտացոլված անվտանգության պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սեփականության իրավունքների առարկա հանդիսացող տեխնիկական տեղեկության փոխանակում

 

8.1 3.1 հոդվածում նշված փաստաթղթի համաձայն փոխանցվող, թողարկվող կամ այլ կերպով փոխանակվող տվյալները և տեղեկությունները, որոնք Կողմերից մեկի կամ մյուսի կողմից համապատասխան կնիքի, մակագրության կամ այլ գրավոր նշումի միջոցով հստակորեն բնորոշվել են որպես սեփականության իրավունքի օբյեկտ, հանդիսանում են ներքոնշյալ դրույթների առարկա:

8.2 Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է միջոցներ՝

8.2.1 օգտագործելու համար մյուս Կողմին պատկանող տեղեկությունը միայն 3.1 հոդվածում նշված փաստաթղթերի նպատակներին համապատասխան,

8.2.2 ամբողջապես ապահովելու մյուս Կողմին պատկանող տեղեկության գաղտնիությունը և ձեռնպահ մնալու որևէ երրորդ կողմի նմանատիպ տեղեկությունը բացահայտելուց, փոխանցելուց կամ այլ կերպ հասանելի դարձնելուց,

8.2.3 մյուս Կողմին պատկանող տեղեկությանը վերաբերվելու որպես դասակարգված տեղեկույթի և այն պահպանելու այնպիսի զգուշությամբ և այնպիսի հսկողություն իրականացնելով, ինչպիսին ստացող Կողմը սովորաբար իրականացնում և կիրառում է իր սեփականություն համարվող տեղեկույթը պահպանելու համար, որպեսզի խուսափի դրա չարտոնված բացահայտումից, հրապարակումից, տարածումից կամ փոխանցումից, և ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու համար, որպեսզի մյուս Կողմին պատկանող տեղեկույթը հասանելի լինի միայն ստացող Կողմի այն աշխատակիցներին, որոնք ունեն հատուկ «իմանալու անհրաժեշտություն»:

8.3 Տեղեկույթը չի համարվի սեփականության իրավունքի առարկա և ստացող Կողմի համար չի առաջացնի որևէ պարտականություն, եթե այդ տեղեկույթը՝

8.3.1 ստացող Կողմում՝ վերջինիս ոչ դիտավորյալ կամ հակաիրավական գործողության պատճառով, հայտնվել է հանրային տիրույթում կամ առնչվել դրան,

8.3.2 տրամադրել է երրորդ կողմը օրինական ձևով՝ առանց նմանատիպ սահմանափակումների և սույն Համաձայնագրի խախտման,

8.3.3 դադարեցնող Կողմի գրավոր լիազորությամբ թույլատրված է հրապարակել կամ օգտագործել:

8.4 եթե Կողմերը չունեն հատուկ համաձայնություն, 3.1 հոդվածում նշված համապատասխան փաստաթղթերում պարունակվող որևէ բան չի կարող համարվել ցանկացած պահի Կողմերից յուրաքանչյուրի տնօրինության տակ գտնվող արտոնագրի, գյուտի կամ տվյալների առնչությամբ որևէ իրավունքի կամ լիցենզիայի տրամադրում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ

 

ՆՍՊՕ-ն, լինելով միջազգային կազմակերպություն, որի գործունեությունը բացառապես ոչ առևտրային է, և նկատի ունենալով, որ ՆՍՊՕ-ն սույն Համաձայնագրի ներքո համակարգում է Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական և/կամ մարդասիրական աջակցության նախագծերի իրականացումը և այլ փոխադարձ համաձայնեցված գործունեություն, իր ակտիվները, եկամուտը, այլ սեփականությունը, պետք է ազատվեն.

9.1 բոլոր ուղղակի և անուղղակի հարկերից, ինչպես նաև պարտադիր այլ վճարներից. այնուամենայնիվ, ՆՍՊՕ-ն չպետք է պահանջի ազատել այն հարկերից, տուրքերից կամ տոկոսադրույքներից, որոնք հանրային ծառայության վճարներ են1,

9.2 ՆՍՊՕ-ի կողմից պաշտոնական օգտագործման համար ներկրված կամ արտահանված ապրանքների համար ներմուծման կամ արտահանման բոլոր մաքսային վճարներից. Ազատականացման նման ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված առարկաները չեն կարող տնօրինվել նվիրաբերելու կամ վաճառելու նպատակով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված պայմաններով,

9.3 բոլոր մաքսային վճարներից՝ իր հրատարակությունների ներմուծման և արտահանման դեպքում:

Սույն Համաձայնագրի ներքո ՆՍՊԱ-ին թույլատրվում է.

9.4 պայմանագրեր կնքել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած աղբյուրից ապրանքների ձեռքբերման, ծառայությունների մատուցման և շինարարական աշխատանքների կատարման համար: Նման պայմանագրերը, ապրանքները, ծառայությունները և շինարարական աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում ենթակա չեն որևէ հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Անձեռնմխելիություն և արտոնություններ

 

10.1 10-րդ հոդվածի նպատակով ՆՍՊԱ անձնակազմը ներառում է ՆՍՊԱ-ի կողմից նշանակված կամ կցված կամ վերջինիս համար աշխատող բոլոր զինվորական և քաղաքացիական անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնք աշխատում են ՆՍՊԱ-ի հետ պայմանագիր կնքած ձեռնարկությունում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որոնք տեղում աշխատում են ՆՍՊԱ-ի համար:

10.2 ՆՍՊԱ անձնակազմը, ինչպես նշված է սույն հոդվածի 10.1 կետում, Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործողությունների կամ բացթողումների հետևանքով ծագած բոլոր իրավական գործընթացներում` քաղաքացիական, վարչական կամ քրեական, օգտվում է արտոնություններից, անձեռնմխելիությունից և աջակցությունից, ներառյալ դիվանագիտական անձեռնմխելիությունը, այն չափով, որը սովորաբար տրվում է «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին:

10.3 ՆԱՏՕ-ի իրեն վերապահված պարտականությունները կատարելու նպատակով ՆՍՊԱ անձնակազմը իր ավտոմեքենաների հետ միասին Հայաստանի Հանրապետությունում օգտվում է անհրաժեշտ ազատ մուտքի և ելքի իրավունքից: Մուտքը դեպի արգելված անվտանգության գոտիներ համակարգվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան մարմինների հետ:

10.4 ՆՍՊԱ անձնակազմը Հայաստանի Հանրապետությունում ազատվում է հարկումից՝ կապված ՆՍՊԱ-ից իր ստացած աշխատավարձերի ու այլ վարձատրությունների և Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացած որևէ եկամտի հետ:

10.5 ՆՍՊԱ անձնակազմի` անձնական կամ պաշտոնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և/կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող գույքը (ներառյալ նաև տրանսպորտային միջոցները) ազատվում է բոլոր հարկերից, տուրքերից և մաքսային զննություններից: ՆՍՊԱ անձնակազմի կողմից Հայաստանի Հանրապետությունում անձնական օգտագործման համար գնված ապրանքները հարկերից կազատվեն Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրության համաձայն:

10.6 Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տեղում աշխատում են ՆՍՊԱ-ի համար կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Այնուամենայնիվ, նրանք օգտվում են անձեռնմխելիությունից ցանկացած քաղաքացիական, քրեական և վարչական վարույթում բանավոր կամ գրավոր ձևով իրենց արտահայտած խոսքերի և բոլոր այն գործողությունների կապակցությամբ, որոնք կատարել են՝ ելնելով իրենց պաշտոնեական պարտականություններից, և, հետևաբար, միայն ենթարկվում են ՆՍՊԱ կողմից սահմանված աշխատանքային դրույթներին ու պայմաններին ՆՍՊԱ-ում իրենց աշխատելու ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Այցելությունների ընթացակարգեր

 

11.1 Կողմերի ներկայացուցիչների պահանջի դեպքում նրանց թույլատրվում է մուտք գործել պետական կամ մասնավոր հաստատություններ, որտեղ կատարվում է աշխատանքը, ներառյալ տեստերը և փորձարկումները, սույն Համաձայնագրի շրջանակներում կնքված փաստաթղթերի ներքո այս ներկայացուցիչների «իմանալու անհրաժեշտության» համաձայն:

11.2 Այցելությունների կազմակերպումը պետք է համապատասխանի

CM (2002) 49-ի G Առդիրի «Միջազգային այցելություններ» գլխում հաստատված Անվտանգության կանոնակարգերին: Բոլոր այցելուները պետք է համապատասխանեն նաև հյուրընկալող Կողմի հաստատած՝ անվտանգության և ապահովության ցանկացած հավելյալ կանոնի: Այցելուներին հաղորդված առևտրային գաղտնիքներին և այլ տեխնիկական տեղեկությանը պետք է վերաբերվել այնպես, իբրև դրանք հաղորդվել են այցելուներին հովանավորող Կողմին:

 

 ՀՈԴՎԱԾ 12

 

Փոփոխություններ

 

12.1 Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, և դրանք կձևակերպվեն առանձին արձանագրություններով:

 12.2 Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն և կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Դադարեցում

 

13.1 Եթե Կողմերից մեկը ցանկանա դադարեցնել սույն Համաձայնագիրը կամ դադարեցնել կամ հրաժարվել 3.1 հոդվածում նշված գրավոր փաստաթղթերից որևէ մեկից, այդ Կողմը կարող է դա անել միայն ամենաշուտը յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի մեկից և այդ ամսաթվից նվազագույնը վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցելով իր հրաժարվելու մասին:

13.2 Կողմերից մեկի՝ սույն Համաձայնագիրը դադարեցնելու կամ Համաձայնագրի 3.1 հոդվածում նշված գրավոր փաստաթղթերից որևէ մեկից հրաժարվելու կամ այն դադարեցնելու դեպքում Կողմերը պետք է միմյանց հետ ժամանակին խորհրդակցեն՝ դադարեցման կամ հրաժարման ամենանպատակահարմար միջոցներ ձեռնարկելու համար:

13.3 Եթե սույն Համաձայնագրի դադարեցման մասին ծանուցման մեջ պահանջվում է, ապա Կողմերը բանակցում են 3.1 հոդվածում նշված յուրաքանչյուր փաստաթղթի՝ հնարավորինս շուտ դադարեցման կամ հրաժարվելու ժամկետի և ընթացիկ խնդիրների ու ծառայությունների հետ կապված ֆինանսական խնդիրների լուծման շուրջ: Դադարեցնող կամ հրաժարվող Կողմը պետք է ամբողջությամբ կատարի հանձնառությունները մինչև Համաձայնագրի դադարեցման կամ դրանից դուրս գալու ուժի մեջ մտնելը:

13.4 Եթե Կողմերը որոշում են համատեղ դադարեցնել սույն Համաձայնագիրը, նրանք դադարեցման հետ կապված ցանկացած ծախս կրում են համատեղ:

13.5 Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որոնք վերաբերում են Երրորդ կողմերին տեխնիկական տեղեկույթի բացահայտմանը և օգտագործմանը, անվտանգությանը, վաճառքին և փոխանցումներին, վեճերի կարգավորմանն առնչվող բողոքներին և պատասխանատվությանն` անկախ Կողմի՝ սույն Համաձայնագրի կամ դրա 3.1 հոդվածում նշված գրավոր փաստաթղթի դադարեցումից կամ դրանից հրաժարվելուց:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Լեզուն

 

3.1 հոդվածում նշված գրավոր փաստաթղթերի նկատմամբ կկիրառվի դրանք անգլերեն և ֆրանսերեն լեզուներով կազմելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Վեճերի լուծում

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում Կողմերի միջև ծագած ցանկացած տարաձայնություն կլուծվի նրանց միջև բանակցությունների միջոցով՝ առանց ազգային կամ միջազգային որևէ դատարանի կամ տրիբունալի կամ երրորդ կողմի դիմելու:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Ուժի մեջ մտնելու կարգը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Հայաստանի Հանրապետության գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ՆՍՊՕ-ի կողմից ստանալու օրը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Ստորագրում

 

 Կատարված է Լյուքսեմբուրգում՝ 2017 թվականի հուլիսի 14-ին և Բրյուսելում՝ 2017 թվականի հուլիսի 14-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, անգլերեն և ֆրանսերեն: Որևէ վեճի կամ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ որևէ խնդրի առկայության դեպքում Կողմերը նախապատվությունը կտան անգլերեն տեքստին՝ որպես գերակայող տարբերակի:

 

Հավելված 1

 

Սույն Համաձայնագրի դրույթներին վերաբերող բոլոր հարցերի դեպքում կոնտակտային մարմիններն են՝

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար՝

Պաշտպանական քաղաքականության վարչություն

Բագրևանդի 5, ք. Երևան, ՀՀ 0044

Միջազգային հեռախոս՝ +37410 29 45 29

Միջազգային ֆաքս` +37410 29 45 31

 

ՆՍՊՕ-ի համար՝

Իրավական խորհրդատու

L-8302 Կապելլեն, Լյուքսեմբուրգ

Միջազգային հեռախոս՝ +352 3063 6554

Միջազգային ֆաքս՝ +352 3063 6986

 

______________________________

1 Հայաստանի Հանրապետությունը հանրային ծառայության վճար հասկացությունը մեկնաբանում է որպես «պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճար»: