Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (11.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2022

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) դրույթների վրա,

ելնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում անվտանգ արտադրանքի արտադրությունը և շրջանառությունն ապահովելու անհրաժեշտությունից,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն Համաձայնագրով սահմանվում են Միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգը և անվտանգության ապահովման կանոնները, որը ընդգրկված չէ արտադրանքի միասնական ցանկում, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ (այսուհետ՝ միասնական ցանկ), ինչպես նաև այն արտադրանքի շրջանառության կարգը և անվտանգության ապահովման կանոնները, որը ընդգրկված է միասնական ցանկում, որի մասով, սակայն, Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված արտադրանքի։

2. Սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում ստորև նշվածների նկատմամբ.

ա) պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար, այդ թվում` պետական պաշտպանական պատվերով մատակարարվող, պաշտպանական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող կամ անդամ պետությունների օրենսդրության համապատասխան պահպանվող, սահմանափակ հասանելիություն ունեցող այլ տեղեկատվության շարքին դասվող տեղեկությունների պաշտպանության նպատակներով օգտագործվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), այն արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), որի վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) են կազմում, այն արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և օբյեկտների, որոնց համար սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում անվտանգության ապահովման հետ կապված պահանջներ, ինչպես նաև նշված արտադրանքի և օբյեկտների նախագծման (ներառյալ հետազննությունը), կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման, ուտիլիզացման, թաղման գործընթացների,

բ) օգտագործված արտադրանքի,

գ) դեղամիջոցների,

դ) բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի)։

3. Սույն Համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա։

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

անվտանգ արտադրանք՝ արտադրանք, որի շահագործման (օգտագործելուց,կիրառելուց) պայմանների կատարումը , հաշվի առնելով դրա բնութագրերն ու շահագործման հատկությունները (ներառյալ՝ բաղադրությունը, պիտանելիության ժամկետը (ծառայության ժամկետը), ինչպես նաև, ,անհրաժեշտության դեպքում, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման պայմանները , այդ թվում՝ սպասարկման անհրաժեշտությունը դեպքում), ռիսկ չի պարունակում.

արտադրանքի առգրավում՝ միջոցառում, որն ուղղված է Միության շրջանակներում վտանգավոր արտադրանքի շրջանառության մեջ բացթողման կանխարգելմանը .

մակնշում՝ նշանների, խորհրդանիշների, գրառումների, նկարների և այլ նշագրումների տեսքով տեղեկատվություն, որը զետեղվում է արտադրանքի, փաթեթվածքի, մանեկապիտակի, պիտակի, ներդիր թերթիկի կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ձևով փաթեթվածքին ամրացված, դրա մեջ տեղադրված կամ դրան կցվող տեղեկակրի այլ տեսակի վրա, և որը նախատեսված է արտադրանքի նույնականացումն ապահովելու ու դրա բաղադրության, սպառողական հատկությունների և շահագործման (օգտագործման, կիրառման) վերաբերյալ ուղեցույցների մասին ձեռք բերողին (սպառողին) տեղեկացնելու համար.

արտադրանքի շրջանառություն՝ արտադրանքի մատակարարումից կամ ներմուծումից հետո (այդ թվում՝ արտադրողի պահեստից արտադրանքն ուղարկելուց կամ առանց պահեստավորման բեռն առաքելուց հետո) արտադրողից ձեռք բերողին (սպառողին) դրա շարժի գործընթացները՝ անդամ պետությունների տարածքներում առևտրային գործունեության ընթացքում անհատույց կամ հատուցելի հիմքով տարածելու նպատակով.

վտանգավոր արտադրանք՝ արտադրանք, որի շահագործման (օգտագործման, կիրառման) պայմանները կատարելու դեպքում, հաշվի առնելով դրա բնութագրերն ու սպառողական հատկությունները (այդ թվում՝ բաղադրությունը, պիտանիության ժամկետը (ծառայության ժամկետը), ինչպես նաև մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման պայմանի անհրաժեշտության, այդ թվում՝ սպասարկման անհրաժեշտության դեպքում), անթույլատրելի ռիսկ է պարունակում.

արտադրանքի հետկանչ՝ միջոցառում, որն ուղղված է Միության շրջանակներում շրջանառության մեջ դրված և շրջանառվող արտադրանքի, ինչպես նաև ձեռք բերողին (սպառողին) իրացված արտադրանքի վերադարձին (այդ թվում` ժամանակավոր վերադարձին).

սպառող՝ ֆիզիկական անձ, որը մտադիր է արտադրանքը պատվիրել (ձեռք բերել) կամ պատվիրում է (ձեռք է բերում, օգտագործում է) արտադրանքը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ առնչություն չունեցող՝ բացառապես անձնական (կենցաղային) կարիքների համար.

ձեռք բերող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ սպառող, որը մտադիր է արտադրանքը պատվիրել (ձեռք բերել) կամ այն պատվիրում է (ձեռք է բերում, օգտագործում է) ցանկացած օրինական նպատակով օգտագործելու համար:

Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով սահմանված իմաստներով։

 

Հոդված 3

 

1. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է իրավաբանական անձանց կամ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց, նրանց լիազորված ներկայացուցիչների, այդ թվում՝ արտադրողների, արտադրողների կողմից լիազորված անձանց ու արտադրանքի արտադրությունը և (կամ) իրացումն իրականացնող ներմուծողների կողմից՝ արտադրանքի կենսական պարբերաշրջանի բոլոր փուլերում (նախագծման (ներառյալ հետազննությունը), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման ժամանակ), անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն Համաձայնագիրը։

2. Վտանգավոր արտադրանքը Միության շրջանակներում շրջանառության մեջ դնելու և դրա շրջանառության համար պատասխանատվությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրության համապատասխան։

 

Հոդված 4

 

1. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի մշակման (նախագծման) դեպքում պետք է կիրառվեն տեխնիկական այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս սահմանել արտադրանքի անվտանգությունն ապահովող հատկությունները (ցուցանիշները, բնութագրերը)։ Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսվեն հնարավոր ռիսկերից պաշտպանություն ապահովող անվտանգության համակարգեր (տարրեր), և (կամ) պետք է ներկայացվեն արտադրանքի շահագործման (օգտագործման, կիրառման) անվտանգ պայմանների մասին տեղեկություններ, այդ թվում՝ առանձնապես խոցելի սպառողների առանձին կատեգորիաների համար, որոնց համար այդ արտադրանքի շահագործումը (օգտագործումը, կիրառումը) կարող է ռիսկ պարունակել։

2. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի արտադրության դեպքում պետք է ապահովվի անվտանգության կանոնների (ցուցանիշների, բնութագրերի) կայունությունը՝ այդ արտադրանքի մշակման (նախագծման) ժամանակ սահմանված մակարդակով։

3. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի՝ Միության շրջանակներում շրջանառության դեպքում պետք է ապահովվի արտադրանքի անվտանգության կանոնների (ցուցանիշների, բնութագրերի) պահպանումը՝ այդ արտադրանքի մշակման (նախագծման) և արտադրման ժամանակ սահմանված մակարդակով` հաշվի առնելով պիտանելիության ժամկետը (ծառայության ժամկետը)։

 

Հոդված 5

 

1. Միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի, ինչպես նաև միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի անվտանգությունն ապահովելու նպատակով, որի նկատմամբ, սակայն, անդամ պետությունների օրենսդրության համապատասխան անվտանգության պարտադիր պահանջներ սահմանված չեն, արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) պետք է հիմք ընդունի՝

ա) արտադրանքի բնութագրերի հաշվարկման անհրաժեշտությունը (ներառյալ դրա բաղադրությունը), փաթեթվածքին ներկայացվող պահանջները, դրա շահագործման (օգտագործման, կիրառման) հրահանգի (ձեռնարկի) և, անհրաժեշտության դեպքում, դրա մոնտաժման, գործարկման, կարգավորման, և փորձարարական գործարկման հրահանգի առկայությունը.

բ) տվյալ արտադրանքն այլ արտադրանքի հետ համատեղ օգտագործելու հնարավորության մասին տեղեկատվության կամ հիմնավորված ենթադրությունների առկայության դեպքում՝ այլ արտադրանքի վրա տվյալ արտադրանքի ազդեցության մասին տեղեկությունները.

գ) ձեռք բերողին (սպառողին) արտադրանքի և դրա մակնշման մասին տեղեկություններ, ինչպես նաև դրա շահագործման (օգտագործման, կիրառման), ուտիլիզացման վերաբերյալ հրահանգ և (կամ) այլ ցուցումներ տրամադրելու, այդ թվում՝ տվյալ արտադրանքի վերաբերյալ այլ տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությունը (ներառյալ առանձին դեպքերում պիտանիության ժամկետում (ծառայության ժամկետում) դրա օգտագործման վերաբերյալ ուղեցույցները և (կամ) սահմանափակումները, ինչպես նաև հնարավոր այն ռիսկերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք կարող են պարունակել արտադրանքի մոնտաժը, կարգաբերումը, շահագործումը (օգտագործումը, կիրառումը)) և, անհրաժեշտության դեպքում, այդ ռիսկերի վերացման ուղիները.

դ) արտադրանքը ոչ ըստ նշանակության կիրառելու հնարավորության մասին հիմնավորված ենթադրությունները, երբ այդ կիրառումը կարող է ռիսկ պարունակել.

ե) սպառողների առանձին կատեգորիաների (երեխաների, հղի կանանց, կերակրող մայրերի, հաշմանդամների) կողմից արտադրանքի շահագործման (օգտագործման, կիրառման) մասին տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությունը:

2. Արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) ապահովում է սույն հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի անվտանգությունը, դրա համապատասխանությունը մակնշման մեջ հայտարարված հատկություններին և արտադրողի կողմից ձեռք բերողին (սպառողին) տրամադրված հիմնական սպառողական հատկությունների և արտադրանքի անվտանգության վերաբերյալ տեղեկություններին (արտադրողի կողմից սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում արտադրողի կողմից սահմանված շահագործման (օգտագործման, կիրառման) վերաբերյալ ուղեցույցները (նշումները) և (կամ) սահմանափակումները պահպանելու պայմանով)։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի արտադրության ժամանակ արտադրողի կողմից կամավոր հիմունքով անդամ պետությունների այն միջպետական ստանդարտների և (կամ) ազգային (պետական) ստանդարտների կիրառումը, որոնց գործողությունը տարածվում է նշված արտադրանքի վրա, սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջները պահպանելու և արտադրանքի անվտանգությունն ապահովելու համար բավարար պայման է:

Անդամ պետությունների այն միջպետական ստանդարտները և (կամ) ազգային (պետական) ստանդարտները չկիրառելը, որոնց գործողությունը տարածվում է այդ արտադրանքի վրա, չի կարող դիտարկվել որպես սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջների չկատարում և չի կարող արտադրանքը որպես վտանգավոր դիտարկելու նախապայման հանդիսանալ:

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի շահագործման (օգտագործման, կիրառման) անվտանգությունն ապահովելու, դա պահպանելու, փոխադրելու և ուտիլիզացնելու նպատակներով վաճառողը (ներմուծողը) պարտավոր է պահպանել արտադրողի կողմից սահմանված պայմանները և պարտավոր է ձեռք բերողին (սպառողին) տեղեկացնել դրանց մասին, այդ թվում՝ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում, դրա մակնշման մեջ դրանք ներառելու միջոցով կամ այլ եղանակով։

 

Հոդված 6

 

1. Միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի անվտանգությունն ապահովելու նպատակներով, որի մասով Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել, անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ կարող են արտադրանքը շրջանառության մեջ դնելու կանոններ և անվտանգության պարտադիր պահանջներ սահմանել:

Այն արտադրանքը, որի նկատմամբ, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, գործում են անվտանգության պարտադիր պահանջներ, համարվում է անվտանգ՝ նշված պահանջներին դրա համապատասխանության պայմանով։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի նկատմամբ անվտանգության պարտադիր պահանջների, նշված պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության գնահատման ձևերի մասին, ինչպես նաև այդ արտադրանքի (նշելով այդ արտադրանքի անվանումները և անվտանգության պարտադիր պահանջներ սահմանող փաստաթղթերը) համապատասխանության գնահատում իրականացնող մարմինների մասին տեղեկություններն անդամ պետությունների կողմից ուղարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապահովում է Միության պաշտոնական կայքում նշված տեղեկությունների տեղադրումը:

3. Անդամ պետությունները միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի համար շրջանառության մեջ դնելու կանոնների և անվտանգության պարտադիր պահանջների սահմանման մասին, որի մասով Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել, տեղեկացնում են ոչ ուշ, քան նշված նորմերն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օր առաջ։

 

Հոդված 7

 

1. Միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի, ինչպես նաև միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով, որի մասով, սակայն, Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան անվտանգության պարտադիր պահանջներ չեն սահմանվել, անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, վտանգավոր արտադրանքի հայտնաբերման դեպքում միջոցներ են կիրառում դրա շրջանառության հետ կապված վնաս հասցնելը կանխելու ուղղությամբ (այդ թվում՝ վտանգավոր արտադրանքն առգրավելու և հետ կանչելու ուղղությամբ)։

2. Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով անդամ պետությունները, իրենց օրենսդրության համապատասխան, ապահովում են արտադրանքի անվտանգության դիտանցում անցկացնելը, այդ թվում՝ իրականացնում են վտանգավոր արտադրանքի շրջանառության հետ կապված վնաս հասցնելու հայտնաբերված դեպքերի և մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության վրա բացասաբար անդրադառնալու և (կամ) դրանց վնաս հասցնելու ռիսկի աստիճանի վերաբերյալ տեղեկությունների հավաքում ու վերլուծություն։

Վտանգավոր արտադրանքի շրջանառության հետ կապված վնաս հասցնելու և (կամ) մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության վրա բացասաբար անդրադառնալու հայտնաբերված դեպքերի վերաբերյալ տեղեկությունները ենթակա են Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում տեղադրման։

Տեղեկությունները ներկայացնելու, հավաքելու, ամփոփելու և Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում դրանք տեղադրելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։

 

Հոդված 8

 

Անդամ պետությունների միջև վեճերը՝ կապված սույն Համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ, կարգավորվում են Պայմանագրով սահմանված կարգով։

 

Հոդված 9

 

1. Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

Կատարված է Մոսկվա քաղաքում 2020 թվականի փետրվարի 3-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա վավերացված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից`

Բելառուսի Հանրապետության կողմից`

Ղազախստանի Հանրապետության կողմից`

Ղրղզստանի Հանրապետության կողմից`

Ռուսաստանի Դաշնության կողմից`