«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2005 թվականի N 981-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՏՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրեր տալու կարգը:
2. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար մշակութային արժեքների սեփականատերը կամ նրա լիազորած անձը (այսուհետ` հայտատու) հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):
(2-րդ կետը փոփ. 09.12.10 N 1631-Ն)
3. Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
4. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա) հայտատուի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և պետական գրանցման վկայականի պատճենը (ֆիզիկական անձանց համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի սերիան և համարը).
բ) մշակութային արժեքի անվանումը, քանակը, արտահանման նպատակը, արտահանման երկիրը, հայտարարություն սեփականության մասին.
գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
5. Հայտատուն հայտին կից ներկայացնում է՝
ա) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության բնօրինակը և պատճենը.
բ) նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ:
5.1. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը, հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա, մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում: Նշված շտեմարանում դրանց առկայության դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում կազմվում է դրանք գողացված չլինելու մասին տեղեկանք:
(5.1-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն)
5.2. Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում և նախապատրաստվում է առարկան մշակութային արժեք համարելու և արտահանման իրավունքի վկայագրով կամ առանց արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի արտահանելու վերաբերյալ որոշումը, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման ղեկավարին` հաստատման:
(5.2-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն)
5.3. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կողմից առարկան առանց արտահանման իրավունքի վկայագրի արտահանելու մասին որոշման դեպքում` օրենքով սահմանված կարգով մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է առարկան արտահանելու համար համապատասխան թույլտվություն, իսկ արտահանման իրավունքի վկայագրով արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր:
(5.3-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն)
6. Հայտատուն պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար հայտին կցում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով պահանջվող փաստաթղթերը:
7. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրով` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը հաշվառում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված մշակութային արժեքների հետբերման նպատակով:
9. Հայտատուի ցանկությամբ` նվագարանի փորձագիտական եզրակացության բնօրինակի հիման վրա, լիազոր պետական մարմինը տալիս է «Նվագարանի վկայական»` լուսանկարով, որը վավերական է, եթե լուսանկարի վրա առկա է լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման կլոր կնիքը:
Նվագարանի վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
Նվագարանի վկայականը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(9-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն)
10. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
11. Հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը և ստանում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը, մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության բնօրինակը և մշակութային արժեքի լուսանկարը՝ շրջերեսին մշակութային արժեքի տվյալների (արժեքի անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափերը (քաշը), վիճակը, պահոցից արտահանվող մշակութային արժեքների դեպքում` ծածկագիրը) վավերացմամբ:
12. Վկայագիրը վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման կլոր կնիքը և պետի կամ տեղակալի ստորագրությունը:
13. Վկայագրին կցվող լուսանկարը վավերական է, եթե դրա վրա կա «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը՝ լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կամ տեղակալի ստորագրությամբ:
14. Մեկ վկայագրով կարելի է արտահանել մեկ և մեկից ավելի տարբեր մշակութային արժեքներ` համաձայն հայտի:
15. Մեկից ավելի մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման դեպքում վկայագրին կցվում է մշակութային արժեքների ցուցակ՝ սույն կարգի 11-րդ կետում նշված մշակութային արժեքի տվյալներով: Ցուցակը վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կամ տեղակալի ստորագրությունը և «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը:
16. Հայտատուն վկայագրի պատճենի վրա ստորագրում է՝ փաստելով վկայագիր ստանալը:
17. Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը ենթակա է մեկանգամյա օգտագործման:
Մշակութային արժեքների արտահանման դեպքում արտահանման իրավունքի վկայագիրն ուժի մեջ է մեկ տարի:
Մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման դեպքում վկայագիրն ուժի մեջ է հայտատուի հայտում նշված ժամանակահատվածում, որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:
18. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի կրկնօրինակն ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին:
18.1. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(18.1-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն)
18.2. Նվագարանի վկայականի կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
(18.2-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն)
19. Հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջների համաձայն՝ գործի վրա ավելացնելով հայտատուի հիմնական գործի համարը:
20. Վկայագրի կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը: Վկայագրի վերին ձախ անկյունում գրվում է՝ «Կրկնօրինակ»:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ (Վերնագիրը փոփ. 09.12.10 N 1631-Ն)
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր N
Տրված է _____ _______________ 200 թ. քաղ. Երևան
1. Քաղաքացի ___________________________________________________ (անունը, ազգանունը)
2. Քաղաքացիությունը ____________________ Անձնագիր N _________________
3. Իրավաբանական անձ _____________________________________________ (անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի սերիան և համարը) ____________________________________________________________
4. __________________________________________________________ (լրացնել «Մշակութային արժեքի արտահանում» կամ «Մշակութային արժեքի ժամանակավոր արտահանում» բառերը)
5. Արտահանման տևողությունը ________________________________________ (լրացվում է ժամանակավոր արտահանման դեպքում) 6. Արտահանման երկիրը _____________________________________________
7. Ընդունող կողմի անվանումը _________________________________________ (լրացվում է ժամանակավոր արտահանման դեպքում) 8. Արտահանման նպատակը ___________________________________________ (լրացվում է ժամանակավոր արտահանման դեպքում) 9. Արտահանվող մշակութային արժեքների՝
ա) անվանումը ___________________________________________________ ____________________________________________________________ բ) քանակը _____________________________________________________ գ) ընդհանուր գինը ________________________________________________ դ) ցուցակը _________________________________________ թերթից (կցվում է) ե) լուսանկարների քանակը ______________________________ հատ (կցվում է)
10. Վկայագիրն ուժի մեջ է մինչև _____ __________________ 200 թ.
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.05.2024, N 664-Ն | 18.05.2024, N 981-Ն | |
09.03.2023, N 299-Ն | 19.03.2023, N 981-Ն | |
21.10.2021, N 1712-Ն | 25.07.2022, N 981-Ն | |
13.08.2020, N 1357-Ն | 19.08.2020, N 981-Ն | |
12.11.2015, N 1327-Ն | 05.12.2015, N 981-Ն | |
15.09.2011, N 1471-Ն | 10.11.2011, N 981-Ն | |
09.12.2010, N 1631-Ն | 23.12.2010, N 981-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|