Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (08.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2017
Ստորագրման ամսաթիվ
14.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2018

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Տաջիկստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև` Կողմեր,

հաշվի առնելով Կողմերի պետությունների փոխադարձ հետաքրքրությունը առողջապահության, սանիտարահամաճարակային բարեկեցության, բժշկագիտության զարգացման և կադրերի պատրաստման բնագավառներում փոխադարձ և իրավահավասար համագործակցության հետագա զարգացման մեջ,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության ազգային օրենսդրություններին համապատասխան և իրենց իրավասությունների շրջանակներում կխթանեն ու կխորացնեն համագործակցությունը առողջապահության բնագավառում, կիրականացնեն համատեղ գործողություններ բժշկագիտության և բժշկական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության նյութատեխնիկական բազայի ամրապնդման, բնակչության առողջության պահպանման համար, կնպաստեն մասնագիտացված բժշկական հաստատությունների կողմից բժշկասանիտարական ծառայությունների տրամադրման որակի և արդյունավետության բարձրացմանը, առողջ ապրելակերպի վարման մոդելների ներդրմանը, երկու Կողմերի պետությունների քաղաքացիների համար հասանելիության և իրավահավասար օգտագործման պահպանմանը:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար իրավասու մարմիններն են`

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը,

Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Տաջիկստանի Հանրապետության առողջապահության և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը:

 

Հոդված 3

 

Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, կխրախուսեն և կաջակցեն առողջապահության, դեղագործության, բժշկական տեխնիկայի և բժշկագիտության բնագավառներում Կողմերի պետությունների հաստատությունների միջև ուղիղ համագործակցության հաստատմանը:

 

Հոդված 4

 

Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, կհամագործակցեն բժշկական կադրերի պատրաստման, վերապատրաստման, փոխադարձ հետազոտական աշխատանքների, առողջապահության, բժշկագիտության և դեղագործության բնագավառներում բժշկական աշխատանքների լավագույն ձեռքբերումների ներդրման և փորձի փոխանակման ասպարեզներում:

 

Հոդված 5

 

Կողմերը օգնություն և աջակցություն կցուցաբերեն երկու պետությունների գիտնականներին, առողջապահության և դեղագործության ոլորտի աշխատողներին՝ առողջապահության, բժշկագիտության և դեղագործության բնագավառներում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու հարցերում:

 

Հոդված 6

 

Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, կնպաստեն իմունակենսաբանական պատրաստուկների, բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի փոխադարձ մատակարարման պայմանագրերի կնքմանը:

Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, կփոխանակեն արտակարգ իրավիճակների ծագման, վարակիչ հիվանդությունների բռնկումների և անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:

 

Հոդված 7

 

Կողմերը կճանաչեն դեղամիջոցների (դեղերի), բժշկական նշանակության արտադրանքի և բժշկական տեխնիկայի (բժշկական արտադրանքի), կլինիկական, բիոէկվիվալենտ և այլ փորձարկումների (հետազոտությունների) նախակլինիկական ուսումնասիրությունների (հետազոտությունների) արդյունքները, Կողմերի պետությունների տարածքներում անցկացվող՝ դեղագործական ձեռնարկությունների, բժշկական նշանակության ապրանքներ և բժշկական տեխնիկա (բժշկական արտադրանք) արտադրող ձեռնարկությունների տեսչական ստուգումների արդյունքները:

Անհրաժեշտության դեպքում Կողմերն իրավունք ունեն նշանակելու հավելյալ փորձարկումներ, հետազոտություններ, տեսչական ստուգումներ:

 

Հոդված 8

 

Կողմերը միմյանց կտեղեկացնեն համագումարներ, համաժողովներ և նմանատիպ այլ միջոցառումներ անցկացնելու ծրագրերի մասին: Կողմերն իրենց պետությունների գիտական և բժշկական միավորումների և այլ կազմակերպությունների խնդրանքով ու առաջարկով կաջակցեն այդ միջոցառումներին գործուղող Կողմի հաշվին մասնակցող մասնագետների ընդունման հարցում:

Կողմերը կիրականացնեն սույն Համաձայնագրով նախատեսված միջոցառումները տվյալ տարվա համար հատկացված բյուջեի և երկու պետությունների օրենսդրություններին չհակասող այլ աղբյուրների շրջանակներում:

 

Հոդված 9

 

Կողմերը պարտավորվում են պետական բժշկական հաստատություններում Կողմերի պետությունների քաղաքացիներին անհատույց տրամադրել շտապ (անհետաձգելի) բժշկական օգնություն: Պլանային բժշկական օգնությունը կցուցաբերվի վճարովի հիմունքներով:

 

Հոդված 10

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերն իրավասու են ստեղծելու համատեղ աշխատանքային խումբ՝ սույն Համաձայնագրի հետագա իրագործման նպատակով անհրաժեշտ ընդհանուր միջոցառումների սահմանման և մշակման և հետագա համատեղ համագործակցության առաջարկությունների նախապատրաստման համար:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն դրա անբաժանելի մաս կազմող առանձին արձանագրություններով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանության ժամանակ ծագած տարաձայնությունները լուծվում են Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում յուրաքանչյուր Կողմի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքները և պարտականությունները, որոնց մասնակից է նրա պետությունը:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 (հինգ) տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից մեկը մյուս Կողմին ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալու օրվանից 6 (վեց) ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր չի ծանուցում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հունիսի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, տաջկերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի առանձին դրույթների տարբեր մեկնաբանությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. փետրվարի 8-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան