Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.01.2011-26.09.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.783
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2006 թվականի N 827-Ն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 16
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 1-ի N 827-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման գործընթացը` «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով:

(1-ին կետը լրաց., փոփ. 30.12.10 N 1751-Ն)

2. Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս` հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները (2 օրինակից):

Լուսանկարների բացակայության դեպքում հայտարարատուն իր միջոցներով, մաքսային հսկողության ներքո, իրականացնում է մշակութային արժեքների լուսանկարումը` անձամբ կամ իր կողմից հրավիրված լուսանկարչի օգնությամբ:

Լուսանկարները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ՝ լիազորված պետական մարմին) սահմանած պահանջներին համապատասխան:

(2-րդ կետը փոփ., լրաց. 30.12.10 N 1751-Ն)

3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը մշակութային արժեքները համեմատում է լուսանկարների հետ` դրանց դարձերեսներին լրացնելով մշակութային արժեքների վրա առկա, ինչպես նաև տեսանելի (ֆիզիկապես բնութագրելի) տվյալները (տեսակը, անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, չափերը (քաշը), բաղկացուցիչ մասերի թիվը, վիճակը):

Մշակութային արժեքների առանձին տվյալների` հեղինակի, ստեղծման ժամանակի, ստեղծման վայրի, նյութի ճշգրտման անհնարինության դեպքում նշվում է «անհայտ» բառը:

(3-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)

4. Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս` մաքսային ձևակերպումների առանձին գործողություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից դուրս:

5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը լուսանկարների դարձերեսներին լրացված տվյալները շրջագծում է, հաստատում անձնական կնիքով և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպում դրանց ժամանակավոր ներմուծումը` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

Օտարերկրյա պետության մշակութային արժեքների պահպանության (արտահանման, ներմուծման կամ շրջանառության) լիազորված պետական մարմնի կողմից տրված (վավերացված)` նվագարանի լուսանկարով վկայականի առկայության դեպքում նվագարանի ժամանակավոր ներմուծման մաքսային ձևակերպումներն իրականացվում են այդ վկայականի տվյալների հիման վրա` առանց նվագարանի լուսանկարներ ներկայացնելու պահանջի: Մաքսային ձևակերպումներն իրականացնող մարմնում լուսանկարի փոխարեն պահվում է նվագարանի վկայականի լուսապատճենը:

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կնքված մշակութային արժեքների լուսանկարների մեկ օրինակը պահվում է մաքսային մարմնում, մեկը տրվում է հայտարարատուին:

Մշակութային արժեքների կնքված լուսանկարները հիմք են հետագայում մաքսային ձևակերպումների նպատակով դրանց նույնականացման համար: Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինն իրավասու է իրականացվող աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավելու պետական իրավասու մարմինների մասնագետների և փորձագետների:

(5-րդ կետը լրաց., փոփ. 30.12.10 N 1751-Ն)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 30.12.10 N 1751-Ն)

7. Վերանորոգելու (այսուհետ` վերականգնելու) նպատակով մշակութային արժեք «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծելիս հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը վերականգնվող մշակութային արժեքի մասին տեղեկանք ստանալու համար լիազորված պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ, որում պետք է նշվեն հայտարարատուի անունը կամ անվանումը, բնակության վայրը, հեռախոսահամարը և մշակութային արժեքի ներմուծման նպատակը.

2) մշակութային արժեքի վերականգնման պայմանագրի պատճենը, որում պետք է նշում լինի այն մասին, որ վերականգնումն իրականացնում է պայմանագրի կողմ հանդիսացող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, և որ վերականգնման արդյունքը պետք է հանձնվի հայտարարատուին կամ նրա կողմից նշված երրորդ անձին: Բացի դրանից` պայմանագրում պետք է ներառված լինեն նաև վերականգնվող մշակութային արժեքի, ինչպես նաև վերականգնման արդյունքի մանրամասն նկարագրությունները (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը).

3) վերականգնվող մշակութային արժեքի 2 լուսանկար:

(7-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)

8. Հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին:

(8-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)

9. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում) 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է վերականգնման նպատակով ժամանակավորապես ներմուծվող մշակութային արժեքի մասին համապատասխան տեղեկանք: Տեղեկանքում նշվում են վերականգնվող մշակութային արժեքի տվյալները (տեսակը, անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, չափերը (քաշը), բաղկացուցիչ մասերի թիվը, վիճակը): Տեղեկանքին կցվում է վերականգնվող մշակութային արժեքի լուսանկարը` կնքված և վավերացված ստորաբաժանման ղեկավարի կողմից:

Հայտերի, ինչպես նաև տեղեկանքների հաշվառման համար ստորաբաժանումը վարում է լիազորված պետական մարմնի կողմից հաստատված գրանցամատյաններ:

(9-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)

10. Հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքն ու լուսանկարը (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը) ներկայացնում է մաքսային մարմին` մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար:

(10-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)

11. Մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքի և լուսանկարի (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերի` լուսանկարի կամ նկարի) հիման վրա մաքսային մարմինը մշակութային արժեքը ձևակերպում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով:

(11-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)

12. Վերականգնված մշակութային արժեքը վերաարտահանելու համար հայտարարատուն ստորաբաժանում է ներկայացնում այն և դրա վերականգնման աշխատանքների հաջորդական ընթացքի յուրաքանչյուր քառորդ փուլը փաստող մեկական ու վերջնական տեսքի 2-ական լուսանկար:

(12-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)

13. Ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում մշակութային արժեքը համեմատում է դրա սկզբնական, ինչպես նաև վերականգնման ընթացքի հաջորդական փուլերն ու ավարտը փաստող լուսանկարների հետ և անհամապատասխանությունների բացակայության դեպքում տալիս է տեղեկանք այն մասին, որ վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունքն է:

(13-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)

14. Սույն կարգի 13-րդ կետի գործողությունն իրականացնելուց հետո մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող մեկ լուսանկարը և նույնականությունը հավաստող տեղեկանքը վավերացվում և կնքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից ու տրամադրվում հայտարարատուին` մաքսային մարմին ներկայացնելու համար:

(14-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)

15. Մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող լուսանկարի տվյալների և նույնականությունը հավաստող տեղեկանքի հիման վրա մաքսային մարմինը ձևակերպում է մշակութային արժեքի վերաարտահանումը:

(15-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)

16. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքին չհամապատասխանող` վերաարտահանման համար այլ մշակութային արժեք ներկայացնելու դեպքում ստորաբաժանման ղեկավարը դրա մասին անհապաղ գրավոր իրազեկում է իրավասու մարմիններին:

(16-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.08.2020, N 1357-Ն 19.08.2020, N 827-Ն
10.09.2015, N 1018-Ն 26.09.2015, N 827-Ն
30.12.2010, N 1751-Ն 29.01.2011, N 827-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան