ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2010 թվականի N 1417-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև հաշվի առնելով «ԷՍԹԻԸՆԴԹԱՖՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետոմսեր նվիրելու և պարտքի պահանջի իրավունքն անհատույց զիջելու վերաբերյալ առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել «ԷՍԹԻԸՆԴԹԱՖՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վերջինիս սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետությանը նվիրվող «Կապույտ ալիք» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) բաժնետոմսերը և «ԷՍԹԻԸՆԴԹԱՖՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հանդեպ ընկերության ունեցած պարտքի պահանջի իրավունքը` այդ բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` «ԷՍԹԻԸՆԴԹԱՖՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքելով բաժնետոմսերի նվիրատվության և պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրեր.
2) բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով «ԷՍԹԻԸՆԴԹԱՖՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից փոխանցված պարտքի անվանական արժեքի չափով ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների իրականացումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել միջոցներ` ընկերության կանոնադրությունում և պետական ռեգիստրի գրանցման վկայականում համապատասխան փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում բաժնետիրոջը վերաբերող համապատասխան փոփոխությունը գրանցելու համար:
3. Թույլատրել ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Սևան քաղաքում, Հրազդան գետի սկզբում, ջրընդունման և ձկնապաշտպան կառույց հասցեում գտնվող հանգստյան տան համալիրի մեջ մտնող` 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ 803677819 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ամբողջ գույքով (այսուհետ` գույք)` ներառյալ 3286 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերը, շինությունները, ինչպես նաև շարժական գույքը, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին (այն հետագայում վերջինիս ամրացնելու նպատակով)` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
6. Սույն որոշման 1-5-րդ կետերում նշված միջոցառումների իրականացումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Կապույտ ալիք» փակ բաժնետիրական ընկերությունը` լուծարային հանձնաժողովի կազմում ընդգրկելով ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|