Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (27.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
15.09.2018
Ստորագրման ամսաթիվ
15.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2019

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

Ցանկանալով նպաստել երկու ժողովուրդների միջև բարյացակամ հարաբերություններին և զարգացնել փոխհարաբերությունները քաղաքացիական ավիացիայի ոլորտում,

Ցանկանալով ապահովել միջազգային օդային հաղորդակցություններում թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձր մակարդակ և վերահաստատելով իրենց լուրջ մտահոգությունը` կապված օդանավի անվտանգության դեմ ուղղված գործողությունների և սպառնալիքների հետ, որոնք վտանգում են անձանց կամ ունեցվածքի ապահովությունը, բացասաբար են ազդում օդային հաղորդակցությունների շահագործման վրա և խաթարում են քաղաքացիական ավիացիայի թռիչքային անվտանգության նկատմամբ հանրության վստահությունը, և

Լինելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի կողմեր, որը Չիկագոյում բաց է ստորագրման համար 1944 թվականի դեկտեմբերի 7-ից,

Համաձայնվեցին միմյանց պետությունների տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցությունների հաստատման և շահագործման շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակով, եթե Համաձայնագրի տեքստում այլ մեկնաբանություն չի տրվում, ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

a) «Կոնվենցիա» հասկացությունը նշանակում է՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիան, որը Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ից բաց է ստորագրման համար, ներառյալ` վերջինիս ցանկացած Հավելված, որն ընդունվել է կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև Հավելվածի կամ կոնվենցիայի ցանկացած փոփոխություն, որը կատարվել է կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն՝ այնքանով, որքանով այդ Հավելվածները և փոփոխությունները կիրառելի են երկու Պայմանավորվող կողմերի համար,

b) «ավիացիոն իշխանություններ» հասկացությունը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության դեպքում՝ Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը, կամ երկու դեպքում էլ՝ ցանկացած անձ կամ մարմին լիազորված կատարելու վերը նշված իշխանությունների կողմից ներկայումս իրականացվող կամ նմանատիպ գործառույթներ,

c) «համաձայնեցված հաղորդակցություն» հասկացությունը նշանակում է՝ սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղով (երթուղիներով) օդային հաղորդակցություններ` ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրման համար,

d) «նշանակված ավիաընկերություն» հասկացությունը նշանակում է՝ ավիաընկերություն, որը նշանակվել և լիազորվել է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն,

e) «տարածք» հասկացությունը պետության առնչությամբ նշանակում է տվյալ պետության ինքնիշխանության տակ գտնվող ցամաքային տարածքները, դրանց հարող տարածքային ջրերը և դրանց վրայի օդային տարածությունը,

f) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» հասկացություններն ունեն Կոնվենցիայի 96-րդ Հոդվածով դրանց ամրագրված նշանակությունները,

g) «սահմանված երթուղի» հասկացությունը նշանակում է սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղին,

h) «տարողություն» հասկացությունը համաձայնեցված հաղորդակցությունների առնչությամբ նշանակում է` նման հաղորդակցություններում շահագործվող օդանավի առկա բեռնվածությունը` բազմապատկած տվյալ օդանավով ամբողջ երթուղով կամ այդ երթուղու որևէ հատվածով սահմանված ժամանակահատվածում իրականացվող թռիչքների հաճախականությամբ,

i) «սակագին» հասկացությունը նշանակում է` ուղևորների, ուղեբեռի և բեռի փոխադրման համար վճարվելիք գներ և պայմաններ, որոնց ներքո այդ վճարները կիրառվում են` ներառյալ գործակալների կամ փոխադրումային փաստաթղթերի վաճառքի համար միջնորդավճարները և լրացուցիչ այլ փոխհատուցումները, սակայն բացառությամբ փոստի փոխադրման համար փոխհատուցումը և պայմանները,

j) «Հավելված» հասկացությունը նշանակում է սույն Համաձայնագրի հավելվածը: Հավելվածը կազմում է Համաձայնագրի անբաժանելի մասը և Համաձայնագրին բոլոր հղումները պետք է ներառեն հղում Հավելվածին` բացառությամբ, երբ այլ կերպ է հիշատակվում, և

k) «օդանավ» հասկացությունը նշանակում է քաղաքացիական օդանավ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

1. Սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին վերապահում է սույն Համաձայնագրում վկայակոչվող իրավունքները:

2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունները միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնելիս պետք է օգտվեն հետևյալ իրավունքներից.

a) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքի վրայով այդ պետության ավիացիոն իշխանությունների կողմից նշված օդային ուղիներով առանց վայրէջքի թռիչք կատարելու իրավունք,

b) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում կանգառել ոչ առևտրային նպատակներով` այդ պետության ավիացիոն իշխանությունների կողմից հաստատման դեպքում,

c) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի Հավելվածով սահմանված կետում (կետերում) վայրէջք(ներ) կատարելու իրավունք` առաջին Պայմանավորվող կողմից վերցված կամ դեպի առաջին Պայմանավորվող կողմ ուղևորվող ուղևորների, ուղեբեռի, բեռի, ներառյալ` փոստը, առանձին կամ համակցված, օդանավ վերցնելու և օդանավից իջեցնելու նպատակով,

d) սույն Համաձայնագրով սահմանված այլ իրավունքներ:

3. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվող կետերում երրորդ պետությունից կամ դեպի երրորդ պետություն միջազգային փոխադրաբեռի օդանավ վերցնելը և օդանավից իջեցնելը ենթակա է համաձայնեցման երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև:

4. Սույն հոդվածի 2-րդ կետի որևէ դրույթ չպետք է մեկնաբանվի որպես մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններին արտոնության վերապահում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքից վճարմամբ կամ վարձակալմամբ ուղևորներ, ուղեբեռ և բեռ (ներառյալ՝ փոստը) օդանավ վերցնելու իրավունք` մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում մեկ այլ կետ տեղափոխելու նպատակով:

5. Եթե զինված հակամարտության, քաղաքական հուզումների կամ զարգացումների կամ հատուկ և անսովոր հանգամանքների պատճառով Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությունը(ները) չի (չեն) կարող շահագործել հաղորդակցություն սովորական երթուղիով, մյուս Պայմանավորվող կողմը պետք է գործադրի իր առավելագույն ջանքերը` ապահովելու համար այդպիսի հաղորդակցության շարունակական շահագործումը այդպիսի երթուղիների համապատասխան փոփոխությունների միջոցով` ներառյալ իրավունքների տրամադրումն այնքան ժամանակ, որքան կարող է անհրաժեշտ լինել կենսունակ շահագործումները դյուրացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի նշանակել ավիաընկերություն կամ ավիաընկերություններ` սահմանված երթուղիներով միջազգային հաղորդակցությունների իրականացման նպատակով, և չեղյալ համարել ցանկացած ավիաընկերության նշանակումը կամ նախկինում նշանակված ավիաընկերությունը փոխարինել այլ ավիաընկերությամբ: Նման նշանակումը պետք է իրականացվի դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին գրավոր ծանուցումների միջոցով:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել ապացուցել, որ վերջինս ի վիճակի է ապահովելու օրենքներով և կանոնակարգերով նախատեսված պայմանների կատարումը, որոնք նշված իշխանությունների կողմից կիրառվում են Կոնվենցիայի դրույթներին համապատասխան միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման նկատմամբ:

3. Նման նշանակումը ստանալուն պես` մյուս Պայմանավորվող կողմը պետք է նվազագույն ընթացակարգային հետաձգմամբ տրամադրի համապատասխան շահագործման թույլտվությունները` պայմանով, որ.

a) Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում.

(i) այն հիմնադրված է Հայաստանի Հանրապետության տարածքում և ունի շահագործման վավեր լիցենզիա` Հայաստանի Հանրապետության գործող օրենքի համաձայն,

(ii)ավիաընկերության սեփականության վերահսկիչ փաթեթը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և/կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և դրա փաստացի հսկողությունը իրականցվում է Հայաստանի Հանրապետության և/կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից:

b) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում.

(i) այն հիմնադրված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում և ունի շահագործման վավեր լիցենզիա` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործող օրենքի համաձայն,

(ii) ավիաընկերության սեփականության վերահսկիչ փաթեթը պատկանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը և/կամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներին և դրա փաստացի հսկողությունը իրականացվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և/կամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների կողմից:

4 Երբ ավիաընկերությունը սույն Հոդվածի համաձայն նշանակված է և լիազորված, այն ցանկացած պահի կարող է մեկնարկել համաձայնեցված հաղորդակցությունների շահագործումը` սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է հետ կանչել, կասեցնել կամ սահմանափակել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության շահագործման լիազորությունը կամ տեխնիկական թույլտվությունները, եթե`

a) Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում.

(i) այն հիմնադրված չէ Հայաստանի Հանրապետության տարածքում և/կամ չունի շահագործման վավեր լիցենզիա` Հայաստանի Հանրապետության գործող օրենքի համաձայն, կամ

(ii) Ավիաընկերության սեփականության վերահսկիչ փաթեթը չի պատկանում Հայաստանի Հանրապետությանը և/կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և դրա փաստացի վերահսկողությունը չի իրականացվում Հայաստանի Հանրապետության և/կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, կամ

(iii)Ավիաընկերությունը չի կիրառել սույն Համաձայնագրի 4-րդ Հոդվածով (Օրենքների և կանոնակարգերի կիրառումը) սահմանված նորմերն ու կանոնակարգերը:

b) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից նշանակած ավիաընկերության դեպքում.

(i) այն հիմնադրված չէ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում և/կամ չունի շահագործման վավեր լիցենզիա` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործող օրենքի համաձայն, կամ

(ii) Ավիաընկերության սեփականության վերահսկիչ փաթեթը չի պատկանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը և/կամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներին և դրա փաստացի վերահսկողությունը չի իրականացվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և/կամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների կողմից, կամ

(iii)Ավիաընկերությունը չի կիրառել սույն Համաձայնագրի 4-րդ Հոդվածով (Օրենքների և կանոնակարգերի կիրառումը) սահմանված նորմերն ու կանոնակարգերը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Մի Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնակարգերը կիրառվելու են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերի նավիգացիայի և շահագործման նկատմամբ այդ Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտքի, տարանցման, տարածքում գտնվելու և մեկնման ժամանակ:

2. Մի Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնակարգերը, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի, բեռի կամ փոստի` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելը, տարանցումը, տարածքում գտնվելը և մեկնումը այդտեղից, ինչպիսիք են` երկիր մուտք գործելու, այնտեղից մեկնելու, էմիգրացիոն, իմիգրացիոն, մաքսային, առողջապահական և կարանտինային կանոնակարգեր, պետք է կիրառվեն նշված տարածքում գտնվելիս մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների օդանավերով փոխադրվող ուղևորների, անձնակազմի, բեռի և փոստի նկատմամբ:

3. Օդանավերի և քաղաքացիական ավիացիային վերաբերող ընթացակարգերի հետ կապված՝ մի Պայմանավորվող կողմի այլ համապատասխան օրենքներն ու կանոնակարգերը կիրառվում են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների նկատմամբ` առաջին Պայմանավորվող կողմի պետության տարածքում համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ըստ հարցման, մյուս Պայմանավորվող կողմին պետք է տրամադրի սույն Հոդվածում վկայակոչվող համապատասխան օրենքների և կանոնակարգերի պատճենները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության(ունների) կողմից համաձայնեցված հաղորդակցություններում շահագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց մշտական օգտագործման սարքավորումները, պահեստամասերը (ներառյալ շարժիչները), վառելիքի պաշարները, յուղերը (ներառյալ հիդրավլիկ համակարգի հեղուկները և քսայուղերը), և այդ օդանավում գտնվող պաշարները (ներառյալ` սննդամթերքը, ոչ ոգելից խմիչքները և ծխախոտը) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ժամանելիս, փոխադարձության սկզբունքով, պետք է ազատվեն բոլոր մաքսատուրքերից, հարկերից, ստուգման վճարներից և այլ նմանատիպ վճարներից և գանձումներից՝ պայմանով, որ այդ սարքավորումները և ապրանքները մնան օդանավի մեջ:

2. Նույն մաքսատուրքերից, հարկերից, ստուգման վճարներից և այլ նմանատիպ վճարներից և գանձումներից, փոխադարձության սկզբունքով, բացառությամբ մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող գանձումներից, պետք է ազատվեն նաև.

a) մշտական օգտագործման սարքավորումները, պահեստամասերը (ներառյալ շարժիչները), վառելիքը, յուղերը (ներառյալ հիդրավլիկ հեղուկները և քսայուղերը), և այդ օդանավում գտնվող պաշարները (ներառյալ` սննդամթերքը, ոչ ոգելից խմիչքները և ծխախոտը), որոնք բերվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք և որոնք նախատեսված են առաջին Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից սահմանված երթուղում շահագործվող օդանավում օգտագործման համար, նույնիսկ եթե այդ սարքավորումները և ապրանքները օգտագործվելու են երթուղու` մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքով անցնող հատվածով,

b) պահեստամասերը (ներառյալ շարժիչները), որոնք բերվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք այն օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար, որը շահագործվում է մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության(ունների) կողմից սահմանված երթուղում համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելիս,

3. Որևէ Պայմանավորվող կողմի օդանավում գտնվող մշտական ավիացիոն սարքավորումները, ինչպես նաև 1-ին և 2-րդ մասերում նշված նյութերը և պաշարները կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում միայն այդ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային իշխանությունների հաստատմամբ: Այդ դեպքում դրանք կարող են դրվել վերը նշված իշխանությունների վերահսկողության ներքո այնքան ժամանակ, մինչև, մյուս Պայմանավորվող կողմի մաքսային կանոնների համաձայն, վերաարտահանվեն կամ որևէ այլ կերպ տնօրինվեն:

4. Սույն հոդվածով նախատեսված ազատումները գործում են նաև այն իրավիճակներում, երբ Պայմանավորվող կողմերից ցանկացածի նշանակած ավիաընկերություն(ներ)ը պայմանավորվածություն է (են) ձեռք բերել այլ ավիաընկերությունների հետ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում սահմանված սարքավորումները և ապրանքները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում փոխառելու կամ փոխադրելու վերաբերյալ` պայմանով, որ այդ այլ ավիաընկերությունները նույնպես օգտվում են նույն ազատումներից մյուս Պայմանավորվող կողմի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

ՀԱՐԿՈՒՄ

 

Հարկերի հետ կապված՝ 1996 թվականի մայիսի 5-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի դրույթները գերակայում են:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ չպետք է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների նկատմամբ կիրառի կամ թույլատրի, որպեսզի կիրառվեն օգտվողներից գանձվող ավելի բարձր վճարներ, քան այնպիսիք, որոնք կիրառվում են նմանատիպ միջազգային հաղորդակցություններ իրականացնող իր սեփական ավիաընկերությունների նկատմամբ:

2. Այդ գանձումները պետք է լինեն արդարացի, ողջամիտ, ոչ խտրական և հիմնված լինեն տնտեսական սկզբունքների վրա:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի իր իրավասու գանձող իշխանությունների և՛ ծառայություններից և՛ սարքավորումներից օգտվող ավիաընկերությունների կամ, առանձին դեպքերում, ավիաընկերությունների ներկայացուցիչ կազմակերպությունների միջև քննարկումների անցկացումը: Օգտվողները խելամիտ ժամանակահատվածում պետք է ծանուցվեն գանձումների ցանկացած փոփոխությունների մասին` վերջիններիս հնարավորություն տալով արտահայտել իրենց տեսակետը մինչ փոփոխությունների իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ՈՒՂԻՂ ՏԱՐԱՆՑՄԱՄԲ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ

 

Ուղևորները, ուղեբեռները և բեռները` ներառյալ փոստը, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության տարածքով ուղիղ տարանցման և այդ նպատակով նախատեսված օդանավակայանի համապատասխան տարածքը չլքելու դեպքում, բացառությամբ ապօրինի խոչընդոտի սպառնալիքի դեմ անվտանգության միջոցառումների, ինչպիսիք են` բռնությունն ու օդահենությունը, և թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հատուկ միջոցառումները, պետք է ենթարկվեն ոչ ավելի, քան պարզեցված ստուգման: Ուղիղ տարանցմամբ փոխադրվող ուղեբեռները, բեռները և փոստը պետք է, փոխադարձության սկզբունքով, ազատվեն բոլոր տեսակի մաքսատուրքերից, հարկերից և այլ նմանատիպ վճարներից և գանձումներից` բացառությամբ մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող գանձումներից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենքների և կանոնակարգերի համաձայն համաձայնեցված հաղորդակցություններ իրականացնելու նպատակով տրված կամ հաստատված և դեռևս ուժը չկորցրած թռիչքային պիտանիության, որակավորման վկայականները և լիցենզիաները պետք է վավեր ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից` պայմանով, որ նման վկայականները կամ լիցենզիաները տրվել կամ վավեր են ճանաչվել Չիկագոյի Կոնվենցիայով սահմանված նվազագույն չափանիշներին հավասար կամ առավել բարձր չափանիշներին համապատասխան:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի, այնուամենայնիվ, իրավունք է վերապահվում մերժել իր տարածքի վրայով թռիչքների համար մյուս Պայմանավորվող կողմի կողմից իր քաղաքացիներին տրված կամ հաստատված որակավորման վկայականների և լիցենզիաների ճանաչումը

 

ՀՈԴՎԱԾ 10

 

ՍԱԿԱԳՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է թույլատրի, որպեսզի կանոնավոր օդային հաղորդակցությունների սակագները սահմանվեն յուրաքանչյուր ավիաընկերության կողմից` շուկայում առևտրային նկատառումներից ելնելով:

Պայմանավորվող կողմերի միջամտությունը պետք է սահմանափակվի.

a) չհիմնավորված խտրական սակագների կամ գործելակերպերի կանխմամբ,

b) գերիշխող դիրքի չարաշահման կամ ավիափոխադրողների միջև պայմանավորվածության պատճառով չհիմնավորված բարձր կամ սահմանափակող բնույթ ունեցող սակագներից սպառողների պաշտպանությամբ, և

c) կառավարության կողմից ուղղակի կամ անուղղակի սուբսիդավորման կամ օժանդակության պատճառով արհեստականորեն ցածր սակագներից ավիաընկերությունների պաշտպանությամբ:

2. Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքների միջև կանոնավոր օդային փոխադրումների համար նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից սահմանված սակագները ենթակա չեն ներկայացման կամ հաստատման որևէ Պայմանավորվող կողմի կողմից: Այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմերի ավիաընկերությունները կշարունակեն խնդրանքի ստացման դեպքում ապահովել նախկին, գործող և առաջարկվող սակագների մասին տեղեկատվության անմիջական հասանելիությունը Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններին՝ այդ ավիացիոն իշխանությունների համար ընդունելի եղանակով և ձևաչափով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

1. Համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններին պետք է թույլատրվի.

a) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում հիմնելու ներկայացուցչական գրասենյակներ օդային փոխադրումների խթանման և ավիատոմսերի վաճառքի համար,

b) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք բերել և պահպանել կառավարչական, վաճառքի, տեխնիկական, գործառնական և այլ մասնագետների անձնակազմ, որը պահանջվում է օդային փոխադրումների իրականացման նպատակով` այդ մյուս Պայմանավորվող կողմի` մուտքին, մշտական բնակությանը և զբաղվածությանը վերաբերող օրենսդրությանը համապատասխան,

c) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում ուղղակիորեն և, ավիաընկերությունների հայեցողությամբ, իրենց գործակալների միջոցով ներգրավվել օդային փոխադրումների վաճառքում:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի լիազորված իշխանությունները ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ քայլերը հավաստիացվելու, որ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները կարող են իրենց գործունեությունն իրականացնել պատշաճ կերպով:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իրավունք ունի իրականացնել օդային փոխադրումների վաճառք և յուրաքանչյուր անձ պետք է ազատ լինի գնելու նման փոխադրումն այդ մյուս Պայմանավորվող կողմի արժույթով կամ այլ երկրների ազատ փոխարկելի արտարժույթներով` արտարժույթի առնչությամբ գործող կարգերի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն իրավունք ունի մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում ընտրել մրցակցող վերգետնյա ծառայություն մատուցողների` ծառայության ամբողջական կամ մասնակի մատուցման համար: Մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների վերգետնյա սպասարկման ծառայությունների նկատմամբ կիրառվող պայմանները պետք է կիրառվեն հավասարապես և ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան միջազգային նմանատիպ օդային հաղորդակցության մեջ ներգրավված ցանկացած այլ ավիաընկերության նկատմամբ կիրառվող պայմաններն են և գանձումները պետք է հիմնված լինեն մատուցված ծառայությունների գների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ԶՈՒՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունները իրավունք ունեն անհապաղ և առանց որևէ սահմանափակումների, խտրականության կամ հարկման փոխարկել և փոխանցել իրենց երկիր տեղական վճարումները գերազանցող տեղական հասույթը նման պահանջ ի հայտ գալու պահին` գործող փոխարժեքով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին պետք է տրամադրի արդար և հավասար հնարավորություններ` սույն Համաձայնագրով կարգավորվող սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելիս մրցակցելու համար:

2. Տարողությունը ենթակա է համաձայնեցման Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն պետք է համաձայնեցված հաղորդակցությունների շահագործումը սկսելուց առնվազն 60 (վաթսուն) օր առաջ մյուս պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնի նախատեսվող չվացուցակը: Չվացուցակի ցանկացած փոփոխություն պետք է ներկայացվի քննարկման շահագործումը սկսելուց առնվազն 30 (երեսուն) օր առաջ:

4. Հաստատված չվացուցակից դուրս համաձայնեցված հաղորդակցություններով լրացուցիչ չվերթների իրականացման համար՝ նշանակված ավիաընկերությունները նախապես պետք է դիմեն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին` թույլտվության ստացման նպատակով: Նման դիմումները սովորաբար պետք է ներկայացվեն այդ չվերթների շահագործումը սկսելուց առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է խորհրդակցությունների անցկացման դիմում ներկայացնել մյուս Պայմանավորվող կողմի կողմից ընդունված թռիչքային անձնակազմին, օդանավին կամ դրա շահագործմանը վերաբերող թռիչքային անվտանգության չափանիշներին վերաբերող ցանկացած ոլորտի շուրջ: Նման խորհրդակցությունները պետք է տեղի ունենան դիմումի ստացման օրվանից երեսուն (30) օրվա ընթացքում:

2. Եթե նման խորհրդակցություններից հետո մի Պայմանավորվող կողմը գտնում է, որ մյուս Պայմանավորվող կողմն արդյունավետորեն չի պահպանում և կիրառում թռիչքային անվտանգության չափանիշները որևէ նման ոլորտում, որոնք առնվազն համարժեք են այդ պահին Կոնվենցիայի համաձայն հաստատված նվազագույն չափանիշներին, առաջին Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին հայտնաբերված թերությունների և տվյալ նվազագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ քայլերի մասին, և մյուս Պայմանավորվող կողմը պետք է ձեռնարկի համապատասխան շտկիչ գործողություններ: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժել, հետ կանչել, կասեցնել, սահմանափակել կամ սահմանել պայմաններ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման լիազորության կամ տեխնիկական թույլտվության հետ կապված, եթե մյուս Պայմանավորվող կողմը չի ձեռնարկում համապատասխան շտկիչ գործողություն սահմանված ժամանակահատվածում, կամ հրատապ գործողություն նման ավիաընկերության կամ ավիաընկերությունների նկատմամբ նախքան խորհրդակցությունները, եթե մյուս Պայմանավորվող կողմը չի պահպանում և կիրառում վերոնշյալ չափանիշները և ձեռնարկում հրատապ քայլեր` կանխելու հետագա անհամապատասխանությունը:

3. Չնայած Կոնվենցիայի 33-րդ Հոդվածում նշված պարտավորությունների` համաձայնեցվում է, որ մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների կողմից դեպի մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք կամ հակառակը հաղորդակցություններում շահագործվող ցանկացած օդանավ, մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելիս, կարող է դառնալ օդանավում և օդանավի շրջակայքում զննության առարկա մյուս Պայմանավորվող կողմի լիազորված ներկայացուցիչների կողմից` օդանավի, օդանավի սարքավորումների, դրա անձնակազմի, փաստաթղթերի վավերությունը և փաստացի վիճակը (սույն hոդվածում` «կառամատուցային տեսչական ստուգում») ստուգելու նպատակով` պայմանով, որ այն չի հանգեցնի անհարկի ուշացման:

4. Եթե նման կառամատուցային տեսչական ստուգումը կամ մի շարք ստուգումները հանգեցնում են.

a) լուրջ մտահոգությունների, որ օդանավը կամ օդանավի շահագործումը չեն համապատասխանում այդ պահին Կոնվենցիայով սահմանված նվազագույն չափանիշներին, կամ

b) լուրջ մտահոգությունների, որ բացակայում են այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված թռիչքային անվտանգության չափանիշների արդյունավետ պահպանումը և կառավարումը,

ստուգումն իրականացնող Պայմանավորվող կողմը պետք է, Կոնվենցիայի 33-րդ Հոդվածի նպատակներով, ազատ լինի եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց ներքո այդ օդանավին, կամ այդ օդանավի թռիչքային անձնակազմին սերտիֆիկատները կամ լիցենզիաները տրվել կամ վավեր են ճանաչվել, չեն համապատասխանում կամ գերազանցում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին:

5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների ներկայացուցչի կողմից մերժվել է վերոհիշյալ 3-րդ կետի համաձայն ավիաընկերության կողմից կամ դրա անունից շահագործվող օդանավի կառամատուցային տեսչական ստուգումը, մյուս Պայմանավորվող կողմն ազատ է ենթադրել, որ առկա են սույն Հոդվածի 4-րդ կետում հիշատակված լուրջ մտահոգություններ և կատարել այդ կետում հիշատակված եզրակացությունները:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման լիազորությունը անմիջապես կասեցնելու կամ փոփոխելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ առաջին Պայմանավորվող կողմը եզրակացնում է, լինի դա կառամատուցային տեսչական ստուգման, կառամատուցային տեսչական ստուգումների շարքի, կառամատուցային տեսչական ստուգման թույլտվության մերժման, խորհրդակցության կամ այլնի արդյունքում, որ անհապաղ գործողությունը կարևոր է ավիաընկերության կողմից իրականցվող թռիչքների անվտանգության համար:

7. Պայմանավորվող կողմի ցանկացած գործողություն` վերոհիշյալ 2-րդ և 6-րդ կետերի համաձայն, պետք է դադարեցվի, երբ այդ գործողության ձեռնարկման հիմքը դադարում է գոյություն ունենալ:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

1. Միջազգային իրավունքով նախատեսված իրենց իրավունքների և պարտավորությունների համաձայն՝ Պայմանավորվող կողմերը վերահաստատում են, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ անօրինական գործողություններից միմյանց պաշտպանելու իրենց պարտավորությունը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

2. Պայմանավորող կողմերը, մասնավորապես, պետք է գործեն հետևյալ փաստաթղթերի դրույթների համաձայն.

a) 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավում կատարվող հանցագործությունների և այլ գործողությունների մասին» Կոնվենցիա,

b) 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված «Օդանավի անօրինական գրավումը կանխելու մասին» Կոնվենցիա,

c) 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների կանխարգելման մասին» Կոնվենցիա,

d) 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում անօրինական գործողությունների կանխարգելման մասին» Արձանագրություն,

և համաձայն ավիացիոն անվտանգությանը վերաբերող այլ բազմակողմանի համաձայնագրերի, որոնք պարտադիր են երկու Պայմանավորվող կողմերի համար:

3. Պայմանավորվող կողմերը պետք է իրենց փոխհարաբերություններում գործեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և Կոնվենցիայի Հավելվածներ կազմող ավիացիոն անվտանգության դրույթների համաձայն՝ այնքանով, որքանով այդ դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի համար. նրանք պետք է պահանջեն, որ իրենց կողմից գրանցված օդանավ շահագործողները կամ այն օդանավ շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտական գտնվելու վայրը գտնվում է Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքում և իրենց պետության տարածքում օդանավակայաններ շահագործողները գործում են ավիացիոն անվտանգության նման դրույթներին համապատասխան:

4. Պայմանավորվող կողմերը, դիմումի դեպքում, պետք է միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն՝ քաղաքացիական օդանավի անօրինական գրավումը, այդ օդանավի, դրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և աերոնավիգացիոն սարքավորումների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված որևէ այլ սպառնալիք կանխելու նպատակով:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է իր օդանավ շահագործողներից պահանջել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ժամանելու, այնտեղից մեկնելու և այդ Կողմի պետության տարածքի սահմաններում գտնվելու ընթացքում պահպանել ավիացիոն անվտանգության դրույթները` համաձայն այդ մյուս Պայմանավորվող կողմի գործող օրենսդրության:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի, որ իր պետության տարածքում կիրառվում են պատշաճ միջոցներ օդանավը պաշտպանելու և օդանավի նստեցման կամ բեռնման գործընթացներից առաջ և ընթացքում ուղևորներին, անձնակազմին, ձեռքի ուղեբեռը, ուղեբեռները, բեռները և օդանավի պաշարները ստուգելու ուղղությամբ:

7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև բարյացակամորեն քննության առնի մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած խնդրանք որոշակի սպառնալիքին արձագանքելու անվտանգության հիմնավորված հատուկ միջոցառումների վերաբերյալ:

8. Քաղաքացիական օդանավը գրավելու կամ այդ օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ աերոնավիգացիոն սարքավորումների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների կամ դրանց սպառնալիքի առկայության դեպքում, Պայմանավորվող կողմերը պետք է հաղորդակցության հեշտացման և համապատասխան այլ միջոցներով օժանդակեն միմյանց նման միջադեպը կամ դրա սպառնալիքն արագ և անվտանգ վերացնելու համար:

9. Եթե Պայմանավորվող կողմն ունի ողջամիտ հիմքեր համարելու, որ մյուս Պայմանավորվող կողմը չի հետևել սույն Հոդվածի ավիացիոն անվտանգության դրույթներին, ապա այդ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են անհապաղ խորհրդակցություններ պահանջել մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժել, հետ կանչել, կասեցնել, սահմանափակել կամ սահմանել պայմաններ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման լիազորության կամ տեխնիկական թույլտվության հետ կապված, եթե մյուս Պայմանավորվող կողմը չի ձեռնարկում նման համապատասխան շտկիչ գործողություն սահմանված ժամանակահատվածում, կամ ձեռնարկել հրատապ գործողություն նման ավիաընկերության կամ ավիաընկերությունների նկատմամբ նախքան խորհրդակցությունները, եթե մյուս Պայմանավորվող կողմը չի պահպանում և կիրառում վերոնշյալ չափանիշները և ձեռնարկում հրատապ քայլեր` կանխելու հետագա անհամապատասխանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին` վերջիններիս դիմումով, պետք է տրամադրեն այնպիսի վիճակագրական տվյալներ, որոնք կարող են ողջամտորեն պահանջվել տեղեկատվական նպատակների համար` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենքների և կանոնակարգերի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ խորհրդակցությունների անցկացման դիմում ներկայացնել սույն Համաձայնագրի մեկնաբանման, կիրառման և կատարման վերաբերյալ:

2. Նման խորհրդակցությունները պետք է սկսվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից նման դիմումի ստացման պահից վաթսունօրյա (60) ժամկետում, եթե Պայմանավորվող կողմերի միջև այլ կերպ համաձայնեցված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Եթե որևէ Պայմանավորվող կողմ նպատակահարմար է գտնում սույն Համաձայնագրում կատարել փոփոխություն, ապա այն ցանկացած ժամանակ կարող է խնդրել խորհրդակցություններ մյուս Պայմանավորվող կողմի հետ: Նման խորհրդակցությունները (որոնք կարող են նախապատրաստվել ավիացիոն իշխանությունների միջև քննարկումների միջոցով) պետք է սկսվեն խնդրանքի ստացման օրվանից հետո վաթսունօրյա (60) ժամկետում, եթե երկու Պայմանավորվող կողմերը չհամաձայնեն այս ժամանակահատվածի երկարացման շուրջ:

2. Համաձայնեցված փոփոխությունները պետք է հաստատվեն Պայմանավորվող կողմերի կողմից և ուժի մեջ են մտնում ուժի մեջ մտնելու համար համապատասխան ներպետական ընթացակարգերն ավարտված լինելու մասին յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական հայտագրերի փոխանակման միջոցով վերջին ծանուցման օրը:

3. Սույն Համաձայնագրի Հավելվածի փոփոխությունները կարող են ուղղակիորեն համաձայնեցվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև և ուժի մեջ են մտնում ավիացիոն իշխանությունների միջև համաձայնության օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. Եթե Պայմանավորվող կողմերի միջև որևէ տարաձայնություն է ծագում՝ կապված սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ, ապա Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները, առաջին հերթին, պետք է ձգտեն կարգավորել այն բանակցությունների միջոցով:

2. Եթե Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները չեն հասնում համաձայնության, Պայմանավորվող կողմերը պետք է տարաձայնությունը կարգավորեն դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով կարող է մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցել սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր որոշման մասին: Նման ծանուցումը պետք է միաժամանակ տրվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը:

2. Համաձայնագրի գործողությունը կդադարի մյուս Պայմանավորվող կողմից ծանուցման ստացման օրվանից տասներկու (12) ամիս հետո, եթե մինչև այդ ժամկետի ավարտը դադարեցման մասին ծանուցումը փոխադարձ համաձայնությամբ հետ չվերցվի: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից նման ծանուցման ստացման մասին որևէ հաստատման բացակայության դեպքում վերոհիշյալ ծանուցումը կհամարվի ստացված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ծանուցումը ստանալուց տասնչորս (14) օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

ԳՐԱՆՑՈՒՄ

 

Սույն Համաձայնագիրը և դրա փոփոխությունները պետք է գրանցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար համապատասխան ներպետական ընթացակարգերն ավարտված լինելու մասին յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական հայտագրերի փոխանակման միջոցով վերջին ծանուցման օրը: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու օրվանից փոխարինում է 1996 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կնքված «Քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ» Համաձայնագրին:

Ի վկայություն վերոշարադրյալի՝ ներքոստորագրյալ լիազորվածները, լինելով պատշաճ կերպով լիազորված իրենց համապատասխան Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Կուանգժոու քաղաքում 2018 թվականի սեպտեմբերի 15-ին՝ երկու բնօրինակով` հայերեն, չինարեն և անգլերեն լեզուներով, որոնք նույնական են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման յուրաքանչյուր տարբերության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Բաժին 1

 

A. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված ավիաընկերությանը (ավիաընկերություններին) պետք է թույլատրվի իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություններ երկու ուղղությամբ՝ ստորև սահմանված երթուղիներով.

Մեկնարկի կետեր

Միջանկյալ կետեր

Ժամանման կետեր

Տարածքից դուրս կետեր

Կետեր Հայաստանում

Ցանկացած կետ

Սիան, Ուրումչի և հայկական կողմի նշած երեք կետ Չինաստանում

Ցանկացած կետ

B. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից նշանակված ավիաընկերությանը (ավիաընկերություններին) պետք է թույլատրվի իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություններ երկու ուղղությամբ ՝ ստորև սահմանված երթուղիներով.

Մեկնարկի կետեր

Միջանկյալ կետեր

Ժամանման կետեր

Տարածքից դուրս կետեր

Կետեր Չինաստանում

Ցանկացած կետ

Կետեր Հայաստանում

Ցանկացած կետ

Բաժին 2

 

1. Ցանկացած Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը (ավիաընկերությունները) կարող է (են) ցանկացած կամ բոլոր չվերթների ժամանակ բաց թողնել որևէ միջանկյալ կետ և/կամ տարածքից դուրս կետ՝ պայմանով, որ այս երթուղում համաձայնեցված հաղորդակցությունները սկսվում և ավարտվում են այդ ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմի պետության տարածքում:

2. Վերոնշյալ Բաժին 1-ում շարադրված երթուղիների աղյուսակում նշված կետերը չեն կարող լինել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ ՀՎՇ-ում, Մակաո ՀՎՇ-ում կամ Թայվան նահանգում:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. սեպտեմբերի 27-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան