Գլխավոր տեղեկություն
Համար
N 678-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (04.11.2010-28.12.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2009 թվականի N 678-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 2-ի նիստի 14-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության իրականացման հայեցակարգի 7-րդ կետի՝ մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարն ուժեղացնելու և դրա իրականացումը համակարգելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.11.10 N 930-Ա)

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մասին զեկուցագրերը յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` քննարկման:

3. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

(3-րդ կետը լրաց. 03.11.10 N 930-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 11-ի N 678-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ն. Երիցյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

   

Լ. Դավթյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

   

Պ. Ղալթախչյան

- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   

Է. Նանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող

   

Տ. Բարսեղյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Վ. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Վ. Մարաշլյան

- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

   

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   
Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
   

Տ. Մուկուչյան

- ՀՀ վարչական դատարանի նախագահ (համաձայնությամբ)

   

Ն. Մկրտչյան

- Հայաստանի Հանրապետությունում «Մայքրոսոֆթ» ընկերության իրավունքների և օրինական շահերի լիազոր ներկայացուցիչ, «ԲիԷսԷյ» ընկերության փորձագետ, իրավախորհրդատու (համաձայնությամբ)

   

Գ. Բարսեղյան

- «Մայքրոսոֆթ ԱրԷյ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Գալոյան

- Հայաստանի Հանրապետության «Արտոնագրային հավատարմատարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Ներսիսյան

- «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   
Ա. Ազիզյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետ
   
Ս. Կնյազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության իրավունքի ոլորտի խորհրդատու
   

Լ. Մաքսուդյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գիտելիքի տնտեսության, նորարարության և ձեռներեցության խթանման վարչության նորարարության, չափագիտության և ստանդարտացման բաժնի պետ, միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար

 

(Հավելվածը խմբ. 03.11.10 N 930-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 

Հավելված N 2
 ՀՀ վարչապետի 2009 թ.
 օգոստոսի 11-ի N 678-Ա
 որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ (COUNTERFEITING) ԵՎ ՀԵՆՈՒԹՅԱՆ (PIRACY) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (OBSERVATORY)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակելու և դրա իրականացումը համակարգելու նպատակով սույն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կարգը (այսուհետ` աշխատակարգ):

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

3. Հանձնաժողովը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հանձնաժողովի անգլերեն անվանումն է “Armenian Counterfeiting and Piracy Observatory”:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի նպատակներն են`

1) իրականացնել ուսումնասիրություններ, վերլուծություններ, քննարկումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկել լուծումներ Հայաստանում կեղծարարության և հենության մակարդակը շարունակաբար նվազեցնելու և դրան խոչընդոտող խնդիրների վերացման վերաբերյալ.

2) հավաքագրել համապատասխան տեղեկություններ և բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում հենության և կեղծարարության բացասական հետևանքների մասին:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, քարտուղարից և անդամներից, ովքեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

7. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է:

8. Հանձնաժողովի անդամների կազմի փոփոխությունները (լրացում, նվազեցում, փոխարինում) կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և (կամ) հանձնաժողովի առաջարկությամբ` անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում` սույն աշխատակարգով սահմանված նպատակներին հասնելու համար`

1) մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում անհրաժեշտ գործողությունների և (կամ) միջոցառումների ծրագրեր և իրականացման ժամանակացույցեր.

2) իրականացնում է անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, դրանց ուսումնասիրություն և վերլուծություն.

3) կազմակերպում և անցկացնում է քննարկումներ.

4) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է եզրակացություններ, կարծիքներ և առաջարկություններ.

5) ստեղծում է աշխատանքային խմբեր, հաստատում դրանց աշխատակարգերը, կազմը և ընդունում դրանց գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ այլ որոշումներ.

6) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով հավանություն է տալիս և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում սույն աշխատակարգի լրացումները և (կամ) փոփոխությունները:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Հերթական նիստերը հրավիրվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, իսկ արտահերթ նիստերն ըստ անհրաժեշտության:

11. Հանձնաժողովի նիստի քվորումը համարվում է ապահովված, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

12. Հանձնաժողովը հաստատում է հանձնաժողովի օրակարգը` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

13. Հանձնաժողովը փոփոխում և (կամ) լրացնում են նիստի օրակարգը` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

15. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

16. Հանձնաժողովն ըստ անհրաժեշտության կարող է ներգրավել տեղական կամ միջազգային փորձագետների կամ մասնագետների:

17. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունում նշվում են`

1) արձանագրության վերնագիրը և նիստի հերթական համարը.

2) նիստի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը.

3) նիստին ներկա գտնվող անդամների անունները.

4) օրակարգի հարցերը.

5) օրակարգի հարցերի շրջանակներում կատարված առաջարկությունները և առարկությունները.

6) հանձնաժողովի որոշումները:

18. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, և այն էլեկտրոնային փոստով տրամադրվում է հանձնաժողովի բոլոր անդամներին:

19. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) լսում և քննարկում է նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) դրանց կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցները.

3) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

4) յուրաքանչյուր կիսամյակից հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հանձնաժողովի աշխատանքների մասին հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին.

5) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

20. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է նիստերի օրակարգերին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին.

2) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

3) կազմակերպում է հանձնաժողովի նիստերի անցկացումը և այդ նպատակով, հանձնաժողովի անդամներին, էլեկտրոնային փոստով տրամադրում է օրակարգը, քննարկվելիք փաստաթղթերը (նյութերը) և ծանուցում նիստի անցկացման վայրի, ամսաթվի ու ժամի մասին` նիստի օրվանից ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ.

4) արձանագրում է նիստերը և կազմում նիստերի արձանագրությունները.

5) տրամադրում է նիստերի ստորագրված արձանագրությունների օրինակները հանձնաժողովի բոլոր անդամներին.

6) ապահովում է հանձնաժողովի որոշումների նախագծերի պատրաստումը.

7) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

8) կատարում է հանձնաժողովի քարտուղարին բնորոշ այլ պարտականություններ:

21. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.

2) ներկայացնում են առաջարկություններ և դիտողություններ նիստի օրակարգի վերաբերյալ.

3) ներկայացնում են առաջարկություններ հանձնաժողովի, դրա գործունեության և սույն աշխատակարգի վերաբերյալ.

4) մասնակցում են հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների քվեարկությանը («կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ»).

5) հանձնաժողովի քարտուղարին նախապես տեղեկացնում են նիստերին մասնակցելու կամ հարգելի պատճառներով բացակայելու մասին.

6) կատարում են հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները և հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

22. Հանձնաժողովի նիստին որևէ անդամի մասնակցության անհնարինության դեպքում նրան կարող է փոխարինել սահմանված կարգով լիազորված իրավասու այլ անձ:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

23. Հանձնաժողովն ստեղծվել է անորոշ ժամկետով, որի գործունեությունը կարող է դադարեցվել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

24. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութեր ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(Հավելվածը լրաց. 03.11.10 N 930-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան