Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (26.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.01/25(594)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2012
Ստորագրման ամսաթիվ
05.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2017

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների ուսումնական հաստատություններում հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների պատրաստման գործում համագործակցության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

 

ղեկավարվելով 1999 թվականի հունիսի 4-ի` Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին պայմանագրի դրույթներով,

հաշվի առնելով, որ հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների պատրաստման գործում Կողմերի համագործակցությունն ունի կարևոր նշանակություն ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար,

ձգտելով իրավասու մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների բարձր մասնագիտական մակարդակի ապահովմանը,

 

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև նշված եզրույթները նշանակում են.

հակաահաբեկչական ստորաբաժանումներ - Կողմերի իրավասու մարմինների հատուկ լիազորված ստորաբաժանումներ, որոնց գործառույթների մեջ մտնում են ահաբեկչական գործունեության կանխումը, բացահայտումը, կանխարգելումը և դրա հետևանքների նվազեցումը,

իրավասու մարմիններ – Կողմերի` իրենց կառուցվածքում հակաահաբեկչական ստորաբաժանումներ ունեցող անվտանգության մարմիններ, հատուկ ծառայություններ, իրավապահ մարմիններ և այլ պետական մարմիններ,

մասնագետների պատրաստում - Կողմերի ուսումնական հաստատություններում հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների ուսուցում մասնագիտական պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կամ առանց կրթական մակարդակի բարձրացման պատրաստման կրթական ծրագրերով,

ուսումնական հաստատություններ - բարձրագույն, միջին, տարրական հատուկ և լրացուցիչ մասնագիտական կրթական հաստատություններ, ինչպես նաև ուսումնական կենտրոններ և ուսումնական օբյեկտներ, որտեղ իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների մասնագետների պատրաստումը,

ուսումնառության ուղարկված մասնագետ - անձ, ում համար համապատասխան Կողմի ուսումնական հաստատությունում ուսումնական պլաններով և ուսումնական ծրագրերով կազմակերպվել է գիտելիքների, հմտությունների և ունակությունների փոխանցման գործընթաց,

դասախոս - համապատասխան որակավորում ունեցող և ուսումնառության ուղարկված մասնագետին գիտելիքներ, հմտություններ և ունակություններ փոխանցող անձ,

ապահովման նյութեր - ուսումնական պլաններով և ուսումնական ծրագրերով՝ ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստման համար անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներ, ուսումնամեթոդական նյութեր, ուսումնադասարանային պարագաներ, լաբորատոր սարքավորումներ, ուսուցման տեխնիկական միջոցներ, ինչպես նաև ծախսվող նյութեր և այլ սարքավորումներ,

ուղարկող Կողմ - Կողմ, որի իրավասու մարմինը մյուս Կողմի իրավասու մարմնի ուսումնական հաստատություններ ուսումնառության նպատակով ուղարկում է մասնագետների, ինչպես նաև ուղարկում է իր դասախոսներին` ընդունող Կողմի իրավասու մարմնի հարցման համաձայն,

ընդունող Կողմ - Կողմ, որի իրավասու մարմինը իր ուսումնական հաստատություններում ուսումնառության նպատակով ընդունում է մասնագետներին և իրականացնում է նրանց պատրաստումը, ինչպես նաև ընդունում է մյուս Կողմերի իրավասու մարմինների ուղարկած դասախոսներին,

փոխանցող Կողմ - Կողմ, որի իրավասու մարմինը մյուս Կողմի իրավասու մարմնին փոխանցում է ապահովման նյութերը:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի առարկան Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունն է ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստման գործում` նպատակ ունենալով.

ա) ահաբեկչության դեմ պայքարի և դրա հետևանքները նվազագույն դարձնելու ոլորտում գիտելիքների խորացման, հմտությունների և ունակությունների կատարելագործման,

բ) հատուկ հակաահաբեկչական միջոցառումների անցկացման ժամանակակից մարտավարական հնարքների տիրապետման,

գ) անհատական հատուկ պատրաստվածության մակարդակի բարձրացման,

դ) հակաահաբեկչական ստորաբաժանումների գործունեության փորձի փոխանակման:

 

Հոդված 3

 

1. Կողմերը ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստման գործում համագործակցությունն իրականացնում են իրենց իրավասու մարմինների միջոցով, սույն Համաձայնագրին համապատասխան` հետևելով ազգային օրենսդրությանը և միջազգային այն պայմանագրերին, որոնց մասնակից են նրանք:

2. Իրավասու մարմինների ցանկը որոշվում է Կողմերից յուրաքանչյուրի կողմից և փոխանցվում է ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հանձնումով:

3. Իրավասու մարմինների ցանկի փոփոխման դեպքում համապատասխան Կողմը մեկ ամսվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է ավանդապահին:

 

Հոդված 4

 

1. Ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստումն իրականացվում է ուսումնական պլաններով և ուսումնական ծրագրերով` սույն Համաձայնագրի, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում, Կողմերի իրավասու մարմինների կողմից կնքված պայմանագրերի (գործարքների) հիման վրա, հաշվի առնելով ընդունող Կողմի` գաղտնիության ռեժիմի ապահովմամբ, սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության ու գաղտնի տեղեկատվության պահպանմամբ պայմանավորված սահմանափակումները:

2. Ընդունող Կողմի իրավասու մարմնի որոշմամբ ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստումը կարող է իրականացվել առանձին` ուսումնական հաստատությունների հատուկ ֆակուլտետներում (կուրսերում, խմբերում) կամ ընդունող Կողմի հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների հետ համատեղ:

3. Ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստումը և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումն իրականացվում է ռուսերենով:

 

Հոդված 5

 

1. Ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստումն իրականացվում է ընդունող Կողմի ուսումնական հաստատություններում:

Կողմերի իրավասու մարմինները ընդունող Կողմի ուսումնական հաստատություններում դասընթացների անցկացման նպատակով կարող են ուղարկել նաև իրենց դասախոսներին:

2. Ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստումն իրականացվում է վճարովի (այդ թվում՝ նաև պատրաստման համար վճարի արտոնությունների տրամադրմամբ) կամ անհատույց հիմունքով:

3. Ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկված մասնագետների, դասախոսների կացությունը կազմակերպվում է ընդունող Կողմի կողմից` սահմանված պայմանների և կարգի համաձայն:

4. Ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստման մասին պայմանագիրը (գործարքը) կնքվում է ուղարկող Կողմի իրավասու մարմնի և ընդունող Կողմի ուսումնական հաստատության միջև` մինչև պատրաստման տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը:

Պայմանագրում (գործարքում) արտացոլվում են.

ա) ուսումնական ծրագիրը և (կամ) ուսումնական պլանը,

բ) ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստման անցկացման ժամկետները,

գ) ուսումնառության ուղարկվող մասնագետների, ուղարկվող դասախոսների քանակը,

դ) ուսումնառության ուղարկվող մասնագետներին ներկայացվող պահանջները,

ե) ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկվող մասնագետների և (կամ) դասախոսների ապահովման պայմանները ապահովման նյութերով, տրանսպորտով` ուսումնական նպատակերի համար, բնակության կացարաններով և սննդով, ինչպես նաև բժշկական ծառայությունների պայմանների տրամադրմամբ,

զ) ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկվող մասնագետների, դասախոսների կողմից ուսումնական նպատակերի համար գրադարանների, ընթերցասրահների և սպորտային դահլիճների, այլ տեղերի և տարածքների օգտագործման պայմանները,

է) ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկվող մասնագետների և դասախոսների` դեպի պատրաստման վայր գնալու և վերադառնալու պայմանները,

ը) ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկվող մասնագետների և դասախոսների` ընդունող Կողմի տարածք մուտքի (ելքի) և ընդունող Կողմի տարածքում կացության կարգը,

թ) ուսումնառության ուղարկվող մասնագետների պատրաստման դիմաց վճարման կարգը, ժամկետները և պայմանները,

ժ) ուսումնառության ուղարկվող մասնագետների վաղաժամկետ հեռացման հիմքերը,

ժա) ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկվող մասնագետների և դասախոսների կյանքի և առողջության ապահովագրության առկայությունը,

ժբ) վեճերի կարգավորման կարգը,

ժգ) այլ լրացուցիչ պայմաններ` Կողմերի իրավասու մարմինների միջև պայմանավորվածությամբ:

 

Հոդված 6

 

1. Ընդունող Կողմի իրավասու մարմինը մինչև պատրաստման տարվան նախորդող տարվա հուլիսի 1-ը տեղեկացնում է ուղարկող Կողմի իրավասու մարմնին պատրաստման ուսումնական ծրագրերի և ուսումնական պլանների մասին, ուսումնառության ուղարկվող մասնագետներին ներկայացվող պահանջների մասին, ուսումնական տեղերի քանակի մասին, պատրաստման ժամկետների և արժեքի մասին, ուսումնառության ուղարկվող մասնագետների` ուսումնական հաստատություն ժամանման և մեկնման ժամկետների և կարգի մասին:

2. Մինչև պատրաստման տարվան նախորդող տարվա սեպտեմբերի 1-ը ուղարկող Կողմի իրավասու մարմինը ուսումնառության ուղարկվող մասնագետների պատրաստման հայտը տրամադրում է ընդունող Կողմի իրավասու մարմնին: Հայտում նշվում են ուսումնառության ուղարկվող մասնագետների քանակը, դասախոսների քանակը, նրանց գործուղման ժամկետները և պայմանները, ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանները, ինչպես նաև նշված մասնագետների պատրաստմանն առնչվող այլ տեղեկատվություն:

Հայտը ստորագրվում է Կողմի իրավասու մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի իրագործումն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների համար նախատեսված՝ Կողմերից յուրաքանչյուրի` ֆինանսական տարիների համապատասխանությամբ ազգային բյուջեում առկա միջոցների հաշվին և սահմաններում, եթե յուրաքանչյուր առանձին դեպքում այլ կարգ չի համաձայնեցվելու:

 

Հոդված 8

 

1. Կողմերը փոխադարձ օգնություն են ցուցաբերում ուսումնառության ուղարկվող մասնագետների պատրաստումն իրականացնող ուսումնական հաստատությունների զարգացման գործում:

Այդ նպատակներով ապահովման նյութերի փոխանցումը իրականացվում է վճարովի հիմունքով, փոխանցող Կողմի ներքին սակագներով, մնացորդային արժեքով կամ անհատույց հիմունքով: Մասնագետների պատրաստմանն ուղղված նպատակի համար Կողմերի իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում իրականացնում են գիտական, ուսումնական, տեղեկատվական և այլ նյութերի համատեղ մշակում և հրատարակում:

Ապահովման նյութերի փոխանցման կարգը սահմանվում է փոխանցող Կողմի ազգային օրենսդրության համաձայն:

2. Ապահովման նյութերի` Կողմերի պետական սահմաններով տեղափոխումը և նրանց տարածքներով տարանցումը իրականացվում է Կողմերի ազգային օրենսդրության համաձայն:

Ապահովման նյութերի` Կողմերի պետական սահմաններով տեղափոխման, ինչպես նաև նրանց տարածքներով տարանցման ժամանակ Կողմերը նպաստում են յուրաքանչյուր Կողմի` ազգային օրենսդրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգերի արագ կատարմանը:

 

Հոդված 9

 

1. Ուսումնառության ուղարկված մասնագետի, դասախոսի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ ընդունող Կողմին պատճառված վնասը փոխհատուցվում է ուղարկող Կողմի կողմից` ընդունող Կողմի ազգային օրենսդրության համաձայն:

Ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկված մասնագետների, դասախոսների կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը՝ հասցված նշված մասնագետների պատրաստման ընթացքում, փոխհատուցվում է ընդունող Կողմի կողմից` իր քաղաքացիների նկատմամբ իր ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ուղարկող Կողմը որևէ պահանջ չի ներկայացնում ընդունող Կողմին, այդ թվում՝ նաև մահվան, մարմնական վնասվածքների կամ ցանկացած այլ վնասի հետ կապված փոխհատուցման առնչությամբ, որը պատճառվել է ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկված մասնագետների կյանքին, առողջությանը և գույքին կամ ուղարկող Կողմի դասախոսների` ընդունող Կողմի տարածքում նրանց գտնվելու ժամանակ, եթե այդ վնասը պատճառվել է ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկված մասնագետի կամ դասախոսի մեղքով:

2. Ուղարկող Կողմը պահպանում է ուսումնառության ուղարկված մասնագետների, դասախոսների և նրանց ընտանիքների անդամների համար ազգային օրենսդրությամբ սահմանված արտոնությունները, երաշխիքները և փոխհատուցումները` ամբողջ ծավալով:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն և պարտականությունները, որոնց մասնակից է նա:

 

Հոդված 11

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել դրա բաղկացուցիչ մասը հանդիսացող փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:

 

Հոդված 12

 

Կողմերի միջև սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում ծագած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի կողմից՝ խորհրդակցությունների և բանակցությունների անցկացման միջոցով կամ Կողմերի կողմից համաձայնեցված այլ ընթացակարգով:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի կողմից Համաձայնագրի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Ներպետական ընթացակարգերը ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ Պետությունների Համագործակցության այլ մասնակից պետությունների միանալու համար` միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու միջոցով:

Միացող պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի` միանալու մասին փաստաթուղթն ստանալու օրվանից 30 օր հետո:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը ունի սույն Համաձայնագրից դուրս գալու իրավունք` իր այդ մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ‎ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

Հոդված 16

 

Կողմերի իրավասու մարմինները սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելիս որպես աշխատանքային լեզու կիրառում եմ ռուսերենը:

 

Կատարված է Աշգաբադ քաղաքում 2012 թվականի դեկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:

 

Ադրբեջանի Հանրապետության
կողմից
-------------------------
 

Ռուսաստանի Դաշնության
կողմից
/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Տաջիկստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Թուրքմենստանի կողմից
---------------------------

Ղազախստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Ուզբեկստանի Հանրապետության
կողմից
------------------------------

Ղրղզստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Ուկրաինայի կողմից
------------------------------

Մոլդովայի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 26-ին: