Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (22.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.01/25(594)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2012
Ստորագրման ամսաթիվ
05.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2017

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների Խորհրդի կազմավորման մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով Կողմերի անվտանգության համար սպառնալիք հանդիսացող՝ հանցավոր եկամուտների և ահաբեկչության ֆինանսավորման օրինականացման (լվացման) միջազգային բնույթը և ժամանակակից ծավալները,

կարևորելով համագործակցության զարգացումը և ձգտելով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործում փոխգործակցության համակարգման,

գիտակցելով, որ այդպիսի համագործակցության զարգացումը համապատասխանում է իրենց շահերին,

ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության նպատակներից և խնդիրներից,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ֆինանսական հետախուզության ստորաբաժանում ասելով հասկանում ենք Կողմի այն իրավասու մարմինը, որը պատասխանատու է այնպիսի տեղեկատվության ստացման, վերլուծության և իրավապահ մարմիններին փոխանցելու համար, որը վերաբերում է այն եկամուտներին, որոնց առնչությամբ կասկածներ կան դրանց հանցավոր ծագման և/կամ ահաբեկչության հնարավոր ֆինանսավորման տեսանկյունից կամ ազգային օրենսդրության համաձայն պահանջված՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ:

 

Հոդված 2

 

Կողմերը հիմնում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների Խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

 

Հոդված 3

 

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի մասին կանոնադրության հիման վրա, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անքակտելի մասը:

 

Հոդված 4

 

Կողմերից յուրաքանչյուրը սահմանում է սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու իրավասու մարմին և այդ մասին տեղեկացնում է ավանդապահին` միաժամանակ ծանուցելով սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու իրավասու մարմնի փոխվելու դեպքում Կողմերը տեղեկացնում են ավանդապահին:

 

Հոդված 5

 

Կողմերի փոխհամաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ և հանդիսանում են նրա բաղկացուցիչ մասը:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալուց 30 օր անց:

Այն Կողմերի համար, որոնք ներպետական ընթացակարգերը կկատարեն ավելի ուշ, սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալուց 30 օր անց:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության համար` ավանդապահին միանալու մասին փաստաթուղթը փոխանցելու ճանապարհով:

Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի ստանալուց 30 օր անց:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Կողմերից յուրաքանչյուրն ունի սույն Համաձայնագրից դուրս գալու իրավունք ` իր այդ մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

Կատարվել է Աշգաբադ քաղաքում 2012 թվականի դեկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Ադրբեջանի Հանրապետության
կողմից
-------------------------
 

Ռուսաստանի Դաշնության
կողմից
/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Տաջիկստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Թուրքմենստանի կողմից
---------------------------

Ղազախստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/

Ուզբեկստանի Հանրապետության
կողմից
------------------------------
 

Ղրղզստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Ուկրաինայի կողմից
/ստորագրություն/

Մոլդովայի Հանրապետության կողմից
------------------------------
 

 

Հավելված

2012 թվականի դեկտեմբերի 5-ի՝

Անկախ Պետությունների Համագործակցության

մասնակից պետությունների`

Ֆինանսական հետախուզության

ստորաբաժանումների

Ղեկավարների խորհրդի կազմավորման

մասին Համաձայնագրին կից

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների Ղեկավարների խորհրդի կազմավորման մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների Ղեկավարների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հանդիսանում է Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) ճյուղային համագործակցության մարմին և կոչված է ապահովելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման օրինականացման դեմ պայքարի կազմակերպումը և համակարգումը:

1.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է ԱՊՀ Կանոնադրությամբ, ԱՊՀ շրջանակներում ընդունված համաձայնագրերով ու որոշումներով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ:

1.3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական Վեհաժողովի, ԱՊՀ այլ մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` միջազգային կազմակերպությունների աշխատանքային (գործադիր) մարմինների` փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների աշխատանքային Խմբի (այսուհետ` ՖԱՏՖ), ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների պետական մարմինների հետ համագործակցելով:

1.4. Խորհուրդն իր գործունեությամբ հաշվետու է ԱՊՀ մասնակից պետությունների Խորհրդին:

1.5. Խորհուրդը կազմակերպում է իր աշխատանքը իր մշակած և հաստատած ծրագրերի հիման վրա:

Յուրաքանչյուր տարի Խորհուրդը գործադիր կոմիտեին ներկայացնում է իր գործունեության մասին տեղեկատվություն:

 

2. Խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները

 

2.1. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն են.

ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների և այլ շահագրգիռ մարմինների, ինչպես նաև ԱՊՀ այն մարմինների համագործակցության կազմակերպումը, որոնց գործունեության ոլորտի մեջ մտնում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը,

համագործակցության գերակա ուղղությունների սահմանումը, ինչպես նաև համատեղ արդյունավետ միջոցառումների ձեռնարկումը,

միասնական մոտեցումների մշակման նպատակով աջակցությունը ԱՊՀ մասնակից պետությունների ազգային օրենսդրության հետ մերձեցմանը և ներդաշնակեցմանը,

ԱՊՀ մասնակից պետությունների իրավական հիմքի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակումը,

ԱՊՀ շրջանակներում ընդունված փաստաթղթերի գործարկման ապահովումը:

2.2. Խորհրդի հիմնական գործառույթներն են.

նպատակային ծրագրերի մշակմանն ուղղված առաջարկությունների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում գերակա ուղղություններով՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության ոլորտում առաջարկությունների նախապատրաստումը,

ԱՊՀ մասնակից պետությունների կողմից ՖԱՏՖ-ի հանձնարարականների ներդրմանն ուղղված աջակցության ցուցաբերումը,

ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակմանն ուղղված աջակցության ցուցաբերումը,

ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակմանն ուղղված միասնական չափորոշիչների ձևավորման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը,

ԱՊՀ մասնակից պետությունների շահագրգիռ մարմինների հետ համատեղ հանձնարարականների մշակումը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման օրինականացման դեմ պայքարում օգտագործվող ձևերի և մեթոդների հայտնաբերման և սահմանափակման ուղղությամբ,

համատեղ միջոցառումների մշակումը և իրականացումը` ուղղված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման օրինականացման դեմ պայքարին,

իրենց իրավասության շրջանակներում ԱՊՀ շահագրգիռ մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աշխատանքային (գործադիր) մարմինների, ինչպես նաև ՖԱՏՖ-ի և տարածքային նմանատիպ խմբերի հետ փոխգործակցությունը,

Խորհրդի իրավասությանը վերաբերող՝ ԱՊՀ շրջանակներում ընդունված փաստաթղթերի և սեփական որոշումների իրականացման կազմակերպումը և համակարգումը,

փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման օրինականացման դեմ պայքարի ոլորտում միտումների (տիպաբանության) վերլուծությունը,

աջակցությունը ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների միջև փորձի փոխանակմանը, այդ թվում՝ նաև մեթոդական օգնության տրամադրումը,

ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման կազմակերպման հարցերի քննարկումը, ինչպես նաև կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպությունների ստեղծումը,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների ուղղությամբ համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների անցկացման հարցերի քննարկումը,

Խորհրդի իրավասության մեջ մտնող այլ գործառույթների իրականացումը:

 

3. Խորհրդի իրավունքները

 

Խորհուրդն իրավունք ունի.

իր իրավասությունների շրջանակներում ընդունելու որոշումներ և հանձնարարականներ` ուղղված ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների համագործակցության և փոխգործակցության զարգացմանը,

Պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ Տնտեսական խորհրդի քննարկմանը սահմանված կարգով ներկայացնելու Խորհրդի կողմից նախապատրաստված փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաև Խորհրդի գործունեությանն առնչվող տեղեկատվություն Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ Տնտեսական խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ,

իրականացնելու փոխգործակցություն ԱՊՀ ճյուղային համագործակցության այլ շահագրգիռ մարմինների հետ,

Խորհրդի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով ըստ անհրաժեշտության ստեղծելու աշխատանքային խմբեր գործունեության կոնկրետ ուղղվածություններով և հաստատել դրանց կանոնադրությունները,

ԱՊՀ մարմինների քննարկմանը ներկայացնելու Խորհրդի իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ վերլուծական և այլ տեղեկատվություն,

իր իրավասությունների սահմաններում լուծելու այլ խնդիրներ:

 

4. Խորհրդի գործունեության կազմակերպումը

 

4.1. Խորհրդի կազմում ներառված են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարներ (այսուհետ` Խորհրդի անդամներ):

Խորհրդում յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայնի իրավունք:

Խորհրդի այն անդամը, որը հնարավորություն չունի ներկա գտնվելու նիստին, իրավունք ունի պատվիրակելու իր այն ներկայացուցչին, որը օժտված է Խորհրդի նիստի ընթացքում որոշումներ ընդունելու լիազորությամբ:

Խորհրդի կազմի մեջ խորհրդակցական ձայնի իրավունքով մտնում են Խորհրդի քարտուղարության ղեկավարը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

Խորհրդի նիստին, բոլոր անդամների նախնական համաձայնությամբ, որպես դիտորդ կարող են հրավիրվել այլ երկրների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անդամներ:

4.2. Խորհրդի նախագահումը, որպես կանոն, իրականացվում է մեկ տարվա ընթացքում սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության կողմից՝ ի դեմս նրա ներկայացուցչի, հերթագայության սկզբունքով` երկրների անվանումների ռուսերեն այբբենական կարգով, եթե Խորհրդի որոշմամբ այլ բան սահմանված չէ: Խորհրդի համանախագահներ են հանդիսանում նախորդ և հաջորդ նախագահները:

Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է համանախագահողներից որևէ մեկը:

4.3. Խորհրդի նիստերը, որպես կանոն, հերթագայությամբ անցկացվում են սույն Համաձայնագրի մասնակից պետություններում` ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին մեկ անգամ:

4.4. Խորհրդի նիստերի գումարման կարգը, նրանց անցկացումը, քվորումը, որոշումների ընդունման ընթացակարգը, ինչպես նաև գործունեությանն առնչվող այլ հարցեր որոշվում են Խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով:

4.5. Խորհրդի նախագահը.

իրականացնում է Խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը,

անցկացնում է Խորհրդի նիստերը,

Խորհրդի անունից ստորագրում և ուղարկում է բոլոր փաստաթղթերը,

ԱՊՀ մարմիններում սահմանված կարգով ներկայացնում է Խորհուրդը,

Խորհրդի հանձնարարությամբ, իր իրավասությունների շրջանակներում պահպանում և զարգացնում է փոխհարաբերություններ ԱՊՀ մարմինների, այլ միջազգային կազմակերպությունների, ՖԱՏՖ և ՖԱՏՖ տիպի՝ տարածաշրջանային խմբերի աշխատանքային (գործադիր) մարմինների հետ,

աջակցում է ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների միջև փոխգործակցության ապահովմանը,

իրականացնում է Խորհրդի գործունեության ապահովմանն առնչվող այլ գործառույթներ:

 

5. Խորհրդի քարտուղարությունը

 

5.1. Խորհրդի գործունեության կազմակերպատեխնիկական և տեղեկատվական ապահովումն իրականացվում է քարտուղարության կողմից:

Քարտուղարության գործառույթներն իրականացնում է ֆինանսական հետախուզության այն ստորաբաժանումը, որի ղեկավարը նախագահում է Խորհրդում ԱՊՀ գործադիր կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ համատեղ:

Քարտուղարության ղեկավարը ֆինանսական հետախուզության այն ստորաբաժանման ներկայացուցիչն է, որի ղեկավարը նախագահում է Խորհրդում, իսկ քարտուղարության ղեկավարի տեղակալը ԱՊՀ գործագիր կոմիտեի ներկայացուցիչն է:

5.2. Խորհրդի քարտուղարությունը.

կազմակերպում և ապահովում է Խորհրդի նիստերի անցկացումը սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով և կանոնակարգով: Արտագնա նիստերի անցկացումն իրականացվում է ընդունող Կողմի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների հետ համատեղ,

ներկայացված նյութերը պատրաստում է Խորհրդի նիստերում քննարկման համար,

սահմանված կարգով ուղարկում է Խորհրդի նիստում քննարկվելիք օրակարգն ու փաստաթղթերի նախագծերը,

ապահովում է Խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերի ժամանակին ուղարկումը,

կազմակերպում է փորձագետների նիստերը` Խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման առնչությամբ,

իրականացնում է փորձագետների նիստերի արձանագրումը,

համագործակցում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների հետ` Խորհրդի հերթական նիստերի և դրանց նախորդող՝ փորձագետների նիստերի մասնակիցների ժամանակին որոշման և Խորհրդի հերթական նիստին դրված հարցերի քննարկման առնչությամբ,

վերահսկողություն է իրականացնում Խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ուղղությամբ և արդյունքների մասին իրազեկում է Խորհրդի նախագահին և անդամներին,

իր իրավասությունների շրջանակներում փոխգործակցում է ԱՊՀ այլ մարմինների հետ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ` փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման և նախապատրաստման մասով:

5.3. Քարտուղարության պետը նշանակվում է Խորհրդի նախագահողի կողմից:

Քարտուղարության ղեկավարը.

ղեկավարում է Խորհրդի քարտուղարության գործունեությունը,

իրականացնում է Խորհրդի գործունեության կազմակերպչական և տեղեկատվական ապահովումը` ԱՊՀ գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ փոխգործակցելով:

5.4. Խորհրդի փաստաթղթերի հաշվառումն ու պահպանումն իրականացնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումը, որի ներկայացուցիչը ներառված է քարտուղարության կազմում:

 

6. Ֆինանսավորում

 

Խորհրդի նիստերի անցկացման ֆինանսավորման հետ կապված ծախսերն իրականացվում են սույն Համաձայնագրի՝ ընդունող մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմնի հաշվին:

Խորհրդի նիստերի մասնակիցների և անդամների գործուղման ծախսերն իրականացվում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների՝ ուղարկող պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների հաշվին:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. հունիսի 22-ին: