ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով 1999 թվականի հունիսի 4-ի` Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Պայմանագրի դրույթներով,
ընդունելով ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարման անհրաժեշտությունը,
ղեկավարվելով այդ նպատակով ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարող իրավասու մարմիններին հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով, ապահովման նյութերով և սարքավորումներով բազմակողմանի հագեցվածության համար հավասար և արտոնյալ պայմաններ ստեղծելու մտադրությամբ,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև նշված եզրույթները նշանակում են`
հակաահաբեկչական ստորաբաժանումներ - Կողմերի իրավասու մարմինների հատուկ լիազորված ստորաբաժանումներ, որոնց գործառույթներն են ահաբեկչական գործունեության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների կանխարգելումը, հայտնաբերումը, խափանումը և դրանց հետևանքների նվազեցումը,
արտոնյալ պայմաններով գնում և առաքում - հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի գնումը և առաքումը այն գներով, որոնք ձևավորվում են պետությունում իրավասու մարմինների սեփական կարիքների համար,
իրավասու մարմիններ - անվտանգության մարմիններ, հատուկ ծառայություններ, իրավապահ մարմիններ և Կողմերի այլ պետական մարմիններ, որոնք իրենց կառուցվածքում ունեն հակաահաբեկչական ստորաբաժանումներ,
ապահովման նյութեր - նյութատեխնիկական և տրանսպորտային միջոցներ, հակաահաբեկչական ստորաբաժանումների սարքավորումներ` ներառյալ զենք և զինամթերք, որոնք Կողմերի ազգային օրենսդրությամբ չեն դասվում ռազմական նշանակության ապրանքների շարքին,
նյութատեխնիկական ապահովում - Կողմերի իրավասու մարմինների միջև կնքված պայմանագրերի հիման վրա հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի գնումը և առաքումը,
հատուկ միջոցներ - տարատեսակ ապրանքներ` հատուկ մշակված և նախատեսված Կողմերի իրավասու մարմինների կողմից հարձակման դիմագրավման ժամանակ օբյեկտների վրա ոչ մահացու ելքով հակադարձ ներգործելու, հանցագործության խափանման, դիմադրություն ցույց տալու, որոնման, կալանավորման, կալանավորներին տեղ հասցնելու, կալանքի տակ գտնվողների փախուստը խափանելու, գերիներին, գրավված շենքերը, կացարանները, շինությունները, տրանսպորտային միջոցները և տարածքները ազատելու, զանգվածային անկարգությունները խափանելու, Կողմերի իրավասու մարմինների կողմից սպառազինության վերցրած և Կողմերի ազգային օրենսդրությամբ ռազմական նշանակության ապրանքների շարքին չդասվող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար,
հատուկ տեխնիկա - կապի, տեղեկատվության պաշտպանության միջոցներ, տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգերի միջոցներ, ռադիովերահսկողության միջոցներ, տարածաշրջանում բաշխված մասնագիտացված ավտոմատացված համակարգեր, հաշվողական տեխնիկայի տիպային տեղական ցանցեր, կենսաապահովման միջոցներ, անհատական պաշտպանության` այդ թվում զրահապաշտպան, միջոցներ, օպերատիվ, քրեագիտական և որոնողական տեխնիկայի միջոցներ, ինժեներատեխնիկական միջոցներ, պահպանության, հսկողության և վերահսկողական համակարգեր, օպերատիվ-ծառայողական տրանսպորտ, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման տեխնիկական միջոցներ, ինչպես նաև այլ տեխնիկական միջոցներ և դրանց համալրողներ, որոնք սպառազինման (վերազինման) են վերցվել Կողմերի իրավասու մարմինների կողմից և Կողմերի ազգային օրենսդրությամբ չեն դասվում ռազմական նշանակության ապրանքների շարքին:
Հոդված 2
Կողմերը համագործակցում են իրավասու մարմինների միջոցով, որոնց ցուցակը որոշվում է Կողմերից յուրաքանչյուրի կողմից և փոխանցվում է ավանդապահին` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցումը ի պահ հանձնելու ժամանակ:
Իրավասու մարմինների ցուցակի փոփոխությունների վերաբերյալ Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ավանդապահին:
Հոդված 3
Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունը իրականացվում է հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի գնման և առաքման, այդ թվում արտոնյալ պայմաններով, հարցումների կատարման (այսուհետև` հարցում) կամ դրանց վերաբերյալ տեղեկատվության ուղարկման միջոցով:
Գնման և առաքման հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է փոխանցվել մյուս Կողմին` նախաձեռնողական կարգով, եթե հիմքեր կան կարծելու, որ Կողմերի իրավասու մարմինների մոտ առկա հատուկ տեխնիկան, ապահովման հատուկ միջոցները և նյութերը հետաքրքրություն են ներկայացնում այդ Կողմի համար:
Հարցման և տեղեկատվության իսկության կամ դրանց բովանդակության վերաբերյալ կասկածների առկայության դեպքում Կողմերի իրավասու մարմինները կարող են խնդրել դրանց հաստատումը կամ բացատրությունը:
Հարցումը ուղարկվում է գրավոր, ստորագրվում է իրավասու մարմնի ղեկավարի կողմից և վավերացվում է հարցում անող իրավասու մարմնի զինանշանի կնիքով:
Հոդված 4
Հարցվող Կողմի իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` հարցման ամբողջական, ժամանակին և որակյալ կատարման ապահովման համար:
Հարցումը, որպես կանոն, կատարվում է այն ստանալու օրվանից սկսած առավելագույնը 30-օրյա ժամկետում:
Հարցնող Կողմի իրավասու մարմինը անհապաղ տեղյակ է պահվում հարցման կատարումը խոչընդոտելու կամ այն ուշացնելու հանգամանքների վերաբերյալ:
Եթե հարցման կատարումը հարցում ստացող մարմնի իրավասության մեջ չի մտնում, ապա տվյալ մարմինը փոխանցում է այն հարցվող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և հաղորդում է այդ մասին հարցնող Կողմի իրավասու մարմնին:
Եթե հարցման մեջ նշված տվյալները բավարար չեն այն կատարելու համար, հարցվող Կողմի իրավասու մարմինը, հարցումը պատշաճ կատարելու համար, իրավունք ունի պահանջել անհրաժեշտ լրացուցիչ տվյալներ:
Հոդված 5
Հարցման կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասամբ մերժվել, եթե հարցվող Կողմի իրավասու մարմինը կարծում է, որ հարցման կատարումը կարող է վնաս պատճառել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, իրավակարգին, կամ հակասում է ազգային օրենսդրությանը և/կամ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև առաջ բերել քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի խախտում:
Հարցնող Կողմի իրավասու մարմինը անհապաղ գրավոր տեղեկացվում է հարցման կատարման լրիվ կամ մասնակի մերժման մասին` մերժման հիմնավոր պատճառների նշումով:
Հոդված 6
Կատարված հարցման տվյալները չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն, որոնց համար հարցվել և տրամադրվել են` առանց հարցվող Կողմի իրավասու մարմնի համաձայնության:
Հարցնող Կողմի իրավասու մարմինը կարող է օգտագործել հարցման տվյալները այլ նպատակներով` միայն հարցվող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությունից հետո: Այդպիսի դեպքերում հարցնող Կողմի իրավասու մարմինը պահպանում է հարցման տվյալների օգտագործման սահմանափակումները` սահմանված հարցվող Կողմի իրավասու մարմնի կողմից:
Սույն Համաձայնագրի գործողության ընթացքում, մի Կողմի իրավասու մարմնի կողմից ստացված տվյալները երրորդ կողմին փոխանցելու համար անհրաժեշտ է այդ տվյալները տրամադրած մյուս Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությունը:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված ծախսերը իրականացվում են այդ նպատակների համար իրավասու մարմինների կողմից նախատեսված միջոցների հաշվին:
Հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի` արտոնյալ պայմաններով գնման և մատակարարման իրականացման ժամանակ, համաձայն սույն Համաձայնագրի, Կողմերը որոշում են վճարման պայմանները և ձևերը:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում, մատակարարվող հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի տեղափոխման ժամանակ, Կողմերն օգտագործում են ներմուծման, արտահանման կամ տարանցման պայմանները` ներառյալ արտոնյալ սակագները` հաստատված հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի համանման տեղափոխման համար` համաձայն Կողմի ազգային օրենսդրությանը, որի տարածքով անցնում է տեղափոխման երթուղին:
Տարանցման Կողմը ապահովում է հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների, ապահովման նյութերի տեղափոխման գերակա կարգը իր տարածքում, որոնք մատակարարվում են սույն Համաձայնագրին համապատասխանությամբ` մատակարարող Կողմի կամ ստացող Կողմի հարցման հիմքի վրա:
Հոդված 9
Ստացող Կողմը չի վաճառում և չի փոխանցում սույն Համաձայնագրի շրջանակներում մատակարարված հատուկ տեխնիկան, հատուկ միջոցները և ապահովման նյութերը երրորդ Կողմին, իրավաբանական և ֆիզիկական անձանց` առանց մատակարարող Կողմի գրավոր համաձայնության:
Հոդված 10
Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում սահմանափակ տարածման` սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության արդյունքում ստացված տեղեկատվության պահպանության համար:
Պետական գաղտնիքներ (պետական գաղտնիք) պարունակող տվյալների պաշտպանության հարցերը կարգավորվում են Կողմերի կողմից կնքված համաձայնագրերով:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքները և պարտականությունները, որոնց մասնակիցն են հանդիսանում նրանք:
Հոդված 12
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կարող են կատարվել դրա բաղկացուցիչ մասը հանդիսացող փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:
Հոդված 13
Կողմերի միջև սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում ծագող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների անցկացման միջոցով կամ Կողմերի կողմից համաձայնեցրած այլ ընթացակարգով:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահի կողմից ստանալուց 30 օր հետո:
Ներպետական ընթացակարգերը ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահի կողմից ստանալուց 30 օր հետո:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության միանալու համար` միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու միջոցով:
Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից` միանալու մասին փաստաթուղթը ստանալուց 30 օր հետո:
Հոդված 16
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից` իր այդ մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:
Հոդված 17
Կողմերի իրավասու մարմինները, սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելիս, որպես աշխատանքային լեզու օգտագործում են ռուսերենը:
Կատարված է Աշխաբադ քաղաքում, 2012 թվականի դեկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով` ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը:
Ադրբեջանի Հանրապետության կողմից ------------------------- |
Ռուսաստանի Դաշնության կողմից |
Հայաստանի Հանրապետության |
Տաջիկստանի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության |
Թուրքմենստանի կողմից |
Ղազախստանի Հանրապետության |
Ուզբեկստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության |
Ուկրաինայի կողմից |
Մոլդովայի Հանրապետության կողմից |
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Մոլդովայի Հանրապետության
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին Համաձայնագրի» Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի Որոշմանը կից
Մոլդովայի Հանրապետությունը պետական գաղտնիքներ (պետական գաղտնիք) պարունակող տվյալների պաշտպանության հարցերը կկարգավորի ազգային օրենսդրությանը համապատասխանությամբ և/կամ երկկողմանի համաձայնագրերով:
Մոլդովայի Հանրապետության |
Վ. Ֆիլատ |
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 26-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|