Գլխավոր տեղեկություն
Համար
N 1334-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2010-15.11.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.27/54(788) Հոդ.1222
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2010 թվականի N 1334-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 19
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 3-ի N 1334-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը:

2. Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման գործառույթները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

4. Պետական ուսումնական հաստատության արտաքին գնահատումը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` նախարարություն) սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպության կողմից:

5. Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից ընտրված գնահատող կազմակերպության կողմից:

6. Արտաքին գնահատման դրական արդյունքների հիման վրա գնահատող կազմակերպությունն ուսումնական հաստատությանը տալիս է հավաստագիր, որն ուժի մեջ է երեք տարի:

7. Հավաստագրի մեջ նշվում է գնահատման (վարկանիշային) միավորը:

8. Արտաքին գնահատման արդյունքների հիման վրա նախարարությունը հրապարակում է արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:

9. Ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության սահմանած հարցաշարերի հիման վրա, որոնք ներառում են սույն կարգի 20-րդ և 29-րդ կետերով սահմանված չափանիշները, ինչպես նաև գնահատման միավորները:

 

II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման նպատակն է`

1) հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության միասնականության ապահովմանը, հանրակրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելը.

2) ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության ձևավորումը.

3) շահառուների` սովորողների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), դպրոցի մանկավարժական աշխատողների, նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության աստիճանի բարձրացումը.

4) ուսումնական հաստատությունների հաշվետվողականության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը նպաստելը:

11. Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման խնդիրներն են`

1) կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատումը.

2) հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտների համապատասխանության գնահատումը.

3) ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքների գնահատումը.

4) հանրակրթական ծրագրերի իրականացման, դասավանդման մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության գնահատումը.

5) կրթական ծառայությունների որակի համապատասխանության և կրթական գործընթացի արդյունավետության մասին կրթական գործընթացի մասնակիցներին և հասարակությանն իրազեկումը.

6) ուսումնական հաստատության զարգացման ուղղությունների նախանշման, զարգացման ծրագրերի մշակման, իրականացման գնահատումը.

7) ներքին և արտաքին գնահատման գործընթացին հասարակայնության ներգրավումը.

8) արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցուցանիշների հրապարակումը:

 

III. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

12. Ներքին գնահատումն ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։

13. Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողները, սովորողները և նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները)։

14. Ներքին գնահատման հաշվետվությունն ուսումնական հաստատության տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, մանկավարժական, ծնողական, աշակերտական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև երկշաբաթյա ժամկետում ապահովում դրա հրապարակումը տվյալ ուսումնական հաստատությունում (տեսանելի տեղում), տեղական և (կամ) հանրապետական մամուլում, նախարարության պաշտոնական կայքում:

15. Ներքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության տնօրենի հրամանի համաձայն ձևավորված հանձնաժողովի կողմից:

16. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ` ուսումնական հաստատության խորհուրդ) առնվազն երկու, մանկավարժական և ծնողական խորհուրդների` ուսումնական հաստատության խորհրդի կազմում չընդգրկված առնվազն մեկական անդամ, տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) առնվազն երկու ներկայացուցիչներ:

17. Տնօրենը հանձնաժողովի նախագահն է և ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը:

18. Հանձնաժողովը հաստատում է իր աշխատակարգը, սահմանում ներքին գնահատում անցկացնելու գործողությունների ծրագիրը, մեթոդները և ժամանակացույցը:

19. Ներքին գնահատման արդյունքում հանձնաժողովի նախագահը նախապատրաստում է ներքին գնահատման հաշվետվությունը` ըստ նախարարության սահմանած ձևի:

 

IV. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

20. Ուսումնական հաստատության գործունեության ներքին գնահատման չափանիշները բխում են հանրակրթության պետական չափորոշչով սահմանված պահանջներից և ներառում են`

1) սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, սովորողների զարգացմանն ուղղված գործողությունների առաջնայնությունը, ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային ծրագրում դրանց արտացոլումը, իրականացման արդյունավետությունը.

2) պետական միասնական և ավարտական քննություններից «18», «19» և «20» գնահատականներ ստացած շրջանավարտների թիվը և տոկոսը.

3) պետական միասնական և ավարտական քննություններից անբավարար գնահատական ստացած շրջանավարտների թիվը և տոկոսը.

4) պետական միասնական քննություններին մասնակցած շրջանավարտների թիվը և տոկոսը.

5) հայոց լեզվից և մաթեմատիկայից բարձր («8», «9» և «10») և անբավարար («1», «2» և «3») տարեկան գնահատականներ ստացած սովորողների թիվը և տոկոսն ըստ հանրակրթական ծրագրերի աստիճանների.

6) հանրակրթական ծրագրերի երկրորդ աստիճանն ավարտած և ամփոփիչ ատեստավորման արդյունքում վկայական ստացած շրջանավարտների թիվը և տոկոսը.

7) «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական ստացած շրջանավարտների թիվը և տոկոսը.

8) գերազանցության մեդալակիրների թիվը և տոկոսը.

9) հանրակրթական ծրագրերի երրորդ աստիճանն ավարտած և ամփոփիչ ատեստավորման արդյունքում ատեստատ ստացած շրջանավարտների թիվը և տոկոսը.

10) հանրապետական, միջազգային, համաշխարհային օլիմպիադաներին մասնակցած և մրցանակներ, խրախուսանքներ ստացած սովորողների թիվը և տոկոսը.

 11) համայնքային, մարզային, հանրապետական, միջազգային մրցույթներին, տարբեր միջոցառումներին սովորողների և ուսուցիչների ընդգրկվածությունը, մասնակիցների թիվը.

12) հետազոտական, ստեղծագործական աշխատանքներին մասնակցած սովորողների թիվը և տոկոսը, աշխատանքների արդյունավետությունը.

 13) սովորողների կողմից օրինակելի վարքագծի դրսևորումը, իրավախախտումներից զերծ մնալը.

14) արտադասարանական աշխատանքներին մասնակցած սովորողների թիվը և տոկոսը, աշխատանքների արդյունավետությունը.

15) արտադպրոցական կրթությանը մասնակցած սովորողների թիվը և տոկոսը.

16) սոցիալական, բարեգործական ծրագրերին մասնակցած սովորողների թիվը և տոկոսը, աշխատանքների արդյունավետությունը.

17) առաջին դասարանցիների` ուսումնառությանը հարմարվածության մակարդակը.

 18) հանրակրթական ծրագրերի առաջին աստիճանից երկրորդ աստիճան փոխադրված (տեղափոխված) սովորողների առաջադիմությունը և նոր կրթական աստիճանին նրանց հարմարվածության մակարդակը.

19) հանրակրթական ծրագրերի երկրորդ աստիճանից երրորդ աստիճան փոխադրված (տեղափոխված) սովորողների առաջադիմությունը և նոր կրթական աստիճանին նրանց հարմարվածության մակարդակը.

20) սովորողների` առանձին առարկաների գծով ինքնուրույն կրթական ձեռքբերումները.

21) օլիմպիադաների, մրցույթների, ստեղծագործական հաշվետվությունների անցկացումն ուսումնական հաստատության կողմից.

22) հայրենագիտական ճամփորդությունների, արշավների, մշակութային օջախներ այցելությունների կազմակերպումը, հաճախականությունը.

23) ներքին գնահատման հաշվետվության քննարկման արդյունքում ուսումնական հաստատության զարգացման ծրագրի լրամշակմանն ուղղված որոշումների ընդունումը.

24) սովորողների և ուսուցիչների առողջության պահպանումը, սննդի, հանգստի, աշխատանքի կազմակերպումը.

25) ուսումնական հաստատության խորհրդի, ինչպես նաև մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդների աշխատանքի արդյունավետությունը.

26) ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը, կրթության որակի ապահովմանն ուղղված նրանց նորարարական գործունեությունը.

27) ուսուցիչների մասնակցությունը «Տարվա լավագույն ուսուցիչ» կամ այլ մրցույթների.

28) որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը.

29) ուսուցման նպաստավոր պայմանները, նյութատեխնիկական, ուսումնամեթոդական ապահովվածությունը.

30) ուսումնանյութական միջավայրի անվտանգության ապահովումը.

31) տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների առկայությունը և կիրառման արդյունավետությունը.

32) բյուջետային ֆինանսավորման և ծախսերի արդյունավետության վերլուծությունը.

33) ուսումնական հաստատության կառավարման և ֆինանսավորման հարցերում համայնքի ներկայացուցիչներին ներգրավելը.

34) ուսումնադաստիարակչական գործընթացում աշակերտակենտրոն մոտեցման ապահովումը` ուսուցման ավանդական և արդիական մեթոդների ներդաշնակ համադրմամբ.

35) ուսուցման նպատակաուղղվածությունը շրջանավարտի պահանջների բավարարմանը` ինչպես մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի անցնելու, այնպես էլ կրթությունը շարունակելու առումով.

36) կրթական բարենպաստ միջավայրի ստեղծմանը սովորողների գործուն մասնակցության առկայությունը, նրանց ներգրավվածությունը դպրոցի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին.

37) դպրոցահասակ երեխաներին ուսումնառության մեջ ընդգրկելու, նրանց վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, մշակելու աշխատանքների իրականացումը.

38) ներառական կրթության իրականացումը կամ դրան ուղղված գործունեությունը.

39) սեռային (գենդերային) հավասարության ապահովմանը և համայնքում ապրող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների` կրթությունից դուրս չմնալուն ուղղված ջանքերի դրսևորումը.

40) դպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի համար` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, ուսումնական հաստատության մատչելի և հասանելի լինելը.

41) կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջներին ուսումնական հաստատության կանոնադրության համապատասխանությունը.

42) պետական ուսումնական հաստատությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շենքերի (գույքի) խնամքով շահագործումը և պահպանումը.

43) կիրառված կարգապահական տույժերը և խրախուսանքները, դրանց հիմնավորվածությունը.

44) ուսուցիչների աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման գործընթացի օրինականությունը.

45) հանրակրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը.

46) ուսումնական հաստատությունում վերջին երեք տարիներին իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները.

47) ուսումնական հաստատությանը տրված հանձնարարականների կատարողականների առկայությունը.

48) ուսումնական հաստատությունում պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի առկայությունը, դրանց վարման կարգերի պահպանումը:

 

V. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

21. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է` նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ:

22. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են նախարարության իրականացրած տեսչական ստուգումների արդյունքները:

23. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվում է սովորողին մատուցվող կրթական ծառայությունների որակի և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտների համապատասխանության հիման վրա:

24. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքն ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:

25. Շրջանավարտների համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին որոշվում է նախարարության կազմակերպած ամփոփիչ ատեստավորման արդյունքներով։

26. Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:

27. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, սովորողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները:

28. Արտաքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության վերջին երեք տարիների գործունեության, ինչպես նաև վերջին երեք տարիների գործունեության ներքին գնահատման արդյունքների հիման վրա:

 

VI. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

29. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման չափանիշներն են`

1) ուսումնական հաստատության տնօրենի կողմից ներկայացված ներքին գնահատման հաշվետվությունների քննարկման արդյունքում ուսումնական հաստատության զարգացմանն ուղղված որոշումների ընդունումը, դրանց իրականացումը.

2) ուսումնական հաստատության ինքնազարգացմանն ուղղված գործընթացների առկայությունը, դրանց արդյունավետությունը.

3) ուսումնական հաստատության գործունեության բաց և թափանցիկ լինելը.

4) տեղեկատվության համապարփակ ցանցի առկայությունը: Ուսումնական հաստատության կայքի միջոցով ծնողներին և հասարակությանն ուսումնական հաստատության գործունեության մասին տեղեկացումը.

5) համապատասխան նյութական բազա ստեղծելուն, ինչպես նաև եղած նյութատեխնիկական բազան արդյունավետ օգտագործելուն ուղղված ջանքերի ներդրումը.

6) սովորողների գիտելիքների, գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերման, առարկայական ծրագրերի յուրացման, արժեքային համակարգի ձևավորման համար համապատասխան ուսումնանյութական միջավայրի ապահովումը.

7) շրջանավարտների կրթության շարունակականությունը և (կամ) նրանց զբաղվածությունը.

8) ուսումնական հաստատության հեռանկարային զարգացման ծրագրի առկայությունը, իրականացման արդյունավետությունը.

9) ուսումնական հաստատության կառավարմանը, զարգացման հեռանկարային պլանավորմանն ու ծրագրավորմանն ուսուցիչների մասնակցության և մասնագիտական աջակցության ապահովումը.

10) ուսումնական հաստատության խորհրդի, ծնողական, մանկավարժական, աշակերտական խորհուրդների` ուսումնական հաստատության գործունեությանը տված գնահատականը.

11) աշակերտական խորհրդի ձևավորման և աշխատանքների կազմակերպման համար համապատասխան պայմանների ապահովումը (իր սեփական կարծիքն ու համոզմունքներն ազատ արտահայտելու հնարավորությունների ապահովումը).

12) ներքին կարգապահական կանոնների առկայությունը, սահմանված վարքագծի կանոնների պահանջների կատարումը (աշխատողների և սովորողների).

13) ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի բաշխման նպատակային լինելը.

14) ուսումնական հաստատության ձեռնարկատիրական գործունեության, լրացուցիչ կրթական ծառայությունների առկայությունը և արդյունավետությունը.

15) ուսումնական գործընթացի կազմակերպումը, ուսուցման ձևի ընտրության իրավունքի ապահովումը (անհատական ուսուցման կազմակերպման առկայությունը (առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և տնային ուսուցման ձևերով), ճամբարային ուսուցման առկայությունը).

16) ուսումնական, մշակութային, մարզական, առողջարանային և արտադրական բազայից օգտվելու մատչելիությունը.

17) սովորողների շարժի վերլուծության արդյունքները.

18) փոխտնօրենների, մեթոդմիավորումների նախագահների, դասղեկների աշխատանքների համեմատական վերլուծության արդյունքները.

19) դասալսումների քանակը, իրականացնողները, արդյունքները.

20) համապատասխան հետազոտական գործունեության, գիտաժողովների, օլիմպիադաների, ցուցահանդեսների, մրցույթների մասնակցության խթանումը և պայմանների ապահովումը.

21) ուսումնական հաստատության մասնակցությունը միջազգային ծրագրերին, արդյունավետությունը.

22) հանրակրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը:

 

VII. ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

30. Պետական ուսումնական հաստատությունը գործունեության արտաքին գնահատման հայտը ներկայացնում է նախարարություն` ուսումնական տարին սկսվելուց առնվազն երեք ամիս առաջ:

31. Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո, ուսումնական հաստատություններից ստացված հայտերի հիման վրա, նախարարությունը տասնօրյա ժամկետում կազմում է արտաքին գնահատում իրականացնելու ժամանակացույց (այսուհետ` ժամանակացույց), որը տասնօրյա ժամկետում համաձայնեցնում է գնահատման գործընթացին շահագրգիռ համապատասխան պետական, տարածքային կառավարման և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

32. Համաձայնեցված ժամանակացույցը հաստատվում է նախարարի կողմից, ներառվում գնման առարկայի բնութագրում և 10-օրյա ժամկետում հայտարարվում գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ` սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով:

33. Արտաքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության ֆինանսական միջոցների հաշվին:

34. Գնահատող կազմակերպության կողմից ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման գործընթացում օգտագործվում են կրթության պետական տեսչության, գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած` տվյալ ուսումնական հաստատության վերաբերյալ արդյունքները:

35. Արտաքին գնահատման չափանիշների առնվազն 75 տոկոսին չհամապատասխանելու (չբավարարելու) դեպքում ուսումնական հաստատությանն արտաքին գնահատման հավաստագիր չի տրվում:

36. Արտաքին գնահատման գործընթացը չպետք է խոչընդոտի ուսումնական հաստատության բնականոն գործունեությանը:

37. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման գործընթացի ավարտից հետո գնահատող կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում գործընթացի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն և գնահատվող ուսումնական հաստատության կարծիքը գործընթացի վերաբերյալ:

38. Արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկում ընդգրկված ուսումնական հաստատության վերաբերյալ գնահատող կազմակերպության ներկայացրած հաշվետվությունը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում:

39. Ուսումնական հաստատությունը, բացի սույն կարգով սահմանված արտաքին գնահատման չափանիշներից, կարող է գնահատման ներկայացնել նաև այլ պայմաններ, որոնց գնահատումն իրականացնում է գնահատող կազմակերպությունը` իր կողմից սահմանված մեթոդների հիման վրա:

40. Ուսումնական հաստատությունը նախարարություն է ներկայացնում գնահատող կազմակերպության կողմից սահմանված մեթոդների հիման վրա իրականացված արտաքին գնահատման արդյունքները և գնահատող կազմակերպության սահմանած գնահատման մեթոդները:

Գնահատման գործընթացում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.07.2020, N 1152-Ն 14.07.2020, N 1334-Ն
23.10.2014, N 1146-Ն 15.11.2014, N 1334-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան