Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1188
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի
ԱՐԴ1/0028/06/10 որոշում

ԱՐԴ1/0028/06/10

Նախագահող դատավոր՝  Հ. Տեր-Ադամյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Հ. Ղուկասյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ`
  պաշտպան

Շ. Հ. Բրեյդիի

 2010 թվականի հուլիսի 23-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մարտի 24-ի որոշման դեմ մեղադրյալ Տարոն Հակոբի Պիրապյանի պաշտպան Շեյն Հիթ Բրեյդիի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործը հարուցվել է 2010թ. փետրվարի 2-ին:

Նախաքննության մարմնի 2010թ. մարտի 2-ի որոշմամբ Տարոն Հակոբի Պիրապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

2. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. մարտի 2-ի որոշմամբ Տ.Պիրապյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

Դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրյալ Տ.Պիրապյանի պաշտպան Շեյն Հիթ Բրեյդին:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մարտի 24-ի որոշմամբ պաշտպանի բողոքը մերժվել է, իսկ Տ.Պիրապյանի վերաբերյալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. մարտի 2-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոհիշյալ որոշման դեմ մեղադրյալ Տ.Պիրապյանի պաշտպանը բերել է վճռաբեկ բողոք:

4. 2010թ. մայիսի 14-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի հիմքով («վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունված որոշումներին» և «վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

5. Տ.Պիրապյանը 2009թ. հոկտեմբերի 22-ին ստացել է զորակոչման ծանուցագիր` բանակ զորակոչվելու համար, սակայն, հարելով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գաղափարներին, 2009թ. նոյեմբերի 3-ին դիմում է ներկայացրել Արմավիրի զինվորական կոմիսարին` հրաժարվելով ինչպես ժամկետային զինվորական ծառայությունից, այնպես էլ այլընտրանքային ծառայությունից՝ պատճառաբանելով, որ զինվորական ծառայության անցնելը դեմ է իր դավանած աստվածաշնչային սկզբունքներին:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով:

6. Փաստարկելով, որ ՀՀ-ում գործող այլընտրանքային ծառայությունը քաղաքացիական բնույթ չունի, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին՝ բողոքի հեղինակը նշել է, որ իր պաշտպանյալ Տ.Պիրապյանը հանցագործություն չի կատարել, հետևաբար հանիրավի է գտնվում կալանքի տակ:

7. Վերոգրյալից բացի, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարաններն անտեսել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջները: Մասնավորապես, առանց որևէ հիմք ունենալու եզրակացրել են, որ անհրաժեշտ է կալանքը որպես խափանման միջոց ընտրել, քանի որ մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից և խուսափել պատասխանատվությունից:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոք բերած անձը նշել է, որ Տ.Պիրապյանը չի թաքնվել քրեական վարույթ իրականացնող մարմնից, և կեղծ են քննիչի պնդումներն այն մասին, որ մեղադրյալը փորձել է խուսափել քրեական վարույթ իրականացնող մարմնից, քանի որ չի պատասխանել իր հեռախոսազանգերին 2010թ. փետրվարի 25-ին և 26-ին ու տանը չի եղել նույն թվականի մարտի 1-ին: Բողոք բերած անձի պնդմամբ, Տ.Պիրապյանի բջջային հեռախոսի զանգերի վերծանումները հաստատում են, որ վերջինս և քննիչը խոսել են 2010թ. փետրվարի 25-ին` ժամը 12:28-ին և հաջորդ օրը` ժամը 17:55-ին, ինչպես նաև այն, որ մեղադրյալը զանգահարել է քննիչին 2010թ. մարտի 2-ին` ժամը 10:54:

 Վերոգրյալից բացի, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանում քննիչը խոստովանել է, որ 2010թ. մարտի 1-ին Տ.Պիրապյանը տանն է եղել և նրանք պայմանավորվել են հանդիպել հաջորդ օրը, ինչը և տեղի է ունեցել:

8. Ըստ բողոք բերած անձի, դատարանները չեն հիմնավորել Տ.Պիրապյանի նկատմամբ կալանավորման կիրառման անհրաժեշտությունը և ընտրել են ամենախիստ խափանման միջոցը՝ առանց քննարկելու ավելի մեղմ խափանման միջոցի կիրառման հնարավորությունը:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Տ.Պիրապյանը չի խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, չի եղել և չկա ոչ մի վտանգ, որ նա կկատարի քրեական օրենքով չթույլատրված արարք:

9. Վերոգրյալից բացի, բողոք բերած անձը փաստարկել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, չապահովելով մեղադրյալ Տ.Պիրապյանի մասնակցությունը վերաքննիչ բողոքի քննությանը, նրան զրկել է արդար դատաքննության իրավունքից:

10. Հիմք ընդունելով շարադրված փաստարկները՝ բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մարտի 24-ի որոշումը և Տ.Պիրապյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի իրավաչափությունը

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Տ.Պիրապյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն արդյո՞ք օրինական, հիմնավորված և պատճառաբանված է:

12. Կալանավորման՝ որպես խափանման միջոցի ընտրության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա. Ճուղուրյանի վերաբերյալ որոշման մեջ և, վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ: (…)» (տե´ս Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2010թ. մարտի 2-ին քննության է առել Տ.Պիրապյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը և նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, հաշվի առնելով նրան վերագրվող արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը և այն, որ նա, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խուսափել պատասխանատվությունից, գտել է, որ քննիչի միջնորդությունը հիմնավոր է և պետք է բավարարել: Դատարանի որոշման ուսումնասիրությունից երևում է, սակայն, որ դրանում իսպառ բացակայում են հիմնավորումներ այն մասին, թե ինչու է դատարանը կարծում, որ քննիչի միջնորդությունը հիմնավոր է, և Տ.Պիրապյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խուսափել պատասխանատվությունից:

14. Սույն որոշման 13-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով սույն որոշման 12-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները (սահմանված Ա. Ճուղուրյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանն անտեսել է այն իրավական պահանջը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա, և կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ: Փաստորեն դատարանը, առանց համապատասխան հիմքերի առկայության, հետևություն է արել Տ.Պիրապյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հիմնավորված լինելու մասին և արդյունքում կայացրել անհիմն և չպատճառաբանված որոշում:

15. Տ.Պիրապյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշման դատական ստուգման վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մարտի 24-ի դատական նիստի ձայնային արձանագրության ունկնդրմամբ պարզ է դառնում, որ դատական նիստում քննիչն ընդունում է այն փաստը, որ 2010թ. մարտի 1-ին Տ.Պիրապյանի բնակարան այցելության ժամանակ ինքը հանդիպել է վերջինիս և նրանք պայմանավորվել են հաջորդ օրը` 2010թ. մարտի 2-ին իր մոտ հանդիպելու մասին: Համաձայն պայմանավորվածության 2010թ. մարտի 2-ին Տ.Պիրապյանը կամովին ներկայացել է նրա մոտ, ինքը Տ.Պիրապյանին մեղադրանք է առաջադրել, ապա միասին գնացել են դատարան, ուր դատարանի կողմից բավարարվել է Տ.Պիրապյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը:

Նախագահող դատավոր Հ.Տեր-Ադամյանի այն հարցին, թե ինչո՞ւ է քննիչը որոշում կայացրել Տ.Պիրապյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին այն դեպքում, երբ Տ.Պիրապյանը կամովին է ներկայացել քննիչի կանչով, քննիչ Գ.Մանուկյանը պատասխանել է, որ դա արել է մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով (տե´ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, նյութերի 1-ին հատոր, էջ 66):

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատական ստուգման ենթարկելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. մարտի 2-ի որոշումը, գտել է, որ առաջին ատյանի դատարանը, բավարարելով Տ.Պիրապյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, այդպիսով ապահովել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է` քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելը:

16. Վերոշարադրյալ մեջբերումից երևում է, որ, դատական ստուգման ենթարկելով առաջին ատյանի դատարանի դատական ակտը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ևս անտեսել է սույն որոշման 12-րդ կետում նշված հանգամանքները և հետևության հանգել այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը ապահովելու նկատառումով քննիչի միջնորդությունը բավարարվել է իրավացիորեն, առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. մարտի 2-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի պահանջների, այնպես էլ օրինականության սկզբունքի խախտում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդված), ինչը քրեադատավարական օրենքի էական խախտում է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ և 398-րդ հոդվածներ) և որոշումը բեկանելու հիմք:

 

II. Բողոքի հեղինակի կողմից վկայակոչված այլ հանգամանքներ

 

17. Սույն գործով բողոք բերած անձի կողմից բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, չապահովելով մեղադրյալ Տ.Պիրապյանի մասնակցությունը վերաքննիչ բողոքի քննությանը, արդյո՞ք նրան զրկել է արդար դատաքննության իրավունքից:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում՝ դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին»:

Շարադրված դրույթի վերլուծությունից երևում է, որ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը վերաքննիչ դատարանի կողմից կատարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով, որը դատական ստուգմանը մեղադրյալի մասնակցության մասին դրույթ չի պարունակում:

Վերաքննիչ դատարանում կալանավորման հարցի քննությանը մեղադրյալի մասնակցության ապահովման պահանջ նախատեսված չէ նաև որևէ այլ իրավական նորմով:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես ընդհանուր կանոն, վերաքննիչ դատարանը չունի կալանավորման հարցի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու պարտականություն:

19. Սույն որոշման 18-րդ կետում շարադրված Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն իրավական դիրքորոշման` անձին ազատությունից զրկելու դեմ բողոքների դատական ստուգումը պետք է իրականացվի որոշակի երաշխիքների պահպանմամբ, մասնավորապես` կողմերի մրցակցության («զենքերի հավասարության») պայմաններում և դատական նիստի շրջանակներում: Մասնավորապես, այս իրավական դիրքորոշումն ամրագրված է Եվրոպական դատարանի հետևյալ վճիռներում. Շյոպսն ընդդեմ Գերմանիայի (Schöps v.Germany), գանգատ թիվ 25116/94, Պալատի 2001թ. փետրվարի 13-ի վճիռ, կետ 44, Պալատի վճիռը, Յիղիթդողանն ընդդեմ Թուրքիայի (Yiğitdoğan v.Turkey), գանգատ թիվ 20827/08, Պալատի 2010 թ. մարտի 16-ի վճիռ, կետ 26: Ընդ որում, մրցակցության պահանջը կարող է ապահովված համարվել, եթե ազատությունից զրկված անձը հնարավորություն է ստացել մասնակցել իր բողոքի քննությանը կա´մ անձամբ, կա´մ ներկայացուցչի միջոցով (տե´ս Սանչեզ-Ռեիսեն ընդդեմ Շվեյցարիայի (Sanchez-Reisse v. Switzerland) գործով Պալատի վճիռը, գանգատ թիվ 9862/82, 1986թ. հոկտեմբերի 21, կետ 51, Ստեֆենսն ընդդեմ Մալթայի (Stephens v. Malta) գործով Պալատի վճիռը, գանգատ թիվ 11956/07, 2009թ. ապրիլի 21, կետ 95):

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը վերաքննիչ դատարանում մեղադրյալի մասնակցությունը սահմանում է ներկայացուցչության (պաշտպանի մասնակցության) եղանակով, ինչը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Իսկ սույն գործով Տ.Պիրապյանի պաշտպանը վերաքննիչ դատարանում իր պաշտպանյալի կալանավորման հարցի քննությանը փաստացի մասնակցել է:

Հետևաբար Տ.Պիրապյանի մասնակցությունը վերաքննիչ բողոքի քննությանը չապահովելով` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մեղադրյալի արդար դատաքննության իրավունքի խախտում թույլ չի տվել:

21. Սույն գործով բողոք բերած անձի կողմից բարձրացվել է նաև այն հարցը, որ քննիչը ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին կեղծ տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Տ.Պիրապյանը փորձել է խուսափել քրեական վարույթ իրականացնող մարմնից, քանի որ չի պատասխանել իր հեռախոսազանգերին 2010թ. փետրվարի 25-ին և 26-ին և տանը չի եղել նույն թվականի մարտի 1-ին (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

22. Անդրադառնալով բողոքաբերի վերոշարադրյալ փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հանգամանքները ստորադաս դատարաններին հայտնի չեն եղել, քանի որ ո´չ մեղադրյալ Տ.Պիրապյանը, որը մասնակցել է առաջին ատյանի դատարանի դատական նիստին, ո´չ էլ փաստաբան Շեյն Հիթ Բրեյդին, որը մասնակցել է վերաքննիչ դատարանի դատական նիստին, այդ մասին ստորադաս դատարանին չեն հայտնել: Այդ հանգամանքերի մասին նշվել է վճռաբեկ բողոքում և բողոքին են կցվել «Վիվա ՍԵլ ՄՏՍ»-ից ձեռք բերված՝ հեռախոսազանգերի վերծանման փաստաթղթերի պատճենները:

 

III. Սույն որոշման իրավական արժեքը

 

23. Սույն որոշման 12-16-րդ կետերից երևում է, որ բողոքում նշված հիմնավորումները բավարար են բողոքարկված դատական ակտը բեկանելու համար: Սակայն բողոքարկված դատական ակտերը եղել են ժամանակավոր և դրանք կորցրել են իրենց իրավական նշանակությունը: Ուստի Վճռաբեկ դատարանի սույն որոշումը կայացնելու պահին դրանք իրավաբանորեն դադարել են գոյություն ունենալուց:

Բացի այդ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2010 թվականի ապրիլի 22-ին կայացրել է դատավճիռ, որով Տ.Պիրապյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժ նշանակելու հարցը լուծելիս դատարանը հաշվի է առել Տ.Պիրապյանին անազատության մեջ պահելու ողջ ժամանակահատվածը:

24. Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել, քանի որ դրանք այլևս իրավաբանորեն գոյություն չունեն, ինչպես նաև Տ.Պիրապյանի նկատմամբ քրեական վարույթի ողջ համատեքստում չեն հանգեցրել նրան անազատության մեջ ավելի երկար պահելուն, քան դատարանի դատավճռով սահմանված ժամկետն է:

25. Բողոքարկված դատական ակտերը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այդ առումով վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Տարոն Հակոբի Պիրապյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. մարտի 2-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մարտի 24-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Հ. Ղուկասյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան