ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-15-Ո-14
2010 թ.
ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 26.03.2010Թ. ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ` |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի,
|
մասնակցությամբ դատավոր` |
Գ. Խանդանյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2010 թվականի սեպտեմբերի 17-ին
Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանի միջնորդությունը՝ ՀՀ արդարադատության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 26.03.2010 թվականի թիվ ԱԽ-5-Ո-04 որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
11.02.2010 թվականին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի որոշմամբ Հովհաննես Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ 08.02.2010 թվականին` ժամը 20-ի սահմաններում, իր կողմից վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 08ՍՏ705 պետհամարանիշի ավտոմեքենայով ԻԻՀ քաղաքացիներ Է. Աշրաֆյանին և Մ. Ադվաիին տեղափոխել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղի մոտ, ապա վերջիններիս կողմից գյուղին հարակից հայ-թուրքական պետական սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ տեղափոխված թվով 9 հատ նկարների շրջանակներում թաքնված առանձնապես խոշոր չափերի` 6 934,2 գրամ հերոին տեսակի թմրամիջոցը ստանալուց հետո, այն ապօրինի իր ավտոմեքենայում պահելով և նրանց հետ միասին Երևան ապօրինի փոխադրելով` այդ եղանակով օժանդակել է Է. Աշրաֆյանի և Մ. Ադվաիի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի հերոին տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և պահելուն: Նույն օրը կասկածանքի տակ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկված Հ. Դավթյանի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նշված քանակությունը:
11.02.2010 թվականին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` մեղադրյալ Հ. Դավթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Գ. Խանդանյան) 11.02.2010 թվականի որոշմամբ մերժել է Հ. Դավթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը` պատճառաբանելով, որ առկա չէ հիմնավոր կասկած մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող հանցանքը կատարված լինելու վերաբերյալ, ինչպես նաև հաշվի առնելով մեղադրյալ Հ. Դավթյանի անձի դրական բնութագիրը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 12.02.2010 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2010 թվականի որոշումը բեկանել է. նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել է և մեղադրյալ Հ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանավորումը 2 ամիս ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշման մեջ մասնավորապես արձանագրել է. «Ըստ ներկայացված նյութերի առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալ Հ. Դավթյանը կատարել է ՀՀ քր. օր-ի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք: (...) Նրան վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, սույն գործով հնարավոր կատարվելիք քննչական գործողությունների ծավալը, մեղադրանքի ծավալը փոփոխելու հավանականությունը, բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը: (...) Մեղադրյալի անձը բնութագրող տվյալները ինքնին չեն կարող վկայել, որ մեղադրյալը չի խոչընդոտի գործի քննությանը, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից»:
19.02.2010 թվականին Խորհրդի կարգապահական հանձնաժողովը, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 18.02.2010 թվականի թիվ Ե-1400 գրությունը, կարգապահական վարույթ է հարուցել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանի նկատմամբ՝ վերջինիս ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Կարգապահական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում Խորհրդի կարգապահական հանձնաժողովը 18.03.2010 թվականին կայացրել է որոշում՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Խորհրդին դիմելու մասին:
26.03.2010 թվականին Խորհուրդը, քննության առնելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որոշել է Խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանին հայտարարել նկատողություն՝ զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանը Խորհրդին ներկայացրել է միջնորդություն` Խորհրդի 26.03.2010 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին:
2. Խորհրդի որոշումը վերանայելու միջնորդությունում բերված հիմքը և հիմնավորումները
Սույն միջնորդությունը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով ներքոհիշյալ հիմնավորումներով.
Խորհրդի կարգապահական հանձնաժողովը, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 18.02.2010 թվականի թիվ Ե-1400 գրությունը և վերլուծելով գործի հանգամանքները, հանգել է այն հետևության, որ Հովհաննես Դավթյանին մեղսագրվող հանցավոր արարքին և դեպքին նրա առնչության վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, և եզրահանգելով, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանի կողմից կատարված հետևությունները չեն բխում ներկայացված նյութերից, վերջինիս նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում Խորհուրդը դատավոր Գ. Խանդանյանի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ նկատողություն՝ զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հովհաննես Մովսեսի Դավթյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի հերոին տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և պահելուն օժանդակելու հանցակազմի հատկանիշները, և այդ պատճառաբանությամբ Հովհաննես Դավթյանին նշված հոդվածով առաջադրված մեղադրանքը 21.05.2010 թվականին կայացված որոշմամբ վերացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով` ապօրինի կերպով սառը զենք կրելու համար:
18.06.2010 թվականին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով ամբաստանյալ Հովհաննես Մովսեսի Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան մեկ տարի վեց ամիս ժամկետով: Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 164-րդ հոդվածի` Արդարադատության խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր որոշումը նոր երևան եկած հանգամանքներով, ուստի, որպես նոր երևան եկած հանգամանքներ ներկայացնելով ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի 21.05.2010 թվականի որոշմամբ և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2010 թվականի դատավճռով հաստատված փաստերը` դատավոր Գ. Խանդանյանը խնդրել է Խորհրդի 26.03.2010 թվականի թիվ ԱԽ-5-Ո-04 որոշումը ճանաչել ուժը կորցրած, կայացնել նոր որոշում և վարույթը կարճել` հիմք ընդունելով նախաքննությամբ ապացուցված այն փաստը, որ Հովհաննես Դավթյանի արարքում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմը, որի հիման վրա նրա նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն էր ներկայացվել:
3. Խորհրդի որոշումը վերանայելու միջնորդության քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Խորհրդի որոշումը վերանայելու միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Խորհրդի 26.03.2010 թվականի թիվ ԱԽ-5-Ո-04 որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով:
2. 04.05.2010 թվականին ՀՀ ոստիկանության ՀՔՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Հ. Դավթյանին նախկինում` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և կիրառված խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:
3. ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի՝ առաջադրված մեղադրանքի մասը վերացնելու մասին 21.05.2010 թվականի որոշմամբ Հ. Դավթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար առաջադրված մեղադրանքը վերացվել է (ներկայացվել է միջնորդությանը կից):
4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2010 թվականի դատավճռով ամբաստանյալ Հ. Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման մեկ տարի ժամկետով: Վճռվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան մեկ տարի վեց ամիս ժամկետով (ներկայացվել է միջնորդությանը կից):
5. Դիմելով Խորհրդին՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանը ներկայացրել է Խորհրդի 26.03.2010 թվականի որոշումը վերանայելու միջնորդություն՝ որպես նոր երևան եկած հանգամանքներ ներկայացնելով ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի 21.05.2010 թվականի որոշմամբ և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2010 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փաստերը:
4. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանի միջնորդությունը՝ Խորհրդի 26.03.2010 թվականի թիվ ԱԽ-5-Ո-04 որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու վերաբերյալ՝ Խորհուրդը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարաման, իսկ Խորհրդի 26.03.2010 թվականի որոշումը՝ վերանայման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ դատական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արդարադատության խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր որոշումը` նոր երևան եկած հանգամանքներով: Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է միջնորդությունը ներկայացրած անձը, որպիսին կարող է լինել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած անձը կամ այն դատավորը, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:
ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան: Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում նույն օրենսգրքի նորմերին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված իրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Խորհրդի որոշումը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է, որ`
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած անձին և այն դատավորին, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած անձին և այն դատավորին, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել Խորհրդին, և
3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն կարգապահական գործի լուծման համար:
Ընդ որում, յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս պետք է հաշվի առնել վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզել՝ արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ (տե´ս Մարինե Մանուկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու, շուկայական միջինացված արժեքով երկուսենյականոց տան համար դրամական փոխհատուցում տալու, նոր պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-2397(ԵԿԴ) գործով որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:
Խորհուրդը 26.03.2010 թվականի որոշմամբ Կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ մեղսագրվող արարքին Հ. Դավթյանի առնչության վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, որի մասին է վկայում այն, որ նրան պատկանող ավտոմեքենայի զննության արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ 6 934.2 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, ինչպես նաև այն, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որի համար նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, և նաև այն, որ համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի 09.02.2010 թվականի դատվածության տեղեկանքի` Հ. Դավթյանն անցնում է Ինտերպոլ ԱԿԲ-ի հաշվառումներով: Խորհուրդը, հղում կատարելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 12.02.2010 թվականի որոշմանը, արձանագրել է նաև, որ մեղադրյալի անձը բնութագրող տվյալներն ինքնին չեն կարող վկայել, որ մեղադրյալը չի խոչընդոտի գործի քննությանը, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից: Վերոգրյալից ելնելով` Խորհուրդը եկել է այն եզրահանգման, որ ընդհանուր իրավասության դատարանի հետևություններն առ այն, որ առկա չէ հիմնավոր կասկած մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող հանցանքը կատարված լինելու վերաբերյալ, և մեղադրյալ Հ. Դավթյանի անձը բնութագրվում է դրական, հիմնավոր չեն, չեն բխում ներկայացված նյութերից, ինչի արդյունքում դատավոր Գ. Խանդանյանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
Խորհրդի 26.03.2010 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու միջնորդությունը ներկայացրած անձի կողմից միջնորդությանը կից ներկայացվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի՝ առաջադրված մեղադրանքի մասը վերացնելու մասին 21.05.2010 թվականի որոշումը և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2010 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:
Այսպես, 04.05.2010 թվականին ՀՀ ոստիկանության ՀՔՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից կայացվել է որոշում` Հ. Դավթյանին 11.02.2010 թվականի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և կիրառված խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա օժանդակել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի հերոին տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և պահելուն, ինչպես նաև կրել է սառը զենք հանդիսացող քաղաքացիական շեղբավոր դանակ` այն պահելով ավտոմեքենայի դռան վրա գտնվող գրպանիկում:
Համաձայն 21.05.2010 թվականի որոշման` քննիչը, նկատի ունենալով, որ «նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ (...) Հովհաննես Մովսեսի Դավթյանը նախապես տեղյակ չի եղել, որ Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդին, Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանին և Մոստաֆա Հասսանի Ադվաիին նշված վայրից իրացնելու նպատակով պետք է ձեռք բերեն և պահեն առանձնապես խոշոր չափերի հերոին տեսակի թմրամիջոց, և նա իր կողմից վարած նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերված թվով 9 հատ նկարների շրջանակներում թմրամիջոցի առկայության մասին տեղեկացել է միայն ոստիկանությունում: (...) Այսինքն` հիմնավորվել է, որ Հովհաննես Մովսեսի Դավթյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի հերոին տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և պահելուն օժանդակելու հանցակազմի հատկանիշները (...)», որոշել է Հ. Դավթյանի նկատմամբ 04.05.2010 թվականի որոշմամբ առաջադրված մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մասը վերացնել և նրան մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով` ապօրինի կերպով սառը զենք կրելու համար:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2010 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ամբաստանյալ Հ. Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման մեկ տարի ժամկետով: Վճռվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան մեկ տարի վեց ամիս ժամկետով:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նշված դատավճռի պատճառաբանական մասում արձանագրվել է, որ ամբաստանյալ Հ. Դավթյանը «(…) նախկինում արատավորված չէ, հանցանքը կատարում է առաջին անգամ (…)»:
Խորհուրդը հարկ է համարում հավելել նաև, որ Հ. Դավթյանի` նախկինում արատավորված չլինելու փաստը հաստատվում է նաև ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի` 15.02.2010 թվականով (այսինքն` նախաքննական մարմնի կողմից նախորդ` 09.02.2010 թվականի տեղեկանքը դատարան ներկայացվելուց և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 12.02.2010 թվականի որոշումը կայացվելուց հետո) թվագրված և 05.03.2010 թվականին ՀՀ ոստիկանության ՔԳՎ մուտք եղած տեղեկանքով: Տեղեկանքում մասնավորապես նշված է, որ «համաձայն 07.09.2007թ. ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության` Հ. Մ. Դավթյանի հետախուզումը ՀՀ տարածքում դադարեցված է»:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ միջնորդություն ներկայացրած անձն ապացուցել է իր կողմից վկայակոչված հանգամանքների` նոր երևան եկած լինելու փաստը: ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի 21.05.2010 թվականի որոշմամբ և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2010 թվականի դատավճռով հաստատված փաստերը Խորհրդի 26.03.2010 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքեր են, քանի որ Խորհրդի որոշումը կայացվել է 26.03.2010 թվականին, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի որոշումը և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը կայացվել են, համապատասխանաբար, 21.05.2010 թվականին և 18.06.2010 թվականին, այսինքն` Խորհրդի կողմից վերոնշյալ որոշումը կայացնելուց հետո: Ուստի, խնդրո առարկա հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած անձին և այն դատավորին, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել, ինչպես նաև այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն կարգապահական գործի լուծման համար, այնքանով, որքանով որ՝
- 21.05.2010 թվականի որոշմամբ արձանագրվել է նախաքննությամբ ապացուցված այն փաստը, որ Հ. Դավթյանի արարքում բացակայել են ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Հետևաբար, հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանքի միջնորդությունը քննելիս իրապես բացակայել է հիմնավոր կասկածն այն մասին, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող հանցագործությունը:
- 18.06.2010 թվականի դատավճռի պատճառաբանական մասում արձանագրվել է, որ ամբաստանյալ Հ. Դավթյանը «(…) նախկինում արատավորված չէ, հանցանքը կատարում է առաջին անգամ (…)», այսինքն` ամբաստանյալի անձը բնութարվում է դրական: Հետևաբար, հաստատվել է առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված` ամբաստանյալի անձի դրական բնութագիրը:
Խորհուրդը գտնում է, որ Հ. Դավթյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության փաստը, նոր երևան եկած հանգամանք է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով:
Այսպես, Խորհրդի 26.03.2010 թվականի որոշման համար հիմք է ծառայել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի միջնորդությունը: Նշված միջնորդությունը ներկայացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով Հ. Դավթյանին առաջադրված մեղադրանքի հիման վրա (առաջադրվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի 11.02.2010 թվականի և 04.05.2010 թվականի որոշումներով), որն էլ վերացվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության քննիչի 21.05.2010 թվականի որոշմամբ: Այսինքն` 21.05.2010 թվականի որոշմամբ` Հ. Դավթյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության փաստի ամրագրմամբ վերացել է այն հիմքը, որով Խորհուրդը 26.03.2010 թվականին որոշում է կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:
Այսպիսով, միջնորդությամբ նշված հիմքերի առկայությունը Խորհուրդը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերի ուժով Խորհրդի 26.03.2010 թվականի որոշումը վերանայելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 164-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արդարադատության խորհրդի 26.03.2010 թվականի թիվ ԱԽ-5-Ո-04 որոշումը:
2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ա. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|