Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.13/50(784) Հոդ.1084.7
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ4/0096/02/08

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ4/0096/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

  Դատավորներ՝ Ն. Տավարացյան
    Ս. Միքայելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ե. Խունդկարյանի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Հովհաննիսյանի, Սամվել Գյուրջյանի և Ջանիկ Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գայանե Հովհաննիսյանի, Սամվել Գյուրջյանի և Ջանիկ Սաֆարյանի ընդդեմ Արտյոմ Նավասարդյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գայանե Հովհաննիսյանը, Սամվել Գյուրջյանը և Ջանիկ Սաֆարյանը պահանջել են բռնագանձել Արտյոմ Նավասարդյանից 19.430.000 ՀՀ դրամ, որից 16.630.000 ՀՀ դրամը` հօգուտ Գայանե Հովհաննիսյանի, 1.000.000 ՀՀ դրամը` հօգուտ Սամվել Գյուրջյանի, իսկ 1.800.000 ՀՀ դրամը` հօգուտ Ջանիկ Սաֆարյանի:

ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.02.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Արտյոմ Նավասարդյանից հօգուտ Գայանե Հովհաննիսյանի ամենամսյա վճարումներով բռնագանձել 20.07.2007 թվականից մինչև 13.06.2023 թվականը ամսական 5.000 ՀՀ դրամ` որպես Արմեն Հակոբյանին կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնաս, 30.01.2008 թվականից մինչև 30.01.2026 թվականը` ամսական 5.000 ՀՀ դրամ` որպես Կարլեն Հակոբյանին կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնաս, 30.01.2008 թվականից մինչև 30.01.2022 թվականը` ամսական 5.000 ՀՀ դրամ` որպես Գայանե Հովհաննիսյանին կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնաս` մինչև Արմեն Հակոբյանի 14 տարին լրանալը, 20.07.2007 թվականից մինչև 13.06.2019 թվականը` ամսական 5.000 ՀՀ դրամ` որպես Գայանե Հովհաննիսյանին կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնաս` մինչև Կարլեն Հակոբյանի 14 տարին լրանալը, Արտյոմ Նավասարդյանից հօգուտ Գայանե Հովհաննիսյանի բռնագանձել 828.750 ՀՀ դրամ` որպես Արտյոմ Նավասարդյանի կողմից պատճառված իրական վնասի փոխհատուցում: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.10.2009 թվականի որոշմամբ Գայանե Հովհաննիսյանի, Սամվել Գյուրջյանի և Ջանիկ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.02.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գայանե Հովհաննիսյանը, Սամվել Գյուրջյանը և Ջանիկ Սաֆարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արտյոմ Նավասարդյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ և 1186-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 25-րդ հոդվածը, «Երեխայի իրավունքների մասին» Կոնվեցիայի 3-րդ, 8-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1072-րդ,1079-րդ, 1081-րդ, 1082-րդ, 1087-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 6-րդ հոդվածները և 7-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ Ջանիկ Հակոբյանի, Ֆրիդոն Սաֆարյանի և Արմեն Հակոբյանի հուղարկավորումը կատարվել է 23.07.2007 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղում, և հուղարկավորության ծախսերը ամբողջությամբ կատարվել են Գայանե Հովհաննիսյանի, Ջանիկ Սաֆարյանի և Սամվել Գյուրջյանի կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցապահանջը ներկայացնելու ժամանակ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը կազմել է 25.000 ՀՀ դրամ, այսինքն` կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման հաշվարկի հիմք չէր կարող սահմանվել 1000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ ՎԱԶ-21099 մակնիշի 67 LL 927 պետհամարանիշի ավտոմեքենայի սեփականատերն էր Ջանիկ Հակոբյանը: Ավտոմեքենայի համար հատուցման ենթակա գումարն ըստ փորձագետի եզրակացության կազմում է 1.105.000 ՀՀ դրամ, և Գայանե Հովհաննիսյանը, լինելով Ջանիկ Հակոբյանի իրավահաջորդը և Կարլեն, Արմեն Ջանիկի Հակոբյանների օրինական ներկայացուցիչը, իրավունք ունի պահանջել Ջանիկ Հակոբյանի գույքին պատճառված վնասների լրիվ հատուցում, և պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի` Արտյոմ Նավասարդյանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել և հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գայանե Հովհաննիսյանը չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր այն հանգամանքը, թե հանգուցյալ Ջանիկ Հակոբյանը որտեղ է աշխատել, և որքան է կազմել նրա միջին աշխատավարձը: Ինչպես նաև Գայանե Հովհաննիսյանը, Սամվել Գյուրջյանը և Ջանիկ Սաֆարյանը չեն ներկայացրել ապացույց, որով կհիմնավորվեր իրենց կողմից կատարված հուղարկավորության հետ կապված ծախսերի չափը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1) Արմեն Կառլենի Հակոբյանը, Ջանիկ Կառլենի Հակոբյանը և Ֆրիդոն Նիկոլայի Սաֆարյանը ավտովթարի հետևանքով մահացել են 20.07.2007 թվականին և ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2008 թվականի թիվ ԿԴ 2-01-001/08 դատավճռով Արտյոմ Նավասարդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման վեց տարի ժամանակով (հատոր առաջին գ.թ. 6-12, 17, 22):

2) Արմեն Ջանիկի Հակոբյանը ծնվել է 30.01.2008 թվականին և Կարլեն Ջանիկի Հակոբյանը ծնվել է 13.06.2005 թվականին, Արմեն և Կարլեն Ջանիկի Հակոբյանների հայրը Ջանիկ Կառլենի Հակոբյանն է, մայրը` Գայանե Հովհաննիսյանը (հատոր առաջին գ.թ 19-20):

3) Ջանիկ Կառլենի Հակոբյանի և Գայանե Ժոռայի Հովհաննիսյանի ամուսնությունը գրանցվել է 13.06.2005 թվականին (հատոր առաջին գ.թ 18):

4) 20.11.2007 թվականի թիվ 993-ԱՊ փորձագետի եզրակացության համաձայն` վթարի հետևանքով «ՎԱԶ-21099» մակնիշի 67 ԼԼ 927 պետհամարանիշի ավտոմեքենային 2007թ. հուլիսի 20-ի դրությամբ պատճառվել է 110500 ՀՀ դրամի վնաս (հատոր առաջին գ.թ 13-14):

5) Արմեն Կառլենի Հակոբյանի իրավահաջորդն է Սամվել Գյուրջյանը, Ֆրիդոն Սաֆարյանի իրավահաջորդն է Ջանիկ Սաֆարյանը (հատոր առաջին գ.թ. 6-12):

6) ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղապետարանի 29.02.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Ջանիկ Կարլենի Հակոբյանի, Արմեն Կարլենի Հակոբյանի և Ֆրիդոն Կոլիկի Սաֆարյանի հուղարկավորումը կատարվել է 23.07.2007թվականին Արզնի գյուղում (հատոր առաջին գ.թ. 25):

7) Արամ Դմիտրիի Անդրիասյանի և Ջանիկ Կառլենի Հակոբյանի միջև 02.03.2006 թվականին կնքվել է ՎԱԶ-21099 մակնիշի 67 ԼԼ 927 պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր (հատոր առաջին գ.թ. 15):

8) ՀՀ Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտարի 30.10.2008 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Ջանիկ Կառլեն Հակոբյանի մահից հետո (մահացած 2007 թվականի հուլիսի 20-ին), ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նրան հասանելիք 1/6-րդ մասի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են մայրը` Սվետլանա Մովսեսի Հակոբյանը, կինը` Գայանե Հովհաննիսյանը, որդին` Կարլեն Ջանիկի Հակոբյանը, որդին` Արմեն Ջանիկի Հակոբյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է սույն վկայագիրը բաղկացած է ժառանգության բացման օրն առկա ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի Գետաշեն թաղամասում գտնվող քոթեջ բնակարանի և 0.084 հա մակերեսով տնամերձի 1/6-րդ մասի պատկանելիությունը (հատոր առաջին գ.թ. 88):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար, դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տես՝ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցն ընդդեմ Սեդա Սարգսյանի՝ գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և Սեդա Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):

Սույն գործով Գայանե Հովհաննիսյանը, Սամվել Գյուրջյանը և Ջանիկ Սաֆարյանը, դիմելով Դատարան, պահանջել են հատուցելու իրենց կողմից կատարված 1000000, 1000000 և 1800000 ՀՀ դրամ հուղարկավորության ծախսերը, հետևաբար հենց իրենք են կրում հուղարկավորության ծախսերը իրենց կողմից կատարված լինելու, ինչպես նաև ծախսերի չափը ապացուցելու պարտականությունը:

Մինչդեռ սույն գործում բացակայում է հուղարկավորության հետ կապված ծախսերը Գայանե Հովհաննիսյանի, Սամվել Գյուրջյանի և Ջանիկ Սաֆարյանի կողմից, ինչպես նաև հայցապահանջում նշված չափով կատարված լինելը հիմնավորող որևէ ապացույց:

Ինչ վերաբերում է կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման հաշվարկի վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել, նրա ցանկությամբ հաշվարկվում է նրա` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տես հայցը Զոյա Զախարյանի ընդդեմ Սամվել Զախարյանի` ալիմենտի չաձը փոփոխելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2006 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-2300(ՎԴ)):

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` օրենսգրքի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության և վարչապետի որոշումների իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք ընդունվում է 1000 դրամը:

Մինչդեռ Գայանե Հովհաննիսյանը Ջանիկ Հակոբյանի աշխատելու վերաբերյալ որևէ գրավոր ապացույց Դատարան չի ներկայացրել: Հետևաբար, նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկի չափով Դատարանի հաշվարկը հիմնավոր է:

Ինչ վերաբերում է «ՎԱԶ-21099» մակնիշի 67ԼԼ927 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի հատուցման վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184 հոդվածի 1-ին մասի` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն oրենսգրքի կանոններով:

 Նույն օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Սույն գործի փաստերի համաձայն` 30.10.2008 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Ջանիկ Կառլենի Հակոբյանի մահից հետո հավասար բաժիններով ժառանգ են մայրը` Սվետլանա Մովսեսի Հակոբյանը, կինը` Գայանե Հովհաննիսյանը, որդիները` Կարլեն և Արմեն Ջանիկի Հակոբյանները:

Մինչդեռ Գայանե Հովհաննիսյանը, լինելով Կարլեն Ջանիկի Հակոբյանի և Արմեն Ջանիկի Հակոբյանի օրինական ներկայացուցիչը և միաժամանակ Ջանիկ Կառլենի Հակոբյանի իրավահաջորդը, վերը նշված իրավական նորմերի ուժով ձեռք է բերում Ջանիկ Հակոբյանի գույքին պատճառված վնասի փոխհատուցման իրավունք ժառանգական գույքում, իր և անչափահաս երեխաներին պատկանելիք մասին համապատասխան: Այսինքն` «ՎԱԶ 21099» պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված 1.105.000 ՀՀ դրամի վնասի հատուցումը պետք է տրվի Կարլեն Ջանիկի Հակոբյանի, Արմեն Ջանիկի Հակոբյանի և Գայանե Հովհաննիսյանի ժառանգական գույքում յուրաքանչյուրին հավասար բաժիներով:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հիմնավորվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Գայանե Հովհաննիսյանի, Սամվել Գյուրջյանի և Ջանիկ Սաֆարյանի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ :

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

ՎԱբելյան

 

Ս. Անտոնյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ