Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում՝ Մաքսային միության անդամ պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր),
հաշվի առնելով Մաքսային համաշխարհային կազմակերպության՝ Համաշխարհային առևտրի անվտանգության և դյուրացման շրջանակային ստանդարտները,
ձգտելով հաստատել Կողմերի պետությունների մաքսային մարմինների միջև արդյունավետ փոխգործակցություն և կարգավորել նրանց գործունեությունը՝ Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն ապահովելու գործընթացում,
ընդունելով Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկություններ ներկայացնելու և փոխանակելու անհրաժեշտությունը՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության խախտումների ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացումը կատարելագործելու և արագացնելու, մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրում գործածվում են հետևյալ եզրույթները.
Մաքսային միության անդամ պետության կենտրոնական մաքսային մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտե, Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայություն,
տեխնիկական պայմաններ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են էլեկտրոնային այն հաղորդագրությունների կառուցվածքն ու ձևաչափը, որոնք Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինները փոխանակում են՝ տեղեկատվական համակարգերի կիրառման միջոցով, փոխանակման մասին կանոնակարգ, փոխանակման եղանակներ, տեղեկատվական համակարգերի ծրագրային և տեխնիկական միջոցներին, ինչպես նաև փոխադրման նույնականացման եզակի համարին ներկայացվող պահանջներ,
տեխնիկական պահանջներ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են մաքսային մարմինների ավտոմատացված համակարգի և շահագրգիռ այն անձանց տեղեկատվական համակարգերի միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման կարգը, ձևաչափերը, եղանակը և կանոնակարգերը, որոնք ներկայացնում են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման համար նախատեսվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկություններ,
փոխադրման նույնականացման եզակի համար (այսուհետ՝ ՓՆԵՀ)՝ նախնական տեղեկությունների եզակի համար, որը Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից տեղեկատվական համակարգի կիրառմամբ հատկացվում է ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակին:
(1-ին հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)
Հոդված 2
Լիազորված տնտեսական օպերատորները, փոխադրողները, այդ թվում՝ մաքսային փոխադրողները, մաքսային ներկայացուցիչները և շահագրգիռ այլ անձինք (այսուհետ՝ շահագրգիռ անձինք) Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններ էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել նախնական տեղեկություններ մաքսային սահմանով տեղափոխման համար նախատեսված ապրանքների, այդպիսի ապրանքները տեղափոխող տրանսպորտային միջոցների, Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման կամ այդ տարածքից մեկնման ժամի և վայրի, Մաքսային միության մաքսային տարածք ժամանող կամ այդ տարածքից մեկնող ուղևորների մասին (այսուհետ՝ նախնական տեղեկություններ):
Հոդված 3
Նախնական տեղեկությունները ներկայացնելու պարտադիր լինելը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ՝ կախված տրանսպորտի այն տեսակից, որով տեղափոխվում են ապրանքները (այսուհետ՝ Հանձնաժողովի որոշում):
Հանձնաժողովի որոշումը պետք է ներառի.
նախնական տեղեկությունները պարտադիր կերպով ներկայացնելու ամսաթիվը,
Մաքսային միության մաքսային սահմանով այն ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակը, որոնց վերաբերյալ պարտադիր կերպով ներկայացվում են նախնական տեղեկությունները,
պարտադիր նախնական տեղեկությունների տվյալների կազմը,
մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների կարգն այն դեպքում, երբ Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման վայրերում բացակայում են պարտադիր նախնական տեղեկությունները,
Հանձնաժողովի որոշումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Նախնական տեղեկություններ ներկայացնելը պարտադիր կերպով չի պահանջվում ստորև նշվածների առնչությամբ.
ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող ապրանքներ և տրանսպորտային միջոցներ,
միջազգային փոստային առաքումներով ուղարկվող ապրանքներ,
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 45-րդ գլխի դրույթների համաձայն՝ օտարերկրյա անձանց առանձին կատեգորիաների կողմից տեղափոխվող ապրանքներ և տրանսպորտային միջոցներ,
տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքների վերացման նպատակով տեղափոխվող ապրանքներ և տրանսպորտային միջոցներ,
ռազմական բեռներ:
Մաքսային միության հանձնաժողովը և Մաքսային միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն ապահովում են Հանձնաժողովի որոշման հրապարակումը և դրա մասին բոլոր շահագրգիռ անձանց իրազեկումը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, տվյալ որոշումն ստորագրելուց հետո երեսուն օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան պարտադիր կերպով նախնական տեղեկությունները ներկայացնելու ամսաթվին նախորդող հարյուր ութսուն օրվա ընթացքում:
Հոդված 4
Նախնական տեղեկությունները տրամադրվում են Մաքսային միության անդամ պետության լեզվով՝ բացառությամբ որպես դասակարգիչներ մաքսային մարմինների կողմից կիրառվող պայմանական նշումների:
Հոդված 5
Շահագրգիռ անձինք նախնական տեղեկություններ են ներկայացնում ներմուծվող այն ապրանքների վերաբերյալ, որոնք նախատեսված են ժամանման վայրերում «մաքսային տարանցում» ընթացակարգով ձևակերպվելու համար՝ այն տվյալների ծավալով, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածով կամ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի երկրորդ մասով:
Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը չի կիրառվելու, շահագրգիռ անձինք ներկայացնում են նախնական տեղեկություններ այն տվյալների ծավալով, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 159-րդ հոդվածով:
Հոդված 6
Նախնական տեղեկությունների տրամադրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի և շահագրգիռ անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործակցության կամ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների համացանցային պորտալների միջոցով:
Շահագրգիռ անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները մշակվում և հրապարակվում են Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմինների կողմից՝ շահագրգիռ անձանց տեղեկացնելու համար:
Հոդված 7
Շահագրգիռ անձի կողմից նախնական տեղեկությունները պետք է ուղարկվեն Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմին՝ Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումից ոչ պակաս, քան երկու ժամ առաջ:
Այն դեպքում, երբ նախնական տեղեկությունները չեն համապատասխանում տեխնիկական պահանջների համաձայն հաստատված տվյալների կազմին, դրա կառուցվածքին և ձևաչափին, շահագրգիռ անձին ուղարկվում է էլեկտրոնային հաղորդագրություն այն մասին, որ նախնական տեղեկությունները չեն ընդունվում քննության համար՝ նշելով դրա պատճառները:
Ներկայացված նախնական տեղեկությունների մեջ սխալների բացակայության դեպքում շահագրգիռ անձին ուղարկվում է ՓՆԵՀ-ը ներառող էլեկտրոնային հաղորդագրություն:
Այն դեպքում, երբ տրանսպորտային մեկ միջոցով փոխադրվում է ապրանքի մի քանի խմբաքանակ, նախնական տեղեկությունները պետք է տրամադրվեն ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար առանձին: Ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակին հատկացվում է անհատական ՓՆԵՀ:
Նախնական տեղեկությունները պահպանվում են նախնական տեղեկությունների տվյալների բազայում՝ ոչ պակաս, քան ՓՆԵՀ-ը հատկացնելու ամսաթվից 30 օր ժամկետով:
Եթե նախնական տեղեկությունները պահպանելու ժամկետի ընթացքում չի իրականացվել ապրանքի և տրանսպորտային միջոցների փաստացի ներմուծում, ապա նախնական տվյալ տեղեկությունները չեղյալ են համարվում:
Հոդված 8
Մաքսային գործառնություններ իրականացնելու նպատակով շահագրգիռ անձը ՓՆԵՀ-ը ներկայացնում է Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմին՝ Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման վայրում:
Շահագրգիռ անձից ՓՆԵՀ-ն ստանալու դեպքում Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի պաշտոնատար անձը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.
օգտագործելով ծրագրային միջոցները՝ պահանջել ըստ ՓՆԵՀ-ի ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին մաքսային մարմինների տվյալների բազայում առկա նախնական տեղեկությունները,
համեմատել փոխադրողի կողմից ներկայացված տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերում (այսուհետ՝ փաստաթղթեր) եղած տվյալները նախնական տեղեկությունների մեջ եղած տվյալների հետ,
ստուգել արգելքների և սահմանափակումների պահպանումը,
իրականացնել այլ գործողություններ, որոնք սահմանված են Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետության մաքսային օրենսդրությամբ:
Այն դեպքում, երբ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների նախնական տեղեկությունների տվյալների բազաներում առկա տվյալները չեն համապատասխանում փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներին, Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի պաշտոնատար անձը միջոցներ է ձեռնարկում՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն:
Այն դեպքում, երբ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների տվյալների բազաներում բացակայում են ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին պարտադիր ներկայացման ենթակա նախնական տեղեկությունները, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային գործառնություններն իրականացվում են Հանձնաժողովի որոշմանը համապատասխան:
Հոդված 9
Մաքսային միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկությունների փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի դրույթներն իրականացնելու նպատակով Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինները մշակում են Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկությունների փոխանակման գործընթացը կազմակերպելու համար տեխնիկական պայմաններ, որոնք հաստատվում են Մաքսային միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների ղեկավարների կողմից:
Հոդված 11
Սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունները գաղտնի բնույթ են կրում և պետք է կիրառվեն բացառապես մաքսային նպատակներով:
Հոդված 12
Սույն Համաձայնագրի դրույթների կատարման հարցերի վերաբերյալ նամակագրությունը կատարվում է ռուսերենով:
Հոդված 13
Սույն Պայմանագիրը չի առնչվում Կողմերից յուրաքանչյուրի՝ միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքներին ու պարտավորություններին, որոնք կիրառվում են Մաքսային միության անդամ պետությունների միջև:
Հոդված 14
1. Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցություններ ու խորհրդակցություններ անցկացնելու միջոցով:
2. Եթե վեճի կողմերը բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով վեճը չեն կարգավորում դրանց անցկացման վերաբերյալ՝ վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ վեճի կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
3. Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում՝ նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:
Հոդված 15
Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող առանձին արձանագրություններով:
Հոդված 16
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի մայիսի 21-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի
(ստորագրություն) |
Ղազախստանի
(ստորագրություն) |
Ռուսաստանի
(ստորագրություն) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.04.2017, | 01.01.2018, | |
10.10.2014, | 02.01.2015, |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|