Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.46
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/3691/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/3691/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ՝ Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 15.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ Արմեն Սիմոնյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան)` Քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4619-Ա որոշումը մասնակիորեն վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Սիմոնյանը պահանջել է մասնակի` կառույցի համար առանձնացված հողամասն ուղղակի եղանակով օտարելու մասով, վերացնել Քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4619-Ա որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 58-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 63-րդ հոդվածը, 72-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 135-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 53-րդ, 54-րդ հոդվածները, 72-րդ հոդվածի 2-րդ մասը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ, 24-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վեճի լուծման համար էական է համարել քննարկվող հողամասն Արմեն Սիմոնյանի կողմից փաստացի օգտագործվելու և դրա հիմքով օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք ունենալու հանգամանքները։

Դատարանը հաշվի չի առել, որ հողամասի փաստացի օգտագործող լինելու հանգամանքը դեռևս բավարար չէ հողամասի նկատմամբ որևէ իրավունքի կրող համարվելու փաստի հաստատման, ապա և իրավունքի խախտման հիմքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կանոններով վարչական ակտը վիճարկելու համար։

 Դատարանն անտեսել է, որ վիճարկվող վարչական ակտի առարկա հանդիսացող հողամասը պետական սեփականություն էր և ծանրաբեռնված չէր այլ անձանց իրավունքներով, հետևաբար առկա չէ որևէ խոչընդոտ հողամասն օտարելու համար։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.02.2010 վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

 1) Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.10.2007 թվականի թիվ 18-36/Ի-6188 մասնագիտական եզրակացությամբ առաջարկվել է Հալաբյան 22ա, 24 և 26 շենքերի հարևանությամբ գտնվող կառույցի նկատմամբ ճանաչել պետության սեփականության իրավունքը` հետագայում օրինական ճանաչելու և կառուցապատողին օտարելու հնարավորությամբ (գ.թ. 54)։

2) Քաղաքապետի 17.10.2007 թվականի թիվ 4280-Ա որոշմամբ Հալաբյան փողոցի 24/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 496.49 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունը ճանաչվել է պետական սեփականություն` ի դեմս Քաղաքապետարանի (գ.թ. 58)։

3) 04.02.2008 թվականի թիվ 2480648 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 24/1 հասցեի շինության նկատմամբ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն և Քաղաքապետարանի 17.10.2007 թվականի թիվ 4820-Ա որոշումների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-001-1-3 մատյանի 000063 համարի տակ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը (գ.թ. 59)։

4) Քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4619-Ա որոշմամբ Հալաբյան փողոցի 24/1 հասցեի պետական սեփականության կառույցը ճանաչվել է օրինական և 143.5 քմ մակերեսով կառույցը և կառույցի համար առանձնացված 496.49 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարվել է Էդուարդ Թումանյանին (գ.թ. 7)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ հողային օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության հողային պաշարների պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` անմիջականորեն կամ կառավարման լիազոր մարմինների միջոցով։

ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է օրենքներով և պայմանագրերով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց։

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, եթե հողամասերը համապատասխանում են սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին։ Ձեռքբերման վաղեմության իրավունքն այդ անձանց նախապատվության իրավունքն է՝ իրավաբանորեն ձևակերպել այդ հողամասերի նկատմամբ իրենց օգտագործման իրավունքը՝ այդ հողամասերը նույն պայմաններով այլ անձանց տրամադրելու հնարավորության ծագման դեպքում։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման oգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասերը ձեռք բերելը կամ, եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միևնույն նպատակային նշանակության համար և, եթե հողամասերը համապատասխանում են սույն oրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին։ Ձեռքբերման վաղեմության իրավունքը տրամադրվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ դատական կարգով։

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ պետության և համայնքների հողամասերն առանց իրավաբանական ձևակերպման անընդմեջ և բացահայտ տասը և ավելի տարի օգտագործող անձինք ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք, իսկ սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք ձեռք բերելու համար անձը պետք է հիմնավորի ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրավունքների իրավաբանական ձևակերպման պետության կամ համայնքի հողերը օգտագործելու փաստը։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.10.2007 թվականի թիվ 18-36/Ի-6188 մասնագիտական եզրակացությամբ առաջարկվել է Հալաբյան 22ա, 24 և 26 շենքերի հարևանությամբ գտնվող կառույցի նկատմամբ ճանաչել պետության սեփականության իրավունքը` հետագայում օրինական ճանաչելու և կառուցապատողին օտարելու հնարավորությամբ, որի հիման վրա Քաղաքապետի 17.10.2007 թվականի թիվ 4280-Ա որոշմամբ Հալաբյան փողոցի 24/1 հասցեում գտնվող պետական սեփականության 496.49 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունը ճանաչվել է պետական սեփականություն` ի դեմս Քաղաքապետարանի։ Քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4619-Ա որոշմամբ Հալաբյան փողոցի 24/1 հասցեի 143.5 քմ մակերեսով պետական սեփականության կառույցը ճանաչվել է օրինական և նշված կառույցի համար առանձնացված 496.49 քմ մակերեսով հողամասի հետ միասին ուղղակի վաճառքի եղանակով օտարվել է Էդուարդ Թումանյանին։

 Սույն գործով հայցը բավարարելու հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ Արմեն Սիմոնյանը 1990-1991 թվականներից զբաղեցրել և փաստացի տիրապետում է Հալաբյան 22ա շենքի հարակից տարածքում գտնվող՝ Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4619-Ա որոշմամբ տրամադրված հողամասի մի մասը, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան ձեռք է բերել նախապատվության իրավունք՝ իրավաբանորեն ձևակերպել այդ հողամասերի նկատմամբ իր օգտագործման իրավունքը։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4619-Ա որոշմամբ հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարվել է և ոչ թե հանձվել է օգտագործման։ Այսինքն` հողամասն այլ անձի նույն պայմաններով չի տրամադրվել։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույնիսկ եթե Արմեն Սիմոնյանի մոտ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վիճելի հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ծագեր, ապա այն բավարար հիմք չէր լինի Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4619-Ա որոշումն անվավեր ճանաչելու համար։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 15.02.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` Արմեն Սիմոնյանի հայցը մերժել։

2. Արմեն Սիմոնյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան