ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
18 սեպտեմբերի 2010 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1947 թվականի նոյեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրված՝ Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է՝ մուտքագրված 2010 թվականի օգոստոսի 27-ին:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Կիրակոսյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՄԱԿ-ի Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիան ստորագրվել է 1947 թվականի նոյեմբերի 21-ին` Նյու Յորքում: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1948 թվականի դեկտեմբերի 2-ին: 2010թ. օգոստոսի 10-ի դրությամբ կոնվենցիային անդամակցել է 118 պետություն:
Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիան ստորագրվել է վերապահումով, ըստ որի` կոնվենցիայի VI հոդվածի 20-րդ բաժնի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:
2. Կոնվենցիան բաղկացած է 11 հոդվածներից` 49 բաժիններով և դրա անբաժանելի մաս կազմող 18 հավելվածներից: Յուրաքանչյուր հավելված վերաբերում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններից մեկին: Դրանք են` Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Արժույթի միջազգային հիմնադրամը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Համաշխարհային փոստային միությունը, Հեռահաղորդակցության միջազգային միությունը, Փախստականների միջազգային կազմակերպությունը, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, Միջազգային ծովային կազմակերպությունը, Ֆինանսների միջազգային կազմակերպությունը, Զարգացման միջազգային ընկերակցությունը, Մտավոր սեփականության միջազգային կազմակերպությունը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը, ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպությունը, Տուրիզմի համաշխարհային կազմակերպությունը, ցանկացած այլ գործակալություն, որը Կանոնադրության 57 և 63-րդ հոդվածներին համապատասխան առնչվում է ՄԱԿ-ին:
3. Կոնվենցիայով սահմանվում է, որ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, իրավասու են կնքելու պայմանագրեր, ձեռք բերելու և տնօրինելու շարժական ու անշարժ գույք, ներկայացնելու դատական հայցեր: Մասնագիտացված գործակալությունները, նրանց շինությունները, սեփականությունը և ակտիվները, արխիվներն ու փաստաթղթերն օգտվում են անձեռնմխելիությունից, ներառյալ` դատական միջամտության ցանկացած տեսակից, ազատվում են բոլոր տեսակի ուղղակի հարկումներից կամ մաքսային տուրքերից, ներմուծման և արտահանման արգելքներից և սահմանափակումներից: Մասնագիտացված գործակալությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամներն օգտվում են նույնպիսի արտոնություններից ու անձեռնմխելիություններից, որոնք տրամադրվում են դիվանագիտական առաքելությունների անդամներին: Մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաներն ու նրանց ընտանիքների անդամներն օգտվում են նույնպիսի արտոնություններից ու անձեռնմխելիություններից, որոնցից օգտվում են ՄԱԿ-ի պաշտոնյաները:
4. Հայաստանի Հանրապետությունն անդամակցելով կոնվենցիային` ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- մասնագիտացված գործակալությունների, դրանց շինությունների, սեփականության և ակտիվների, արխիվների ու փաստաթղթերի նկատմամբ, անկախ դրանց գտնվելու վայրից և տնօրինողից, ապահովել կոնվենցիայով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ներառյալ` դատական ցանկացած միջամտությունից, խուզարկությունից, բռնագրավումից, սեփականազրկումից և ցանկացած այլ միջամտությունից զերծ պահելը, բացառությամբ որևէ հատուկ դեպքի, երբ նրանք հստակորեն հրաժարվում են այդ անձեռնմխելիությունից,
- մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաներին ու նրանց ընտանիքների անդամներին օժտել նույնպիսի արտոնություններով ու անձեռնմխելիությամբ, ինչպիսիք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներին կամ ՄԱԿ-ի պաշտոնյաներին ու նրանց ընտանիքների անդամներին,
- մասնագիտացված գործակալությունների անդամների ներկայացուցիչներին (պատվիրակությունների անդամներին, նրանց փոխարինողներին, խորհրդատուներին, տեխնիկական փորձագետներին ու քարտուղարներին) և նրանց ամուսիններին ու խնամակալության տակ գտնվող անձանց օժտել կոնվենցիայով նախատեսված արտոնություններով ու անձեռնմխելիությամբ, ներառյալ` դատական ցանկացած միջամտությունից զերծ պահելը,
- մասնագիտացված գործակալությունները, նրանց ակտիվները, եկամուտը և այլ սեփականությունը, ինչպես նաև դրանց պաշտոնյաներին, անդամների ներկայացուցիչներին ու ընտանիքների անդամներին ազատել բոլոր տեսակի ուղղակի հարկումներից կամ մաքսային տուրքերից, ներմուծման և արտահանման արգելքներից և սահմանափակումներից, մասնագիտացված գործակալությունների կողմից վճարվող աշխատավարձն ու վարձատրությունը` հարկերից նույն պայմաններով, որոնցից օգտվում են ՄԱԿ-ի պաշտոնյաները, ապահովել նրանց գույքի, ունեցվածքի և այլ սեփականության անձեռնմխելիությունը,
- երաշխավորել մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաների իրավունքը` օգտագործելու ՄԱԿ-ի անցագրերը` որպես ուղևորական վավեր փաստաթուղթ, նրանց տրամադրել ուղևորության համար նախատեսված նույն պայմանները, ինչպիսիք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներին,
- մասնագիտացված գործակալություններին իրենց պաշտոնական հաղորդակցությունների համար ՀՀ տարածքում տրամադրել ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան այն պայմանները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունը տրամադրում է ցանկացած այլ պետության կառավարությանը, ներառյալ` վերջինիս դիվանագիտական ներկայացուցչություններին,
- մասնագիտացված գործակալությունների պաշտոնական գրությունները և այլ հաղորդակցությունները չենթարկել գրաքննության և այլն:
5. Կոնվենցիայով նախատեսվում է արտոնությունների չարաշահման և սույն կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված տարաձայնությունների դեպքում Մասնակից պետության և համապատասխան մասնագիտացված գործակալության միջև խորհրդակցությունների անցկացում կամ վեճերի կարգավորում` Արդարադատության միջազգային դատարան դիմելու միջոցով:
6. Կոնվենցիայում նախատեսված են եզրափակիչ դրույթներ` Մասնակից պետության համար կոնվենցիայի կամ դրա հավելվածների ուժի մեջ մտնելու, կոնվենցիայի վերանայման վերաբերյալ։
7. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ քննության առարկա կոնվենցիայի մի շարք դրույթներ արդեն իսկ պարտադիր իրավաբանական ուժ են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության համար այն փաստի ուժով, որ ՀՀ մասնակցությամբ մի շարք այլ միջազգային պայմանագրերում, մասնավորապես` «Աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրման մասին» Տամպերեի 1998 թվականի հունիսի 18-ի կոնվենցիայով, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև 2005 թվականի փետրվարի 24-ին ստորագրված` «2005-2009թթ. համագործակցության ծրագրի գործողությունների պլանով» Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է կոնվենցիայով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունների գործողությունը տարածել որոշակի իրավահարաբերությունների վրա:
ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև 2005 թվականի փետրվարի 24-ին ստորագրված` «2005-2009թթ. համագործակցության ծրագրի գործողությունների պլանի» համաձայն, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է կիրառել քննության առարկա կոնվենցիայի դրույթները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի սեփականության, միջոցների և գույքի, ինչպես նաև պաշտոնյաների և խորհրդատուների նկատմամբ` չանդրադառնալով վերջիններիս քաղաքացիության հիմնահարցին: Այս առումով, ՀՀ կողմից քննության առարկա կոնվենցիայի հոդված VI-ի բաժին 20-ի նկատմամբ նման վերապահում կատարելու մտադրությունը սահմանադրաիրավական տեսանկյունից առավել քան հիմնավորված է և թույլ է տալիս ապագայում խուսափել հնարավոր հակասահմանադրական իրավիճակների առաջացումից:
Միաժամանակ, սահմանադրական դատարանը նպատակահարմար է համարում արձանագրել, որ ՀՀ մասնակցությամբ վերը հիշատակված միջազգային պայմանագրերի վավերացմամբ քննության առարկա կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ծավալն ավելի լայն է, քան բուն կոնվենցիայով (կից վերապահմամբ) ստանձնելիք պարտավորությունների ծավալը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1947 թվականի նոյեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրված՝ Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող
Գ. Հարությունյան
18 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-915
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|