Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.10.08/9(13) Հոդ.1084.52
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/4437/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4437/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարի (այսուհետ` Նախարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 02.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) հայցի ընդդեմ «Ջինո-Լենդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Նախարարության` 25.05.2009 թվականի թիվ 2009-ԽՏ-01 ակտը` 2.000.000 ՀՀ դրամ տուգանքի մասով, վերացնելու և Նախարարի 23.06.2009 թվականի թիվ 553-Ա հրամանը` 2.000.000 ՀՀ դրամ տուգանքի մասով, առ ոչինչ ճանաչելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է արձակել Ընկերությունից 2.200.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Նախարարության 25.05.2009 թվականի թիվ 2009-ԽՏ-01 ակտը` 2.000.000 ՀՀ դրամ տուգանքի մասով, և առ ոչինչ ճանաչել Նախարարի 23.06.2009 թվականի թիվ 553-Ա հրամանը` 2.000.000 ՀՀ դրամ տուգանքի մասով:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.12.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը, 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետը, 57-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 26-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է Նախարարության ներկայացրած բացատրություններն այն մասին, որ ստուգում իրականացնողները ստուգման ընթացքում կատարել են ոչ թե խաղարկողի` Ընկերության «Խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման» կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) վերաբերյալ տեսական գիտելիքների իմացության ստուգում, այլ ստուգումն իրականացրել են խաղի անցկացմանն առնչվող փաստական հանգամանքները բացահայտելու նպատակով խաղարկողին ուղղված հարցերով, որոնց պատասխաններն արձանագրվել են, և այդ փաստաթուղթը ստորագրել են խաղարկողը և Ընկերության տնօրենը: Վերջիններս որևէ հայտարարություն կամ առարկություն չեն արել այն մասին, որ իրականում կատարվել է Կանոնակարգի տեսական գիտելիքների իմացության ստուգում: Բացի այդ, ստուգման առարկան հանդիսացել է լիցենզիայի պահանջների և պայմանների պահպանման, այլ ոչ թե կազմակերպչի աշխատակցի տեսական գիտելիքների ստուգումը: Ավելին, ստուգման նման տեսակ նախատեսված չէ նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, և տրված հարցադրումները պետք է ընդունվեն և ընդունվել են որպես ստուգման առարկայի շրջանակներում տրված հարցադրումներ:

Դատարանն անտեսել է նաև, որ Ընկերությունը բերել է առարկություն, որով ըստ էության ընդունել է կատարած խախտումները, սակայն միաժամանակ պատճառաբանել է, որ Ընկերության աշխատակիցը հարցերին պատասխանելիս թույլ է տվել վրիպակներ: Նշված հանգամանքով ևս մեկ անգամ հիմնավորվում է Ընկերության կողմից խախտումներ թույլ տալու փաստը, քանի որ խաղարկողը կոնկրետ խաղատեսակների մասով տրված հարցերին տվել է ճիշտ պատասխաններ և չէր կարող հայտնել խաղարկության անցկացման ընթացքում տեղի չունեցող տվյալներ: Այսինքն` Ընկերության խաղատանը ստուգում իրականացնելիս խաղի անցկացման ընթացքում խաղարկողին տրված հարցերի պատասխաններով պարզվել է, որ կազմակերպիչն առանց լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար նախատեսված տվյալները, խաղերը կազմակերպել և անցկացրել է իր կողմից սահմանված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին անհամապատասխան:

Արդյունքում Դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող ակտով հստակ արձանագրվել են խախտումները, նշվել են այն բոլոր իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, ինչպես նաև պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը: Այսինքն` լիազոր մարմնի կողմից Ընկերության նկատմամբ որպես պատասխանատվության միջոց տուգանքի կիրառումն օրինաչափ է, որն արտահայտվել է Նախարարի 23.06.2009 թվականի թիվ 553-Ա հրամանով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 02.12.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել, Ընկերությունից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոք բերած անձը նշել է, որ Դատարանի վճիռը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների արդյունքում, սակայն բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում պարզապես շարադրել է իր սուբյեկտիվ դիրքորոշումը, իսկ իրականում վճռաբեկ բողոքն անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Նախարարության կողմից 14.02.2003 թվականին Ընկերությանը տրվել է «Խաղատան կազմակերպման» թիվ ԽՏ-011 լիցենզիան (գ.թ. 43):

2) Ընկերության հիմնադիրների ընդհանուր ժողովի կողմից Ընկերության Կանոնակարգն հաստատվել է 23.04.2009 թվականին, իսկ Նախարարության հետ այն համաձայնեցվել է 06.05.2009 թվականին (գ.թ. 111-123):

3) Նախարարի 20.05.2009 թվականի թիվ 463-Ա հրամանի հիման վրա Ընկերությունում իրականացվել է Նախարարության կողմից 14.02.2003 թվականին տրված «Խաղատան կազմակերպման» թիվ ԽՏ-011 լիցենզիայի պահանջների կատարման ստուգում: Նույն հրամանով որպես ստուգման նպատակ նշվել է` պարզել Ընկերության կողմից իրականացվող շահումով խաղի կազմակերպման գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը (գ.թ. 8):

4) Ստուգման ընթացքում, 20.05.2009 թվականին, «Ամերիկյան պտուտակախաղ», «Բլեք Ջեկ», «Հինգ խաղաթղթի պոկեր` խաղաթղթի փոխանակությամբ» խաղերի վերաբերյալ կազմվել են հարցեր, որոնց տրվել են պատասխաններ, ինչի արդյունքում կազմված փաստաթուղթը ստորագրել են Ընկերության տնօրենը և խաղարկողը (գ.թ. 27-30):

5) Ստուգման արդյունքում, 25.05.2009 թվականին, կազմվել է թիվ 2009-ԽՏ-01 ակտը, որով արձանագրվել է, որ Ընկերության հիմնադիրների ընդհանուր ժողովի կողմից 23.04.2009 թվականին հաստատված և 06.05.2009 թվականին Նախարարության հետ համաձայնեցված Կանոնակարգի համաձայն` «Ամերիկյան պտուտակախաղ» կենդանի խաղի դեպքում տասնութ թվերից որևէ մեկը (1-18, 19-36) խաղագումարի կատարման տարբերակի դեպքում կատարված խաղագումարը կրկնապատկվում է: Այսինքն` խաղացողը ստանում է շահում կատարած խաղագումարի չափով: Ընկերության կողմից կազմակերպված խաղատանը տասնութ թվերից որևէ մեկը (1-18, 19-36) խաղագումարի կատարման տարբերակի դեպքում խաղացողը ստանում է շահում կատարած խաղագումարի կրկնակիի չափով (1-ին կետ):

«Բլեք Ջեկ» կենդանի խաղը կազմակերպելիս` բոլոր դեպքերում խաղացողին թույլատրվում է խաղաթղթերը բաժանել (սպլիթ) երեք (3-րդ անգամը ներառյալ) անգամ: Ընկերության կողմից կազմակերպված խաղատանը «Բլեք Ջեկ» կենդանի խաղը կազմակերպելիս` խաղացողին թույլատրվում է խաղաթղթերը բաժանել (սպլիթ) չորս անգամ (2-րդ կետ):

«Բլեք Ջեկ» կենդանի խաղը կազմակերպելիս, եթե խաղարկողի խաղաթուղթը մեկնոց է, ապա խաղացողը կարող է ապահովագրել իր սկզբնական համակցությունը` խաղարկողի «Բլեք Ջեկ»-ից սեղանի ապահովագրում (ինշուրանս) դաշտում դնելով խաղագումար իր սկզբնական խաղագումարի կեսի չափով: Ընկերության կողմից կազմակերպված խաղատանը «Բլեք Ջեկ» կենդանի խաղը կազմակերպելիս, եթե խաղարկողի խաղաթուղթը մեկնոց է, ապա խաղացողը կարող է ապահովագրել իր սկզբնական համակցությունը` խաղարկողի «Բլեք Ջեկ»-ից սեղանի ապահովագրում (ինշուրանս) դաշտում դնելով խաղագումար նվազագույն խաղադրույքից մինչև առավելագույն խաղադրույքի կեսի չափով (3-րդ կետ):

Ընկերության կողմից կազմակերպված խաղատանը խաղացողի խնդրանքով կազմակերպիչը կարող է լրացուցիչ որոշակի գումար իր հաշվին լիցքավորել խաղային ավտոմատը, ինչը նախատեսված չէ Կանոնակարգով:

Փաստորեն Ընկերությունը խախտել է «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետի պահանջը, որի համար որպես պատասխանատվության միջոցի կիրառում նույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետը նախատեսում է տուգանք` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար ՀՀ դրամ (Կանոնակարգի խախտման չորս դեպք` ընդամենը 2.000.000 ՀՀ դրամ տուգանք) (4-րդ կետ):

Ստուգման պահին Նախարարության կողմից 14.02.2003 թվականին տրված թիվ ԽՏ-011 լիցենզիայի հիման վրա գործող Ընկերության խաղատանը շահագործվող մեկ մեքենայացված խաղի սերիական համարը չէր համապատասխանում Ընկերության շահումով խաղերի վերաբերյալ տվյալներում (ձև 4) նշված մեքենայացված խաղի սերիական համարին:

Փաստորեն Ընկերությունը, առանց լիազոր մարմնին տեղեկացնելու, փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալը, որի համար որպես պատասխանատվության միջոցի կիրառում «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետը նախատեսում է տուգանք` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար ՀՀ դրամ (խախտման մեկ դեպք` ընդամենը 200.000 ՀՀ դրամ տուգանք) (գ.թ. 9-10):

6) Նախարարության 25.05.2009 թվականի թիվ 2009-ԽՏ-01 ակտի վերաբերյալ Ընկերության տնօրենը ներկայացրել է առարկություններ, որոնց համաձայն` Ընկերության կողմից «Ամերիկյան պտուտակախաղ» կենդանի խաղի կազմակերպման ժամանակ 1-18, 19-36 խաղագումարի կատարման տարբերակի դեպքում շահման չափը հավասար է դրված խաղագումարի չափին, և Ընկերության աշխատակցի կողմից ստուգում իրականացնող անձանց 1-18, 19-36 խաղագումարի կատարման տարբերակի դեպքում շահման չափի մասին տրված պատասխանն ընդամենը վրիպակ է:

«Բլեք Ջեք» կենդանի խաղը կազմակերպելիս` բոլոր դեպքերում խաղացողին թույլատրվում է խաղաթղթերը բաժանել երեք (3-րդ անգամը ներառյալ) անգամ: Ընկերության աշխատակցի կողմից տրված պատասխանը, որ խաղացողին թույլատրվում է խաղաթղթերը բաժանել չորս անգամ, վրիպակ է:

Ընկերությունն իր սեփական միջոցների հաշվին կարող է մասնակցի համար որոշակի գումար մուտքագրել խաղային ավտոմատի հատուկ հաշվիչի վրա` խաղը շարունակելու համար: Մասնակիցներին տրվող այդ հնարավորությունը չի հանդիսանում խաղատան շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոն, այլ իրականացվում է Ընկերության նախաձեռնությամբ իր սեփական միջոցների հաշվին` կազմակերպվող խաղատան շահումով խաղերը գովազդելու նպատակով (գ.թ. 36):

7) 25.05.2009 թվականի թիվ 2009-ԽՏ-01 ակտի հիման վրա Նախարարի 23.06.2009 թվականի թիվ 533-Ա հրամանով Ընկերության նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք` 2.200.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 41):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետի համաձայն` կազմակերպիչը շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր կողմից սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «է» և «ը» կետերի համաձայն` տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը խախտել է նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամ, առանց լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը (բացառությամբ նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջների), ինչը չէր կարող հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու հայտի մերժմանը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կազմակերպչի կողմից սահմանված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին ոչ համապատասխան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև առանց լիազոր մարմնին տեղեկացնելու լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը փոփոխվելու դեպքում որպես պատասխանատվության միջոց կիրառվում է տուգանք` խախտման յուրաքանչյուր դեպքի համար համապատասխանաբար 500.000 ՀՀ դրամի և 200.000 ՀՀ դրամի չափով: Իսկ նշված իրավախախտումների կապակցությամբ իրականացվող վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինն իրավասու է որպես ապացույց գնահատել նաև գործում առկա բացատրությունները:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու, իսկ հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Նախարարության 25.05.2009 թվականի թիվ 2009-ԽՏ-01 ակտի 1-3-րդ կետերով շարադրված եզրահանգումների համար հիմք է հանդիսացել գրավոր պատրաստված հարցերին խաղարկողի տված պատասխանները: Ընկերության աշխատակցին տրված հարցերն առնչվել են Ընկերության Կանոնակարգի իմացության հետ: Այսինքն` Ընկերության աշխատակցին տրված հարցերը և վերջինիցս ստացված պատասխաններն իրենցից ներկայացրել են Կանոնակարգի տեսական գիտելիքների ստուգում և ոչ թե կոնկրետ փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման առիթով իրականացված գործունեություն:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական և փաստական հիմնավորումները:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես, ըստ Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանի հայցի ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, պատճառաբանելով, որ Ընկերության աշխատակցին տրված հարցերը և վերջինիցս ստացված պատասխանները Կանոնակարգի տեսական գիտելիքների ստուգում են և ոչ թե կոնկրետ փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման առիթով իրականացված գործունեություն, չի հիմնավորել նշված պնդումը:

Մասնավորապես` Նախարարի 20.05.2009 թվականի թիվ 463-Ա հրամանով Ընկերությունում իրականացված Նախարարության կողմից 14.02.2003 թվականին տրված «Խաղատան կազմակերպման» թիվ ԽՏ-011 լիցենզիայի պահանջների կատարման ստուգման նպատակն էր` պարզել Ընկերության կողմից իրականացվող շահումով խաղի կազմակերպման գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Նախարարի նշված հրամանով սահմանված նպատակի իրականացման ուղղությամբ Նախարարությունը ստուգման ընթացքում «Ամերիկյան պտուտակախաղ» և «Բլեք Ջեկ» խաղերի վերաբերյալ կազմել է համապատասխան հարցեր, որոնց Ընկերության խաղատան խաղարկողը տվել է պատասխաններ, ինչի արդյունքում կազմված փաստաթուղթը ստորագրել են Ընկերության տնօրենը և խաղարկողը: Իսկ խաղարկողը, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ պարբերության համաձայն, խաղն անցկացնելու կամ դրա ելքը հավաստելու համար խաղացողի հետ կազմակերպչի անունից և նրա կողմից լիազորված խաղին փաստացի մասնակցող կամ դրա խաղարկությունն իրականացնող ֆիզիկական անձ է: Այսինքն` Ընկերության խաղարկողը` որպես Ընկերության կողմից լիազորված անձ, ըստ էության ստուգման նպատակի շրջանակներում կատարված խախտումների վերաբերյալ տվել է բացատրություններ: Արդյունքում Նախարարությունը, օգտվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական վարույթում գործում առկա բացատրությունները գնահատելու իր իրավասությունից, գնահատել է նշված փաստաթուղթը, և այն դրել է 25.05.2009 թվականին կազմված թիվ 2009-ԽՏ-01 ակտի հիմքում: Ընկերությունն էլ, նշված ակտի վերաբերյալ ներկայացնելով գրավոր առարկություն, ըստ էության ընդունել է խախտումները` միաժամանակ պատճառաբանելով, որ Ընկերության խաղարկողը հարցերին պատասխանելիս թույլ է տվել վրիպակներ:

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ստուգման արդյունքում կազմված ստուգման ակտին ներկայացվում են որոշակի պահանջներ: Մասնավորապես` ստուգման ակտում պետք է նկարագրվեն նաև արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել և պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը: Իսկ անվավեր կարող է ճանաչվել միայն օրենքի խախտմամբ ընդունված վարչական ակտը:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու, իսկ հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է նաև այն հանգամանքները, որ Նախարարության 25.05.2009 թվականի թիվ 2009-ԽՏ-01 ակտում չեն պարունակվում նշումներ այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք Նախարարությանը հիմք են տվել ընդունել այն: Հետևաբար չի հաստատվել Ընկերության կողմից լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալները փոփոխվելու հանգամանքը: Ստուգման ընթացքում չի բացահայտվել նաև այն փաստական հանգամանքը, որ Ընկերության կողմից կազմակերպված խաղատանը խաղացողի խնդրանքով կազմակերպիչը լրացուցիչ որոշակի գումար է իր հաշվին լիցքավորել խաղային ավտոմատը, քանի որ վիճարկվող ակտում չի կատարվել որևէ հղում այդ փաստը հիմնավորող ապացույցներին, ինչը նշանակում է, որ Ընկերությունը չի իրականացրել Կանոնակարգով չնախատեսված գործողություններ:

Բացի այդ, Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախարարության 25.05.2009 թվականի թիվ 2009-ԽՏ-01 ակտը` 2.000.000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասով, ոչ իրավաչափ և անվավեր է, գտել է, որ դրա ոչ իրավաչափ լինելու պարագայում Նախարարի 23.06.2009 թվականի թիվ 533-Ա հրամանով Ընկերության վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն: Հետևաբար վիճարկվող հրամանը` 2.000.000 ՀՀ դրամ տուգանք կիրառելու մասով, առ ոչինչ վարչական ակտ է:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունը նույնպես անհիմն է, քանի որ Նախարարության 25.05.2009 թվականի թիվ 2009-ԽՏ-01 ակտը համապատասխանում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ ստուգման ակտին առաջադրվող պահանջներին:

Մասնավորապես` վիճարկվող ակտով հաստատվում է Ընկերության կողմից շահումով խաղերը Կանոնակարգին ոչ համապատասխան կազմակերպելու և անցկացնելու փաստը, քանի որ վիճարկվող ակտի հիմքում դրվել է Նախարարության կողմից 20.05.2009 թվականին կազմված և Ընկերության տնօրենի, ինչպես նաև Ընկերության խաղարկողի կողմից ստորագրված «Ամերիկյան պտուտակախաղ» և «Բլեք Ջեկ» խաղերի վերաբերյալ «հարցերի և պատասխանների» ձևով կազմված փաստաթուղթը: Դրան համապատասխան էլ վիճարկվող ակտում նշվել են նաև այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել և պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

Ինչ վերաբերում է վիճարկվող ակտի 1-ին և 2-րդ կետերի վերաբերյալ Ընկերության տնօրենի ներկայացրած առարկություններին այն մասին, որ նշված հանգամանքների վերաբերյալ Ընկերության խաղարկողի պատասխանները վրիպակի արդյունք են, ապա այդ առարկությունը չի կարող հիմք հանդիսանալ վիճարկվող ակտը վերացնելու համար, քանի որ դրանում նշված տեղեկությունները ստուգման ընթացքում ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց չեն ներկայացվել, այլ ընդհակառակը` վերջիններիս հայտնվել են բոլորովին այլ տեղեկություններ: Բացի այդ, Ընկերության տնօրենի ներկայացրած առարկություններում նշված տեղեկությունների վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

Իսկ վիճարկվող ակտի 4-րդ կետում արձանագրված այն խախտումը, որի համաձայն` Ընկերության խաղատանը խաղացողի խնդրանքով կազմակերպիչը կարող է լրացուցիչ որոշակի գումար իր հաշվին լիցքավորել խաղային ավտոմատը, նշված առարկությամբ ընդունել է նաև Ընկերության տնօրենը` նշելով, որ այդ հնարավորությունը չի հանդիսանում խաղատան շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոն, այլ իրականացվում է Ընկերության նախաձեռնությամբ իր սեփական միջոցների հաշվին` կազմակերպվող խաղատան շահումով խաղերը գովազդելու նպատակով: Մինչդեռ Կանոնակարգով Ընկերությանն այդպիսի գործունեություն իրականացնելու իրավունք վերապահված չէ, և Ընկերությունը պարտավոր էր շահումով խաղերը կազմակերպել և անցկացնել իր կողմից սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա են բավարար ապացույցներ, որոնցով հաստատվում են Ընկերության կողմից Կանոնակարգը փոփոխելու և դրանով չնախատեսված գործողություններ կատարելու հանգամանքները: Այսինքն` սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որով կարող էր հաստատված համարվել Նախարարության 25.05.2009 թվականի թիվ 2009-ԽՏ-01 ակտն օրենքի խախտմամբ ընդունված լինելու և Դատարանի կողմից այն իրավաչափորեն վերացվելու հանգամանքները:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմելով ՀՀ վարչական դատարան` Նախարարությունը պահանջել է արձակել Ընկերությունից 2.200.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն: Հետագայում վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է հայցը բավարարել` Ընկերությունից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ: Հետևաբար 200.000 ՀՀ դրամի մասով հայցը ենթակա է մերժման, և այդ մասով դատական ծախսերը` պետական տուրքը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ենթակա է հատուցման Նախարարության կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ և 118-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.12.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ ֆինանսների նախարարության հայցը բավարարել մասնակիորեն` «Ջինո-Լենդ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ: Հայցը` 200.000 ՀՀ դրամի մասով, մերժել: «Ջինո-Լենդ» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցը մերժել:

2. «Ջինո-Լենդ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքեր, իսկ հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության` 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք: Հակընդդեմ հայցի մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրք:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան