Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.12.27/2(39)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2014
Ստորագրման ամսաթիվ
30.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2017

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն ԱԳ Ի Ր

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետև՝ Կողմեր,

 նպատակ ունենալով իրականացնելու՝

2003 թ. սեպտեմբերի 18-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ընդունված՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կողմից տրանսպորտում անվտանգության ապահովման հարցերով Հռչակագիրը,

2008 թ. նոյեմբերի 14-ի՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ մինչև 2020 թ. ժամանակահատվածի համար տրանսպորտային ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության գերակա ուղղությունները,

2009 թ. նոյեմբերի 20-ի՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին Համաձայնագիրը,

ընդունելով տրանսպորտային անվտանգության մասին օրենսդրության ներդաշնակեցման անհրաժեշտությունը, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային միջանցքների հատվածների զարգացման և արդյունավետ շահագործման համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով, որոնք անցնում են ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներով,

 ցանկանալով զարգացնել միջազգային համագործակցությունը գործնական միջոցառումների իրականացման հարցերով, որոնք ուղղված կլինեն տրանսպորտային համալիրի կայուն և անվտանգ գործունեությանը սպառնացող, անձի, հասարակության և պետության շահերի համար սպառնալիք ստեղծող անօրինական միջամտության գործողությունների կանխարգելմանը,

 գիտակցելով Կողմերի ջանքերի միավորման փոխշահավետությունը տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում և նշելով այդ ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին երկկողմ և բազմակողմ պայմանավորվածությունների օգտակարությունը,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.

անօրինական միջամտության գործողություն` տրանսպորտային համալիրի անվտանգ գործունեությանն սպառնացող անօրինական գործողություն (անգործություն), այդ թվում՝ ահաբեկչական գործողություն, որի հետևանքով հասցվում է վնաս մարդկանց կյանքին և առողջությանը, նյութական վնաս կամ նման հետևանքների առաջացման վտանգ,

 տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների դասակարգում` դրանց դասակարգումը՝ ըստ որոշակի կարգերի, հաշվի առնելով անօրինական միջամտության գործողության կատարման և դրա հնարավոր հետևանքների սպառնալիքի աստիճանը,

 Կողմերի իրավասու մարմիններ` սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման և իրականացման համար Կողմերի կողմից որոշվող մարմիններ,

 տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ` տեխնոլոգիական համալիր, որը ներառում է` երկաթուղային, ավտոմոբիլային կայարաններ և կայաններ. թունելներ, էստակադաներ, կամուրջներ. ծովային տերմինալներ, նավահանգիստների ջրային տարածքներ. նավահանգիստներ, որոնք գտնվում են ներքին ջրային ուղիների վրա, և որտեղ կատարվում են ուղևորների նստեցումը (իջեցումը) և (կամ) բարձր վտանգավորության բեռների բեռնաթափումը հատուկ թույլտվությունների հիման վրա, նավագնացային հիդրոտեխնիկական կառույցներ. աէրոդրոմներ, օդանավակայաններ, կապի միջոցների օբյեկտներ, նավարկություններ և տրանսպորտային միջոցների երթևեկության կառավարումներ. ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղային և ներքին ջրային ուղիների հատվածներ, ուղղաթիռների համար նախատեսված կայաններ, թռիչքային գոտիներ, ինչպես նաև տրանսպորտային համալիրի գործունեության իրականացումն ապահովող այլ շենքեր, կառույցներ, սարքեր և սարքավորումներ,

 տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների խոցելիության գնահատում` անօրինական միջամտության գործողության կատարման սպառնալիքից տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության աստիճանի սահմանում,

 փոխադրող ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց, որն իր վրա վերցնում է ուղևորի փոխադրման պատասխանատվությունը, ուղարկողի կողմից իրեն վստահված բեռը, ուղեբեռը, բեռը (ուղեբեռը) մեկնարկի կետից նշանակետ, ինչպես նաև բեռի, ուղեբեռի, բեռի (ուղեբեռի) փոխանցումը անձին (ստացողին), որն իրավասու է այն ստանալու,

 տրանսպորտային անվտանգության ապահովման ուժեր՝ տրանսպորտային միջոցում, տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտում, տրանսպորտային ենթակառուցվածքի սուբյեկտում տրանսպորտային անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք, ներառյալ տրանսպորտային ենթակառուցվածքի սուբյեկտի անձնակազմը կամ տրանսպորտային ենթակառուցվածքի բաժանմունքները, որոնք անմիջականորեն կապված են տրանսպորտային միջոցների կամ տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների տրանսպորտային անվտանգության ապահովման հետ,

 տրանսպորտային ենթակառուցվածքի սուբյեկտներ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և/կամ տրանսպորտային միջոցների սեփականատերեր են կամ դրանք օգտագործում են օրինական այլ հիմքով,

 տրանսպորտային անվտանգություն՝ անօրինական միջամտության գործողություններից տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների պաշտպանվածության վիճակ,

 տրանսպորտային միջոցներ՝ սարքավորումներ, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց, բեռների, ուղեբեռի, ձեռքի ուղեբեռի, անձնական իրերի, կենդանիների կամ սարքավորումների, նշված տրանսպորտային միջոցներում տեղադրված սարքերի տեղափոխման համար, ներառյալ`

 ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրման կամ ուղևորների և ուղեբեռի փոխադրման՝ ըստ պատվերի, կամ օգտագործվում են վտանգավոր բեռների փոխադրման համար, որի իրականացման համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն,

 կոմերցիոն քաղաքացիական ավիացիայի օդանավեր,

ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավեր,

առևտրային նավագնացության նպատակներով օգտագործվող նավեր՝ բացառությամբ զբոսանավերի, սպորտային առագաստանավերի,

ներքին ջրային ուղիներով ուղևորների փոխադրման համար օգտագործվող նավեր՝ բացառությամբ զբոսանավերի, սպորտային առագաստանավերի, և (կամ) բարձր վտանգավորության բեռների փոխադրման համար նավերի, որոնք օգտագործվում են փոխադրումներ իրականացնելու համար հատուկ թույլտվությունների առկայության դեպքում,

երկաթուղային շարժակազմ, որն իրականացնում է ուղևորների և (կամ) բարձր վտանգավորության այնպիսի բեռների փոխադրում, որոնց փոխադրումը կատարվում է հատուկ թույլտվություններով,

քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտային միջոցներ:

 

Հոդված 2

 

 Սույն Համաձայնագրի առարկա է Կողմերի տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման ընդհանուր սկզբունքների սահմանումը՝ հետևյալ նպատակներով.

 տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականության և նորմատիվ իրավական կարգավորումների մշակման համար մոտեցումների ներդաշնակեցման,

 սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով միջազգային փոխադրումների իրականացման ժամանակ տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում և տրանսպորտային միջոցների նկատմամբ անօրինական միջամտության գործողությունների կատարման և գործողությունների կատարման սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության ապահովման:

 

Հոդված 3

 

 Կողմերը որոշում են տեղեկատվական փոխգործակցությունը սույն Համաձայնագրի առարկայի վերաբերյալ` որպես կայուն միջազգային տարանցիկ հաղորդակցության հիմնական բաղադրիչ և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով ուղևորների, բեռների, ուղեբեռի և բեռի (ուղեբեռի) փոխշահավետ պայմանների ստեղծումը անխափան փոխադրման համար:

 

Հոդված 4

 

 Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Կողմերը տեղեկատվական փոխգործակցությունը կազմակերպում են հետևյալ ուղղություններով.

 տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և տրանսպորտային միջոցների գործունեության նկատմամբ անօրինական միջամտության գործողությունների սպառնալիքների իրականացման որոշում,

 տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և տրանսպորտային միջոցների խոցելիության գնահատում,

 տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և տրանսպորտային միջոցների դասակարգում,

 տրանսպորտային անվտանգության ապահովման պահանջների մշակում և իրականացում,

 տրանսպորտային անվտանգության ապահովման միջոցառումների ծրագրում և իրականացում,

 տրանսպորտային անվտանգության ապահովման հարցերով զբաղվող ուժերի ուսուցում և ատեստավորում,

 տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում պետական վերահսկողության (հսկողության) իրականացում,

 տրանսպորտային անվտանգության տեղեկատվական, նյութական-տեխնիկական և գիտատեխնիկական ապահովում,

 միջազգային կազմակերպությունների գործունեության մեջ՝ սույն Համաձայնագրի մասնակից-պետությունների մասնակցության շրջանակներում, տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները և տրանսպորտային միջոցները անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու հարցերով համաձայնեցված դիրքորոշման ձևավորում:

 

Հոդված 5

 

1. Կողմերը կազմակերպում են տեղեկատվական փոխգործակցություն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների և (կամ) դեպի պետություններ, պետություններից և (կամ) սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գործունեության մեջ անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և այդպիսի գործողությունների իրականացման մասին անհապաղ տեղեկացնելու նպատակով:

2. Անհապաղ տեղեկացնելու միջոցառումներն իրականացնում է այն Կողմը, որի տրամադրության տակ գտնվում է տեղեկատվություն սույն հոդվածի առաջին մասում նշված տրանսպորտային միջոցների և (կամ) տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների գործունեության մեջ անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և(կամ) դրանց իրականացման մասին:

3. Տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և (կամ) տրանսպորտային միջոցների գործունեության մեջ անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և (կամ) գործողությունների իրականացման մասին տեղեկությունը ենթակա է փոխանցման մյուս Կողմին դրան տիրապետող Կողմի կողմից` ըստ Կողմերի իրավասու մարմինների համաձայնեցված կարգի, հետևյալի առկայության դեպքում.

 սույն Համաձայնագրի այլ մասնակից պետության տարածքում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների գործունեությանը անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և գործողությունների իրականացման մասին տեղեկատվության,

տվյալ տեղեկատվությանը տիրապետող սույն Համաձայնագրի մասնակից պետության տարածքում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների գործունեությանը անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և գործողությունների իրականացման մասին տեղեկատվության, որն օգտագործվում է միջազգային փոխադրումների իրականացման համար այլ պետություններ, այլ պետություններից և (կամ) սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով,

 տրանսպորտային միջոցի գործունեությանը անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և գործողության իրականացման մասին տեղեկություն, որն օգտագործվում է միջազգային փոխադրումների իրականացման համար այլ պետություններ, այլ պետություններից և (կամ) սույն Համաձայնագրի այլ մասնակից պետությունների տարածքներով:

 

Հոդված 6

 

1. Սույն Համաձայնագրով տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելու համար յուրաքանչյուր Կողմ սահմանում է լիազոր մարմին, որն իրավասու է.

Կողմերի լիազոր մարմիններին ուղարկել նորմատիվ իրավական ակտերի բովանդակության մասին տեղեկություն` սույն Համաձայնագրի մասնակից պետությունում ընդունված տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում պետական կարգավորման նպատակով, այդ թվում՝ ժամանակին տեղեկացնելու այդ ոլորտում օրենսդրության փոփոխության մասին,

 Կողմերի լիազոր մարմիններին ներկայացնելու պարզաբանումներ նորմատիվ իրավական ակտերի կիրառման վերաբերյալ` սույն Համաձայնագրի մասնակից պետությունում ընդունված տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում պետական կարգավորման նպատակով,

 ուսումնասիրելու Կողմերի լիազոր մարմինների առաջարկները տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման և նորմատիվ իրավական կարգավորման հարցերի վերաբերյալ,

 Կողմերի լիազոր մարմիններին տեղեկացնելու տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների գործունեության մեջ անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և (կամ) գործողությունների իրականացման մասին՝ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն:

2. Կողմերը սահմանում են իրենց լիազոր մարմինների ցանկը և այդ մասին հայտնում ավանդապահին՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը հանձնելիս:

Լիազոր մարմինների ցանկի փոփոխման մասին յուրաքանչյուր Կողմ գրավոր տեղեկացնում է ավանդապահին նման որոշում ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3. Կողմերի իրավասու մարմինները հաստատում են ուղիղ կապեր, կազմակերպում են փոխգործակցություն և տեղեկության փոխանակում սույն Համաձայնագրի իրականացման նպատակով:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի գործնական ապահովման նպատակով Կողմերի իրավասու մարմինները կարող են ստեղծել փորձագետների համատեղ աշխատանքային խմբեր:

 Փորձագետների համատեղ աշխատանքային խմբերի հիմնական խնդիրն է մշակել Կողմերի կողմից իրականացվող տեղեկատվական փոխգործակցության հետ կապված առաջարկները, սույն Համաձայնագրի իրականացման շարունակական դիտարկման կազմակերպման վերաբերյալ առաջարկները և, անհրաժեշտության դեպքում, դրա վերանայումը:

 

Հոդված 8

 

 Յուրաքանչյուր Կողմ ապահովում է սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկության տրամադրումը մյուս Կողմին:

 Սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկության փոխանակումը կատարվում է անհատույց:

 Կողմերը չեն փոխանցում սույն Համաձայնագրի շրջանակներում մյուս Կողմից ստացված տեղեկությունը երրորդ կողմի՝ առանց այդ Կողմի համաձայնության:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են միջազգային այլ պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք:

 

Հոդված 10

 

 Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող համապատասխան արձանագրությամբ:

 

Հոդված 11

 

 Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև ծագող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:

Այն Կողմերի համար, որոնք ներպետական ընթացակարգերը կատարել են ավելի ուշ, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից համապատասխան փաստաթղթերի ստացման ամսաթվից:

 

Հոդված 13

 

 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ցանկացած պետության միանալու համար՝ ավանդապահին միանալու մասին փաստաթղթի փոխանցման միջոցով:

 ԱՊՀ մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:

 ԱՊՀ մասնակից չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած կամ դրան միացած պետությունների՝ այդպիսի միացման վերաբերյալ համաձայնության մասին գրավոր ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:

 

Հոդված 14

 

 Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից իր այդ մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին ոչ ուշ, քան դուրս գալուց վեց ամիս առաջ և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացած պարտավորությունները:

 Կատարված է Մինսկ քաղաքում 2014 թվականի մայիսի 30-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակն ի պահ է տրված Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեին, որը դրա վավերացրած պանճենները կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017 թ. հուլիսի 24-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան