Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-914
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.09.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1041
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.09.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

14 սեպտեմբերի 2010 թ.

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի երկրորդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 02.04.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի 75-րդ հոդվածով օրենսգրքի` «Վարույթը վճռաբեկ դատարանում» վերտառությամբ հինգերորդ բաժինը շարադրվել է նոր խմբագրությամբ:

Օրենսգրքի` «Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը» վերտառությամբ 228-րդ հոդվածի երկրորդ մասը, որը զետեղված է օրենսգրքի հինգերորդ բաժնում, սահմանում է. «Վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ oրինական կազմով.

2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն.

4) վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.

5) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը»:

2. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը բարձրացնում է իրավակարգավորման բացի խնդիր: Մասնավորապես, դիմողի կարծիքով, օրենսգրքի վիճարկվող դրույթներով սահմանված` վճռի բեկանման հիմքերի շարքում նախատեսված չէ այն հիմքը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Վերը նշված փաստարկի հիման վրա դիմողը գտնում է, որ վճռի բեկանման հիմքերի շարքում վերոնշյալ հիմքը չնախատեսելը չի ապահովում գործին մասնակից չդարձած անձանց` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի իրականացումը: Ըստ այդմ էլ, դիմողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 19-րդ հոդվածի 1-ին մասին:

3. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ վիճարկվող օրինադրույթն անհրաժեշտ է դիտարկել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007թ. նոյեմբերի 28-ի ՀՕ-277 ՀՀ օրենքով կատարված փոփոխությունների և քաղաքացիական դատավարությունում վճռաբեկությունը կարգավորող իրավանորմերի համատեքստում` հաշվի առնելով վճռաբեկ դատարանի` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառնական տեղը և դերը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 228-րդ հոդվածի 1-ին մասը բավարար իրավական հիմք են ստեղծում երաշխավորելու համար վճռաբեկ դատարանի կողմից` գործին մասնակից չդարձած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքի ընդունումը և բողոքարկվող դատական ակտի բեկանումը: Դատական պրակտիկան ևս ընթանում է այս ճանապարհով:

Ըստ պատասխանողի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ վճռաբեկ դատարանի` գործող սահմանադրական կարգավիճակի պայմաններում երաշխավորված է գործին մասնակից չդարձած անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը:

4. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները դիտարկել օրենսգրքի մյուս դրույթների համատեքստում` հաշվի առնելով օրենսգրքի նախկին իրավակարգավորումը:

Մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքով օրենսգրքում կատարված փոփոխությունները վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը և ստորադաս դատարանի վճռի բեկանման հիմքերը սահմանված էին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխանաբար` 223 և 227-րդ հոդվածներով: 223-րդ հոդվածը սահմանելով վճռաբեկ բողոք բերելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը` դրանում ներառել էր նաև գործին մասնակից չդարձած անձանց, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել: 227-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ դատարան բողոքարկվող դատական ակտի պարտադիր բեկանման հիմք, ի թիվս այլնի, հանդիսանում էր գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատարանի կողմից վճռի կայացման փաստը:

Վերոհիշյալ դրույթների համեմատական վերլուծությունը վկայում է, որ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի ընդունումը գործող իրավակարգավորումը` գործին մասնակից չդարձած անձանց վերաբերյալ, ի թիվս այլնի, ամրագրել էր միմյանց հետ փոխկապակցված երկու դրույթ. դրույթներից մեկով վճռաբեկ բողոք բերելու իրավունք էր վերապահվում գործին մասնակից չդարձած անձանց, մյուս դրույթով նախատեսվում էր, որ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի հիման վրա կատարված փոփոխություններից հետո օրենսգրքի` «Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 223-րդ հոդվածը գործին մասնակից չդարձած անձանց վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակում չի ներառել: Նույն օրենքով փոփոխության ենթարկվեցին նաև վճռաբեկ բողոքի հիման վրա բողոքարկվող դատական ակտի պարտադիր բեկանման հիմքերը` չներառելով այն դեպքը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Չնայած նրան, որ օրենսգրքի վերոհիշյալ 223-րդ հոդվածում գործին մասնակից չդարձած անձինք մատնանշված չեն որպես վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք, այնուամենայնիվ, նշված անձանց վճռաբեկ բողոք բերելու իրավունքն ամրագրված է օրենսգրքի` «Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները» վերտառությամբ 229-րդ հոդվածի 3-րդ կետում, որի համաձայն` գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

Օրենսգրքի 223, 228-րդ հոդվածների և 229-րդ հոդվածի 3-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ գործին մասնակից չդարձած անձանց` դատարանի մատչելիության իրավունքն ամրագրված է ոչ թե օրենսգրքի` «Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 223-րդ հոդվածում, այլ «Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները» վերտառությամբ 229-րդ հոդվածի 3-րդ կետում, իսկ օրենսգրքի վիճարկվող դրույթներով սահմանված` վճռի բեկանման հիմքերի շարքում նախատեսված չէ այն հիմքը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

5. Սահմանադրական դատարանն իր` 2010թ. ապրիլի 20-ի աշխատակարգային որոշմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա սույն գործը քննության է ընդունել` ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի կիրառման առնչությամբ ձևավորված դատական պրակտիկայի վրա` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված վերոհիշյալ փոփոխությունների ազդեցությունն ուսումնասիրելու անհրաժեշտության նկատառումներից: Նման ուսումնասիրությունը խնդիր ունի պարզելու, թե արդյո՞ք վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես, խնդրո առարկա հիմքը դատական ակտի պարտադիր բեկանման հիմքերի շարքից բացառելը հանգեցրել է այնպիսի իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը, որի պայմաններում խախտվում է գործին մասնակից չդարձած անձի դատական պաշտպանության իրավունքը, և արդյո՞ք օրենսդրական նշված փոփոխության արդյունքում առաջացել է օրենսդրական բաց, որն ստեղծում է անձի դատական պաշտպանության իրավունքի խախտման վտանգ կամ վերացնում է անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը:

6. Գործը քննության նախապատրաստելու ընթացքում սահմանադրական դատարանի պահանջով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` 29.07.2010թ. թիվ ԴԴ1-Ե-5271 գրությամբ սահմանադրական դատարան են ներկայացվել սույն գործով քննության առարկայի վերաբերյալ դատական պրակտիկան ամփոփող տեղեկատվություն և ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան դատական ակտերը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007թ. նոյեմբերի 28-ի ՀՕ-227-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` գործին մասնակից չդարձած անձանց կողմից ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված` ՀՀ վճռաբեկ դատարանի ըստ էության որոշումների և վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումների ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրական փոփոխություններից հետո թեկուզև գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ կայացնելն այլևս վճռի պարտադիր բեկանման նորմատիվ հիմք չէ, այնուամենայնիվ, դատական պրակտիկայի արդյունքները վկայում են այն մասին, որ բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանը պարզել է, որ բողոքարկվող վճիռը շոշափում է վճռաբեկ բողոք ներկայացրած` գործին մասնակից չդարձած անձի իրավունքները կամ պարտականությունները, բեկանել է տվյալ վճիռը` դատարանի կողմից գործին մասնակից չդարձած անձանց իրավունքները կամ պարտականությունները շոշափող վճիռ կայացնելը դիտարկելով որպես վճռի պարտադիր բեկանման հիմք: Ընդ որում, նման դիրքորոշման համար իրավական հիմք են հանդիսացել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որոնք անմիջականորեն կիրառվել են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, և որոնց հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է արդար դատաքննության, կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտումը: Նման իրավակիրառական պրակտիկան վկայում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում օրենսգրքի` վճռի բեկանման պարտադիր հիմքերի ցանկից գործին մասնակից չդարձած անձանց առնչվող դրույթը բացառելը չի խոչընդոտում գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությանը:

7. Օրենսդրական բացի սահմանադրականության հարց քննելիս սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե տվյալ օրենսդրական բացը հանդիսանում է իրավակարգավորման թերությունը, թե՞ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը:

Սահմանադրական դատարանն իր` 2010թ. փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը` նշել է «Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:

Զարգացնելով իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը:

8. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն սահմանադրական դատարանին: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը ... գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

Դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կոնկրետ դեպքում օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավակարգավորման ենթադրյալ բացի առկայությունը պայմանավորված չէ օրենքի նորմի անորոշությամբ, առկա է իրավակարգավորման հստակություն` մասնավորապես նկատի ունենալով նաև ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները և Հայաստանում ձևավորված իրավակիրառական պրակտիկան: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն օրենսդրության միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով քննության առարկա հարցի վերաբերյալ արտահայտել է միասնական և ստորադաս դատարանների կողմից պարտադիր կատարման ենթակա իրավական դիրքորոշում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի երկրորդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


14 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-914

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան