ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/7731/05/08 |
Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 02.02.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Էջմիածնի Շինանյութեր» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) 31.10.2008 թվականի թիվ 1036512 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 31.10.2008 թվականի թիվ 1036512 ստուգման ակտը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ հոդվածները, 24-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատճառաբանել է, որ թեև ստուգման ընթացքում առկա էր «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառման հիմքը, սակայն ստուգում իրականացնող անձինք նշված հոդվածով սահմանված կարգով Ընկերության հարկային պարտավորությունները սխալ են հաշվարկել։ Վարչական գործի նյութերից երևում է, որ Դատարանն Ընկերության իրացման շրջանառությունը և հարկային պարտավորությունները ստուգողների կողմից ոչ ճիշտ հաշվարկելու հարցը պարզելու նպատակով նշանակել է դատահաշվապահական փորձաքննություն, այնինչ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.10.2009 թվականի թիվ 09-1547 եզրակացությունը Դատարանը քննության առարկա չի դարձրել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 02.02.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 16.06.2008 թվականի թիվ 1036512 հանձնարարագրի հիմքով Ընկերությունում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքում 31.10.2008 թվականին կազմվել է թիվ 1036512 ակտը, որի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ, 11-րդ, 15-րդ և 16-րդ կետերով արձանագրված խախտումների հիմքով լրացուցիչ հարկային պարտավորություններ են առաջադրվել շահութահարկի, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների, պետական տուրքի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 54.275.400 ՀՀ դրամի չափով (որից շահութահարկի գծով` 11.250.500 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկի գծով՝ 24.657.800 ՀՀ դրամ, բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով` 7.029.100 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով` 1.132.300 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 4.778.300 ՀՀ դրամ, իսկ 5.427.500 ՀՀ դրամ` հարկային համակարգի զարգացման ֆոնդի գումար)։
2) ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.10.2009 թվականի թիվ 09-1547 եզրակացության համաձայն` փորձագետները եզրակացություն են տվել այն մասին, որ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության 31.10.2008 թվականի թիվ 1036512 ստուգման ակտով հանքանյութերի իրացման գները ճիշտ չեն որոշվել, հետևաբար և ճիշտ չեն հաշվարկվել ստուգվող ժամանակաշրջանում արդյունահանված և իրացված արտադրանքի շրջանառությունն ու դրանից բխող հարկային պարտավորությունները:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության աշխատակիցների կողմից 31.10.2008 թվականի թիվ 1036512 ստուգման ակտում արձանագրված դրվագներով` փորձաքննությամբ կատարված ճշգրտումներով, «Էջմիածնի Շինանյութեր» ԲԲԸ-ի կողմից 2006 թվականի 3-րդ եռամսյակից մինչև 2008 թվականի 3-րդ եռամսյակը ներառյալ ընկած ժամանակաշրջանում ծավալած ձեռնարկատիրական գործունեությունից` հարկերի և վճարների գծով առաջացող պարտավորությունների չափը տույժ և տուգանքներով հանդերձ ստուգման օրվա` 31.10.2008 թվականի դրությամբ կազմում է ընդամենը 6.899.201 ՀՀ դրամ, այդ թվում` շահութահարկ` 437.283 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկ` 2.270.596 ՀՀ դրամ, եկամտահարկ` 81.900 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարներ` 731.300 ՀՀ դրամ, բնապահպանական և բնօգտագործման վճարներ` 1.640.000 ՀՀ դրամ, ինչպես նաև տույժ և տուգանքներ` 1.738.171 ՀՀ դրամ»:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ապացույցը գնահատելու կամ փաստը հաստատելու համար դատարանին կօգնի գիտական, տեխնիկական կամ այլ հատուկ իմացությունը, ապա անձը, որն իր կրթության, ունակության, հմտության կամ փորձի շնորհիվ կարող է փորձագետ համարվել, կարող է դատարանին ցուցմունք տալ տվյալ ապացույցի կամ փաստի վերաբերյալ եզրակացության ձևով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է նշանակել փորձագետ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փորձագետի եզրակացությունը դատարանը տրամադրում է գործին մասնակցող անձանց և հետազոտում է գործում եղած այլ ապացույցների հետ:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս գնահատման է ենթարկել և հիմք է ընդունել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.10.2009 թվականի թիվ 09-1547 դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը:
Այսպես, Դատարանը գտել է, որ ստուգում իրականացնողների կողմից ստուգման ընթացքում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառման համար առկա է եղել օրենքով նախատեսված հիմքը, սակայն ստուգում իրականացնողները նշված հոդվածով սահմանված կարգով Ընկերության հարկային պարտավորությունները սխալ են հաշվարկել, այսինքն` ակտով արձանագրված հանքանյութերի իրացման գները ճիշտ չեն որոշվել, հետևաբար և ճիշտ չեն հաշվարկվել ստուգվող ժամանակաշրջանում արդյունահանված և իրացված արտադրանքի շրջանառությունն ու դրանից բխող հարկային պարտավորությունները, և արդյունքում Տեսչության 31.10.2008 թվականի թիվ 1036512 ստուգման ակտն ամբողջությամբ ճանաչել է անվավեր։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, վճռի հիմքում դնելով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.10.2009 թվականի թիվ 09-1547 դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը (որով հետևություններ են արվել Ընկերության պարտավորությունների չափի վերաբերյալ, մասնավորապես այն մասին, որ Ընկերության կողմից 2006 թվականի 3-րդ եռամսյակից մինչև 2008 թվականի 3-րդ եռամսյակը ներառյալ ընկած ժամանակաշրջանում ծավալած ձեռնարկատիրական գործունեությունից` հարկերի և վճարների գծով առաջացող պարտավորությունների չափը` տույժ և տուգանքներով հանդերձ, ստուգման օրվա` 31.10.2008 թվականի դրությամբ կազմում է 6.899.201 ՀՀ դրամ), խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածների պահանջները, չի կատարել նշված եզրակացության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և Տեսչության 31.10.2008 թվականի թիվ 1036512 ստուգման ակտն անվավեր է ճանաչել ամբողջությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.02.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |