Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.30
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի
վճարման կարգադրություն
Վարչական գործ թիվ ՎԴ/22343/03/08

Վարչական գործ թիվ ՎԴ/22343/03/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ե. Սողոմոնյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ` Հարկային տեսչություն) ընդդեմ «Ս.Գ.Ն. Էրիկ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ 2.427.500 ՀՀ դրամ վճարելու վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին, վարչական գործով Ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.11.2008 թվականի վճարման կարգադրությունը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հարկային տեսչությունը պահանջել է Ընկերությունից 2.427.500 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ արձակել վճարման կարգադրություն։

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) 06.11.2008 թվականին արձակել է վճարման կարգադրություն, որը 12.12.2008 թվականին ստացել է օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վարչական դատարանի` 21.10.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Հարկային տեսչության 11.09.2008 թվականի թիվ 1040672 ակտը, որը հիմք է ծառայել 06.11.2008 թվականի վճարման կարգադրության արձակման համար։ Այսինքն` վերացվել է այն վարչական ակտը, որը դրվել է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ Հարկային տեսչության պահանջը բավարարելու հիմքում։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.11.2008 թվականի վճարման կարգադրությունը և գործն ուղարկել նոր քննության կամ կարճել գործի վարույթը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հարկային տեսչության 11.09.2008 թվականի թիվ 1040672 ակտով Ընկերությանն առաջադրվել է 2.427.500 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն, ներառյալ՝ տույժերի և տուգանքների գումարները (գ.թ. 5-10)։

2) Դատարանի 06.11.2008 թվականի վճարման կարգադրության հիմքում դրվել է Հարկային տեսչության 11.09.2008 թվականի թիվ 1040672 ակտը։ Վճարման կարգադրությունը 12.12.2008 թվականին ստացել է օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ (գ.թ. 11)։

3) Վճռաբեկ բողոքին կից ներկայացված ՀՀ վարչական դատարանի` 21.10.2009 թվականի թիվ ՎԴ/2206/05/09 օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Հարկային տեսչության 11.09.2008 թվականի թիվ 1040672 ակտը։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վճռաբեկ դատարանը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար։

Սույն գործով Դատարանը, բավարարելով Հարկային տեսչության վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ հայցապահանջը, 06.11.2008 թվականի թիվ ՎԴ/22343/03/08 վճարման կարգադրության հիմքում դրել է Հարկային տեսչության 11.09.2008 թվականի թիվ 1040672 ակտը, և վճարման կարգադրությունը 12.12.2008 թվականին ստացել է օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ։

Սույն գործով Ընկերությունը, որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 21.10.2009 թվականի թիվ ՎԴ/2206/05/09 վճիռը, որով անվավեր է ճանաչվել Հարկային տեսչության 11.09.2008 թվականի թիվ 1040672 ակտը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 21.10.2009 թվականի վճիռը սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով նոր երևան եկած հանգամանք է, քանի որ տվյալ վճռով անվավեր է ճանաչվել Հարկային տեսչության 11.09.2008 թվականի թիվ 1040672 ակտը, այսինքն՝ վարչական մարմնի այն վարչական ակտը, որը դրվել է 06.11.2008 թվականի թիվ ՎԴ/22343/03/08 վճարման կարգադրություն արձակելու հիմքում։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով Դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ ստացած 06.11.2008 թվականի թիվ ՎԴ/22343/03/08 վճարման կարգադրությունը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 118-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ, 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ ստացած 06.11.2008 թվականի թիվ ՎԴ/22343/03/08 վճարման կարգադրությունը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության հայցը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան