Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.65
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ5/0841/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ5/0841/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Էդ. Նահապետյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հակոբ Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.03.2010 թվականի վճռի դեմ` ըստ Հակոբ Գալստյանի հայցի ընդդեմ Արթիկի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Լևիկ Երիցյանի` օրենքին հակասող վարչական ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հակոբ Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել Արթիկ համայնքի ավագանու 26.08.2008 թվականի թիվ 189 կարգադրության հիման վրա կազմված հանձնաժողովի եզրակացությունը, Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի թիվ 1184 որոշումը և կիրառել անվավերության հետևանքներ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.03.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Գալստյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արթիկի քաղաքապետը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել, ճիշտ գնահատման չի արժանացրել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` բողոք բերած անձի ներկայացրած մասնագիտական եզրակացությունը, որով հաստատվում է վերջինիս սեփականության իրավունքի խախտման փաստը:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի սխալ մեկնաբանման արդյունքում Դատարանը հանգել է այն հետևության, որ Արթիկի քաղաքապետի 26.08.2009 թվականի թիվ 189 կարգադրությունը և 23.10.2008 թվականի թիվ 1184 որոշումն իրավաչափ են, և որևէ անձ չի կարող կասկածի տակ դնել դրանց իրավաչափությունը:

Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ Արթիկ համայնքի ավագանու 26.08.2008 թվականի թիվ 189 կարգադրության հիման վրա կազմված հանձնաժողովի եզրակացությունը հիմնավոր չէ, քանի որ այն հակասում է Արթիկի քաղաքապետի 03.06.2008 թվականի թիվ 122 կարգադրությանը, ինչպես նաև հնարավոր չէր մեկ օրում ավագանու նիստ հրավիրել, հանձնաժողով կազմելու կարգադրություն արձակել, հանձնաժողովի չորս անդամների մասնակցությունն ապահովել և ուսումնասիրություն կատարել:

Դատարանը հաշվի չի առել նաև, որ Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի թիվ 1184 որոշումը ևս ապօրինի է և հակասում է Արթիկի քաղխորհրդի գործկոմի 01.10.1990 թվականի որոշմանն ու Արթիկի քաղաքապետի 03.06.2008 թվականի թիվ 122 կարգադրությանը: Մասնավորապես` նշված որոշմամբ Լևիկ Երիցյանին թույլատրվել է կառուցել 4X5մ չափերով ավտոտնակ` հաշվի առնելով կից ջրահեռացման տաշտակաձև ջրատարի առկայությունը, իսկ նշված կարգադրությամբ Լևիկ Երիցյանին առաջարկվել է քանդել ավտոտնակի ապօրինի մասը` որպես ջրատարի խոչընդոտ: Ավելին, սույն գործով հաստատվել է, որ վիճելի շինությամբ ծանրաբեռնված հողամասը չի պատկանել Լևիկ Երիցյանին, այլ դրանում առկա ջրատարի և ջրագծերի պատճառով մնացել է համայնքի սեփականությունը, մինչդեռ վիճարկվող որոշմամբ նշված հողամասն էլ է ի սեփականություն տրվել Լևիկ Երիցյանին: Այսպիսով, Արթիկի քաղաքապետն իրավունք չուներ օրինականացնել ինքնակամ կառույցը, իսկ օրինականացման մասին որոշումը կայացվել է օրենքի էական խախտումներով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.03.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է, քանի որ Դատարանը, իրականացնելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների պահանջները: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Նույնը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս պահանջին հակառակ Դատարանը կրկին քննության է առել ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշմամբ հաստատված փաստերը: Այդ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` այն փոփոխել և Հակոբ Գալստյանի հայցը մերժել է:

Դատարանը սխալ չի մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, քանի որ ավտոտնակի ինքնակամ կառուցված հատվածի օրինականացման վերաբերյալ Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի թիվ 1184 որոշումը կայացվել է նշված հոդվածի համաձայն, և դրանով ընդհանրապես չի խախտվել բողոք բերած անձի սեփականության իրավունքը:

Հանձնաժողով կազմելու վերաբերյալ Արթիկի քաղաքապետի 26.08.2008 թվականի թիվ 189 կարգադրությունը բողոք բերած անձն անընդհատ վերագրում է համայնքի ավագանուն, չնայած ավագանին կարգադրություն արձակելու իրավասություն չունի և այն Արթիկի քաղաքապետի կարգադրությունն է: Այդ կարգադրությամբ կազմված հանձնաժողովը տեղում մանրամասն ուսումնասիրել է իրավիճակն ու տեղանքը և կազմել է օբյեկտիվ եզրակացություն, որը հաստատվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքը չունի որևէ իրավական հիմք:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արթիկի գլխավոր ճարտարապետի 01.10.1990 թվականի տեղեկանքի և նախագծի համաձայն` Հայկական ՍՍՀ Արթիկի քաղխորհրդի գործկոմի 01.10.1990 թվականի որոշմամբ Լևիկ Երիցյանին թույլատրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան հողամասում կառուցել 4X5մ չափերով ավտոտնակ (գ.թ. 28-30):

2) Արթիկի Շահումյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների մակերեսային ջրերի հեռացման խնդրի ուսումնասիրության արդյունքում Արթիկի քաղաքապետի 03.06.2008 թվականի թիվ 122 գրությամբ նշվել է, որ Լևիկ Երիցյանը փաստացի իրականացրել է 7.95X4մ չափերով կառույց, Լևիկ Երիցյանից պահանջվել է քանդել ավտոտնակի 11,8քմ մակերեսով ինքնակամ մասը և նույն հատվածում կառուցել ջրատար ուղի` փակելով մակերեսային ջրերի հոսքը դեպի Լ. Երիցյանի, Վ. Երիցյանի, Հ. Գալստյանի բնակելի տները (գ.թ. 14):

3) Արթիկի քաղաքապետի 26.09.2008 թվականի գրության համաձայն` Լևիկ Երիցյանի դիմումի հիման վրա 26.08.2008 թվականի կարգադրությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որի եզրակացության համաձայն` Լևիկ Երիցյանի ավտոտնակը հատող ջրատար խողովակը գտնվում է բարվոք վիճակում և հնարավորություն ունի հեռացնել հավաքված մակերեսային ջրերը (գ.թ. 10-12):

4) Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի որոշմամբ օրինական է ճանաչվել Լևիկ Երիցյանի սեփականության ներքո գտնվող ավտոտնակի 11,8քմ մակերեսով ինքնակամ մասը (գ.թ. 13):

5) 22.08.2009 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2537004 վկայականի համաձայն` վիճելի ավտոտնակն ամբողջությամբ գտնվում է Լևիկ Երիցյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0650 հա հողամասում (գ.թ. 53-55):

6) ՀՀ Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի 10.02.2010 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ Արթիկի քաղաքապետարանի մասնագիտական եզրակացությունը տված հանձնաժողով ստեղծված չլինելու, ուսումնասիրություն չկատարվելու, առանց ամսաթվի իրականությանը չհամապատասխանող եզրակացություն կազմվելու փաստերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Նշված որոշմամբ հաստատվել է, որ հանձնաժողովը կազմվել է օրենքով սահմանված կարգով և վիճելի տարածքում ուսումնասիրություն կատարելուց հետո տվել է համապատասխան եզրակացություն (գ.թ. 87-90):

7) Հակոբ Գալստյանի կողմից Դատարան է ներկայացվել «Պ.Ա.Գ. Էսթեյթ» ՍՊԸ-ի 05.09.2008 թվականի եզրակացությունը, որի համաձայն` Հակոբ Գալստյանի բնակելի տան շահագործումը լրիվ պիտանի դառնալու համար պետք է համապատասխան ձևով ապահովվի ջրահեռացումը, որի համար կամ պետք է քանդվի ապօրինի ավտոտնակի հատվածը կամ նախագծվի և կառուցվի համապատասխան ջրահեռացման համակարգ (գ.թ. 37-39):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) oրենքի խախտմամբ, այդ թվում` oրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Սույն գործով Դատարանը հաստատված է համարել Արթիկի քաղաքապետի 26.08.2009 թվականի թիվ 189 կարգադրության հիման վրա կազմված մասնագիտական եզրակացության և 23.10.2008 թվականի թիվ 1184 որոշման իրավաչափությունը, առանց անդրադառնալու դրանց վիճարկման հիմքերին:

Սույն գործի փաստերի համաձայն` Արթիկի քաղաքապետի 03.06.2008 թվականի թիվ 122 գրությամբ նշվել է, որ Լևիկ Երիցյանը 5X4մ չափերով ավտոտնակ կառուցելու փոխարեն փաստացի իրականացրել է 7.95X4մ չափերով կառույց, պահանջվել է Լևիկ Երիցյանից քանդել ավտոտնակի 11,8քմ մակերեսով ինքնակամ մասը և նույն հատվածում կառուցել ջրատար ուղի` փակելով մակերեսային ջրերի հոսքը դեպի Լ. Երիցյանի, Վ. Երիցյանի, Հ. Գալստյանի բնակելի տները: Դրանից հետո Լևիկ Երիցյանի դիմումի հիման վրա Արթիկի քաղաքապետի 26.08.2008 թվականի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության համաձայն` Լևիկ Երիցյանի ավտոտնակը հատող ջրատար խողովակը գտնվում է բարվոք վիճակում և հնարավորություն ունի հեռացնել հավաքված մակերեսային ջրերը: ՀՀ Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի 10.02.2010 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ հաստատվել է, որ նշված հանձնաժողովը կազմվել է օրենքով սահմանված կարգով և վիճելի տարածքում ուսումնասիրություն կատարելուց հետո տվել է համապատասխան եզրակացություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արթիկ համայնքի ավագանու 26.08.2008 թվականի թիվ 189 կարգադրությունն արձակվել է դրա համար նախատեսված ընթացակարգով, մասնագիտական հանձնաժողովը կազմվել է օրենքի պահանջների պահպանմամբ, հանձնաժողովի կողմից կատարվել է ուսումնասիրություն, և տրվել է Լևիկ Երիցյանի ավտոտնակը հատող ջրատար խողովակը բարվոք վիճակում գտնվելու և հավաքված մակերեսային ջրերը հեռացնելու հնարավորություն ունենալու մասին համապատասխան եզրակացություն: Հետևաբար հիմնավոր չեն նշված եզրակացության ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները:

Միաժամանակ ուսումնասիրելով «Պ.Ա.Գ. Էսթեյթ» ՍՊԸ-ի եզրակացությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եզրակացությամբ չի հաստատվում Հակոբ Գալստյանի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը: Մասնավորապես` եզրակացությամբ նշվել է, որ ջրահեռացման խողովակը չի բավարարում անձրևաջրերի և կեղտաջրերի հեռացման համար, որի հետևանքով անձրևաջրերը և կեղտաջրերը լցվում են Արթիկ քաղաքի Շահումյան 1-ին նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող բնակելի տան բակ, առաջին հարկում գտնվող խոհանոցը, սանհանգույցի սենյակները, բնակելի տան հյուսիսային կողմի պատերը խոնավացած են:

Մինչդեռ եզրակացությամբ չի նշվել, թե ինչպես է ջրահեռացման խողովակի վրա կառուցված ավտոտնակի համապատասխան մասն ազդում այդ խողովակի գործողության վրա, այսինքն` ինչպիսի պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում խողովակի` ջրահեռացում կատարելու անբավարարության փաստը կառուցված ավտոտնակի հետ:

Ինչ վերաբերում է Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի թիվ 1184 որոշումն անվավեր ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ևս անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն գործով Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի թիվ 1184 որոշումը վիճարկվում է այն հիմքերով, որ այն հակասում է Արթիկի քաղխորհրդի գործկոմի 01.10.1990 թվականի որոշմանն այն առումով, որ ջրահեռացման տաշտակաձև ջրատարի առկայության պատճառով Լևիկ Երիցյանին թույլատրվել է կառուցել միայն 5X4մ չափերով ավտոտնակ, ինչպես նաև վիճարկվող որոշմամբ Լևիկ Երիցյանին որպես սեփականություն է հատկացվել նաև օտարման ոչ ենթակա համայնքապատկան հողամաս, ինչի արդյունքում խախտվել են Հակոբ Գալստյանի իրավունքներն ու օրինական շահերը:

Մինչդեռ Արթիկի գլխավոր ճարտարապետի 01.10.1990 թվականի տեղեկանքի և Հայկական ՍՍՀ Արթիկի քաղխորհրդի գործկոմի ճարտարապետա-հատակագծային բաժնի նախագծի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 5X4մ չափերով ավտոտնակ կառուցելու որոշումը կայացնելիս Արթիկի քաղխորհրդի գործկոմը որևէ ջրատարի առկայության մասին չի հիշատակել: Հետևաբար վիճարկվող որոշումը Արթիկի քաղխորհրդի գործկոմի 01.10.1990 թվականի որոշմանը հակասելու վերաբերյալ բողոք բերած անձի պատճառաբանությունն անհիմն է:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում նաև վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի թիվ 1184 որոշմամբ Լևիկ Երիցյանին որպես սեփականություն է հատկացվել օտարման ոչ ենթակա համայնքապատկան հողամաս, քանի որ նշված որոշման համաձայն` օրինական է ճանաչվել միայն Լևիկ Երիցյանի սեփականության ներքո գտնվող ավտոտնակի 11,8քմ մակերեսով ինքնակամ մասը, իսկ 22.08.2009 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2537004 վկայականի համաձայն` վիճելի ավտոտնակն ամբողջությամբ գտնվում է Լևիկ Երիցյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0650 հա հողամասում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արթիկ համայնքի ավագանու 26.08.2008 թվականի թիվ 189 կարգադրության հիման վրա կազմված հանձնաժողովի եզրակացությունը և Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի թիվ 1184 որոշումը կայացվել են օրենքի պահանջների պահպանմամբ, դրանցով այլ անձանց` մասնավորապես Հակոբ Գալստյանի իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել, ուստի դրանք անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:

 

Նշված պատճառաբանություններով հաստատվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը սխալ պատճառաբանությամբ կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի ըստ էության ճիշտ, սակայն սխալ պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վարչական դատարանի 04.03.2010 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան