Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.37
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0249/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/0249/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.10.2009 թվականի վճռի դեմ` ըստ Գայանե Զաքարյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 08.05.2008 թվականի թիվ 2030-Ա որոշումն անվավեր ճանաչելու և Երևանի քաղաքապետարանին՝ ՀՀ կառավարության 20.03.2008 թվականի թիվ 294-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «դ» ենթակետի 2-րդ մասի պահանջին համապատասխան բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գայանե Զաքարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 08.05.2008 թվականի թիվ 2030-Ա որոշումը և պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին, ՀՀ կառավարության 20.03.2008 թվականի թիվ 294-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «դ» ենթակետի 2-րդ մասի պահանջին համապատասխան բարենպաստ վարչական ակտ ընդունելու:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Զաքարյանի ներկայացուցիչը ։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին թիվ 682 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման կարգի (այսուհետ` Կառավարության որոշմամբ հաստատված կարգ) 3-րդ կետի «ա» և «գ» ենթակետերը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Դատարանի կողմից պատշաճ չի գնահատվել այն փաստը, որ համաձայն հաստատված Կարգի 3-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի՝ վարձակալներին և սեփականատերերին բնակարանի հատկացումը կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրումը կամ դրամական փոխհատուցումը տրվում է նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան, ինչը և կատարվել է «Սիսակյան փողոցի հ. 22 քանդման ենթակա չորրորդ կարգի վթարային շենքի հ. 11 բնակարանի բնակիչներին վերաբնակեցնելու և բնակարան հատկացնելու մասին» Երևանի քաղաքապետի 08.05.2008 թվականի թիվ 2030-Ա որոշմամբ (այսուհետ` Քաղաքապետի որոշում), քանի որ դրա հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Գայանե Զաքարյանի ընտանիքի կողմից նախկինում զբաղեցրած Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի թիվ 11 մեկսենյականոց բնակարանի ընդհանուր մակերեսը կազմել է 27.7քմ մակերես, իսկ Քաղաքապետի որոշմամբ հատկացված Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի 26/6 շենքի թիվ 26 բնակարանը կազմում է 48.2քմ մակերես:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 06.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել, Գայանե Զաքարյանի հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Քաղաքապետի որոշումը կայացվել է ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին թիվ 682 որոշման հիմքով, սակայն չի կիրառել Կառավարության որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «դ» ենթակետի պահանջները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «Լենինգրադյան 48/1» համատիրության կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Գայանե Զաքարյանի ընտանիքը 1990 թվականից հաշվառվել և փաստացի բնակվել է Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի թիվ 11 մեկսենյականոց բնակարանում (գ.թ. 1-ին հատոր 82):

2) Գայանե Զաքարյանի ընտանիքի կողմից նախկինում զբաղեցրած Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի թիվ 11 մեկսենյականոց բնակարանի ընդհանուր մակերեսը կազմել է 27.7քմ մակերես (գ.թ. 2-րդ հատոր 13):

 3) Քաղաքապետի որոշմամբ Սիսակյան փողոցի վթարային 22 շենքի թիվ 11 մեկսենյականոց բնակարանի անձնագրային հաշվառում ունեցող Գայանե Զաքարյանի ընտանիքին չորս անձով հատկացվել է Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի 26/6 շենքի թիվ 26 բնակարանը (գ.թ. 1-ին հատոր 77):

 4) Գայանե Զաքարյանի ընտանիքին Քաղաքապետի որոշմամբ հատկացված Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի 26/6 շենքի թիվ 26 բնակարանի մակերեսը 48.2քմ է (գ.թ. 2-րդ հատոր 41):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Այսպես՝ Կառավարության որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցումը կատարվում է հետևյալ կարգով՝

դ) վթարային բնակարաններում՝ նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետի, Երևանի թաղային համայնքների ղեկավարների որոշումների կամ դատարանի՝ սահմանված կարգով ուժի մեջ մտած վճիռների հիման վրա բնակվող, ինչպես նաև 2006 թվականի հոկտեմբերի 12-ը այդ բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող բնակիչներին՝ բնակարանի հատկացման կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ֆինանսական աջակցության տրամադրում՝ նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակ (1-սենյականոց բնակարանի դեպքում՝ 1-սենյականոց բնակարան) պակաս բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան, բայց ոչ ավելի, քան նրանց ընտանիքներին (անձերի թվով)՝ սույն ենթակետով սահմանված հասանելիք բնակարանի (սենյակների թվով) չափից:

 Վերոնշյալից հետևում է, որ նոր հատկացվող բնակելի տարածությունների բնակարանի սենյակների թիվը (քանակը) չպետք է պակաս լինի նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվից (քանակից): Բացի այդ, նոր հատկացվող բնակելի տարածությունների չափը (մակերեսը) չպետք է պակաս լինի նախկինում զբաղեցրած բնակարանի չափից (մակերեսից):

 Կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն` հաշվառված և փաստացի բնակվող վարձակալներին, փախստականներին, սեփականատերերին, անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող բնակիչներին բնակելի տարածության ապահովման հիմքում դրվել է նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվի և չափի համապատասխանության սկզբունքը: Սա նշանակում է, որ սենյակների թիվ ասելով պետք է հասկանալ նախկինում զբաղեցրած սենյակների քանակը, իսկ չափ ասելով պետք է հասկանալ նախկինում զբաղեցրած բնակարանի փաստացի մակերեսը: Ուստի քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման հիմքով բնակարանների հատկացումը ելնում է նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվի և չափի սկզբունքից, այլ ոչ թե անձերի քանակից:

 

 Սույն գործով Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Քաղաքապետի որոշմամբ ընդունվել է «միջամտող վարչական ակտ, քանի որ դրանով վատթարացել է հայցվորի և նրա ընտանիքի փաստացի դրությունը», անհիմն է, քանի որ քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Գայանե Զաքարյանի ընտանիքը վթարային շենքում նախկինում զբաղեցրել է մեկսենյականոց բնակարան, իսկ Քաղաքապետի որոշմամբ հատկացվել է մեկսենյականոց բնակարան, այսինքն՝ նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների քանակը պահպանվել է, ավելին, Գայանե Զաքարյանի ընտանիքը վթարային շենքում նախկինում զբաղեցրել է 27.7քմ մակերեսով ընդհանուր մակերեսով բնակարան, իսկ Քաղաքապետի որոշմամբ հատկացվել է 48.2քմ ընդհանուր մակերեսով բնակարան, այսինքն՝ նախկինում զբաղեցրած բնակարանի փաստացի մակերեսից (չափից) ավել:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինը ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը սահմանում է. «բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծվում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման»:

 Վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի եզրահանգումը, որ ընդունվել է միջամտող վարչական ակտ, և արձանագրում է, որ Քաղաքապետի որոշումը բարենպաստ վարչական ակտ է, քանի որ դրանով Գայանե Զաքարյանի ընտանիքի անդամների համար բարելավվել են բնակարանային պայմանները:

 Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Գայանե Զաքարյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ