Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
«Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
ձգտելով կատարելագործել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց համարժեքների, ածանցյալների, ինչպես նաև պրեկուրսորների և հոգեակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը,
ղեկավարվելով Համաձայնագրի 18-րդ հոդվածով,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Լրացնել 1.1 հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 1.1
Օգտագործվող հասկացություններ
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
թմրանյութերի և պրեկուրսորների ազգային ցանկ (այսուհետ՝ ազգային ցանկ)-համապատասխան միջազգային կոնվենցիաների և ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրության հիման վրա սահմանված ցանկերում միավորված` հսկման ենթակա թմրանյութերի և պրեկուրսորների ցանկ,
թմրամիջոցներ - սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, պատրաստուկներ, բույսեր՝ որպես այդպիսին դասակարգված համապատասխան միջազգային կոնվենցիաներում և/կամ ներառված ազգային ցանկերում, որոնց շրջանառությունն արգելված կամ սահմանափակված է և ենթակա է հսկման ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում,
հոգեմետ նյութեր - սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, պատրաստուկներ, ինչպես նաև ցանկացած բնական նյութեր` որպես այդպիսին դասակարգված միջազգային կոնվենցիաներում և/կամ ներառված ազգային ցանկերում, որոնց շրջանառությունն արգելված կամ սահմանափակված է և ենթակա է հսկման ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում,
պատրաստուկներ - ցանկացած ֆիզիկական վիճակում գտնվող նյութերի խառնուրդ, որը պարունակում է ազգային ցանկերում ներառված մեկ կամ մի քանի թմրամիջոցներ և/կամ հոգեմետ նյութեր,
թմրանյութերի պրեկուրսորներ (այսուհետ` պրեկուրսորներ) - ազգային ցանկերում ներառված թմրանյութերի արտադրման, պատրաստման և վերամշակման համար օգտագործվող նյութեր, որոնց շրջանառությունն արգելված կամ սահմանափակված է և ենթակա է հսկման ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում,
թմրանյութերի համարժեքներ (այսուհետ՝ համարժեքներ) - շրջանառության համար արգելված նյութեր, որոնք որպես թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր և պրեկուրսորներ դասակարգված չեն համապատասխան միջազգային կոնվենցիաներում և ներառված չեն ազգային ցանկերում, որոնց քիմիական կառուցվածքը եւ հատկությունները նման են այն թմրանյութերի քիմիական կառուցվածքին և հատկություններին, որոնց հոգեակտիվ ազդեցությունը դրանք վերարտադրում են,
թմրանյութերի ածանցյալներ (այսուհետ՝ ածանցյալներ) - սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, որոնք առանձին տողերով ներառված չեն ազգային ցանկերում, որոնց քիմիական կառուցվածքն առաջացել է համապատասխան թմրամիջոցի և հոգեմետ նյութի քիմիական կառուցվածքում մեկ կամ մի քանի ջրածնի ատոմների, հալոգենների և/կամ հիդրոքսիլ խմբերի փոփոխումով (ձևական փոխարինում) այլ միարժեք և/կամ երկարժեք ատոմներով կամ փոխարինողներով (բացառությամբ` հիդրոքսիլ և կարբոքսիլ խմբերի), որոնցում ածխածնի ատոմների ընդհանուր քանակը չպետք է գերազանցի համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ելակետային քիմիական կառուցվածքում ածխածնի ատոմների քանակը:
Այն դեպքում, եթե միևնույն նյութը կարող է համարվել մի քանի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ածանցյալ, ապա այն ճանաչվում է այն թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ածանցյալ, որի քիմիական կառուցվածքի փոփոխությունը պահանջում է նվազագույն քանակությամբ փոխարինողների և/կամ ատոմների ներառում,
նոր պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութեր (այսուհետ՝ հոգեակտիվ նյութեր) - մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր թմրանյութային կամ այլ թունավոր արբեցություն առաջացնող սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, որոնց նկատմամբ սահմանված չեն սանիտարահամաճարակաբանական պահանջներ կամ դրանց շրջանառությունը հսկելու միջոցներ,
թմրանյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառություն - ԱՊՀ մասնակից պետության օրենսդրության խախտմամբ իրականացվող թմրամիջոցների և պրեկուրսորների շրջանառություն,
թմրամոլություն - թմրանյութերից կախվածությամբ պայմանավորված հիվանդություն,
թմրամոլության կանխարգելում - թմրամոլության տարածման պատճառների և պայմանների հայտնաբերմանը, կանխարգելմանը և վերացմանն ուղղված քաղաքական, իրավական, սոցիալական, մշակութային, բժշկական, տնտեսական, մանկավարժական և այլ բնույթի միջոցառումների համակցություն»:
2. 4-րդ հոդվածում.
2.1 Երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«նշված ոլորտում հանցավորության վիճակի մասին օպերատիվ, վիճակագրական, գիտամեթոդական և այլ տեղեկատվության, թմրանյութերի և պրեկուրսորների, համարժեքների, ածանցյալների, հոգեակտիվ նյութերի ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցող անդրազգային հանցավոր խմբերի և դրանց պարագլուխների մասին տվյալների միասնական բանկը համալրելու համար տեղեկատվության փոխանակում, որն իր մեջ ներառում է այդ թվում տվյալներ՝
ա) ազգային ցանկերի մասին,
բ) ազգային օրենսդրությանը համապատասխան՝ շրջանառության համար արգելված հոգեակտիվ նյութերի, համարժեքների և ածանցյալների գրանցամատյանների (ցանկերի, ցուցակների) մասին,
գ) հայտնաբերված հոգեակտիվ նյութերի, համարժեքների և ածանցյալների անվանումների, քիմիական կառուցվածքի և բանաձևերի մասին,
դ) ԱՊՀ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների տարածքում թմրանյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին,
ե) ազգային օրենսդրությանը համապատասխան` առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ձերբակալված անձանց մասին՝ Կողմերի կողմից նման տվյալների գաղտնիությունն ապահովելու դեպքում կամ միջազգային պայմանագրի հիման վրա,
զ) թմրանյութերը թաքցնելու և ԱՊՀ մասնակից պետությունների պետական սահմաններով, այդ թվում տարանցմամբ երրորդ երկրներ տեղափոխելու համար կիրառվող եղանակների մասին,
է) թմրանյութերի, պրեկուրսորների, համարժեքների, ածանցյալների, հոգեակտիվ նյութերի նոր տեսակների, դրանց պատրաստման եղանակների և տեխնոլոգիաների, դրանց համար օգտագործվող նյութերի մասին,
ը) թմրանյութերի տեղափոխման համար անդրսահմանային ուղիներ օգտագործող կազմակերպված հանցավոր խմբերի և անձանց մասին,
թ) պրեկուրսորների շրջանառության մասին՝ թմրանյութերի ապօրինի արտադրման համար դրանց հնարավոր օգտագործումը հայտնաբերելու նպատակով,
ժ) թմրանյութերի հայտնաբերման ժամանակակից միջոցների և մեթոդների մասին,
ի) թմրանյութերի և պրեկուրսորների շրջանառության դեմ պայքարի, թմրամոլության հակազդման հետ կապված հարցերի օրենսդրական կարգավորման փորձի մասին,
լ) թմրամոլության կանխարգելման հարցերով պետական և ոչ պետական մարմինների (կազմակերպությունների) հետ համագործակցության մասին:»
2.2 4-րդ պարբերությունից հետո ավելացնել պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.
«թմրանյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված անդրազգային բնույթի հանցագործությունների բացահայտման և քննության նպատակներով համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ստեղծում,
համալիր համաձայնեցված և/կամ համատեղ միջգերատեսչական, կանխարգելիչ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների, հատուկ գործողությունների անցկացում՝ հետևյալ նպատակներով.
ա) ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններով թմրանյութերի փոխադրման ուղիների հայտնաբերում, կանխում, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության հետ կապ ունեցող անձանց հայտնաբերում,
բ) թմրանյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման (լվացման) համար բանկային, առևտրային և այլ կառույցների օգտագործման կանխում,
գ) թմրանյութերի արտադրման ընդհատակյա (անօրինական) լաբորատորիաների ոչնչացում,
դ) թմրանյութ պարունակող մշակաբույսերի անօրինական ցանքսերի, ինչպես նաև թմրամիջոց պարունակող վայրի աճած բույսերի պոպուլյացիաների ոչնչացում,
ե) թմրանյութերի տարածման համար համացանցի հնարավորությունների օգտագործման կանխում:»
2.3 5-ից 11-րդ պարբերությունները ընդունել համապատասխանաբար որպես 7-ից 13-րդ:
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր անց:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահի ստանալուց հետո երեսուն օր անց:
Հոդված 3
Սույն Արձանագրության գործողությունը դադարեցվում է Համաձայնագրի գործողության դադարեցման հետ միաժամանակ:
Հոդված 4
Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Համաձայնագրի ցանկացած անդամ պետության միանալու համար՝ միացման մասին փաստաթուղթը ավանդապահին փոխանցելու ճանապարհով:
Միացող պետության համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու հետո երեսուն օր անց:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2019թ. հոկտեմբերի 25-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն լեզվով: Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության
|
Ռուսաստանի Դաշնության
|
Հայաստանի Հանրապետության
|
Տաջիկստանի Հանրապետության
|
Բելառուսի Հանրապետության
|
Թուրքմենստանի Կառավարության
|
Ղազախստանի Հանրապետության
|
Ուզբեկստանի Հանրապետության
|
Ղրղզստանի Հանրապետության
|
Ուկրաինայի Կառավարության |
Մոլդովայի Հանրապետության |